Ես սրբությանը չեմ հավատում, բայց ես հավատում եմ բարոյականությանը, ոչ թե քաղքենիական բարոյականությանը, այլ մարդկային բարոյականությանը: Կյանքում բոլորն էլ սխալներ են թույլ տալիս, մեծ ու փոքր մեղքեր են գործում: Ինձ համար կարևորն այդ սխալներից, գործած մեղքերից դասեր քաղելն է ու այնպես ապրելը, որ դրանք չկրկնվեն: Նշանավորներից մեկն ասել է. «Սխալը ոչինչ է, այն գոյություն չունի, բայց սխալը պետք է մարդուն կերտի»:
Շատերին է հայտնի, որ կաթոլիկ եկեղեցին Մայր Թերեզային, սրբադասել է, բայց, համոզված եմ, շատ քչերը գիտեն նրա կյանքի հետևյալ ապշեցուցիչ դրվագի մասին:
Քաղցկեղից մահացողի մահճի մոտ նստած այս «սուրբ» կինը հիվանդին ասում է.
«Դու խաչին գամված Քրիստոսի նման տառապում ես: Պիտի որ Հիսուսն հիմա քեզ իր գիրկն առնի»:
Մահամերձը նրան պատասխանում է.
«Խնդրում եմ, ասացեք նրան՝ թող կանգ առնի»:
1979 թվականին նա «Նոբել» մրցանակի է արժանանում աշխարհում խաղաղության հաստատման գործում կատարած մեծ ներդրման համար: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ նա ավելի լավ բան չի կարողանում ասել, քան հայտարարելը, թե «Համաշխարհային խաղաղության գլխին կախված մեծագույն սպառնալիքը հղիության արհեստական ընդհատումն է»:
1990 թվականին նա ծաղկեպսակ է դնում Ալբանիայի նախկին բռնապետ Էնվեր Խոջայի գերեզմանին:
Եթե 1995 թվականին նա ամուսնալուծութան արգելման հարցով անցկացվող հանրաքվեին մասնակցող իռլանդացիներին կոչ է արել դեմ քվեարկել ամուսնալուծությունը թույլատրելուն, բայց երբ լեդի Դիանան ամուսնալուծվեց, նա հավանություն թվեց նրա արարքին:
«Ռադիո Կանադա» -յին տված մի հարցազրույցում Մայր Թերեզան նաև պնդել է, թե բոսնիացի զինվորների կողմից բռնաբարված կանայք պետք է հրաժարվեն հղիության արհեստական ընդհատումից:
Աշխարհի տարբեր երկրներում նրան բազմիցս քննադատել են մի շարք բռնակալների (օրինակ՝ Հայիթիի բռնապետ Ժան-Կլոդ Դյուվալիեի) հետ սերտ հարաբերություններ ունենալու համար, քննադատել են նաև նրա կազմակերպության հիմնադրամին հատկացված փողերի ծախսի հաշվետվությունները չհրապարակելու համար: