Идет загрузка...
Сегодня:  Суббота, 11 Мая, 2024 года

Статьи

Արամ Պաչյան, Թռչուններ

21:44, Среда, 29 Января, 2014 года
    
    
    

ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ |


    


    

Թռչուններ


    

Պատմվածք


    
    

© Կարեն Անտաշյան

Թռչունները թռչում են ու չեն թռչում
     Թռչունները ընկնում են ու թռչում…
     Ջակոմո Լեոպարդի
    

     ***

«Իմ կյանքի ամենակարևոր օրը… Բժիշկն ասում էր` ահավոր սուր ցավ ես զգում, հետո շոկ ու վերջ, շատ, շատ ուժեղ ցավ… Ոչինչ, մի պահ կդիմանամ…Գլուխս կպայթի…մաման շատ կմտածի. հենց ասեն, երևի ուշքը կգնա, չի հավատա…Հետո մի քանի ամիս հիվանդանոց կպառկի…Կարող ա ինքնասպան էլ լինի…»:
     - Սև…Սև…
     - Ի՞նչ…
     - Սև…
     - Ու՞ր ես, Գոջի…
     - Կներես, խանգարեցի… շոկոլադ ունե՞ս… սոված եմ…
     Լսվեց Գոջու թևերի թույլ թափահարումը: Նա փափուկ իջավ հատակին, հողաթափերը հագավ ու մոտեցավ Սևի մահճակալին…
     Սևը արկղից շոկոլադներ հանեց, մեկնեց տղային…
     - Վերցրու…տե՞ս… «Գրիլյաժ», «Սկյուռիկ», բոլորը վերցրու, մերոնք էին բերել…
     - Գիտեմ, տեսել եմ, - հը խը խը խը խը, - խորամանկ ժպտաց Գոջին ու սովածությունից դողդողացող մատներով խլեց շոկոլադները, բացեց ու հերթով սկսեց խոթել բերանը: Հսկա թշերը դղրդում էին հաճույքից: Շոկոլադները բերանում խյուս դարձնելուց հետո նա ափսոսանքով կուլ էր տալիս, վերջում մեծ լեզվով ավլում ատամների մակերեսներին ամրացած մնացուկները: Շուտով նրա անհանգիստ ձայնը կրկին առանձնացավ խռմփոցներից…
     - Սև…Ի՞նչ եմ անելու, վաղը օրապահը ես եմ, հրամանատարը կարգադրեց էն տարածքը մաքրել… քաշեց, մի քանի հատ բմբուլ պոկեց, ասեց, եթե չանեմ, ցիցը կմտցնի քամակս…
     Գոջին սկսեց լաց լինել…
     - Լավ, ի՞նչ ես կնգա նման նվնվում… մի խառնվի, մի բան կմտածենք…
     - Ի՞նչ… Ո՞նց… Աստված ջան, եթե վաղը տարածքը չմաքրվի, հրամանատարը ինձ կսպանի…
     Նրա ձայնը կլանեց զինվորներից մեկի քնի մեջ արձակած բառաչը…
     - Կովը հետևից ա ընկել, - լուրջ դեմքով շշնջաց Գոջին…
     - Նախագահն էլ ժամանակ գտավ գալու, նրա պատվին հարյուր տոկոսանոց մաքրություն են ուզում…
     - Բա ի՞նչ անենք…խը խը…խը…
     Գոջին հսկա գլուխը թևերի մեջ առավ…
     - Մի մտածի, Դավիթին առավոտը կբերենք, կմաքրի…
     -Չի լինի, նրան հենակետ են տարել…
     - Կտուցին կկանչենք…Դու մի մտածի… մի բան կանենք…
     - Չի… չի լինի, - անզորությամբ ձայնեց Գոջին, - Կտուցն արդեն հովանավոր ունի, ամսով փող ա տալիս…
     - Լավ չի…հա, Բիբիկին մոռացանք, առաջին գումարտակի Բիբիկին…
     - Բիբիկը չի մաքրի… էլ գործ չի անում, նրան նեղացրել են…
     - Համոզելը թող իմ վրա…ինձ չի մերժի, մի բանով կխաբեմ, կհամաձայնվի, լավ կլինի, չմտածես… Դու փորդ լցնելու դարդը լացի, - ժպտաց Սևը…
     Գոջին մի փոքր հանգստացավ: Մանկական դեմքը լուսավորվեց:
     - Բա իմացա՞ր, Սև, էն օրը գրադարանում քո ասած պատմվածքը կարդացի. վեց օր քաշեց մինչև վերջացրի` «Օձը» … ո՞վ էր գրել…Սթաբեք, Սթուբեք…Ո՞նց էր, է… – Սթեյնբաք…Սթեյն բաք, հետո՞, դուրդ եկա՞վ…
     - Շատ, ախպերս, բացի Աստվածաշնչից, կյանքումս բան չէի կարդացել, բայց որ պատմեցիր, ոգևորվեցի, վերցրի ու մինչև վերջ կարդացի…
     Գոջին բառառբառ խաղաղվում էր…
     - Դե թռի´, թռի, պառկի հանգստացի, լույսը կբացվի, բարին էլ հետը…
     - Բարի գիշեր…
     - Բարի Գիշեր
     ****

Բիբիկը թևերը ճաշարանի պատին փռած` ծխում էր: Նա ինքն իր հետ մերթ խոսելով, մերթ հեկեկալով ու ծիծաղելով, ուսումնասիրում էր ծխախոտից արձակած քուլաների հետագծերը: Գեղեցիկ տղա էր Բիբիկը` կապույտ աչքերով, աղջկական, նուրբ իրանով, թափառող հայացքով…
     - Բարի օր, Բի´բ, ո՞նց ես, ի՞նչ կա…
     Սևը զգույշ ցատկերով մոտեցավ տղային` կանգնեց չորս մետր հեռավորության վրա…
     - Մերսի, լավ եմ, դու ոնց ես, քո մոտ ինչ կա՞…
     - Լավ բան չկա, գումարտակի հրամանատարը էլի հանգիստ չի տալիս…
     Բիբիկը կախեց գլուխը…
     - Սև, ախպոր պես, գիտեմ` ինչի համար ես եկել. մտքումդ բան կա, ասա…
     -Դե իմացել ես, երևի, Բի´բ, Նախագահն ա գալիս…մի խոսքով, պետք ես …էն տարածքը…դե, որ գիտես…պիտի մաքրվի, Գոջուն են հանձնարարել, եթե մաքուր չեղավ մինչև նախագահի այցը…
     - Ես միշտ էլ օգնել եմ քեզ, դու գիտես, ասա´, ե՞րբ եմ մերժել, քո համար ամեն ինչ կանեմ, բայց վերջ… վերջ…կներես չեմ ուզում…
     Կապույտ արցունքները գլորվեցին Բիբիկի աչքերից, ներկեցին թշերը…
     - Բան ա եղել Բիբ, ու՞մից ես նեղացել… պատմի ինձ…ասա…Ես քեզ կօգնեմ…
     - …
     - …
     - Երեկ գետի ափին նստած քրոջս նամակն էի կարդում, մի շաբաթ առաջ էր ուղարկել, բայց ժամանակ չէր լինում կարդալու, թաքուն տեղ էի ման գալիս, որ մարդ չտեսնի, նոր էի բացել ծրարը, մեկ էլ չգիտես որտեղից լեյտենանտ Գեգեն ցցվեց դիմացս ու խլեց նամակը……………. հետո…հետո սկսեց կարդալ ու ծիծաղելով բարձր գոռալ… «Բիբի՞կ, քուրիկդ սիրուն էլ ձեռագիր ունի, համոզի բեր, քունեմ, եթե բերես, խոսք եմ տալիս` էլ զուգարան չես մաքրի…»:
     Բիբիկը դողացնում էր: Կծկվել էր: Փետուրները սրվել ու թրթռում էին:
     Սևը մի քանի րոպե քարացավ… հետո դժվարությամբ ուղղեց մեջքը, հետ-հետ գնաց…հազիվ պահեց իրանը, որ չընկնի. գլուխը պտտվում էր: Բիբիկին նա հազիվ էր նշմարում ամպի մեջ:
     - Խնդրում եմ Բիբ… Դու պետք ես ինձ, գործը արա, մենակ իմ խաթր. խնդրում եմ…
     -…
     - Սև, դու գիտես` քեզ ինչքան եմ հարգում, մի անգամ էլ կօգնեմ, բայց վերջին անգամ, - հազիվ արտաբերեց Բիբիկը…
     «Մի ամիս առաջ էլ էր վերջին անգամ, Բիբ…Կյանքում վերջին անգամ չի լինում» …
     ***
     Բիբիկը, երբ կեղտոտ դույլը բռնած տարածքում հայտնվեց Գոջին կարծես լույս աշխարհ եկավ: Նա զգուշությամբ հանեց թևերը, կախեց պատի մեխից, ապա դաշնակահարի փխրուն մատներով սկսեց հավաքել, դույլը լցնել զինվորների թարմ ու կարծրացած կեղտերը, լխկած թղթերն ու ծխախոտի գլանակները, կոլայի շշերը… Լրիվ մաքրելով տարածքը` վերջում նա խնամքով ավլեց, ջրեց հատակը, թարմ տեսքի բերեց: Սևը, հոսանքալարին թառած, ողջ ընթացքում հետևում էր նրան, վերջում ցելոֆոնե տոպրակի մեջ շոկոլադներ լցրեց, տոպրակը կապեց երկար ճյուղի ծայրին, մեկնեց Բիբիկին: Տղան շատ ուրախացավ, միանգամից վերցրեց, բացեց տոպրակն ու կոնֆետները տեղավորեց գրպանում…
     - Սև, գիտես ինչի՞ն եմ կարոտել…
     - Ինչի՞ն…
     - Կոզինախին, մաման մեկ-մեկ ուղարկում ա…
     Բիբիկը ծխախոտ կպցրեց ու շարունակեց, – լսել եմ գրքեր ես կարդում, Սև…
     - Հա, ճիշտ ես լսել…
     - Ի՞նչ ես կարդում…
     - Տարբեր… եսիմ …
     - Ես էլ եմ կարդալ սիրում… էն օրը գրադարան էի ուզում մտնել, պիտի Սթեյնբաքի «Օձը» կարդայի, քաղաքում նրա մյուս բոլոր գործերը կարդացել եմ, «Օձը» անծանոթ էր, բայց գրադանավարուհին ներս չթողեց, ասեց, եթե զինվորները տեսնեն, որ գրքերին ձեռք եմ տալիս, էլ չեն մտնի գրադարան…Դե, ես գնացի, լավ մնա: Բիբիկը պատի մեխից հանեց թևերը, կպցրեց մեջքին, թռավ ու միանգամից խառնվեց օդում պտտվող ծիծեռնակներին…

****
     Լարված օր էր: Նախագահը եկավ, բայց երկար չմնաց, որովհետև տխուր անձրև էր գալիս, թրջում էր նրա կոշիկները: Տարածքի մաքրությունից հրամանատարը գոհ էր: Գոջին երջանկությունից խելքը թռցրել էր: Նա գյուղ էր թռել, ու մածուն, լավաշ, օղի առնելով` Սևի պատվին սեղան էր գցել:
     - Սև, մերսի, խը, խը, մերսի, խը, ամեն ինչի համար… Եթե դու չլինեիր, կորած էի… շնորհակալ եմ, ախպե´րս, - բաժակ ձեռքը կանգնած Գոջին նման էր Բոտերոյի զինվորին…
     Կենացներն կարճ ընդմիջումներով շարունակվում էին: Սևը լուռ էր: Խմում էր առանց ուտելու խոր հոգոցներ էր հանում, անընդհատ սանրում էր մահճակալին փռած թևերի փետուրները…
     - Մեղքս եկավ Բիբիկը, Գոջի… գոնե ինքնասպան լինի…
     - Բիբիկը՞… Ինչի՞… Զուգարան մաքրող կենդանինները մե՞ղք են… Համ էլ կենդանիները հոգի չեն ունենում…հը խը խը խը խը…
     Սևը թռավ տեղից, թևով խբեց, շուռ տվեց սեղանը, դեմքի մկանները ալիքվում էին…
     - Վե´ր կաց տեղիցդ…………….ասում եմ, վե´ր կաց…շուտ…..Ոռդ շարժի, շուուտ………….. քո հետ չեմ……..թռի քնելու……տասը րոպեից քնած լինես, լսու´մ ես…լսեցի´ր…..
     Զորանոցի պատերը դղրդացին Սևի գոռոցից…
     Վախեցած Գոջին չհասցրեց կծել ձեռքի վարունգը, նա անհասկանալի մրթմրթոցներ հանելով` արագ անհետացավ մթի մեջ…
     Գիշերը Սևի քունը չէր տանում: Նա հագավ թևերը ու դուրս թռավ պատուհանի փեղկից…
     ***
     Առավոտյան նախաճաշից հետո Սևը գրադարան մտավ, վերցրեց «Գարուն» ամսագրի մաշված համարը ու սկսեց Սթեյնբաքի «Օձը» կարդալ: Նոր էր խորասուզվել պատմվածքի մեջ, երբ դռան արանքից այլայլված ներս թռավ Գոջին…
     - Սև… Սև… խը նորություն լսի… Լեյտենանտ Գեգեյին են մեռած գտել գետի մոտ, ասում են` մինչև սպանելը, դեմքը բենզինով վառել են…
     - Ինձ ինչ… Քեզ քանի անգամ եմ զգուշացրել, որ կարդում եմ, մի´ խանգարի…
     Գոջին կախեց գլուխը:
     -Կներես, Սև…
     Նա շրջվեց ու արդեն հեռանում էր, երբ Սևը հետևից գոռաց…
     -Գոջի´…
     Տղան շրջվեց:
     -Հաջող, Գոջի …
     -…
     -Հաջող, Սև, - անակնկալի եկած ուրախ բացականչեց Գոջին ու թռավ կիսաբաց դռնով…
     … «Իմ կյանքի ամենակարևոր օրը… Բժիշկն ասում էր` ահավոր սուր ցավ ես զգում, հետո շոկ ու վերջ, շատ, շատ ուժեղ ցավ…Ոչինչ, մի պահ կդիմանամ…Գլուխս կպայթի…մաման շատ կմտածի. հենց ասեն, երևի ուշքը կգնա, չի հավատա…Հետո մի քանի ամիս հիվանդանոց կպառկի…Կարող ա ինքնասպան էլ լինի… Իմ կյանքի ամենակարևոր օրը…… Բժիշկն ասում էր…

© Արամ Պաչյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7400 | 0 | 0
Facebook