Durun lütfen yüklemiyor...
Թելեգրամ

Makaleler

Երեխաների դաստիարակության դրվածքը հին Հռոմում

20:33, perşembe, 08 nisan, 2021
Երեխաների դաստիարակության դրվածքը հին Հռոմում

Հավերժական քաղաքում դպրոցի գոյության մասին առաջին տեղեկությունը վերաբերում է մ.թ.ա. 449 թվականին: Այն պատմում է, թե երիտասարդ աղջիկ Վերգինիան իր ստնտուի հետ ամեն օր դպրոց է գնացել, որը գտնվելիս է եղել ֆորումի կրպակների արանքում: Մ.թ.ա. 4-րդ դարում Իտալիայի փոքր քաղաքներում եղել են դպրոցներ, որոնցում ուսանել են այդ քաղաքների ընտրախավին պատկանող ընտանիքների երեխաները: Այդ մասին է նաև վկայում Հռոմից 50 կիլոմետր հյուսիս-արևելքում գտնվող էտրուսկական Ֆալերիի քաղաքի դպրոցի ուսուցչի մասին պատմվածքները: Նա հռոմեացի զորավարին որպես պատանդ տվել է իր աշակերտներին: Հիշյալ զորավարը գրավել է նաև Տուսկուլումա քաղաքը: Նա հանկարծակիի է բերել էտրուսկների այս բնակավայրի բնակիչներին այն ժամին, երբ համատարած լռության մեջ լսվել են միայն իրենց դասը բարձաձայն սերտող դպրոցականների ձայները:

Ով ուզում է ընդհանուր պատկերացում կազմել այն ժամանակների հռոմեացու դաստիարակության մասին, թող կարդա Պլուտարքոսի գրառումն այն մասին, թե ինչպես է իր որդուն դաստիարակել Կատոն Ավագը: Կատոնը մի գիտուն ստրուկ է ունեցել, որի պարտականությունն է եղել երեխաներին ուսուցանելը, բայց այս անվանի հռոմեացին չի ցանկացել իր որդուն նույնիսկ գիտունին վստահել: Նա ինքն իր վրա է վերցրել իր երեխայի կրթության հոգսը, ինքն անձամբ է նրան քերականություն և իրավունք սովորեցրել ու ղեկավարել է նրա ֆիզիկական վարժությունները: Նա այնքան համբերություն է ունեցել, որ կազմել է իր սեփական մեծ տետրը, որպեսզի որդուն գրելուն վարժեցնի: Նա ավելի շատ սեփական օրինակով է ուսուցանել, թե ինչպես պետք է ձի հեծնել, ինչպես գործածել զենքը, կռվել, ինչպես լողալով կտրել գետը, ինչպես դիմանալ ցրտին ու տապին: Այս ամենը հայրն անձամբ է ցույց տվել իր որդուն՝ ոչ մեկին չզիջելով հռոմեացու անվանն արժանի քաղաքացի ու զինվոր դաստիարակելու պատիվը: Դաստիարակության այսպիսի զուտ գործնական համակարգը երկար ժամանակ սովորական է եղել ազնվական ընտանիքներում: Եթե նույնիսկ երեխան հայր չի ունեցել, ապա միշտ գտնվել է հասուն տարիքի մի պատվավոր անձ, որը նրան դաստիարակել և ուղղորդել է: Որդին միշտ եղել է հոր տեսադաշտում: Եթե նույնիսկ հայրը հրավիրված է եղել ինչ-որ մի ընթրիքի, նա որդուն իր հետ է տարել: Ընդ որում ցանկացած արարք, որ կարող էր պղծել երեխայի մաքրությունն ու անմեղությունը, խիստ պատիժ է հարուցել: Ցենզոր եղած ժամանակ Կատոնը սենատից վտարել է սենատոր Մանլիոսին այն պատճառով, որ նա օրը ցերեկով կնոջն համբուրել է դստեր ներկայությամբ: Ճաշկերույթի վերջում, տոնական օրերին, սովորույթ է եղել մեծ մարդկանց սխրանքները գովերգող երգեր երգելը, և շատ հավանական է, որ այդ երգեցողությանը մասնակցել են նաև երեխաները:

Այդպիսի դաստիարակությունն այն առավելությունն է ունեցել, որ այն ամրացրել է երիտասարդի մարմինը, բնավորությունը դարձրել է հաստատակամ և նրան ներառել է կարգապահությանը և օրենքին կուրորեն ենթարկվելու ծիրում: Հռոմն այդ դաստիարակությանն է պարտական, որ կարողացել է աշխարհակալ դառնալ, ընդ որում ամենամեծ արհավիրքների ժամանակ անգամ նրա քաղաքացիները ոչ մի անգամ չեն ընկճվել: Երկրորդ Պունիկյան պատերազմը, որ մղվել է Կարթագենի դեմ, եղել է այդ փորձություններից ամենածանրը, բայց այդ փորձությունը լոկ ամրապնդել է հռոմեական ժողովրդի ապշեցուցիչ հաստատակամությունն ու ավյունը:

Բայց այդպիսի համակարգը հակառակ երեսն էլ է ունեցել: Գործնական շահը այս հասարակությունում դարձել է կյանքի միակ ղեկավարող կանոնը. Ոչինչ չի արվել սրտի նուրբ զգացմունքների համար, այն բանի համար, որ մարդուն տրվի մտավոր անշահախնդիր վայելքի կարողություն: Տիպական հռոմեացին, որը համապատասխանել է հնուց հաստատված իդեալի, եղել է Կատոնը: Նա հանձնարարել է ստրուկին վաճառել այն բանից հետո, երբ նա կծերանա ու այլևս ի վիճակի չի լինի ծառայել: Այդ իդեալներից մեկն էլ Մումիոսն է, որը Կորնթոսում հանգիստ խղճով ոչնչացրել է արվեստի գործերը: Բայց շատ բան փոխվել է, երբ հունական ազդեցությունն այդ մտածողությունն ունեցող հռոմեացիների առողջ ու սահմանափակ ուղեղներում աստիճանաբար սաղմնավորել է նվազ խստաշունչ աշխարհայացք և ընդլայնել է իդեալների տարածքը:

(շարունակելի)

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
430 | 0 | 0
Facebook
COMMENT.am