Идет загрузка...
Сегодня:  Четверг, 16 Мая, 2024 года

Статьи

Ղարաբաղյան հարցը արդի փուլում

Gurgen
Автор:
Gurgen
08:09, Воскресенье, 04 Ноября, 2012 года
Ղարաբաղյան հարցը արդի փուլում
    
    

1988թ. ծայր առավ Արցախյան շարժումը: Պետք է նկատել, որ այն իր մեջ հզոր դեմոկրատական լիցքեր էր պարունակում, որը կարող էր ազդեցություն ունենալ ապագա կոնֆլիկտի կանխման կամ գոնե մեղմացման գործընթացում: 1980-ական թվականների վերջերը նշանավորվեցին համակարգային քաղաքական և տնտեսական ճգնաժամերով: Այստեղ միայն հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումը և ցանկությունը բավարար չէր, այստեղ կարևոր էր նաև բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը: ԵՎ հենց այս գործոնների համակցությունն էլ վերածնեց արցախյան խնդիրը, որը դարձավ ԽՍՀՄ տարածքում ամենաբարդ և արյունալի հակամարտությունը:
     Կրեմլը այդ ժամանակ լիովին վերահսկում էր ԶԼՄ-ները, և այդ ինստիտուտը օգտագործվում էր որպես հարավկովկասյան երկրների միջև միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու էֆեկտիվ միջոց: ԽՍՀՄ ուժային կառույցները, անդրկովկասյան հանրապետություններում ևս, գտնվում էին կոմունիստական կուսակցության լիիրավ հսկողության ներքո, ինչը նպաստում էր և’ Ադրբեջանում և ‘ Հայաստանում ծայր առած շարժումները վերահսկելու իրողությանը:
     Գաղտնիք չէ, որ ազգային հարցի վերաբացումը ԽՍՀՄ-ում արդյունք էր Գորբաչովի հռչակած վերակառուցման քաղաքականության: Տվյալ դեպքում հայությունը ևս այլ ազգերի նման հույս ուներ հասնելու Արցախի հարցում իր համար ընդունելի լուծման: Սակայն, ըստ էության, վերակառուցումը բոլորովին էլ այդ բովանդակությունը և նպատակները չուներ և չէր հետապնդում ազգային հարցի լուծում, ինչը նրանից ակնկալում էին շատերը` այդ թվում և հայությունը:Կարելի է ասել, որ ԽՍՀՄ փլուզման պատճառները, ի թիվս այլ հիմնապատճառների, պետք է փնտրել նաև ազգային հարցում, այդ հարցում ԽՍՀՄ ղեկավարության վարած ոչ ճիշտ քաղաքականության մեջ:Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածաշրջանի երկրներից շատերում տեղի էր ունենում կոնֆլիկտների խորացում, որն էլ ավելի սուր բնույթ էր ստանում այդ տարածաշրջանում արևմտյան երկրների և Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական առաջնության համար մղվող պայքարի համայնապատկերին: Ընդհանրապես հետխորհրդային ժամանակաշրջանի և, մասնավորապես, 1990-ական թվականների առաջին կեսը նշանավորվեց աշխարհի տարբեր կետերում ծավալված էթնոքաղաքական կոնֆլիկտներով, որոնցից առավել արյունալի կետերն էին Բալկանյան և Կովկասյան տարածաշրջանները: Ավելորդ չի լինի ասել, որ խոշոր տերությունները այս հակամարտություններում փորձում էին ճիշտ կերպով վարել իրենց աշխարհաքաղաքական շահերի համապատասխան քաղաքականություն այս երկու տարածաշրջաններում: Ե’վ Հարավսլավիայում, և’ Հարավային Կովկասում ծայր առած հակամարտություններում ներգրավվեցին միջազգային մի քանի կազմակերպություններ, որոնց թվում էին համապատասխանաբար Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ), Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրուրդը (այժմ` Եվրոպայի անվտագության և համագործակցության կազմակերպություն):
     Պետք է նշել, որ ԽՍՀՄ փլուզումը որոշակի որակական փոփոխություններ արձանագրեց Արցախյան հակամարտության զինված փուլի ֆոնին: Եթե մինչև ԽՍՀՄ փլուզումը արցախահայության նկատմամբ սանձազերծված ռազմական գարծողություններին ադրբեջանական զորամիավորումների հետ մեկտեղ մասնակցում էին նաև խորհրդային զորամիավորումները, ապա վերջիններս ետ քաշվեցին Արցախից, այսինքն Ադրբեջանը զրկվեց օժանդակ ուժերից, ինչն էլ մեծ ազդեցություն ունեցավ ռազմական գործողությունների և դրանց հանգուցալուծման վրա: Քանի որ ԽՍՀՄ կենտրոնական մարմինները, հատկապես նախագահ Մ. Գորբաչովը ոչինչ չարեցին լուծելու Արցախյան հիմնախնդիրը, այլ իրենց հանցավոր անտարբերությամբ ավելի խորացրին այն, նորանկախ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինը և Ն. Նազարբաևը սեփական նախաձեռնությամբ որոշեցին նպաստել հանգուցալուծմանը: Այդ նպատակով 1991 թվականի սեպտեմբերի 20-22-ին նրանք եղան Բաքվում, Գյանջայում, Ստեփանակերտում և Երևանում: Նրանք հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Ա. Մութլիբովին, Ստեփանակերտում` Արցախի ղեկավարության հետ, Երևանում` ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, և Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում կայացած բանակցությունները շարունակելու, ամփոփելու նպատակով Բ. Ելցինը, Ն. Նազարբաևը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին առավոտյան Երևանից մեկնեցին Ժելեզնովոդսկ (Հյուսիսային Կովկաս), որտեղ նրանց պետք է միանար Ա. Մութալիբովը: Սկզբնական պայմանավորվածության համաձայն` այդ բանակցություններին, որպես առանձին սուբյեկտ, պետք է ներկայանար նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը: Սակայն Ադրբեջանական կողմի ջանքերով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությանը թույլատրվեց մասնակցել բանակցություններին միայն որպես դիտորդ:Ամբողջ օրը տևած բանակցությունները ավարտվեցին բախումը փուլ առ փուլ կարգավորելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրությամբ: Սակայն այդ փաստաթուղթը ոչինչ չփոխեց հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորելու գործընթացին ուղղված ջանքերում:Իսկ մարտական գործողությունների ընթացքում ավելի ու ավելի էր վատթարանում սոցիալ-տնտեսական վիճակը Ղարաբաղում և Հայաստանում: 1992 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԼՂՀ-ից ադրբեջանցիների կողմից իրենց բնակավայրերը զավթված լինելու պատճառով հեռացան շուրջ 50 հազար հայեր`հիմնականում Հայաստան:Փախստականների վիճակը այստեղ շարունակում էր մնալ ծանր, քանի որ առանց այն էլ դժվարին օրեր ապրող Հայաստանի Հանրապետությունում պայմաններ չկային նրանց տեղավորելու, կերակրելու համար: Այս հարցերի լուծումը մեծ դժվարությունների հետ էր կապված նաև այն պատճառով, որ դրանից առաջ` 1988-1990թթ., Ադրբեջանից Հայաստան էր բռնագաղթվել 250-300 հազար հայ:Ընդհանուր առմամբ, 1992թ. վերջի տվյալներով Հայաստանում գրանցվել էր 322 հազար, իսկ 1993թ. օգոստոսի վերջին` 334 հազար փախստական: Դրանք Բաքվից ու Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերից, ինչպես նաև Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջաններից բռնագաղթված հայերն էին (փոքր մասը բռնագաղթված էր Աբխազիայից): Մեծ թվով հայեր (մոտավոր տվյալներով` ավելի քան 100 հազար) Ադրբեջանից, հատկապես Բաքվից, տեղափոխվել էին նախկին ԽՍՀՄ հանրապետություններ:Լեռնային Ղարաբաղը մեծ վնասներ կրեց նաև Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակման քաղաքականության հետևանքով: Այդ քաղաքականության հետևանքով 1989-1991թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերությունը կրել է 50 մլն ռուբլու, շինարարությունը` 17, 9 մլն ռուբլու, տրանսպորտը ու կապը` 11, 8 մլն ռուբլու վնաս (այն ժամանակվա գներով):Միայն Մարտակերտի շրջանում տեղի հայ բնակչության տեղահանության հետևանքով խոշոր եղջերավոր անասունների կորուստը կազմել է 10 հազար, մանր եղջերավորներինը` ավելի քան 7000, խոզերինը` 4000 գլուխ: Բացի դրանից, գաղթի ճանապարհին խոշոր եղջերավոր անասունների կորուստը կազմել է 2800 գլուխ:Բացի դրանից, ընդհանուր առմամբ 1989-1992թթ. ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայկական գյուղերի կոլտնտեսություններից գողացել են 10 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ավելի մեծ էր Հայաստանին հասցված վնասը, որը միայն 1989-1991թթ. կազմում էր 20մլրդ ռուբլի:Ռազմական գործողությունները փոփոխակի հաջողություններով շարունակվեցին մինչև 1994թ. սկզբները: Կրակը Արցախյան թատերաբեմում դադարեցնելու նպատակով առաջին քայլը կատարվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարի կողմից, որը 1994 փետրվարին Մոսկվայում խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Այդտեղ հակամարտող կողմերի միջև զինադադար կնքելու ուղղությամաբ բանակցություններ սկսելու համաձայնագիր ստորագրվեց:Այնուհետև 1994 թ. մայիսի 4-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում գործող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հանձնախմբի հերթական հանդիպումը:Հանդիպմանը մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ռուսաստանի և Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարները: Բիշքեկյան արձանագրությունները ստորագրվեցին մայիսի 7-ին` երկար քաշքշուկներից հետո, որը հրահրվել էր Ադրբեջանի կողմից: Այդ արձանագրությամբ նախատեսվում էր դադարեցնել պատերազմական գործողությունները, հակամարտող կողմերի միջև ռազմաճակատի երկարությամբ տեղաբաշխել խաղաղարար ջոկատներ (միջազգային), որից հետո սկսել բանակցություններ զբաղեցրած տարածքներից զորքերի հետ քաշման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ:Սակայն Ադրբեջանը պայմանագիրը ստորագրելուց մի քանի ժամ անց ավելի լայնածավալ հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ուղղությամբ: ԼՂՀ ջոկատները ոչ միայն հակահարված տվեցին, այլև անցան հակահարձակման:1994թ մայիսի 17-18-ը Մոսկվայում հանդիպեցին Հայստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Ռուսաստանի նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը նպատակ ուներ ստորագրել համաձայնագիր` Բիշքեկի արձանագրությամբ նախատեսված զինադադարը իրականացնելու, հակամարտող զորքերը տարանջատելու և հակամարտության գոտի ռուսական խաղաղարար ջոկատներ (1700 զինվոր) մտցնելու վերաբերյալ: Սակայն այս անգամ էլ Ադրբեջանը հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքին: Մասնակից երեք կողմերը ստորագրեցին համաձայնագիրը, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատճառաբանեց, որ ինքը լիազորված չէ դրա համար և չստորագրեց այն:Սակայն հեց 1994թ. մայիսից արդեն հնարավոր եղավ հաստատել հրադադար, թեև Ադրբեջանը երբեմն խախտում էր այն:Արցախյան հակամարտության զինված բախման փուլն ավարտվեց 1994թ. մայիսին, և այդ ժամանակվանից հակամարտությունը թևակոխեց բանակցությունների փուլ Մինսկի խմբի ձևաչափով` ԵԱՀԿ շրջանակներում:
     Հարկ է նշել, որ հետխորհրդային շրջանում, մասնավորապես ռազմական գործողությունների ավարտից հետո հակամարտության համատեքստում շարունակում է իր ուրույն դերը պահպանել տնտեսական գործոնը: Տնտեսական գործոնի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ այս շրջանում այն որակապես տարբերվում է նախորդ երկու շրջանների` նախախորհրդային և խորհրդային ժամանակաշրջանների տնտեսական հարաբերությունների բնույթից: Եթե նախորդ երկու շրջաններում առկա էին միջանձնային տնտեսական հարաբերություններ երկու հարևան ժողովուդների միջև, ապա հետխորհրդային շրջանում այդ գործոնը վերացավ` երկու երկրների սառը հարաբերությունների հետևանքով:Տնտեսական գործոնը տվյալ ժամանակաշրջանում հակամարտության համատեքստում կարող է ռազմաֆունկցիոնալ դեր ստանձնել: Հետպատերազմյան շրջանում խաղաղ բանակցային գործընթացի պայմաններում Ադրբեջանը հենվում է իր տնտեսական ռեսուրսների վրա` սպառազինելու սեփական բանակը: Դեռևս պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանը փորձում էր շատ հիմնախնդիրներ լուծել նավթի իր պաշարներն օգտագործելով: Դեռևս այն ժամանակ նավթը թվում էր կայուն, հարուստ և անկախ ապագայի երաշխիք: Լիակատար էյֆորիայի ապահովմանն այստեղ խանգարում էր պատերազմն Արցախում, սակայն դա էլ լիովին հաղթահարելի էր թվում սեփական պատկերացումների մեջ գծագրվող վառ գալիքի տեսլականով: Դեռևս ոչ շոշափելի և երերուն նավթի հեռանկարը արդեն հասարակության գիտակցության մեջ ամրագրում էր սեփական կարևորության գիտակցումը: Դրան նպաստում էր նաև արտասահմանյան կազմակերպությունների բանակցությունները Ա. Մութալիբովի (1990-1992թթ) կառավարության հետ:Այդ բանակցությունները շարունակվեցին արտասահմանյան նավթային ընկերությունների հետ նաև Ա. Մութալիբովի կառավարությանը փոխարինած Ազգային ճակատի կողմից (1992-1993թթ.): Ազգային ճակատի կառավարության կողմից տարվող բանակցությունները գրեթե հանգեցնում են արտասահմանյան նավթային կազմակերպությունների հետ պայմանագրի ստորագրման, սակայն վերջին պահին դա չիրականացավ: Արտասահմանյան ընկերությունների հետ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ արդեն նոր նախագահ Հեյդար Ալիևի օրոք: 1994-1998թթ. Ալիևը ակտիվ առևտրական, նավթային կապերի մեջ էր տարբեր երկրների ղեկավարների հետ, և փորձում էր նավթը շահարկման առարկա դարձնե`լ այդ երկրների ղեկավարության վրա ճնշումների միջոցով քաղաքական աջակցություն ստանալով: Նավթը Ալիևը փորձում էր օգտագործել տարբեր նպատակների համար: Մերձկասպյան երկրները չունեին ելք դեպի ծով և նավթի համաշխարհային շուկա, իսկ նավթաշահույթի ողջ աճը Կասպիցում հենվում է խողովակաշարային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարի վրա: Հենց դրանում էլ կայանում է տվյալ երկրի անկախության երաշխիքը: Հեց այս պատճառով էլ Ալիևը հանդիսանում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի ամենահետևողական հետևորդներից մեկը, չնայած առկա էին նաև այլ նախագծեր: Նավթի գործոնը Ադրբեջանը ներկայացնում էր որպես արտաքին աշխարհին ներկայանալու միջոց:Սակայն, այս ամենից զատ, նավթը Ադրբեջանի կառավարության համար կատարում էր մի շատ կարևոր դեր: Նրանց չափազանց հեռանկարային էր թվում Արցախյան հակամարտության շուտափույթ լուծման հետ նավթային գործոնը օգտագործելու փորձը:Դեռևս 1994 թ. ամռանը` ՙդարի պայմանագիր՚ կնքելու նախօրյակին, Թուրքիայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Հ. Ալիևը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Քրիստոֆերի հետ: Ալիևը փորձեց նավթային պայմանագրերի միջոցով ստանալ ԱՄՆ քաղաքական աջակցությունը Հայաստանի հետ ընթացող հակամարտությունում: Սակայն Քրիստոֆերի դիրքորոշումը միանշանակ էր. նավթը մեկ այլ բան է, արցախյան հակամարտությունը`մեկ այլ: Այսպես, Ալիևի փորձը` նավթի գործոնը ՙփոխանակել՚ ԱՄՆ քաղաքական աջակցության հետ արցախյան հակամարտությունում, չստացվեց, թեև հետագա տարիներին մեկ անգամ չէ, որ Ալիևը շահարկում էր այս թեման նավթով շահագրգռված պետությունների հետ բանակցություններում: Սակայն չպետք է գերագնահատել նավթի դերը Ադրբեջանի համար: Նավթի առկայությունը հանգեցնում է տվյալ երկրի նկատմամբ խոշոր տերությունների հետաքրքրությանը և պայքարին: Չնայած այդ ամենին` Ադրբեջանում դեռ ևս շարունակում են հավատալ կասպյան նավթի օգնությամբ քաղաքական մի շարք խնդիրների որոշման հեռանկարին: Դրան նպաստում է նաև միջազգային մի քանի խոշոր նավթային կազմակերպությունների ներդրումները նավթարդյունաբերության մեջ Ադրբեջանում: Միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ընդհանուր բյուջեն գնահատվում է 15-17 միլիարդ ԱՄն դոլար: Հ. Ալիևի` նավթայի պայմանագրերի շնորհիվ մեծ տերությունների քաղաքական աջակցությունը Արցախյան հիմնախնդրում ստանալու քաղաքականությունը հաջողությունների չհանգեցրեց, և պետք էր նոր ռազմավարություն մշակել: Այս անգամ արդեն Ադրբեջանը կիրառեց այլ քաղաքականություն: Այս դեպքում նա նավթային պայմանագրերից ստացվող եկամուտներն արդեն սկսեց ուղղել դեպի բանակի սպառազինմանը: Սա տեղիք է տալիս կատարելու որոշակի եզրահանգում, այն է` Ադրբեջանի այդ քաղաքականությունից բխում է հակամարտությունն ուշ թե շուտ ռազմական ճանապարհով լուծելու մտայնությունը: Սակայն դա չափազանց վտանգավոր և արկածախնդիր քայլ կլինի Ադրբեջանի համար: Արցախյան հակամարտությունը նման ռիսկային քայլ կատարելու համար պետք է աչքի առաջ ունենա ձախողման մշտական վտանգը, ինչի հավանականությունը տվյալ դեպքում այնքան էլ անհավանական չի թվում: Ամեն դեպքում, նավթային գործոնը Ադրբեջանի ղարաբաղյան ռազմավարության համատեքստում շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի և նրա ոչ կոնպրոմիսային քաղաքականության հիմնական փաստարկներից մեկը հանդիսանում է նավթի և գազի վաճառքից ստացվող եկամուտների հեռանկարը: Իզուր չէ, որ Բաքվում առկա է վստահություն, որ Ադրբեջանը ունակ է Կասպյան էներգոռեսուրսների արտահանումից ստացված եկամուտի շնորհիվ առաջ անցնել Հայստանից և շահել ՙսպառազինությունների մրցավազքը՚ տարածաշրջանում, և հենց դրանով էլ ստիպել Հայաստանին գնալ զգալի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում:Ադրբեջանական նավթի ու գազի պաշարների թվական գնահատականները ստանալն այնքան էլ հեշտ խնդիր չէ: Դրանք տատանվում են` կախված հետազոտողների քաղաքական նախապատվություններից, և ստանալ օբյեկտիվ պատկերացում այդ թվերի վերաբերյալ բավական դժվար է: Այնուամենայնիվ պետք է խոստովանել, որ դրանք իրոք զգալի են (3-7 մլրդ բարել նավթի և շուրջ 850-1370մլրդ խմ. բնական գազի պաշարներ), և երկար ժամանակի ընթացքում կարող են զգալի ազդեցություն ունենալ երկրի տնտեսական զարգացման վրա, և անհրաժեշտ է հաշվի առնել դա տարածաշրջանի քաղաքական, ռազմատեխնիկական և սոցիալ-տնտեսական գործընթացների վերլուծության ժամանակ: Սակայն չպետք է անտեսել նաև հարցի մյուս կողմը: Նավթառեսուրսների առկայությունը միայն դրական կողմ չունի: Այն կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ արտահանող երկրի տնտեսական աճի և քաղաքական զարգացման կայուն աճի վրա, և դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք առաջին քայլերն են անում ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմավորման ոլորտում: Պատահական չէ, որ գիտական և վերլուծական գրականության մեջ առկա է ՙնավթային անեծք՚ եզրույթը, որը բավականին դիպուկ է բնորոշում տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիրների և դժվարությունների մակարդակը, որը ծագում է այն ժամանակ, երբ երկրում չի կանոնակարգվում բնական ռեսուրսների վաճառքից ստացված գումարների հարցը:Այդ խնդիրները հանդիսանում են նավթ արդյունահանող երկրների տնտեսական բարեկեցության և քաղաքական զարգացման ՙստվերոտ կողմը՚: Գաղտնիք չէ նաև, որ նավթի և գազի պաշարներ ունեցող և արտահանող երկրներում նույն բնական ռեսուրսները հաճախ են խոչընդոտում երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Այդ առումով Ադրբեջանը փորձում է պետության ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու նպատակով արտաքին քաղաքական ասպարեզում հրահրել ու մշտապես ակտուալ պահել Արցախյան հակամարտության գործոնը: Ներքին խնդիրների և հասարակական դժգոհությունների խորացման դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը կարող է սադրիչ գործողությունների դիմել Լեռնային Ղարաբաղում և փորձել նմանատիպ քայլերով լուծել ներքին խնդիրները:

Տնտեսական համեմատության առումով Հայաստանը և Ադրբեջանը հետաքրքիր իրադրության մեջ են: Այսպես, 1994թ.սկսած, երբ ռազմական զինված դիմակայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխարինվեց ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ իրավիճակով, այս հակամարտության հակադիր կողմերը բախվեցին բավական ոչ միանշանակ տնտեսական հեռանկարների: Այն ժամանակ, երբ նավթի վաճառքից ստացված եկամուտները հոսում էին դեպի պետական գանձարան և մարդկանց մի փոքր խմբի գրպաններ Ադրբեջանում, երկրի բնակչության զգալի մասի համար տնտեսական իրավիճակը մնում էր բավականին անկանխատեսելի, իսկ ահա Հայաստանում պատերազմ տարած հաղթանակի հոգեբանական առավելությունը հետզհետե դժգունում էր տնտեսական հնարավորությունների բացակայության համայնապատկերին, իսկ արտագաղթը դեպի Ռուսաստան և Արևմուտք մեծ ազդեցություն թողեցին երկրի ժողովրդագրական համայնապատկերի վրա: Հենց Արցախն ինքն էլ բախվում էր ներքին հիմնախնդիրների հետ: Տնտեսական առումով Արցախը մեծ կախում ունի արտաքին աջակցությունից, հատկապես Արևմուտքի հայկական սփյուռքից ստացված օժանդակությունից և Հայաստանի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակությունից: Սակայն, ըստ էության, երկու կողմերի համար էլ թույլ պատկերացնելի է հակամարտության տնտեսական արժեքը: Ադրբեջանը տիրապետում է նավթային պաշարների, և այն հանդիսանում է դիվանագիտական դինամիկության բաղադրիչ: Հեռանկարային նավթային հասույթները ոչ միայն մշտապես հիշատակվում են բանակի մարտունակության բարձրացմանը միտված հայտարարություններում, այլև օգտագործվում են միջազգային հասարակության աջակցությունը ստանալու համար: ՙՄիջազգային տագնապ՚ կազմակերպության կողմից 2003-2004թթ. Ադրբեջանի ծայրամասային գյուղական շրջաններում կատարած հետազոտության արդյունքները ցուցում են, որ նրանց բնակիչները Հայաստանի կողմից ազատագրված տարածքների վերադարձի բանալի էին համարում նավթային գործոնը:Ադրբեջանական գյուղական բնակչության շրջանում տիրապետող է այն մտայնությունը, որ նավթային ռեսուրսները ծախսվում են բանակի կայացման վրա և երաշխիք են հանդիսանում արևմտյան այն երկրների քաղաքական օժանդակության համար, որոնց կազմակերպությունները ներգրավված են ադրբեջանական նավթի իրացման գործընթացում: Եվ բոլոր այս ջանքերը կոչված են վերջ դնելու տնտեսական անկայունությանը և վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը: Այս տրամաբանությունը տարածված է նաև նրանց շրջանում, ովքեր փորձում են ամրապնդել ՙհայկական թշնամու՚ կարծրատիպը: Եվ եթե Ադրբեջանը ունի տնտեսական ռեսուրսներ, սակայն չունի ռազմական հաղթանակներ, ապա Հայաստանը ունի հաղթանակ, բայց չունի ռեսուրսներ: Նավթային գործոնը մեծ ազդեցություն է թողնում նաև ներպետական կյանքի վրա. մասնավորապես նավթի վաճառքից ստացվող բարձր եկամուտները սովորաբար հանգեցնում են արդյունահանող երկրի ազգային արժույթի կուրսի ամրապնդմանը, որը բացասական է անդրադառնում նրա արտահանման մրցունակության վրա (այսպես կոչված «հոլանդական հիվանդությունը կամ հոլանդական ախտանիշը»):Մյուս կողմից էլ բարդություններից կարելի է խուսափել, եթե նավթի վաճառքից ստացված գումարները մնան երկրի տնտեսության ոլորտում և ուղղվեն դրա ոչ նավթային հատվածի ամրապնդմանը, և այդ դեպքում դա կնպաստի ոչ միայն Բաքվի, այլև ընդհանրապես երկրի ու հասարակության համակողմանի զարգացմանը: Եթե դա տեղի ունենա, ապա խաղաղությունը Ադրբեջանի համար կլինի ավելի նախընտրելի և քաղաքական ու տնտեսական առումով ծանրակշիռ խթաններով լեցուն, քան հակամարտությունը:Մյուս կողմից, ուշագրավ է, անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման պայմաններում երկու երկրների միջև առկա է ոչ պաշտոնական առևտուր և փոխանակություն: Տարբեր տեղեկությունների համաձայն, առևտրաշրջանառությունը 2002թ. Ադրբեջանի և Հայաստանի միջև կազմել է 40մլն դոլար, (իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև ` 60-80մլն դոլար): Տվյալ դեպքում առևտրական միջնորդների դերը, որոնց միջոցով հայկական ապրանքները հայտնվում են ադրբեջանական շուկայում և հակառակը, ստանձնում են Վրաստանը և Իրանը:Հարավկովկասյան երեք հանրապետությունների համար սահմանային շուկայի նման ֆունկցիաներ ստանձնեց Սադախլոյի շուկան: Սադախլոյի սահմանամերձությունն արդեն վաղուց ազդում է ինչպես տեղայինների տնտեսական գործունեության, այնպես էլ` այս գյուղի նկատմամբ հարևան բնակավայրերի վերաբերմունքի վրա: Անգամ 1991թ. հոկտեմբերից ամուր շրջափակված Հայաստանում հեղուկ վառելիքի թանկությունը ձեռնտու էր դարձնում նույնիսկ դրանց փոքր չափաքանակներով ներկրումը Ադրբեջանից Հայաստան:Իսկ արդեն 1992թ. սկսեց կազմակերպվել Սադախլոյի շուկան, որտեղ սկսեցին աշխուժորեն առևտուր անել հայերն ու ադրբեջանցիները: Ինչպես տեսնում ենք, նույնիսկ հակամարտության պայմաններում հակամարտող կողմերի միջև չի դադարում թեկուզ և ոչ լեգալ կերպով տնտեսական հարաբերությունները` առևտրի և փոխանակության տեսքով:Թվում է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և նրա բաղադրիչները բավարար չափով ուսումնասիրված և յուրացված են, սակայն առկա է ևս մեկ ասպեկտ, որը գործնականում շոշափված չէ և ուշադրությունից կարծես թե դուրս է սպրդել: Դա ղարաբաղյան հակամարտության բաղկացուցիչ հանդիսացող ՙջրի՚ հիմնախնդիրն է: Ընդ որում, տվյալ բաղկացուցիչը կարևորվում է և որպես հանգուցային ասպեկտ ինչպես ծագման, այնպես էլ կարգավորման առումով ղարաբաղյան հակամարտությունում: Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս նկրտումները հիմնված չեն սոսկ ազգային էթնիկական հողի վրա: Դրանում մեծ է նաև տնտեսական գործոնի դերը: Իսկ ինչու է Լեռնային Ղարաբաղը տնտեսական առումով այսպես կարևորվում Ադրբեջանի կողմից: Խորհրդային տարիներին Ադրբեջանը օգտագործում էր ԼՂԻՄ-ի ջրի խնդիրը այնպես, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեն մարզի հայ բնակչության արտահոսքի համար, ինչպես նաև մաքսիմալ կերպով օգտագործվում էին Արցախի ջրային պաշարները` բավարարելու Ադրբեջանի մյուս շրջանների ջրային պահանջները: Այսինքն` Արցախը հանդիսանում էր Ադրբեջանի կարևոր ջրամատակարար աղբյուրներից մեկը: Հիմնական ջրային մեխանիզմը, որը ներազդում էր Լեռնային Ղարաբաղի տնտեսական և սոցիալական զարգացման ընթացքի վրա, ջրդի հողատարածությունների ընդարձակման արհեստական սահմանափակումն էր նախկին ինքնավար մարզի տարածքում: Սահմանափակվում կամ արգելվում էր այնպիսի ջրամբարների կառուցումը, որը թույլ կտար ոռոգման ջրով ապահովել ԼՂԻՄ-ի որևէ շրջանի ջրդի հողատարածությունները: Նման օրինակները բազմաթիվ են, կարող ենք դիտարկել դրանցից մեկը ԼՂԻՄ-ից հարավ ընկած Ֆիզուլու շրջանում, Վարանդա և Իշխանագետ գետերի օրինակով: Այդտեղ կառուցված էր երեք ջրամբար, որոնց հաշվին ոռոգվում էր Ֆիզուլու շրջանի ջրդի հողատարածությունների 41%-ը: Երբ Լեռնային Ղարաբաղն առաջարկեց Վարանդա գետի վրա կառուցել ջրամբար` ոռոգելու համար Մարտունու շրջանի Կարմիր բազարի շրջակայքի մի քանի հազար հեկտար արգասաբեր հողատարածությունները, ապա հնչեց Բաքվի միանշանակ մերժումը, որի շարժառիթն այն էր, որ Ֆիզուլու շրջանում` Վարանդա գետի ստորին հոսանքում արդեն կառուցված է ջրամբար և նոր ջրամբարի կառուցումը վերին հոսանքներում կհանգեցնի արդեն առկա ջրամբարների ջրաճնշման նվազմանը և տնտեսական բարդությունների:Նման օրինակները բազմաթիվ են: Եվ ՙջրաճնշման՚ նման քաղաքականությունը հանդիսանում էին լուրջ արգելակներ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մարզը չէր կարողանում իրեն ապահովել հացով, կարտոֆիլով, մրգերով և բանջարեղենով: Արդյունքում ԼՂԻՄ-ը և, մասնավորապես, նրա մայրաքաղաք Ստեփանակերտը, կախված էին հարևան ադրբեջանական շրջաններից մրգի, բանջարեղենի և մթերքների ներկրումից:

Ադրբեջանի կառավարությունը դեռևս խորհրդային տարիներից վարում էր հստակ ջրաժողովրդական քաղաքականություն, որի նպատակն էր ժողովրդագրական վերահսկողություն սահմանել Արցախի հիմնական ջրային պաշարների նկատմամբ: Այսպես, Արցախում առկա գետերի ակունքների մոտ առկա բնակավայրերի ժողովրդագրական պատկերը փորձ էր արվում փոխել հօգուտ ադրբեջանական ազգաբնակչության, և այդ քաղաքականությունը վարվում էր բավական հետևողականորեն: Այդ քաղաքականության արդյունքում ադրբեջանցիները սահմանեցին լիակատար ժողովրդագրական վերահսկողություն Թարթառ, Խաչեն, Կառկառ գետերի հոսանքի, ինչպես նաև նրանց վտակների նկատմամբ: Այդ գործընթացում, առաջնային նշանակություն ունեցավ նոր բնակավայրերի հիմնադրումը Քելբաջարի շրջանում, քանի որ Թարթառ և Խաչեն գետերի ակունքը տեղակայված էր հենց տվյալ շրջանում: Հստակ կանոնակարգված ջրաժողովրդաջրական քաղաքականություն Ադրբեջանը վարում էր նաև Լաչինի շրջանում:

Վերոշարադրյալից արդեն հասկանալի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արցախյան կողմի համար ելակետային է հանդիսանում սեփական էկոլոգիական և ջրային անվտանգության ապահովումը: Տվյալ համատեքստում ԼՂՀ ջրային անվտանգության ապահովման համար կենսականորեն կարևոր նշանակություն ունեն Քարվաճառի/Քելբաջար/ և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները: Տարեկան հոսքը նախկին ԼՂԻՄ-ի հիմնական գետերի կազմում է 942, 3մլն մ խորանարդ: Զուգահեռ համադրությամբ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հիմնական գետերի հոսքը կազմում է 2588, 5մլն խ.մ: Այսինքն` այս երկու շրջանները հանդիսանում են Արցախի ջրային զարկերակը: Դրանից բխում է այն, որ տվյալ երկու շրջանները չափազանց կարևոր դերակատարություն ունեն ԼՂՀ գոյատևման շարունակականությունն ապահովելու գործընթացում: Եվ ոչ մի դեպքում չպետք է թույլ տրվի դրանց կորուստը, այլապես դա կորստի ռեալ սպառնալիքին կենթարկի ողջ ԼՂՀ-ն: Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններին տիրանալու դեպքում Ադրբեջանին բավական հեշտ կլինի արտաքին ճնշման միջոցով ազդել ԼՂՀ ողջ կացության վրա և աստիճանական անկման ճանապարհով ԼՂՀ-ն կանգնեցնել լիակատար անկման առջև:

Ամփոփելով կարելի է ասել, որ տնտեսական գործոնի դերը Արցախյան հակամարտության հետխորհրդային փուլում ուներ մի շարք առանձնահատկություններ, որոնցից առկա էին ակտիվ տնտեսական շփումները երկու երկրների միջև պաշտոնական տնտեսական հարաբերությունների բացակայության պայմաններում: Նախորդ շրջաններից այս շրջանն առանձնանում է տնտեսական գործոնը հակամարտության ընթացքում հակամարտող կողմերից մեկի նկատմամբ մյուսի առավելության ամրագրմանը միտված քաղաքականությանը ծառայեցնելուն: Սակայն չի կարելի տնտեսական գործոնի դերը միակողմանիորեն գնահատել տվյալ պարագայում, այն հակամարտությանը նոր լիցքեր հաղորդելուց զատ, հանդիսանում է հակամարտ երկրների քաղաքացիների ոչ նորմալ տնտեսական հարաբերությունների կազմակերպման միջոց, որի տեսանելի օրինակը դիտարկվեց Սադախլո-Բագրատաշենի օրինակով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8213 | 0 | 0
Facebook