Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները. Ֆրանկո Բարեզի

Retro Football
Հեղինակ`
Retro Football
15:17, ուրբաթ, 03 հունվարի, 2014 թ.

Ֆուտբոլի պատմության մեջ քիչ չեն համաշխարհային փառքի արժանացած ֆուտբոլիսները, սակայն այնպիսինները, ովքեր ողջ կյանքում խաղացել են նույն ակումբում, այդքան էլ շատ չեն: Ողջ կյանքում խաղալ նույն ակումբում, դառնալ նրա խորհրդանիշը, հետագա սերունդների հավերժ իդեալը հեշտ չէ, սակայն դա ունակ են անել նվիրյալները, ինչպիսին մեր այսօրվա լեգենդն է՝ Ֆրանկո Բարեզին:

Չնայած մանուկ ժամանակ երկրպագել է «Ինտերին», սակայն երբ սկսեց ֆուտբոլ խաղալ, դարձավ «Ինտերի» հավերժ մրցակցի՝ «Միլանի» անփոխարինելի մի մասնիկը: «Միլանում» Բարեզին խաղաց 20 տարի՝ դառնալով աշխարհի լավագույն ազատ պաշտպաններից մեկը:

Մանուկ ժամանակ Ֆրանկոն ավագ եղբոր՝ Ջուզեպեյի հետ պաշտում էր ֆուտբոլ խաղալը: Մի անգամ Բարեզի եղբայրները համարձակվեցին ներկայանալ «Ինտերի» երիտասարդական հավաքականի ստուգատեսին: Սակայն մարզիչները նկատեցին միայն ավագ եղբորը, ով և՛ ֆիզիակական տվյալներով, և՛ արագությամբ գերազանցում էր Ֆրանկոյին:

Ոչ մի բանակցություն չօգնեց: Ֆրանկոն հուսահատված ուզում էր գնալ, երբ նրան նկատեց մի մարզիչ, ով մի քանի օրից «Միլան» էր տեղափոխվելու: Նրան դուր եկավ Ֆրանկոյի խաղաոճը, նրա՝ ճիշտ տեղում հայտնվելը, չնայած որ դեռ կարճահասակ 14 ամյա տղա էր: Ահա այսպես «Ինտերի» երկրպագու Ֆրանկո Բարեզին մարզչի հետ մեկտեղ գնաց «Միլան», որի կազմում մեկ անգամ չէ, որ դուրս էր գալիս ավագ եղբոր դեմ պայքարելու միլանյան դերբիների ժամանակ:

«Միլանի» երիտասարդական խմբում նրան սկզբից տվեցին կիսապաշտպանի դիրքը, սակայն նա իր լավագույն որակները դրսևորում էր պաշտպանության կենտրոնում: Ֆիզիկական տվյալներով Ֆրանկոն չէր փայլում, սակայն խաղը կարդալու ունակությունը նրան շատերից առաջ էր մղում, նա կռահում էր մրցակցի մտքերը, ճիշտ պահին հայտնվում ճիշտ տեղում՝ խափանելով մրցակցի գրոհը:

Այս ժամանակ «Միլանը» ղեկավարում էր Նիլս Լիդհոլմը, ով երկար ժամանակ հետևում էր պատանու աճին: Նա 1978 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ «Վերոնայի» դեմ ընկերական խաղի ժամանակ օգտվեց Բարեզիի ծառայություններից: Իսկ հաջորդ մրցաշրջանում Ֆրանկոն արդեն հիմնական խմբի խաղացող էր:

Ահա այսպես սկսվեց մեծ պաշտպանի ֆուտբոլային ուղին, որ անցնում է «Միլան» ակումբի վայրէջքների և փայլուն վերելքների քառուղիներով:

Առաջին մրցաշրջանը հոյակապ էր, «Միլանը», անառիկ պաշտպանության շնորհիվ ընդամենը 19 գոլ բաց թողնելով, դարձավ չեմպիոն: Հաջորդ մրցաշրջանը հայտնի դարձավ, սակայն բացասական առումով: «Միլանը» մեղադրվեց «պայմանավորված» խաղեր անցկացնելու մեջ: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը խիստ էր. երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանը» Ա սերիայից տեղափոխվեց Բ սերիա: Ֆուտբոլային սկանդալները ցնցել էին ողջ Իտալիան:

«Վտարումը» երկար չտևեց: «Միլանը» նորից հայտնվեց Ա սերիայում, սակայն նրա շարքերը աղքատացել էին, բազմաթիվ լավ խաղացողներ լքել էին այն, ու այս անգամ «Միլանը» Բ սերիայում հայտնվեց արդեն վատ խաղի արդյուքնում: Չորս տարի շարունակ Իտալիայի առաջնության ամենատիտղոսակիր ակումբներից մեկը դեգերում էր իտալական այս երկու առաջնություներում, մինչև որ իր արժանի տեղը գտավ Բարձրագույն խմբում:

Այս ընթացքում Միլանի հարազատ անդամը հարկադրված էր մի որոշ ժամանակ հեռու գտնվել Միլանից վարակիչ հիվանդության պատճառով: Սակայն բարեբախտաբար նա առողջացել էր արդեն 1982 թվականին Իսպանիայում անցկացվող Աշխարհի առաջնության ժամանակ: Քսաներկուամյա պաշտպանը ներգրավվեց ազգային հավաքականի կազմում, չնայած ոչ մի խաղի դուրս չեկավ՝ նստելով պահեստայինների նստարանին:

1980-ականների վերջը դարձավ նրա փայլատակման տարիներ: Դրանք հոլանդական եռյակի տարիներն էին՝ Մարկո վան Բաստեն, Ռուուդ Գուլիտ և Ֆրանկ Ռայկարդ: Նրանք մեկը մյուսի ետևից գոլեր էին հեղինակում, սակայն հսկայական ծանրությունն իր վրա էր կրում «Միլանի» ավագը՝ Ֆրանկո Բարեզին: Պաշտպանական գիծը Բարեզիի հետ պահում էին նաև Պաոլո Մալդինին և Ալեսսանդրո Կոստակուրտան: Այս եռյակի պաշտպանությունը ճեղքելը հերոսություն էր համարվում: Չնայած պաշտպանը այդքան էլ չէր սիրում միանալ իր թիմի գրոհներին (471 խաղում 12 գնդակ) ՝ նա «Միլանի» հետ 5 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Իտալիայի Սուպերգավաթը: Երեք անգամ Միլանը արժանացել է Եվրոպական չեմպիոնների գավաթին: Բացի այս, Բարեզիի տարիներին «Միլանը» դարձել է Եվրոպայի Սուպերգավաթի եռակի մրցանակակիր, իսկ երկու անգամ տիրացել Միջմայրցամաքային գավաթին:


    

Հատկանշական մի քանի փաստ ևս։ 1992 թվականին «Պեսկարայի» դեմ խաղում Բարեզին երկու անգամ գրավել է սեփական դարպասը: Բարեզին մասնակցել է նաև 1994թ.-ի աշխարհի առաջնությանը։ Եզրափակիչ հասած Իտալիայի հավաքականը հիմնական ժամանակում չկարողացավ գրավել Բրազիլիայի դարպասը, սակայն բրազիլացիներն էլ չփայլեցին՝ ոչ-ոքի 0: 0: Չեմպիոնին որոշելու էին 11 մետրանոց հարվածաշարով: Առաջին հարվածը Բարեզին վրիպեց, ու չնայած հետո 2: 1 հաշվով իտալացիներն առաջևում էին, սակայն Մասարոն և Ռոբերտո Բաջոն, չիրացնելով 11 մետրանոցները և աշխարհի չեմպիոնությունը զիջեցին Բրազիլիային:


    

Առաջին հարվածը վրիպելուց հետո իտալիայի հավաքականի ավագի դեմքին արցունքներ նկատվեցին: Սակայն խաղընկերներից և ոչ մեկը կշտամբանքի ոչ մի բառ չարտահայտեց: Բարեզին արդեն արել էր իր ուժերի սահմանում ամեն հնարավորը, ու հենց նրա շնորհիվ էր, որ Իտալիան եզրափակչում էր:
     1997 թվականի հունիսի 24-ը «Միլանի» երկրպագուները լավ կհիշեն: Այդ օրը թիմի խորհրդանիշն անցկացրեց իր հրաժեշտի խաղը: Հենց այդ օրվանից ի վեր ակումբում չկա և չի էլ լինելու 6 համարի ֆուտբոլիստ: 6 համարը հավերժ կպատկանի մեծ պաշտպանին:


    
Աղբյուրը` Retro Football
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4197 | 0 | 0
Facebook