Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ալեքսանդր Պուշկինի նախապապի հետաքրքիր կենսագրությունը

12:53, çarşamba, 08 aralık, 2021
Ալեքսանդր Պուշկինի նախապապի հետաքրքիր կենսագրությունը

Առ այսօր ստույգ հայտնի չէ, թե նա աֆրիկյան որ երկրից է։ Մինչև 20-րդ դարի կեսերը, մի քանի հետազոտողների եզրահանգումների հիման վրա, այն համոզումն է եղել, թե նա Հաբեշստանից (Եթովպիա) է, տեղական իշխանիկներից մեկի որդի։ Վկայակոչվել է նրա ինքնակենսագրական հետևյալ տեղեկությունը «Ես ծնունդով Աֆրիկայից եմ․․․Ծնվել եմ Լագոն քաղաքի հորս կալվածքում։ Բացի այդ կալվածքից, նա երկու քաղաք էլ է ունեցել» ։ Բայց 1937 թվականին ռուս խորհրդային հետազոտող Մ․Վեգները պնդել է, թե Պուշկինի նախապապի ծննդավայրի մասին տիրապետող դարձած համոզումը հակագիտական է ու անընդունելի։ 1962 թվականին Վ․ Վ․ Նաբոկովը հրապարակել է մի հոդված, որը նույնպես քննադատել է Պուշկինի նախապապի «հաբեշական» ծագումը։ 1995 թվականին մեկ այլ մասնագետ «հաբեշական վարկած» -ը ռասիստական է անվանել։ Ավելի ուշ հետազոտողներ են ուղարկվել Աֆրիկա, և հեռազոտական խումբն ապացուցել է, որ Պուշկինի նախապաը ծնվել է Կենտրոնական Սուդանում (արդի Կամերունի և Չադի սահմանակից տարածքում), կոտոկո ազգության կառավարիչների ընտանիքում։

Նա՝ Իբրահիմը (Աբրամ), ծնվել է մոտավորապես 1696 թվականին։ 1703 թվականին, երբ 7 տարեկան է եղել, նրան ու իր եղբորն առևանգել են ու տարել Կոստանդնուպոլիս՝ սուլթանի պալատ։ 1704 թվականին ռուս դիվանագետ, կոմս Սավվա Ռագուզինսկին եղբայրներին գնել է ու 1705 թվականին նվիրել է տարաշխարհիկ ամեն ինչի սիրահար Պետրոս Առաջինին։ Բայց ըստ մեկ այլ վարկածի՝ Իբրահիմը ծնվել է մոտավորապես 1688 թվականին, իսկ 1698 թվականին Պետրոս Առաջինը նրան գնել է Հոլանդիայում ու բերել է Ռուսաստան։

1705 թվականին եղբայրներին կնքել են, և կնունքի քավորը եղել է Պետրոս Առաջինը, որն էլ Իբրահիմին նոր անուն ազգանուն ու հայրանուն է տվել, իսկ կնքամայր է դարձել Լեհաստանի թագուհի Քրիստինեն՝ Ավգուստ 2-րդի կինը։ Իբրահիմը դարձել է Աբրամ Պետրովիչ Պետրով, իսկ նրա եղբորն Ալեքսեյ անունն է տրվել։

Աբրամ Պետրովիչը միշտ ցարի կողքին է եղել, քնել է նրա սենյակում, ուղեկցել է նրան բոլոր արշավանքներում։ Փաստաթղթերում նա երեք անգամ հիշատակվել է ծաղրածու Լակոստի հետ միասին, բայց 1714 թվականից Պետրոս 1-ինը սկսել է նրան տարբեր, նույնիսկ գաղտնի, հանձնարարություններ տալ, և նա դարձել է ցարի քարտուղարը։ 1716 թվականին ցարի հետ արտասահման է գնացել և տարեկան 100 ռուբլի աշխատավարձ է ստացել։ Պետրոս ցարը նրան թողել է Ֆրանսիայում, որպեսզի ճարտարագիտական դպրոցում սովորի։ 1, 5 տարի սովորելուց հետո նա նա ծառայության է անցել ֆրանսիական զորքերում, մասնակցել է պատերազմի, գլխից վիրավորվել է, բուժվել ու, շարունակելով ծառայությունը, կապիտանի աստիճանի է հասել։ 1723 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ նշանակվել է Պրեոբրաժենյան գնդի ռմբահարող վաշտի ճարտարագետ-պորուչիկ։ Ցարն ինքը եղել է այդ վաշտի կապիտանը։

Պետրոսի մահից հետո Հաննիբալը (1720-ականների վերջից նա նախընտրել է «Հաննիբալ» ազգանունը կրել՝ ի պատիվ կարթագենացի զորահրամանատար Հաննիբալի) միացել է Ալեքսանդր Մենշիկովի առաջքաշման դեմ հանդես եկողների խմբին և, որպես պատիժ, ուղարկվել է Սիբիր (1727 թ․) ։ 1729-ին կարգադրվել է նրան կալանքի տակ պահել Տոմսկում և ամսական տալ 10 ռուբլի։ 1730-ի հունվարին Հաննիբալին նշանակել են Տոբոլսկի կայազորի մայոր, իսկ սեպտեմբերին՝ Ինժեներական կորպուսի կապիտան, որտեղ նա ծառայությունը շարունակել է մինչև 1733 թվականը։ Այդ ժամանակամիջոցում նրան ուղարկել են Պերնով քաղաք՝ մաթեմատիկա և գծագրություն ուսուցանելու։ 1731 – 1733 թթ․ եղել է Պերնովյան ամրացված շրջանի պարետը։ 1740 թվականին նորից ծառայության անցնելով՝ Հաննիբալը Ելիզավետայի գահակալության տարիներին մեծ առաջընթաց է ունեցել։ 1742-ին նշանակվել է Ռևելի պարետ։ Նույն տարում Ելիզավետան նրան հողեր է տվել Պսկովի պրովինցիայի Վորոնցովյան ուեզդում, որտեղ Հաննիբալը դաստակերտ է կառուցել, որը հետագայում «Պոտրովսկոե» անունն է ստացել։

1745 թվականին Հաննիբալին հանձնարարվել է ղեկավարել Շվեդիայի հետ սահմանազատման աշխատանքները։ 1952 թվականին նորից տեղափոխվելով Ինժեներական կորպուս, նա դարձել է ամբողջ բանակի ինժեներական զորամասի կառավարիչ, ղեկավարել է մի շարք շրջանների ամրաշինական աշխատանքները։ 1755-ին ղեկավարել է Կրոնշտադտի ջրանցքի շինարարությունն ու այդ ժամանակ էլ ջրանցքի շինարար բանվորների համար հիվանդանոց է հիմնադրել։ Մեկ տարի անց Կրոնշտադտում կառուցել է դպրոց բանվորների ու արհեստավորների երեխաների համար։ Պարգևատրվել է «Սուրբ Աննա», «Սուրբ Ալեքսանդր Նևսկի» մեդալներով։ Հասնելով «գեներալ-անշեֆ» զինվորական աստիճանի՝ 1762 թվականին Պետրոս 3-րդ կայսրի կողմից թոշակի է ուղարկվել և մահացել է 1781 թվականին։

Այս մարդու վերաբերմունքը ճորտերի նկատմամբ այդ ժամանակի համար շատ անսովոր է եղել։ 1743 թվականին, իրեն պատկանող Ռագոլա գյուղը վարձակալության տալով Յոհան ֆոն Տիրենին, նա պայմանագրում ընդգրկել է մի կետ, որն արգելել է մարմնական պատիժների ենթարկել ճորտերին ու ավելացնել պարհակները սահմանված նորմերից։ Երբ ֆոն Տիրենը խախտել է այդ պահանջները, Հաննիբալը դատարանում խզել է այդ պայմանագիրը։

Հայտնի է Հաննիբալի ներդրումը Ռուսաստանում կարտոֆիլաբուծության զարգացման գործում։ Կարտոֆիլը Ռուսաստանում հայտնվել է դեռևս Պետրոս 1-ինի գահակալության շրջանում։ Ռուսաստանի առաջին կայսրը կարտոֆիլ է աճեցրել Ստրելենում՝ հույս ունենալով, որ այն որպես բուժական միջոց կարել է օգտագործել։ 1760-ականներին Եկատերինա 2-րդը որոշել է, որ «գետնախնձոր» -ը կարելի է օգտագործել սովի տարիներին ու Աբրամ Հաննիբալին, որը ծանոթ է եղել այդ բույսին, հանձնարարել է, որ իր հողամասում զբաղվի դրա բազմացմամբ։ Այսպիսով, Հաննիբալի դաստակերտը Ռուսաստանում դարձել է առաջին վայրը, որտեղ կարտոֆիլի ընդարձակ ցանքատարածք է հիմնվել, որը շուտով ընդարձակվել է ու տարածվել նաև հարևան կալվածքներում։ Գյուղացիներն սկզբում զգուշավորությամբ են վերաբերվել «գետնախնձորին», բայց երբ մի քանի տարի կարտոֆիլը մարդկանց փրկել է սովից, անվստահությունն աստիճանաբար անհետացել է։

Աբրամի հարազատ եղբայրը՝ Ալեքսեյը, Պրեոբրաժենյան գնդում հոբոյահար է եղել, ամուսնացել է Գոլիցինների աքսորված իշխանների ճորտ կանանցից մեկի հետ։

1731 թվականին Աբրամ Հաննիբալը Պետերբուրգում ամուսնացել է ազգությամբ հույն Եվդոկիա Դիոպերի հետ։ Իր կամքին հակառակ ամուսնանալով Հաննիբալի հետ՝ Եվդոկիան, ըստ մի վարկածի, դավաճանել է ամուսնուն, որը հարուցել է խաբված ամուսնու հետապնդումն ու հալածանքը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Հաննիբալը, տեսնելով ճերմակամաշկ նորածին դստերը, կնոջը մեղադրել է դավաճանության մեջ, որից հետո հույն կինը փորձել է նրան թունավորել ուղեկցորդ Շիշկովի օգնությամբ։ Գործը հասել է դիվանբաշուն․ Շիշկովին դատարանը մեղավոր է ճանաչել, որին անմիջապես կալանավորել են ու 11-ամյա բանտարկության դատապարտել։ Ամուսնալուծության նյութերից կարելի է հետևություն անել, որ Հաննիբալը «դժբախտին սարսափելի ծեծի է ենթարկել ու բազում տարիներ նրան սովամահության եզրին է հասցրել» ։

Այդ ընթացքում Հաննիբալը ծանոթացել է Քրիստինա-Ռեգինա ֆոն Շյոբերգի հետ, նրանից երեխաներ է ունեցել ու նրա հետ ամուսնացել է 1736 թվականին, օրինական կնոջ առկայության պայմաններում՝ որպես ապահարզանի ապացույց ներկայացնելով դատարանի որոշումը անհավատարմության համար կնոջը պատժելու մասին։ 1743 թվականին երաշխավորությամբ ազատված Եվդոկիան նորից հղիացել է, որից հետո խնդրագիր է ներկայացրել, որում խոստովանել է նաև նախորդ դավաճանությունը և ինքն է խնդրել ապահարզան։ Սակայն Եվդոկիայից վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1753 թվականին։ Եվդոկիային մենաստան են աքսորել, իսկ Հաննիբալին պարտադրել են ապաշխարել, տուգանք են սահմանել, բայց երկրորդ ամուսնությունն օրինական են ճանաչել։

Հաննիբալը 11 երեխա է ունեցել, բայց հասուն տարիքի հասել են միայն չորս որդիները (Իվանը, Պյոտրը, Օսիպը և Իսահակը) և երեք դուստրերը (Ելիզավետան, Աննան, Սոֆյան) ։ Նրանցից Իվանը մասնակցել է ծովային արշավանքի, գրավել է Նավարինը, աչքի է ընկել Չեսմենյան ծովամարտում, Եկատերինա 2-րդի հրամանով իրականացրել է Խերսոնես քաղաքի շինարարությունը, մահացել է 1801-ին։

Հանննիբալի մյուս որդու՝ Օսիպի դուստրը ծնել է Ալեքսանդր Պուշկինին։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6049 | 0 | 0
Facebook