Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

«Գյավուրի վիժվածք» մահմեդականները

13:07, Воскресенье, 24 Февраля, 2013 года
«Գյավուրի վիժվածք» մահմեդականները

Ու մի պահ կարելի է մտածել, որ նրանք ամենուր են, ամեն քայլափոխի… Մեզանում նրանց մասին խոսակցությունները սահմանափակվել են Ցեղասպանությանվերաբերյալ քննարկումներով, Պոլսի հայկական համայնքում նրանք չկան, իսկ թուրքական հասարակության մեջ նրանց խնդիրն ընդհանրապես պաշտոնապես գոյություն չունի: Ովքեր են երկու կողմից փոքրամասնություն համարվող այդհայերը…

Քրիստոնյա են, բայց քրիստոնյա չեն, մահմեդական են, բայց մահմեադկան չեն: Իրականում ապրում են, գոյություն ունեն, բայց փաստացի ոչ մի համայնքում չկան:

Ցեղասպանության վերաբերյալ հայկական գրականության մեջ տևական ժամանակ «մահացածների» կամ այս ու այն կերպ հայ ազգի շարքերից «վերացած» -ների շարքում գտնող մահմեդականացած հայերի կյանքը 1915թ. հետո չի ընդհատվել…

Ցեղասպանույթունից հետո արդեն չորրորդ սերնդի ներկայացուցիչ 17 տարեկան Էլիֆը (հեղինակը նյութում նրա անունը փոխված է ներկայացնում` նրա իսկ ցանկությամբ-Ակունքի խմբ.) պատմում է իր կյանքի պատմությունը. Ավելի ճիշտ` այն, ինչ հասցրել է իմանալ այդ պատմության մասին.

«Ընտանիքիս անդրադառնալիս առաջինը տատիկիս եմ հիշում… Մինչև վերջին շունչը նամազ է արել, բայց բոլորը շրջապատում նրա մասին փսփսում էին` «գյավուրի վիժվածք» ասելով… Ասում են, թե հայերեն խոսել իմացել է, բայց ես երբեք չեմ լսել:

Ընդհանրապես, չկա այն սերունդը, որը կպատմի ինձ իմ ընտանիքի մասին կամ գոնե հայերեն մի քանի բառ կսովորեցնի… Մաս-մաս, կցկտուր տեղեկություններ կան միայն: Մայրս ընդամենը ասել է, որ իր տատիկի անունը Հուշնակ է եղել: Մեր ազգանունն էլ հին հայերենով ինչ-որ բան էր նշանակաում, բայց չեմ կարող հիշել` ինչ… Դերսիմից են եղել:

Գաղթել են, հետո նորից վերադարձել, մահմեդական դարձել: Եթե հիմա մեծերը, այդ սերունդը ողջ լիներ…, շատ բան կհարցնեի…

Ծնողներիս ոչ նամազ անելիս եմ տեսել, ոչ էլ խաչակնքվելիս: Երբևէ չեմ նկատել, որ ատելությամբ խոսեն թուրքերի մասին, բայց հաստատ դրական զգացմունքներ չեն ունեցել մահմեդականների հանդեպ: Բավական ժամանակ է, ինչ եկեղեցի եմ գնում: Ես իսկապես չեմ հիշում` երբ ամեն ինչ սկսվեց: Մերոնք երբեք չեն խոսել կրոնի ու նման բաների մասին: Հայրս և մայրս…… Իհարկե, միշտ էլ իմացել եմ մեր ծագման մասին, բայց ինչպե՞ս ասեմ… Ծնողներս մանրամասներ երբեք չեն պատմել, բայց չեն էլ հերքել: Ես շատ հետաքրքրասեր եմ, բայց նրանք երբևէ չեն հետաքրքրվել, փորփրել… Երբ մորս հարցնում եմ այդ մասին, ասում է. «Առանց այդ էլ ապրածներս ինձ բավական են, էլ ի՞նչ փորփրեմ… Ի՞նչ ես ուզում իմանալ…. Լա’վ, մենք ո’չ հայ ենք, ո’չ թուրք, ո’չ էլ քուրդ: Մարդ ենք: Այսքանով սահմանափակվի’ր, աղջի~կս»:

Բոլորս նույն զգացումով ենք ապրել, ամեն կողմից վտարված լինելու զգացումով: Հայրս դեռ դիմադրում է, իսկ մայրս հաշտվեց իմ այս վերաբերմունքի հետ, ինձ նույնիսկ խաչ է նվիրել… Սակայն երբևէ իրենց որևէ կրոնի կապված չեն զգացել: Մահմեդականների համար «գյավուր» են եղել, քրիստոնյա հայերի համար էլ` «տաջիկ»:

Գուցե սա է ծնողներիս հակազդեցության պատճառը` չգիտեմ… Կարծում եմ, որ փորձել են ինքնապաշտպանվել… Այսինքն` «Ես ձեզ հետ գործ չունենամ, դուք էլ ինձ ձեռք մի տվեք» մտայնությամբ…

Այդպիսի զգացում կա… Ես փորձեցի հաղթահարել այն, համնայնդեպս հիմա, որ արդեն խոսում եմ այդ մասին, նշանակում է` ինքս ինձ հաղթահարել եմ… Բայց ինչքան բան ենք բաց թողել… Ավագ եղբայրս, ում այդքան սիրում եմ և այդքան մոտ ենք… Երբեք չեմ իմացել, որ նա էլ է իմ զգացումներով ապրում: Սկսել ենք միասին եկեղեցի գնալ: Կարծում էի, թե ընտանիքում միայն ես եմ, որ նման դիրքորոշում ունեմ, սակայն արի ու տես` եղբայրս անգամ մկրտվելու ցանկություն է հայտնում…

Երջանիկ մարդ եմ ինձ զգում այդ պահին ու միևնույն ժամանակ ինքս ինձ մեղադրում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի ոչ ես եմ լսել իմ եղբոր հոգին, ոչ էլ նա է պատմել իր հոգու մեջ ծվարածների մասին: Միասին նստում ենք ու փսփսում, միմյանց ցավերը կիսում ու ծրագրում` ինչպես ենք միասին գնալու, որ մկրտվենք: Բայց ախր ինչո՞ւ այսքան ուշ… Եթե միայն իմանայի… Վախ չէ դա, ո’չ… Ուղղակի բոլորս նույն դաստիարակության միջով ենք անցել. չենք իմացել` հարցնելն ինչ է, չենք իմացել, որ կարելի է հարցնել … Պատկերացում չունեինք, որ կարող ենք հետաքրքրվել այդ ամենով: Բոլորս ենք այդ դաստիարակության զոհը… Ես ինչպես մեղադրեմ այն թուրք երեխային, որն առանց հասկանալու` դպրոցում պարտադիր արտասանում է. «Ի~նչ երջանիկ եմ, որ թուրք եմ ծնվել»: Ես այդ երեխային չեմ կարող ատել այն բանի համար, որ նա ինձ է ատում, այն բանի համար, որ նա ստիպված է ինձ ատել: Հեռուստացույցը միացնեմ թե չէ, նողկանք եմ ապրում… Չեմ ուզում մեղադրել որևէ մեկի… Դպրոցում էլ փորձում եմ ինձ տիրապետել, բայց երբեմն չեմ դիմանում ու պոռթկում եմ:
     Քուրդ ընկերներս, օրինակ, ասում են. «Դե. մեր պապերին ասում էին` 7 հայ սպանողը դրախտ կգնա»: Ուզում եմ գոչել. «Այդքան հիմար բան ասել չես կարող, եղբա’յր, բայց ի՞նչ ասեմ ախր… Այդ մասին հանգիստ խոսում ու պատմում են և գուցե հիմա էլ եթե կանգնեն ու ասեն` 7 հայ սպանողը դրախտ է գնալու, շատերը նույնը կանեն: Կարծում եմ` կան նման մարդիկ… Եթե կարող են հանգիստ ասել` «Պապս այսքան հայ է սպանել»: Եթե առանց ամաչելու` իմ ներկայությամբ կարող են նման բաների մասին խոսել, ուրեմն քիչ բանով են իրենց պապից տարբերվում:

Միևնույն ժամանակ շատ տարբեր ընկերներ ունեմ… Շատ անկեղծ ու մտերիմ: Երբ Հայաստանից մի աղջկա հետ էի խոսում… Այնպիսի ծանր զգացողություն ունեցա… Երբ իմացավ, որ հայ եմ, իանգամից ասաց. «Իսկ ինչո՞ւ եք մնացել դրանց մեջ` թշնամիների մեջ, ինչպե՞ս ես ասում, որ հայ ես, երբ հայերեն չգիտես: Այ որ գաղթեիք մեզ պես, այդ ժամանակ կասեիր` հայ եմ, թե չէ հիմա ի՞նչ գործ ունես` մնացել ես թշնամիների մեջ» …

Նախ` դա շատ ծանր զգացում առաջացրեց իմ մեջ: Ես հաճախ եմ մտածել այն մասին, թե ինչքա~ն լավ կլիներ` մերոնք էլ գաղթեին, ու հիմա այստեղ չմնայինք… Հետո մի պահ հակառակվում եմ ինքս ինձ, մի պարզ բան եմ հասկանում` սա իմ հայրենքն է: Այն Թուրքիա կանվանես թե մեկ այլ բան` չգիտեմ… Բայց մենք այստեղ շատ ավելի վաղուց ենք, քան այդ «թշնամին»: Ինձ ոչ մի գնով իմ հողից չկարողացան պոկել: Դա եմ հասկանում: Իմ պապն էլ է այստեղ ծնվել, տատս էլ, ծնողներս էլ, ես էլ… Ու դա մեկ այլ, անգամ հպարտություն առաջացնող զգացողություն է: Ես այնքան խորն եմ կապված այս հողին, որ… Մենք ամեն գնով մնացինք այնտեղ, որտեղ որ իրականում եղել ենք միշտ:

Նաև գիտեմ, որ հայեր կան, ովքեր ասում են. «Երբեք Թուրքիա ոտք չեմ դնի» … Ա~խ, եթե տեսնեին այս անտեր մնացած եկեղեցիներն ու խաչքարները… Ա~խ, եթե զգային այս ամենը… Ո՞ւմ են թողնում… Այս երկրի ամեն մի ոլորտում հայի հետք կա իրականում: Հիմա ես մեկ մտածում եմ, որ ուզում եմ գնալ այս երկրից, մեկ էլ մտածում եմ, որ դրա իրավունքը գուցե չունեմ… Ինչերի~ գնով են այստեղ մնացել հայերը… Մնացել են: Ո՞ւր գնամ…

Իհարկե, Թուրքիայում էլ են հայերը տարբեր… Շատ մեծ տարբերություն կա Կ.Պոլսի համայնքի ու արևելքում ապրող հայերի միջև… Հայկական համայնքում ես ոչ ոք չունեմ, այժմ ստիպված եմ համբերել, մինչև կկարողանամ մկրտվել… Գուցե չեն վստահում: Հայերեն չգիտեմ, համայնքում ոչ մի ազգական, բարեկամ չունեմ… Զարմանում են, երբ մտնում եմ եկեղեցի… Մի պահ այնքան էի վրդովվել այդ օտար հայացքներից, որ էլ չցանկացա հայկական եկեղեցի գնալ: Վիրավորանք չէր, բայց ներփակվեցի իմ մեջ: Ես չեմ կարող մեղադրել այդ մարդկանց. ի վերջո, իրավունք ունեն չվստահելու, ի՞նչ իմանան` ո՞վ ես, ի՞նչ ես… Քիչ բան չեն ապրել այս երկրում… Բնական է, որ պետք է տարբեր կերպ ապրեն, տարբեր արժեքներ կրեն իրենց մեջ. ինքնապաշտպանական բնազդներ ունեցող փոքրամասնություն… Այդքան հարվածներ կրած համայնք…. Այդ պատճառով հասկանում եմ նրանց այս պահվածքն ու մտածելակերպը… Իրենց երեխաները հայկական դպրոցներ են գնում, միասին Իշխանաց կղզիներ են գնում, հարսանիքներին, տոներին կանչում իրար, փորձում ներհամայնքային ամուսնություններ կազմակերպել… Սովորույթներին հետևել… Չեն ցանկանում, որ իրենց երեխաները թուրքերի հետ հանդիպեն և այլն: Ստիպված են այդ կերպ պաշտպանվել…Սա համայնք է, ըստ էության` փակ կառույց, ու մեկ էլ հանկարծ «արտաքին աշխարհից» մեկը գալիս է և ասում` ես հայ եմ, հայերեն չգիտեմ, ինձ մկրտեք…

Բայց, օրինակ, հունական եկեղեցում այլ կերպ եղավ. շատ լավ ընդունեցին, նույնիսկ ասացին` կարող եմ իրենց մոտ հունարեն սովորել: Հույնի արյուն անգամ չկա իմ մեջ, բայց շատ էական ջերմություն զգացի: Հիմա չեմ ուզու, դրանից ելնելով որոշում կայացնել, հուսամ, որ մի օր հայկական եկեղեցում կլինեմ: Համենայնդեպս, ես այդ ժամանակ բոլորովին այլ կերպ կվարվեմ: Երբ բավականաչափ գիտելիքներ ունենամ, մեծ սիրով կրոնի և լեզվի դասեր կտամ իմ նման հայ երեխաների: Հաճույքով կանեմ դա, անկեղծ…

Հայկական եկեղեցու մոտակայքում հայերեն խոսող մորաքույրներ կան, վախեցա մոտենալ և ասել` «Ինձ նույնպես սովորեցրե~ք» …

Մայրս և հայրս լռում են, երբ խոսում եմ այս թեմայով… Բայց զգում եմ, որ ներքուստ երջանիկ են: Գուցե այն պատճառով, որ անում եմ այն, ինչը չեն համարձակվել անել իրենք»:
     Սոֆիա Հակոբյան

Akunq.net

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6362 | 0 | 0
Facebook