Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (5)

20:39, Пятница, 15 Марта, 2024 года
Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (5)

«Մենք պետք է մեր կողմը գրավենք Ռուսաստանի հարյուր միլիոն բնակիչներից 90 միլիոնին: Ինչ վերաբերում է մնացյալին, մենք նրանց ասելիք չունենք: Նրանք պիտի ոչնչացվեն»:

Կարմիր տեռորի պաշտոնապես սկսելու մասին ազդանշան տվող այս հանձնարարականը հերքում է Ձերժինսկու և Պետերսի ավելի ուշ կատարած պնդումը, թե կարմիր տեռորը, որպես 1918 թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցած մահափորձերի նկատմամբ զանգվածների համընդհանուր տարերայի զայրույթի արտահայտություն, սկսվել է առանց Կենտրոնի ցուցումի: Ըստ էության կարմիր տեռորը հանդիսացել է «շահագործողների» դեմ բազմաթիվ բոլշևիկների մոգոնած աբստրակտ ատելության բնական դրսևորում: Նրանք այդ շահագործողներին պատրաստ են եղել ոչնչացնել ոչ միայն անհատապես, այլև «որպես դասակարգ»: Իր հիշողությունների գրքում նշանավոր մենշևիկ Ռաֆայել Աբրամովիչը հաղորդել է ՎՉԿ-ի ապագա ղեկավար Ֆելիքս Ձերժինսկու հետ զրույցի մասին: Այդ զրույցը տեղի է ունեցել 1917 թվականի օգոստոսին.

«- Աբրամովիչ, դու հիշո՞ւմ ես Լասսալի ճառը սահմանադրության էության մասին:

- Իհարկե՛:

- Նա ասաց, որ ցանկացած սահմանադրություն կազմվում է տվյալ պահին երկրի սոցիալական ուժերի հարաբերությամբ: Ահա ես էլ հետաքրքրվում եմ, թե ինչպես կարելի է փոխել այդ քաղաքական և սոցիալական հարաբերակցությունը:

- Դե, քաղաքական և տնտեսական էվոլյուցիայի տարբեր գործընթացներով, որոշ սոցիալական դասակարգերի հայտնվելով ու զարգանալով, այդ ամենը դու ինքդ, Ֆելիքս, հիանալի գիտես:

- Այո, բայց ինչո՞ւ չի կարելի արմատապես փոխել այդ հարաբերակցությունը: Օրինակ՝ որևէ դասակարգի ճնշելու կամ ոչնչացնելու միջոցով»:

Այս սառնասիրտ, հաշվենկատ, ցինիկ դաժանությունը բնորոշ է եղել բոլշևիկներից շատերին: Ահա թե 1918-ի սեպտեմբերին ինչ է հայտարարել բոլշևիկյան ղեկավարներից մեկը՝ Գրիգորի Զինովևը «Սևերնայա Կոմունա» թերթում. «Մեր թշնամիների դեմ հաջողությամբ պայքարելու համար մենք պետք է ունենանք սեփական, սոցիալիստական հումանիզմը: Մենք պետք է մեր կողմը գրավենք Ռուսաստանի հարյուր միլիոն բնակիչներից 90 միլիոնին: Ինչ վերաբերում է մնացյալին, մենք նրանց ասելիք չունենք: Նրանք պիտի ոչնչացվեն»:

1918 թվականի սեպտեմբերի 5-ին Խորհրդային կառավարությունը հատուկ դեկրետով օրինականացրել է տեռորը. «Այս իրավիճակի պայմաններում Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի գործունեությունն ուղղակի անհրաժեշտություն է: Պետք է ապահովել Խորհրդային հանրապետության անվտանգությունը դասակարգային թշնամիներից նրանց համակենտրոնացման ճամբարներում մեկուսացնելով: Գնդակահարության են ենթական այն բոլոր անձինք, ովքեր առնչված են սպիտակգվարդիական կազմակերպությունների, դավադրությունների ու խռովությունների հետ: Անհրաժեշտ է հրապարակել բոլոր գնդակահարվածների, ինչպես նաև գնդակահարության կիրառման հիմքերը»:

Ավելի ուշ Ձերժինսկին խոստովանել է. «Սեպտեմբերի 3-ի և 5-ի օրենքները վերջապես մեզ օժտեցին օրինական կանոններով այն բանի վերաբերյալ, ինչի դեմ մինչև այժմ որոշ կուսակցական ընկերներ առարկում էին այն առումով, որ այն անմիջապես դադարեցվի՝ ոչ մի հաշիվ չպահանջելով հակահեղափոխական սրիկաներից»: Սեպտեմբերի 17-ի գաղտնի շրջաբերականում Ձերժինսկին ՉԿ-ի տեղական բաժանմունքներից պահանջել է «արագացնել և ավարտել, այսինքն, լիկվիդացնել, չվճռված գործերը»: Իրականում «լիկվիդացիա» -ն սկսվել էր օգոստոսի 31-ին: Սեպտեմբերի 3-ին «Իզվեստիա» -ն հաղորել է, որ նախորդ օրերին Պետրոգրադում տեղական ՉԿ-ն գնդակահարել է 500 պատանդի: Չեկիստական աղբյուրներից հայտնի է, որ սեպտեմբերի ընթացքում Պետրոգրադում գնդակահարվել է 800 մարդ: Բայց այս թիվը խիստ նվազեցված է: Իրադարձությունների ականատեսը պատմում է հետևյալ մանրամասները. «Ինչ վերաբերում է Պետրոգրադին, ապա, թռուցիկ հաշվարկով, մահապատիժների թիվը հասել է 1300-ի: Բոլշևիկներն իրենց վիճակագրություններում չեն հաշվում հարյուրավոր այն սպաներին ու քաղաքացիական անձանց, որոնք գնդակահարվել են Կրոնշտադտում տեղական իշխանությունների հրամանով: Հենց միայն Կրոնշտադտում ընդամենը մեկ գիշերվա ընթացքում գնդակահարվել է 400 մարդ: Բակում փորվել էին երեք մեծ փոսեր, 400 մարդ կանգնեցվել է դրանց դիմաց և գնդակահարվել են մեկը մյուսի հետևից»:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
746 | 0 | 0
Facebook