Հոլի նման պտտվում եմ
Ու ահյակից աջ եմ գալիս,
Քանի շրջան բոլորում եմ,
Երնեկ տալով նախորդ թափիս։
Ես ներսից եմ ողջը դիտում,
Իմ ապրածն է տարին բոլոր,
Հիմարի պես քանի գիտուն
Քարշահետքս են գծում կլոր։
Եվ ասում են, թե հաստատուն
Մի թիվ թողնեմ չիմացողին,
Ինչ իմանաս, խակ թե հասուն,
Բան կարտոնեն ման ածողին։
Շրջաբերի փուչ մի ընթացք,
Մի շառավիղ կիզակետով,
Բամբասելու սիրտ չմնաց,
Չափ չգցե՞մ ելման կետով։
Արշավասույր քանի գնամ,
Գուցե պոկվեմ նույն առանցքից,
Կամ ուզում եք այստեղ մնամ,
Որ արեգին թելեմ անցքից։
Մի զրույց կա ծիծաղաշարժ,
Թե ինչ ձայն է ունկս ընկել,
Երբ գնացքն իմ վաղուց անշարժ
Կայանել է, կասե՞ս ընկեր։
Հոլ կամ անիվ ոնց պատկերես,
Ցուցիչում է քառակուսին,
Տակն ինչ մնա անմակերես,
Իմաց կտա մեր երկուսին։
Ամեն մարտի տասնչորսին,
Ժամը մեկն անց հիսունինին,
Երկու տասնյակ ու վեց վայրկյան․
Դա հմայքն է այս թվարկման։