Ինձ լուծեցիր մաս առ մաս Եվ նշմարս աղոտեց, Նայվածքիդ մեջ հարահաս Աչազուրկս աղոթեց: Զգայական խաբկանքում Շոշափելով ինձ գտար, Հավաքեցիր այս կյանքում, Որ տեսանողն ինձ գթար: Խղճահարույց այս տեսքիս Ի՞նչ կա, կասե՞ս` հավելեմ, Առնելիք ու տալիքիս Մուրհակները որ չայրեմ: Քանի՞ գույն կար լույսի մեջ, Ես այդպես էլ չիմացա, Ով հղի էր, ով ստերջ, Անվերապահ մոռացա: Մորս դեմքի մոմագույն Առեղծվածն ինձ այլայլում, Կույրը կույրին է հանգույն. Միտք եմ անում ապարդյուն:
|