Որակի մշակույթի լավագույն դրսևորումը բուհերի ինքնուրույնությունն է․ Ռուբեն Թոփչյան
Հարցազրույց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ։ -Պարոն Թոփչյան, համավարակով պայմանավորված առցանց կրթության պայմաններում կրթական վերջնարդյունքների ապահովումը, հետևաբար նաև կրթության որակը վտանգված են։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՈԱԱԿ-ը՝ հավաստիանալու, որ ՄՈՒՀ-երն ապահովում են սահմանված վերջնարդյունքները։ -Մինչ համավարակը որոշ դեպքերում բուհերն ունեին գործող միջավայրում աշխատանքի շուրջ հարյուրամյա փորձ։ Եվ նրանք իրենց տարիների փորձով էին հավաստում, որ կիրառվող մեթոդաբանությամբ կարողանում են ապահովել վերջնարդյունքները և իրենց փորձը հաջողված է։ Համավարակը ստեղծել է մի իրավիճակ, որ այլևս բոլոր բուհերը նոր սկզբնակետից են մրցակցության մեջ մտնում՝ չունենալով նման իրավիճակում գործելու նախկին փորձ։ Նոր իրավիճակում բուհերը պետք է հավաստեն իրենց գործընթացների արդյունավետությունը՝ հետազոտելով և վերլուծելով իրենց քայլերը, նախկին արդյունքների հետ համեմատական վերլուծություն իրականացնելով, հաշվի առնելով նոր միջավայրի առանձնահատկությունները և ըստ այդմ ամրագրելով նոր մոտեցումները։ Այս ամենի նպատակն է հավաստել հասարակությանը, որ նոր միջավայրում ևս կրթական արդյունքը նույնն է, և շնորհվող որակավորումներն արժանահավատ են։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն արտակարգ դրության մեկնարկից ի վեր առավել սերտորեն է համագործակցում մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ՝ աջակցելու, որ նրանք լինեն արդյունքահեն։ Մենք այս ընթացքում պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) որակի ապահովման պատասխանատուների հետ, քննարկել խնդիրները և վերլուծել առկա փորձը։ Առցանց խորհրդատվությունների շարք ենք մեկնարկել՝ աջակցելու մեր շահակիցներին նոր իրավիճակում ի հայտ եկած խնդիրները հաղթահարելու գործում։ Մշակել և հրապարակել ենք ընդհանուր և ոլորտային ուղենիշներ՝ խթանելով լավագույն փորձի տարածումը։ Իրականացնում ենք ՄՈՒՀ-երի որակի ապահովման համակարգի առցանց մշտադիտարկումներ։ Հանդիպումներ ենք ունենում ուսանողների հետ՝ խրախուսելով նրանց ուսումնական հաստատության հետ միասին մասնակից դառնալ այլընտրանքային լուծումների փնտրտուքին։ Այս գործողությունների շարքը կարելի է էլի շարունակել։ -Նոր պայմաններում արդյո՞ք փոխվել են կրթության որակի ապահովման շեշտադրումները: -Ինչպես նախկինում, ներկայում ևս մեր բոլոր գործողությունները միտված են շեշտադրելու ռազմավարության կարևորությունը։ Ռազմավարությունը պետք է լինի ընկալելի բոլոր շահակիցների համար։ Գործող ռազմավարություն ունենալը, դրանով ապրելը և ըստ կարիքների այն բարելավելը ՄՈՒՀ-ի հաջողության գրավականն է։ Կարևոր է, որ ՄՈՒՀ-ը ռազմավարության մակարդակում իրականացնի փոփոխություններ և կառավարի հնարավոր ռիսկերը։ Տեսեք, նոր իրավիճակում ենք։ Սակայն մեծ առումով նպատակները նույնն են․ շուկան պահանջում է արժանահավատ որակավորումներ։ Պարզապես նոր իրավիճակում խնդիրն ավելի է սրվում։ Եթե նախկինում պրակտիկան գործատուի հետ շփում և գործատուի միջավայրում մասնագիտական որոշ կարողությունների և հմտությունների ձևավորում էր ապահովում, ապա այժմ այդ ամենը բավականին տեսական է դառնում։ Ավելին, առցանց կրթության պայմաններում ուսանողը գործատուի միջավայրից բացի նաև համալսարանական միջավայրի պակաս է զգում։ Բուհերը դժվարին խնդրի առաջ են կանգնած․ գտնել նոր միջավայրին համապատասխան այլընտրանքային միջոցներ, որով կապահովեն նույն արդյունքը։ Իհարկե, նոր պայմանները նաև իրենց առավելություններն ունեն։ Այս միջավայրում մեծացել է ուսանողների և դասախոսների ֆորմալ շփումը, հանձնարարականներն ավելի կոնկրետ և վերահսկելի են։ Դասախոսը հնարավորություն ունի կիրառելու դասավանդման և գնահատման այլընտրանքային միջոցներ, որոնք դրական արդյունք կարող են ունենալ, անգամ լսարանային կրթության վերադառնալուց հետո։ Նոր միջավայրում մեծանում է նաև ուսանողի ինքնուրույնությունը։ Թե դասավանդման, թե ուսումնառության նախկին ձևերը ներկա պայմաններում ամբողջությամբ չեն կարող գործել։ Հիմա ուսանողն ավելի շատ ինքնուրույն պետք է աշխատի, հետազոտի իր իսկ փորձը և դրա հիման վրա սովորի, իսկ դասախոսը դառնա նրան ուղղորդողը և խրթին ճամփաբաժաններում ճիշտ ուղին ցույց տվողը։ Առցանց պայմաններում ուսանողի՝ մասնագիտական զարգացումն ապահովելու և գնահատելու համար նաև նոր տեսակի հանձնարարականներ են պետք։ Այս իրավիճակը նաև ռիսկ ունի․ եթե վերը նկարագրածը տեղի չունենա, գործընթացները կդառնան չափազանց ձևական ։ Եվ այդ պարագայում գլխավոր տուժողը լինելու է ուսանողը, որը կորցնելու է իրեն հատկացված ուսման ժամանակը։ Որպես գործընկեր և արտաքին գնահատող՝ ՈԱԱԿ-ը բուհերի և քոլեջների հետ համատեղ քննարկում է նրանց խնդիրները։ Մենք խրախուսում ենք ՄՈՒՀ-երին առաջանցիկ վերլուծություն իրականացնել՝ պարզելու, թե որքանով են ձեռք բերվում կրթական վերջնարդյունքները ։ Մեր շփումները ՄՈՒՀ-երի հետ ցույց տվեցին, որ նրանք դեռևս վերջնական չեն հստակեցրել, թե ինչպես են արդյունավետ իրականացնելու ուսանողի գնահատումը նոր միջավայրում։ - Մինչ համավարակը կրթության ոլորտում մի շարք խնդիրներ կային, այդ թվում կրթության տեսական բնույթը, շրջանավարտների մոտ մասնագիտական պրակտիկ կարողությունների և հմտությունների պակասը և այլն։ Առցանց կրթության պայմաններում այս խնդիրներն ավելի են սրվում։ Ի՞նչ հնարավոր լուծում է առաջարկում ՈԱԱԿ-ն այս իրավիճակում։ -Ստեղծված իրավիճակում փոխվել է ոչ միայն կրթական, այլ նաև աշխատանքային միջավայրը։ Համավարակը իր ազդեցությունն է ունեցել նաև գործատուի միջավայրի և նրա պահանջների վրա։ Հետևաբար, այս իրավիճակում առաջնային է գործատուների հետ համագործակցության էլ ավելի սերտացումը և կրթական ծրագրերի վերապլանավորումը։ ՄՈՒՀ-ը պետք է զգայուն լինի աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ՝ կարողանալով ապահովել գործատուի ապագա մասնագիտական պահանջները։ Եթե ՄՈՒՀ-երը հապաղեն գործատուների կարիքներին արձագանքելու առումով, ռիսկային իրավիճակ կարող է ստեղծվել․ գործատուն, կարիքից և բիզնես շահից ելնելով, իր խնդիրներին լուծում կգտնի և առաջ կգնա՝ հետևում թողնելով գործընկեր ուսումնական հաստատություններին։ Այս պայմաններում ավելի է սրվում մրցակցությունը ՄՈՒՀ-երի միջև, քանի որ գործատուն վաղն ընտրելու է այն ուսումնական հաստատության շրջանավարտին, որը կարողացել է օպերատիվ կերպով կողմնորոշվել նոր իրավիճակում և արձագանքել գործատուի կարիքներին։ ՈԱԱԿ-ը սա դիտարկում է որպես հնարավորություն ՄՈՒՀ-երի համար գործատուների հետ համագործակցությունը մոր մակարդակի հասցնելու, նրանց մասնակցությամբ ռազմավարական կառավարումը խորացնելու և գործատուի ռեսուրսների համօգտագործման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ Այս թեման նախկինում էլ է եղել ՈԱԱԿ-ի ուշադրության կենտրոնում, անգամ ՄՈՒՀ-երի համար նման ձևաչափ ենք մշակել և փորձարկել։ Այժմ նույնպես խնդիրը մեր մասնագետների ուշադրության կենտրոնում է և շեշտադրվում է շահակիցների հետ բոլոր հանդիպումների ժամանակ։ -Չի բացառվում, որ նոր ուսումնական տարին առցանց մեկնարկի կամ ինչ-որ պահից նորից առցանց հարթակ անցնի։ Որքանո՞վ է մեր կրթական համակարգը պատրաստ նման հեռանկարին։ Առցանց ուսուցման երկարաձգումն ինչպես կանդրադառնա կրթության որակի վրա։ -Այս ամառը ծանր ու պատասխանատու շրջան է լինելու ՄՈՒՀ-երի համար։ Չնայած առցանց կրթության մի քանի ծանրաբեռնված ամիսներից հետո բոլորն էլ հանգստի կարիք ունեն, սակայն դժվար թե հանգստանան։ Անգամ եթե վերադառնանք լսարանային ուսուցման, այս կիսամյակի բացերը պետք է լրացվեն։ Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկն ընկած ժամանակահատվածը ցանկալի է, որ օգտագործվի արդյունքները վերլուծելու, վերարժևորելու, կրթական ծրագրերը վերապլանավորելու և հնարավոր բոլոր զարգացումներին վերջնականապես պատրաստվելու համար։ Ցանկալի է, որ դասախոսական կազմի 80-90 տոկոսը վերապատրաստվի այս ընթացքում՝ պատրաստ լինելով նոր միջավայրում աշխատելուն և առցանց կրթության դրական փորձը ներառեն իրենց ընթացիկ աշխատանքում։ ՈԱԱԿ-ն առաջիկա ամիսներին նույնպես ակտիվորեն աշխատելու է։ Մենք երկու ուղղությամբ ենք աշխատում։ Ոչ միայն բուհերի որակի ապահովման մասնագետների հետ ենք համագործակցում, այլ նաև ակտիվորեն փորձագետների ենք վերապատրաստում, որոնք միաժամանակ նաև ՄՈՒՀ-երի աշխատակիցներ են։ Մեր վերապատրաստումները մեծացնում են բուհերի դասախոսների փորձագիտական կարողությունները և արդյունքում՝ միջբուհական համագործակցությունը։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դեպքում վերապատրաստումներով նաև հիմք ենք ստեղծում քոլեջներում որակի ապահովման ներքին թիմի ձևավորման համար։ Նշեմ, որ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ այս տարվանից սկսած հավատարմագրման գործընթացներ են նախատեսվում նաև քոլեջներում։ Ուսումնական հաստատությունները փորձում են առաջացած խնդիրների այլընտրանքային տարբերակներ գտնել։ Այս գործընթացում կարևոր է համակարգողի դերը։ ՈԱԱԿ-ը դիտարկում է իրեն որպես համակարգող։ Եվ այդ դիրքերից ակտիվ համագործակցում ենք բոլորի հետ։ -Հավատարմագրումների ժամանակ արդյո՞ք դիտարկելու եք համավարակի ընթացքում իրականացված կրթական գործընթացները։ Այս ժամանակահատվածի արդյունքները ինչպե՞ս են անդրադառնալու հավատարմագրման գործընթացի վրա։ - Ցանկացած ՄՈՒՀ-ի ռազմավարությունը պետք է համապատասխանի սովորող կառույցի քաղաքականությանը։Այդ պարագայում ՄՈՒՀ-ի զարգացման առաջընթացի հետագիծը ներառելու է նաև առցանց ուսուցման ամիսները։ Հավատարմագրումը վերաբերում է ոչ թե ՄՈՒՀ-ի նախկին գործունեությունը, այլ ապագա գործունեությունը՝ հիմնվելով նախկին գիտակից փորձի վրա։ Այսինքն ուսումնական հաստատությունը ցույց է տալիս փորձ, որը թույլ է տալիս հավաստել՝ ՄՈՒՀ-ը կկարողանա նույն արդյունավետությամբ աշխատել նաև մոտ ապագայում։ Գաղտնիք չէ, որ ներկա իրավիճակը ստեղծում է մարտահրավերներ ուսումնական հաստատությունների համար։ Եվ հավատարմագրման ժամանակ, բնականաբար, փորձագետները կուզենան դիտարկել, թե ՄՈՒՀ-ը, նրա կառավարման և որակի ապահովման համակարգերն ինչպես են արձագանքել մարտահրավերներին։ Այդ փորձով է ՄՈՒՀ-ը հավաստելու, որ ապագայում նման իրավիճակներում պատրաստ է արդյունավետ գործել։ - ՈԱԱԿ-ն իր գործունեության 10 տարիների ընթացքում քայլեր է ձեռնարկել երկրում կրթության որակի ապահովման մշակույթ ձևավորելու և ամրապնդելու ուղղությամբ։ Այդ մշակույթն ինչպե՞ս է դրսևորվել և որքանով է օգտակար եղել համակարգին արտակարգ դրության ընթացքում։ -Այս ընթացքում որակի մշակույթի լավագույն դրսևորումը բուհերի կարողությունն է անկախ որոշումներ կայացնել և ստանձնել պատասխանատվություն իրենց որոշումների համար։ Ուրախությամբ ենք արձանագրում, որ այս ընթացքում բուհերը ոչ թե սպասել են օրինակելի ձևաչափերի, ուրիշների կողմից մատուցվող պատրաստի լուծումների, այլ իրենք են ուսումնասիրել իրենց փորձը, իրենց համանման օտարերկրյա հաստատությունների փորձը, որոշումներ կայացրել և առաջնորդվել դրանցով։ Համավարակով պայմանավորված իրավիճակը մարտահրավեր է բոլորի համար․ պետք է և կարողանալ համապատասխանել միջազգային չափանիշներին, և լուծել ներքին մարտահրավերները։ Սա հնարավոր է միայն բոլոր կառույցների համատեղ աշխատանքի և պատասխանատվության արդյունքում, ինչը և որակի մշակույթի դրսևորումն է։ |
Abone ol ve malalelerin yayınla: