Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արմեն Ռուստամյանը՝ հարցումների մասին, թե ՀՅԴ-ն չի անցնի ավագանի

12:29, չորեքշաբթի, 01 մայիսի, 2013 թ.
Արմեն Ռուստամյանը՝ հարցումների մասին, թե ՀՅԴ-ն չի անցնի ավագանի
     -Վերջին սոցիոլոգիական հարցման համաձայն, երեւանցիների ընդամենը 2, 3 տոկոսն է պատրաստ իր ձայնը տալ Դաշնակցությանը: Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն չի կարող հատել անգամ նվազագույն շեմը: Նման ցուցանիշ ակնկալո՞ւմ եք: -Ծիծաղելի է… թող շարունակեն էդպես նկարել: Եթե հավատանք սոցիոլոգների թվերին, ուրեմն պետք է հավատանք նաեւ ընտրությունների արդյունքներին, իսկ Հայաստանում ժողովրդի 80 տոկոսից ավելին ընտրությունների արդյունքներին չի հավատում: Հարց եմ տալիս` այդ ինչպե՞ս է լինում, որ վայ սոցիոլոգների բերած բոլոր թվերը հիմնականում համընկնում են ընտրական այն արդյունքներին, որոնց ժողովուրդը չի հավատում: Մնում է պարզել, թե ո՞ւմ մեջ են անցկացվում այդ հարցումները: Փաստորեն դրանք նախապես սարքված թվեր են, որոնք ներկայացվում են որպես սոցիոլոգիական հարցումներ ու օգտագործվում քարոզչական նպատակներով: Վստահաբար հայտարարում եմ՝ Հայաստանում սոցիոլոգիա, որպես այդպիսին, գոյություն չունի ու չի կարող լինել: -Մեր հասարակությունն էլ կարծես առանձնապես հակված չէ իր քաղաքական կողմնորոշումները սոցիոլոգներին «բացահայտելու»: Ընտրողը նախընտրում է թաքցնել իր կարծիքը: -Շատ հաճախ մարդիկ պատասխանում են այնպես, ինչպես ձեռնտու է հարց տվողին: Այսինքն՝ տեսնում են, թե ով է հարց տվողն ու մտածում` շառից, փորձանքից հեռու: Սրա հետ կապված մի օրինակ բերեմ: Ականատես եղա մի դեպքի, քարոզում էին քվեարկել այս կամ այն քաղաքական ուժի օգտին, քաղաքացիներից մեկը քարոզչին պատմեց իր պապից լսած մի իրական դեպք, ինչը, ի դեպ, այսօր իբրեւ անեկդոտ է ներկայացվում: Երբ հայ գյուղացուն հարցնում են` ով ես՝ հնչա՞կ, դաշնա՞կ, թե՞ բոլշեւիկ, էս մարդը մտածում է` կարող է հարց տվողը բոլշեւիկ է, ուրեմն, եթե ասի դաշնակ եմ, դիմացինը հանկարծ կնեղանա: Եվ ստիպված ասում է` «Ո՛չ էս եմ, ո՛չ էն, էշի քուռակ եմ, ախպեր ջան, թող ու գնա՛»: Սա նաեւ այսօրվա իրողությունն է: Այնպես որ սոցիոլոգիական արդյունքները մեր իրականության հետ ոչ մի կապ չունեն: ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ «Հայոց աշխարհ»
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3330 | 0 | 0
Facebook