Աշնան ոսկեբոց կրակի բովում, երբ ցող-համբույրից տերևն է դողում,
Սիրահար սրտիս կարոտաթելը հոգին ջերմացնող վերմակ է կարում,
Զարդարում է այն չոր տերևների խոնավափայլով անձրևածնունդ,
Աշնան գույների թելերով փափուկ ծիածան գծում կապտակամարում:
Տաքուկ երկնքի թաքուն անկյունում, աշնան մեղեդին սառած շուրթերիս,
Սիրահար հոգուս կարոտախինդը խառնում եմ տխուր աշնան ծիծաղին,
Ու պտտվում է անվերջ պտույտով ձայնապնակը աշնանաերիզ,
Հոգիս էլ իր հետ պարում է անվերջ՝ սեր արարելով խոնավ մայթերին:
Աշնան հոգեթով մեղեդին անվերջ պարուրում է իմ հոգին սիրահար,
Եվ քո կարոտից դողում եմ ինչպես անձրևից սառած ճյուղը ցողավետ,
Սիրահար սրտիս կարոտալարը ձգվել է աշնան հավերժով անմար,
Աշնան գույների թելերով փափուկ գործել եմ գունեղ սիրո արահետ:
Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 2015 թ. հոկտեմբերի 27-ին:
© Բանաստեղծության հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են, 2015: