Ներկայիս իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտից առաջ մերձավոր զորականներն Ալեքսանդրին տեղեկացնում են, թե զինվորների մի մասը վրաններում պայմանավորվում է ձեռք բերելիք ավարը թագավորական վրան չտանելու և այն ամբողջովին յուրացնելու շուրջ: Ալեքսանդրը ժպտում է և ասում.
«Դուք ինձ բարի լուր եք բերել. Այդ քննարկումները վկայում են, որ իսկական տղամարդիկ են իմ զինվորները, որոնք որոշում են ոչ թե փախչել մարտի դաշտից, այլ հաղթել»:
*****
Երբ մարտին նախապապատրաստելուց առաջ զորքը շարվում է, Ալեքսանդրը նկատում է, որ ռազմիկներից մեկը տեգը գոտիին է հարմարեցնում: Նա այդ զինվորին հեռացնում է շարքից` ասելով.
«Պիտանի չէ այն զինվորը, որը զենքը դեռ նոր է նախապատրաստում մարտի, մինչդեռ նա այն արդեն պետք է գործի դներ»:
*****
Եգիպտական գլխավոր աստված Ամոնի տաճարում քրմապետն Ալեքսանդրին Զևս-Ամոնի որդի է հռչակում:
«Զարմանալի չէ, - ասում է աշխարհակալը, - չէ՞ որ Զևսն ի բնե բոլոր մարդկանց հայրն է, բայց նա որդեգրում է միայն լավագույններին»:
*****
Մարտերից մեկի ժամանակ նա ոտքից վիրավորվում է: Տեսնելով, թե ինչպես են տագնապահար իր մոտ վազում նրանք, ովքեր իրեն որպես աստված էին մեծարում` նա ժպտերես ասում է նրանց.
«Ահա', տեսնո՞ւմ եք, որ սա ոչ թե հեղուկ է, այլ` արյուն, ճիշտ այնպիսի արյուն, ինչպիսին ծորում է երկնքի երջանիկ բնակիչների մարմնից»:
*****
Ալեքսանդրի որոշմաբ` նախապատրաստում են տուն վերադարձնել պատերազմների ժամանակ լուրջ վերքեր ստացած ու հիվանդ մակեդոնացիներին, բայց շուտով պարզվում է, որ այդ զինվորներից մեկը լիովին առողջ է, բայց հիվանդ է ձևանում: Նրան բերում են Ալեքսանդրի մոտ, և հարցաքննության ժամանակ նա խոստովանում է, որ հիվանդ ձևանալու պատճառը Թելեսիփե անունով մի կին է, որը նույնպես հայրենիք է մեկնում: Ալեքսանդրն իր մի զորահրամանատարից հարցնում է, թե ում հետ պետք է խոսել Թելեսիփեին առնչությամբ, և իմանալով, որ նա ազատ կին է, ասում է.
«Դե ինչ արած, Անտիգենես, փորձիր Թելեսիփեին համոզել, որ չհեռանա ու մեզ մոտ մնա, չէ՞ որ մենք ազատ մարդուն ստիպելու իրավունք չունենք»:
*****
Հնդկաստանը նվաճելու ընթացքում գերեվարված հնդիկ ռազմիկների մեջ լինում է մի արտակարգ դիպուկահար նետաձիգ, որը կարողացել է կախված մատանու միջով նետն անցկացնել: Ալեքսանդրը նրան հրամայել է ցույց տալ իր հմտությունը: Վերջինս հրաժարվել է, և Ալեքսանրը կարգադրել է նրան մահապատժի ենթարկել: Մահապատժի վայրը տանող ճանապարհին հնդիկն իրեն ուղեկցող զինվորներին ասել է, թե քանի որ ինքը տևական ժամանակ նետ չի արձակել և զուտ այդ պատճառով է հրաժարվել կատարել Ալեքսանդրի հրամանը` վախենալով, թե կվրիպի: Լսելով այդ մասին` հիացած Ալեքսանդրը հրամայել է նրան ազատ արձակել` այն առաքինության համար, որ նա նախընտրել է մեռնել, քան իր փառքի բարձրունքից իջնել:
*****
Անմատչելի մի ժայռագագաթ պաշպանող հնդիկ առաջնորդներից մեկը Ալեքսանդրին է հանձնում այդ անառիկ գագաթն ու ինքն էլ հանձնվում է աշխարհակալի ողորմածությանը: Ալեքսանդրը նրան արտոնում է իր երկրամասի կառավարումը, նոր հողեր էլ է տալիս` ասելով.
«Ա'յ սա է խելացի մարդը. նա ավելի շատ վստահում է տղամարդու փառքին, քան տեղանքի ամրությանը»:
*****
Փիլիսոփա Քսենոկրատոսին նա 50 տաղանդ է ընծա ուղարկում, բայց վերջինս հրաժարվում է նվերից` ասելով, թե փողի կարիք չունի:
«Մի՞թե Քսենոկրատոսը նույնիսկ ընկերներ չունի, - հարցնում է Ալեքսանդրը, - այնինչ իմ ընկերներին նույնիսկ Դարեհի ամբողջ հարստությունը չբավականացրեց»:
*****
Երբ Ալեքսանդրին տեղեկացնում են, թե ինչ-որ մեկն իր մասին վատ բաներ է ասում, նա պատասխանում է.
«Թագավորների բախտն է այդպիսին` անել լավ բաներ, բայց իր մասին վատ բաներ լսել»: