Այդ ժամանակաշրջանում էր, որ Բրիգհամ Յունգը՝ մորմոնների նոր առաջնորդը, իր հետևորդների միջավայրում, պաշտոնական որոշմամբ, բազմակնություն է հաստատել: Ի քաջալերումն իր սահմանած նոր կացութաձևն ընդունողների՝ նա հիշեցրել է Մորմոնի հրեշտակի պատգամը, թե «մարդը որքան շատ ազգականներ ունենա այն աշխարհում, այնքան նրա կյանքն այնտեղ քաղցր կլինի»:
Այս կարգախոսը հանգեցրել է անբնական ամուսնությունների: Մի տղամարդ միևնույն օրն ամուսնացել է և՛ մոր, և՛ նրա դստեր հետ: Մեկ ուրիշն իր նշանածի խնդրանքով ամուսնացել է նրա երեք քույրերի ու նրանց տատիկի հետ: :
Մի երիտասարդ տղամարդ, որն արդեն երկու կին ուներ, առաջին կնոջը գոհացնելու համար երրորդին է տուն բերում: «Առաջին կինս արդեն ծերացել էր, - ասել է այդ տղամարդն իր ընկերոջը, - նա տնային գործերում իրեն օգնող երիտասարդ կնոջ կարիք ուներ»:
Ինչ խոսք, այդպիսի ամուսնությունները հաճախ վոդեվիլային իրավիճակների են հանգեցրել: Օրինակ՝ այս համայնքում երկու՝ իրար շատ մտերիմ երիտասարդ աղջիկներ են եղել, որոնք քանի որ ցանկացել են անբաժան լինել, նշանվել են նույն տղամարդու հետ, որը նրանց հետ ամուսնացել է նույն արարողակարգով:
Իսկ Բրիգհամ Յունգն ամուսնացել է 27 կնոջ հետ, որոնք նրանից ծնել են 56 երեխա՝ 31 աղջիկ և 25 տղա:
Յունգի կյանքի առավել արտասովոր օրը, անկասկած, եղել է այն օրը, երբ նա նախաճաշից հետո ամուսնացել է մի կնոջ հետ, ճաշից առաջ՝մեկ ուրիշ կնոջ հետ, ճաշից հետո՝ երրորդի, իսկ ընթրիքի ժամին՝ չորրորդ կնոջ հետ:
Բայց Բրիգհամը հաճախ խնդիրների է բախվել: Երբ մի դերասանուհի հյուրախաղերի է եղել Սոլթ Լեյք Սիթիում, Յունգն ու իր հետևորդներից երեքը սիրահարվել են նրան: Յունգն իր մոտ է կանչել մրցակիցներին ու գլխներին հանգամանալի քարոզ է կարդացել: Այդ քարոզի «մեխը» Յունգի հրեշտակի «հայտնությունն» է եղել: Հրեշտակը գիշերն այցելել է նրան ու հանձնարարել, որ ամուսնանա այդ դերասանուհու հետ: Հետևորդները, բնականաբար, ներողություն են խնդրել ու ընկրկել են, և դերասանուհին դարձել է Յունգի 22-րդ կինը:
Այս կենսակերպը քննադատվել է ու ծաղրի ենթարկվել: Մի անգամ Յունգն իր ընկերներից մեկին հարցրել է, թե նա քանի երեխա ունի: Ընկերը չի կարողացել մտաբերել, և Յունգը բոլոր ընտանիքներին կարգադրել է ունենալ ամուսնությունների ու երեխաների մատյան:
Բայց 1890 թվականին մորմոնների եկեղեցու գլխավորը ստիպված է եղել արգելել բազմակնությունը, բայց դա չի խանգարում, որ այսօր էլ որոշ մորմոններ մի քանի կին ունենան:
Մորմոնների համայնքում, սակայն, լավ երևույթներ, ապրելակերպի ճիշտ նորմեր էլ կան: Նրանք խստորեն պահպանում են առողջ ապրելակերպի կոդեքսը և ձեռնպահ են մնում ոգելից ըմպելիքներից, ծխախոտից, սուրճից, թեյից և այն ամենից, որոնք մարդուն կախվածություն են ենթարկում: Նրանց համար շատ կարևոր են ընտանեկան արժեքները, սերունդների, մերձավոր և հեռավոր հարազատների ու բարեկամների միջև սերտ կապերի պահպանումը:
Երկուշաբթի օրերին նրանք կազմակերպում են ընտանեկան երեկույթներ, շաբաթը մեկ անգամ՝ 12-ից 18 տարեկան երիտասարդների երեկույթներ: Նրանց գործունեության ու կյանքի կարևոր բաղադրիչներն են հասարակական աշխատանքը, բարեգործությունը, մարզական խաղերը, դասերը, պարերը: Ամիսը մեկ անգամ նրանք կազմակերպում են գթասրտության երեկույթներ:
Եթե 1971 թվականին մորմոնների ընդահանուր թվաքանակը ամբողջ աշխարհում կազմել 3 միլիոն 100 հազար, ապա 2020 թվականին՝ ավելի քան 16 միլիոն:
Նկարում՝ մորմոնների տարածվածության քարտեզը