Идет загрузка...
Сегодня:  Пятница, 25 Июня, 2021 года
Թելեգրամ

Статьи

ՊԱՏՄՎԱԾՔ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Aram Hovhannisyan
10:35, Понедельник, 05 Мая, 2014 года
ՊԱՏՄՎԱԾՔ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

ՊԱՏՄՎԱԾՔ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ


    

Հենքը կար, պատումը թել-թել հյուսվում էր, գործողությունն ընթանում բնական հունով, նկարագրական խոչուխութերը հաղթահարված էին, լարումը շուտով պարպվեր պիտի, հանգուցալուծումը հեռու չէր...

- Առանց ինձ պատմվածքն այն չի լինի, համոզված եմ, - հարևան ածականին իր կարևորությունը բացատրելու պահանջ զգաց բայերից մեկը: - Գիտե՞ք արդեն քանի անգամ եմ օգտագործվել` տասներկու:

- Ինձ, ճիշտ է, առայժմ ընդամենը երեք տեղ է տրվել, սակայն` առանցքային, - չկամենալով ստվերում մնալ` ներկայացավ ածականը: - Նկատի ունեցեք` միայնակ, իմ ուժերով կարողացա հասնել նման արդյունքի:

- Այդ ինչպե՞ս. իսկ ե՞ս, - վիրավորվեց ածականի համեմատական աստիճանը: - Եթե հեղինակն ինձ քեզնից առաջ, ընդսմին` առանձին չգրեր, պատկերացնո՞ւմ ես քո վիճակը:

- Եվ դու համոզված ես, թե մենք համարժե՞ք ենք:

- Դա թող որոշեն լեզվաբանները, սակայն վստահ եմ` տպավորիչ ազդեցությունը նաև իմ շնորհիվ է:

- Եթե բանը դրան հասավ, մեր լռելը կդիտվի վախկոտություն, - օժանդակ բայի երրորդ ձևը, որ շշուկով սկիզբ առած զրույցի ակամա ունկնդիրն էր, միջամտեց: - Առանց ինձ մնացածներն ընդամենը դարձվածք են` գործողության պատրանք ստեղծող...

- Հո չասի՞ր, - աղմկեցին գրվածքի էջերում սփռված դերբայները: - Դու միայնակ մինչևիսկ հանդես գալ չես կարող, ո՞ւր ես մեծամտում:

- Ե՞ս, - վրդովվեց օժանդակ բայը, - ես է-ն եմ, խտացված խորհուրդ կա իմ մեջ, աստվածային խորհուրդ:

- Օ՜հ, - ճարահատ` ծաղրալից տոնի անցան ցեղակիցները, - եթե անբովանդակ, ինքնուրույնությունից ու էությունից զուրկ արարածներն են լեզու առել, ճիշտը լռելն է:

- Մենք` անբովանդա՞կ, - հարվածն իրենց վրա ընդունեցին օժանդակի մնացյալ ձևերը, -այդ դուք եք առանց մեզ անդեմ, անթիվ ու անժամանակ գոյություն քարշ տալիս:

- Ո՞վ թվի անուն տվեց, - ժխորի վրա կոպերը բացեց մի թվական:

- Ավելի լավ է չպատասխանեք, - շշնջոցի անցան բայերը, - ամբարտավանի մեկն է:

- Ե՞ս եմ ամբարտավանը, - թվականը, որ սուր լսողություն ուներ, ուղղվեց: - Առանց ինձ դուք ի՞նչ եք` ոչնչություն, ժամանակավոր երևույթ:

- Մի հոխորտա, - ընդվզեցին տարբեր կողմերից, - դու ընդամենը թվական ես:

- Ինձնով տիեզերքն է չափվում, ես չափորոշիչ եմ: Նույնիսկ անշունչ առարկան ինձ իր մեջ կրում է:

- Գոյականներին անցավ, - հրահրողը գործողություն ցույց տվող, սակայն վճռական պահին գործելուց իրեն հեռու պահող բայ էր:

Կարթը ճիշտ էր նետված. գոյականները խայծն անմիջապես կուլ տվին:

- Եվ ամենևին չի ամաչում: Համայնը մեզնով է կանգուն, իսկ սա օդի մեջ դուրս է տալիս:

- Բացեք լեզվի ցանկացած դասագիրք և տեսեք` ձեր մասին ինչ է գրված: Վերացականներ...- չէր հանդարտվում թվականը:

- Դու ի՞նչ ես հասկանում վերացարկումից, հենց թեկուզ` գոյաշխարհից: Եկել դաս...

- «Չխառնեք ինձ ձեր վայրի արջի ցեղերին», - քանակականին պաշտպանության տակ առավ դասական թվականը` չսպասելով մտքի ավարտին, որն իր հետ կապ իսկ չուներ:

- Պատմվածքը կիսվել է, իսկ հեղինակը քեզ ընդամենը մեկ անգամ է հիշել, այն էլ` տողադարձով: Գոնե դու՛ մի խոսիր:

- Այո՛, մեկ անգամ, որովհետև ես բացառիկ եմ:

- Նա բացառի՜կ է, եզակի...- բամբասկոտ կանանց պես հաղթանակում վստահ` իրար էին բոթբոթում բայերը: - Տողադարձվածի մեկը...

- Արդեն իմ պատուհանին եք քար նետում, - կետադրական նշաններից տողադարձն էր, - թե՞ քիչ եմ ձեզ օգնել, որպեսզի թղթից դուրս չընկնեք, լուսանցքից այն կողմ չմնաք, - ընթացքում բռնկվեց: - Հենց միայն այս գրվածքում քանիսի՞դ եմ տողադարձել, ապերախտներ:

- Խեղճացրու՛ դրանց, - մյուս կետադրանշաններն էին: - Մեզ համար հանգիստ տեղաբաշխվել էինք: Խառնակչություն գցեցին: Կարծում են` միայն իրենք կարող են գործողություն ցույց տալ:

- Բա չէ` դուք, - ճչաց մի բայ: - Ընդամենը նշաններ չե՞ք: Առանց ձեզ էլ հեղինակը կարող է միտքը շարադրել: Թե՞ չգիտեք, որ գրողների մի մասը հիմա այդպես էլ վարվում է:

- Սատանան ասում է` տեղդ փոխիր, տեսնեմ դրանցից ի՞նչ կմնա, - ստորակետը կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ: - Չառաջարկե՞մ մի տեղ խմբվել քույր- եղբայրներիս: Այնպիսի շիլաշփոթ սարքենք, խմբագիրն անգամ գլուխ չհանի:

- Հենց միայն ես, - կախման կետը տեղում դոփեց, - կարող եմ ձեզ փոխարինել: Ողորմելիներ, գործողություն էլ լինի՞ ցույց տվածները...

- Պատումի ընթացքն այնպես շեղեցին, շարունակվելու դեպքում ավարտը կդառնա սահմռկեցնող: Արդեն փշաքաղվում եմ: Օ՜, - չկարողանալով իրեն տիրապետել` բարձրաձայնեց երկարացման նշանը:

- Դա մեր ուժի, հզորության մասին է վկայում: Թե չէ` ծեծված ճանապարհ, երջանիկ վերջաբան, «ապահով» Հեռաստան, չնայած մենք դա նույնպես ի վիճակի ենք:

- Իհարկե կարող եք... Դու՛ք ձախողեցիք պատմվածքը:

- Ի՞նչ ձախողումի մասին է բարբաջում: Սա գուցե թե լավագույն գործը դառնա: Սպասեք ավարտվի...

- Ես սյուժեի նման ընթացք, շարունակություն չեմ կամենում: - Ո՞վ կմիանա ինձ, - հարցն ուղղված էր դերանուններին, մակբայներին ու կապերին, շաղկապներին, կարճ` բոլորին:

- Ո՛չ, - ժխտական դերանունն առաջ եկավ: - Ես այլ առաջարկ ունեմ` վտարել նրանց:

Շատերի հայացքն ուղղվեց բայերի կողմը:

- Մե՞զ, - ապշահար մեկմեկու նայեցին նրանք: - Մենք միշտ բեռ քաշող ենք եղել:

- Հենց քե՛զ, - շեշտը փորձեց հրել իրեն ուսած բային, դու առաջինն սկսեցիր:

- Խնդրում եմ առանց արյունի, - բացականչական նշանն էր` նվաղուն ձայնով: - Պետք չէ քաշքշել, ի սեր Աստծո... Դա «Առագաստ» սրճարանում կատարված մի նողկալի դեպք է ինձ հիշեցնում:

- Շատ էլ լավ պետք է: Հարկավոր է դրանց դաս տալ: Հաշվում եմ, ո՞վ է համաձայն...- թվականը դերի մեջ էր մտնում:

- Պակասը դուք չեք. եթե տոն չտայիք, ամեն բան չէր խառնվի իրար, - մակբայն էր միջին տողերից: - Ձեր հարցը ևս պետք է քննության առնվի:

- Իհարկե թևի տակ կառնես. քո տոհմը, եթե քրքրենք, բայերի հետ նույն հիմքից է սկիզբ առնում:

- Հիմա ես էլ մի ձայնի իրավունք ունենամ, մակբա՞յն էլ, - դասական թվականը քամահրանքով նայեց վերջինիս ուղղությամբ:

- Յուրաքանչյուրը` մեկ ձայն, ինչպես ընդունված է մարդկանց աշխարհում:

- Նրանց հետ գործ չունեք: Մերն ուրի՜շ է` առավել գեղեցիկ, - ածականն ասածից գոհ` շառագունեց:

- Եվ լիարյուն, - հավելեց երկրորդը:

- Հարցից շեղվում եք, քվեարկությունը մոռացաք:

- Բայց ի՞նչ էինք քվեարկելու...- նոր-նոր նինջը թոթափածներն էին:

- Բայերին, թվականներին վտարելու հարցը, - հուշեցին:

- Եվ ածականների... Սկիզբը նրանք դրեցին: Անգամ իրար հետ հաշտ չեն:

- Մենք շատ ենք, որոշիչ ձայները մերը կլինեն, - անթաքույց հրճվեցին բայերը:

- Դեռ հարց է` ով է շատ, - գոյականների ձայնում վստահություն կար: - Եթե հատուկ անունները միանան մեզ, հաղթանակն ապահովված է:

- Դա շփոթության տեղիք կտա: Ես, ճիշտ է, դերանուն եմ, բայց անձ եմ խորհրդանշում. ասելս այն է` հավասար ձայների դեպքում մենք պետք է առավելություն ունենանք: Միայն այդ պարագայում եմ համաձայն քվեարկությանը:

- Ի՞նչ պարագա, ո՞վ է պարագայից խոսում:

- Հանգստացիր, դու նախադասության անդամ ես, իսկ վեճը խոսքի մասերի միջև է: Եթե դուք էլ մեջ ընկնեք, կատարյալ սոդոմ-գոմոր կլինի, - հորդորեց մի եղանակավորող բառ:

- Սպասե՛ք, շուտ առաջ գնացիք, - պատմվածքի առաջին նախադասությունն էր:

Բառերն ու կետադրական նշաններն անակնկալի եկան:

- Ինչո՞ւ զարմացաք, - խոսքը շարունակեց նախադասությունը, - կարծես նոր եք տեսնում: Թե՞ մենք կարևոր չենք, միտք չենք արտահայտում:

- Իհարկե, - եղանակավորող բառերը հուսավորված` ցատկոտեցին, - այդ դեպքում մենք ևս ձայնի իրավունք ունենք, թեև...

- Ունեք, - մեծահոգաբար նկատեց մեկ այլ նախադասություն, բայց ոչ մեր չափ: Մենք խմբակցություն ենք ներկայացնում:

- Ո՛չ, - առարկեց ժխտական դերանունը:

- Գոնե բարդերի դեպքում` ըստ քանակի. նրանք, հո չե՞ք ժխտի, միավորում են, դաշինք, որպեսզի առավել ըմբռնելի լինի, օտար բառով ասեմ` կոալիցիա:

- Համադասականին էլ, ստորադասականին էլ նույն իրավո՞ւնքը, - նեղսրտեցին նախադասություններից գերադասները: -Ինչպե՞ս կարելի է:

Նրանց քրթմնջոցին, սակայն, արձագանքող չեղավ, քանզի վտանգավորն այլոք էին:

- Ախր, ձեր այդ խմբակցություն կոչվածը հակոտնյա խոսքի մասերի ժամանակավոր գոյակցություն է: Եվ ապա` մի մոռացեք. ես նախադասության մեջ հանդես եմ գալիս իբրև որոշիչ, - ածականն ընթացքում ոգևորվեց, - ուրեմն` երկու ձայն ունեմ, առաջինը, որպես խոսքի մաս, երկրորդը` նախադասության լիարժեք անդամ:

- Ճի՜շտ է, - գլխի ընկան մյուսները: - Դուք մեր շնորհիվ ուզում եք առավելություն ձեռք բերել:

- Լավ, - զիջեց նախադասությունը, - մեկի դեպքում էլ, վստահ եմ, կհաղթենք:

- Եթե բանն իսկապես քվեարկության հասնի, չմոռանաք և մեզ:

- Դու ո՞վ ես, - հարցականը կախվեց ներքև` տեսնելու, թե ով է ձայնողը:

- Իսկապե՞ս չգիտես: Ախ, հա՜, դու անգամ տառաճանաչ չես, սակայն փորձում ես հարց վճռել: - Իջիր շալակիցս...

- Նա դպրոց չի՜ գնացել, այբուբենին ծանոթ չէ, - տառերի անտառը խլրտաց:

- Շարքերը չխառնել, - բառասկզբի տառերի հորդորը հասավ մյուսներին: - Առանց հրահանգի ոչ մի շարժում: Ազատ գործելու իրավունք միայն գաղտնավանկի Ը-ն ունի:

- Կարծում եմ` բոլորդ ըմբռնեցիք, թե ում հետ գործ ունեք, - գլխատառերից առաջինն էր:

- Մեզ գաղտնալսում են, - շշնջացին կետադրական նշանները բառերի ականջին և մեկմեկու: - Նրանց զենքն իրենց քանակն է, չգրգռեք...

- Եվ գաղտնի գործակալները: Աքսորի չհասնի՞ բանը...

- Պարզունակ եք մտածում. ոչ միայն քանակը: Մեր ուժը նաև շարքում տեղը չխառնելու մեջ է: Հերիք է տեղափոխություն կատարենք, կիմաստազրկվեք:

- Նման ունակություն մենք ևս ունենք, - զգույշ առարկեց մի նախադասություն. գիտեր` բորբոքվելու դեպքում զորասյունն իրենց ևս ոտնատակ կտա:

- Ինչու այստեղ ո՞վ նման շնորհք չունի, - հուշիկ դիմադարձեց կապը:

- Ճի՜շտ է...- ձայնարկեցին կետադրականները:

- Ձեր սխալը գիտե՞ք որտեղ է...

- Որտե՞ղ, - վերջապես միջամտելու հնարավորություն տեսավ ցուցական դերանունը: - Ցույց տուր:

- Ձևեր է թափում, փորձում է իրեն, ինչպես մյուսները, կարևորել, - տեսնելով կապի երկմտանքը, վրա տվին այսուայն տողից:

- Լռե՛ք, - հրամայական նշանն էր:

- Տեղին է դիտողությունը: Իմ ներկայությամբ տան ոչ մի անդամ խոսքի իրավունք չունի, - ձևի պարագային սաստեց նախադասությունը: - Շարունակիր, կապ, թեև արդեն գլխի եմ:

- Ձեր սխալն անկապ-անկապ խոսելն է, - վերջապես միտքը ձևակերպեց կապը:

- Հարկա՛վ, - հաստատեց նախադասությունը, - կապակցված խոսք արտահայտելու համար մեզ համերաշխություն է պետք: Եվ կայունություն: Եթե...

- Մեզ ասելով` ո՞ւմ նկատի ունես:

- Թողեք միտքն ավարտի, - ստորադաս նախադասություններն էին: - Նա գուցե մեզնից ամենաերկարաշունչը դառնա. մի զրկեք հնարավորությունից:

- Եթե այս անպտուղ վեճին վերջ չտանք, միասնական չլինենք, բռունցք չդառնանք, դրսի ուժերը կօգտվեն դրանից... Ես ավարտեցի:

- Ի՜նչ հրաշալի ձևակերպեցիք, - սակայն ինչո՞ւ այդքան կարճ, - ծափ զարկեց բացականչական նշանը: - Շարունակե՛ք:

- Ես կլրեմ նրան, - առաջացավ մեկ այլ նախադասություն: - Ոչ միայն կօգտվեն... Արդեն իսկ օգտվում են:

Կետադրական նշաններից մասնավորապես հարցականը` խառնվեց իրար.

- Ու՞ր է:

- Ներսում` յուրաքանչյուրիս մեջ: Մեր իսկ ձեռքով են նրանք քանդում մեր Մեծ տունը:

- Որպեսզի հետո բոլորեքյան վրա տան. նրանք մեր ընկնելուն են սպասում:

- Պատմությունը քանի՞ անգամ պետք է դաս տա: Վեպ էինք, դարձանք վիպակ, հիմա...

- Ինչպես անստույգ էր սկիզբը, նույնպիսին ընթացքը եղավ, և ավարտը կլինի, եթե... չթիկունքվենք:

- Մեր ուժը մեր միասնության մեջ է...

- Նոր բան ասա, - անչար նկատեցին: - Ոգեղեն խոսքի ժամ է:

- Մեզ ուղեցույց է պետք` առաջնորդ...

- Ո՞վ․․․

- Հեղինակը...- ընդհանուրին համակած հուզումի պատճառով չիմացվեց, նաև չկարևորվեց` ով է աղաղակողը: - Նա մեզ մեռյալ վիճակից հանեց, կյանքի թրթիռ ներարկեց: Մենք ի՞նչ ենք` ընդամենը արտացոլանք, սոսկ ստվեր ու դերակատար, իսկ նա` ուժակիր:


    

Հեղինակը, իրադարձությունների նման անսպասելի շրջադարձից շփոթահար, դադար տվեց: Անհանգստացնողն այլևս հյուսվածքի ավարտը չէր, այլ հարցը, որ պատասխան էր ակնկալում. իսկ իրեն ո՞վ է ուղղորդում: Գրառած աշխա՞րհն է առավել հավաստի, թե՞ այս մյուսը, որում ապրում է, որտեղից նյութ քաղում, և ո՞րն է անցողիկ ու որը` մնայուն:

Գուցե խաբկանք են երկո՞ւսն էլ:

Արամ Հովհաննիսյան, «OPEL-ի աղջիկը» շարքից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
11575 | 0 | 0
Facebook
COMMENT.am