Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇՈՇԱՓԵԼԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Լևոն Զիրոյան
Հեղինակ`
Լևոն Զիրոյան
15:43, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇՈՇԱՓԵԼԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
     Կառավարությունը փոխել է մտադրությունները նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ։ Մի քանի ամիս առաջ մերժելով այն կտրուկ ավելացնելու առաջարկությունները՝ այժմ ինքն է պատրաստվում գնալ դրան։
    
    

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում շատ ցածր է։ Այն ընդամենը 35 հազար դրամ է։ Վերջին անգամ կառավարությունը նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացրեց այս տարեսկզբին (ընդամենը 2, 5 հազար դրամով) ։

Այն ժամանակ կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձի ավելի առաջանցիկ բարձրացումը՝ համարելով, որ դա լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Խոսքը գնում է ավելի քան 360 մլրդ դրամի մասին է։ Այսօր, սակայն, մոտեցումը փոխվել է։ Ամեն դեպքում կառավարությունում, չնայած նրան գործելու ընդամենը չորս օր ժամանակ է մնացել, քննարկվում է նվազագույն աշխատավարձի շոշափելի բարձրացման հարցը։ Խոսքը մինչեւ 60 կամ 65 հազար դրամի հասցնելու մասին է։

Հասկանալի է, որ պետական բյուջեի հնարավորությունները չէին կարող թույլ տալ մեկ տարվա ընթացքում նման ահռելի ծախս ավելացնել միայն աշխատավարձերի ֆոնդին։ Բայց այդպիսի տպավորություն ստեղծելու համար կառավարությունը հետաքրքիր մոտեցում էր ընտրել. նվազագույն աշխատավարձի առաջարկվող բարձրացումը փորձել էր համամասնորեն տարածել պետական բյուջեից տրվող բոլոր աշխատավարձերի վրա։ Իր այդ քայլը հիմնավորում էր բյուջետային համակարգում սուբորդինացիայի պահպանմամբ։

Ստացվել էր մի ահռելի գումար, որի տակից բնականաբար բյուջեն չէր կարող դուրս գալ։ Սա էլ դարձավ հիմնական պատճառաբանությունը՝ մերժելու նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը։

Այնպես չէ, որ հիմա իրավիճակը փոխվել է, եւ բյուջեն կարող է իրեն թույլ տալ նման մեծ ծախսեր ստանձնել։ Պարզապես ներկայացվածը նվազագույն աշխատավարձի բարձրացման միայն մեկ տարբերակ էր։ Ընդ որում՝ դա կլիներ լավագույնը։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ցածր է ոչ միայն նվազագույն, այլեւ ընդհանրապես աշխատավարձը։

Բայց քանի որ պետական բյուջեն չունի միանգամից նման մեծ ծախսեր ստանձնելու հնարավորություն, անհրաժեշտ է ընտրել մեկ այլ տարբերակ։ Խոսքը միայն նվազագույնից ցածր աշխատավարձերի վրա այն տարածելու մասին է։

Ըստ էության, այդպես էլ մտադիր է անել իշխանությունը։ Թեեւ այս դեպքում եւս անհրաժեշտ կլինի իրականացնել լրացուցիչ բյուջետային ծախսեր, այնուհանդերձ դրա համար կպահանջվի անհամեմատ փոքր գումար։ Նվազագույն աշխատավարձը մինչեւ 60 հազար դրամ կամ կրկնակի ավելացնելու դեպքում բյուջեի լրացուցիչ հատկացումները կլինեն շուրջ 20-22 մլրդ դրամ։ Բայց դրա մի մասը կառավարությունը կարող է հետ ստանալ եկամտային հարկի տեսքով։ Հայտնի է, որ ինչքան բարձր է աշխատավարձը, այնքան ավելանում է այս հարկատեսակի գծով գանձումը։

Այնպես որ պետական բյուջեի ծանրաբեռնվածությունն այս առումով այնքան էլ մեծ չի լինի, որքան թվում է առաջին հայացքից։

Փոխարենը, դա ավելի շոշափելի կլինի մասնավոր հատվածում։ Այստեղ նվազագույն աշխատավարձի չափը միշտ էլ ձեւական բնույթ է ունեցել։ Այն պարզապես հիմք է դարձել պաշտոնապես կամ, այսպես ասած, հարկային մարմիններին ցույց տրվող աշխատավարձերը սահմանելու համար։ Չնայած իրականում դրանք ավելի բարձր են եղել։ Գործատուները փորձել են այդ ձեւով նվազեցնել իրենց հարկային պարտավորությունները պետության հանդեպ։ Իհարկե, դա լավ օրից չի գալիս, բայց իրականությունն այդպիսին է։

Այժմ, երբ կա մտադրություն բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ասենք, կրկնակի, դա բնականաբար պայմաններ կստեղծի, որ թաքնված աշխատավարձի գոնե մի մասը դուրս գա ստվերից։

Մյուս կողմից՝ այն լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն կառաջացնի տնտեսության իրական հատվածում զբաղված գործատուների վրա։ Խոսքը նվազագույն աշխատավարձի նոր մակարդակից ցածր վարձատրվող յուրաքանչյուր աշխատողի հաշվով եւս մի քանի՝ առնվազն 5-6 հազար դրամ հավելյալ ծախսեր կատարելու մասին է։

Դա վտանգավոր է այնքանով, որ գործատուները կարող են լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածությունից խուսափել իրական աշխատավարձերը նվազեցնելու, աշխատողներին կրճատելու կամ հայտարարագրվող աշխատատեղերը թաքցնելու ճանապարհով։ Մի բան, որ նոր բացասական երեւույթների տեղիք կտա։ Մանավանդ կառավարության վարչարարական լծակները ոչ միշտ են արդյունավետ աշխատում։

Ուստի անհրաժեշտ է այժմվանից մտածել այդ մասին։ Ասենք, որպես նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացման ֆինանսական հետեւանքների փոխհատուցում՝ մի փոքր իջեցնել եկամտային հարկի տոկոսադրույքը։ Սա կարող է լինել, մի կողմից, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու, մյուս կողմից՝ թաքնված աշխատավարձերը ստվերից հանելու արդարացված լուծումներից մեկը։

Ինչեւէ, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է մտադիր գնալ իշխանությունը, կասկած չկա, որ նվազագույն աշխատավարձի ներկա մակարդակը պետք է փոխվի։ Այն դարձել է ստվերային աշխատավարձերի առաջացման հիմնական պատճառներից մեկը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5762 | 0 | 0
Facebook