Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Դանիել Վարուժանի ծննդյան օրն է

Zakarian Galoust
Автор:
Zakarian Galoust
19:13, Среда, 20 Апреля, 2016 года
Դանիել Վարուժանի ծննդյան օրն է
    
    

«Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց», -գրել է Դանիել Վարուժանը. արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:

Այսօր Դ.Վարուժանի (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) ծննդյան օրն է. 1884 թվական, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից: 1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:

1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր: 1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը:
    
     Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն):
    
     «Ցեղին սիրտը» (1909 թ.) ժողովածուի մեջ գերիշխողը հայրենասիրական ոգին է:
    
     «Դանիել Վարուժանի .... «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց», - գրել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին:

1912 թ-ին լույս է տեսել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն՝ կազմված «Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ» շարքերից ու «Հարճը» պոեմից: «Հացին երգը» (1921) շարքում զգալի է հայ գյուղին բնորոշ կոլորիտը (բառապաշար, պատկերի կառուցման առարկայական ատաղձ և այլն), բայց և այնպես ներկայացված գյուղաշխարհը չի կարելի կապել որոշակի աշխարհագրական միջավայրի հետ։ Բանաստեղծը թևակոխում է մի նոր եզերք՝ ընդարձակելով «Հեթանոս երգեր» -ում նվաճված աշխարհի սահմանները, այստեղ էլ քնարական մթնոլորտը շնչում է գեղեցկի ու ներդաշնակի որոնման պաթոսով, պոետիկական կառույցի հիմքը դարձյալ վսեմի կատեգորիան է, մասշտաբներն էպոսային վիթխարիություն ունեն («Մշակները», «Ցան», «Սայլերը») ։

«Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով .... Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են...», - գրել է ֆրանսիացի բանաստեղծ Սեն Ժոն Պերսը:

Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև «Գինիին երգը» շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն…
     1915 թվական: Վրա է հասնում արյունալի աղետը: Բանաստեղծի խոսքերով ասած` կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը լինում է Դանիել Վարուժանը: Թուրք մարդասպաններն աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտում են 31-ամյա բանաստեղծին: 1915 թ. օգոստոսի 26- էր:

Վարուժանի ժողովածուները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

1958 թ-ին Գենտի համալսարանի մեծ սրահի պատին ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում:

«Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային», - ասել է Դանիել Վարուժանը:


    
    
    
    


    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3694 | 0 | 0
Facebook