Հին հունական զվարճապատումների մի փունջ
Թեպետ 16-րդ դարում ապրած ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» երգիծական վեպի նախերգական ոտանավորում ենք մենք կարդացել «Մարդուն է բնորոշ ծիծաղելը» խոսքը, բայց այս մտքի հեղինակը հույն փիլիսոփա Արիստոտելն է: Նա առաջինն է ասել, որ բոլոր կենդանի արարածներից միայն մարդը կարող է ծիծաղել: Հույները երբեք չեն մոռացել, որ ծիծաղելը մարդու բնորոշ հատկանիշներից մեկն է: Ահա' մեկ օրինակ դրանում համոզվելու համար: Հին հույները զվարճալի պատմությունների մի ժողովածու են կազմել: Այդ ժողովածուի անունը «Ֆիլոգելոս» (այս բառի հայերեն մոտավոր համարժեքը «Ծաղրաբան» -ն) է: Այս ժողովածուի սիրված հերոսը տարօրինակ, զարմանալի տրամաբանություն ունեցող գիտուն «պեդանտն» է՝ ծայրահեղորեն բծախնդիր, մանրախնդրորեն ճշտակատար, տառակեր անձնավորությունը:
***** Պեդանտի որդին գնդակն անզգուշորեն գցում է ջրհորը: Նայելով այնտեղ՝ նա ջրի հայելում տեսնում է իր պատկերն ու բացականչում է. «Տո'ւր գնդակս»: Երբ պատկերը նրա պահանջը չի կատարում, նա վազում է հոր մոտ ու գանգատվում է: Հայրը մոտենում է ջրհորին, տեսնում է իր պատկերն ու ասում է. «Բարի՛ մարդ, վերադարձրո՛ւ երեխայի գնդակը»: Պեդանտն ուզում է քնել, բայց քանի որ բարձը տեղում չի լինում, ստրուկին կարգադրում է գլխի տակ կճուճը դնել: Երբ ստրուկն հիշեցնում է, որ կճուճը կոշտ է, նա հրամայում է այն փշրել ու այնքան մանրատել, որ փոշու վերածվի: Ցանկանալով իմանալ, թե քնած ժամանակ ինքն արդյո՞ք լավ տեսք ունի՝ պեդանտը պառկում է հայելու առաջ ու փակում է աչքերը: Երազում պեդանտը ոտքը դնում է մեխին, ու մեխը ոտքը ծակում է: Արթնանալով՝ նա ոտքը վիրակապով փաթաթում է: Ծանոթն հարցնում է, թե ինչո՞ւ է ոտքը փաթաթել: Իմանալով, թե բանն ինչումն է, նա ասում է. «Մեզ՝ հիմարներիս, այդպես էլ պետք է. ինչո՞ւ ենք ոտաբոբիկ քնում»: Երկու պեդանտ ճանապարհով գնում են, և նրանցից մեկը, բնական կարիքի հարկադրանքով, ընկերոջից հետ է մնում: Կարիքն հոգալուց հետո վերադառնալով՝ նա ճանապարհի սյունին տեսնում է ընկերոջ թողած հետևյալ գրությունը. «Հասի՛ր ինձ»: Եվ նա «Դու էլ սպասի՛ր ինձ» պատասխանն է գրում ընկերոջ գրության տակ: Գետով ընթանում է ծանրաբեռնված նավակը: Պեդանտն ասում է. «Եթե ջուրը մի քիչ էլ բարձրանա, նավակը ջրասույզ կլինի»: Պեդանտը ծովում նավարկում է: Փոթորիկ է սկսվում: Նրա ստրուկներն սկսում են ողբալ: «Մի՛ ողբացեք, - ասում է պեդանտը, - կտակումս բոլորիդ ազատություն եմ շնորհել»: Կնքված կարասում պեդանտը բարձրորակ գինի է պահել: Ստրուկը ծակել է կարասի տակն ու քիչ-քիչ մի մասը խմել: Տեսնելով, որ կարասը կիսադատարկ է, պեդանտը զարմանում է, թե կնքված կարասից ինչու է գինին պակասել: Ընկերը նրան խորհուրդ է տալիս. «Ստուգի՛ր, գուցե կարասի տակը ծակե՞լ են»: «Հիմա՛ր, - պատասխանում է պեդանտը, մի՞ թե չգիտես, որ գինին կարասի վերևից է պակասում»: Պեդանտը երկվորյակ եղբայրների է տեսնում: Նրանց արտակարգ նմանությունը զարմացրել էր բոլորին, իսկ պեդանտն ասում է. «Ո՛չ, առաջինը երկրորդին ավել է նման, քան երկրորդն առաջինին»: ***** ***** ***** ***** ***** ***** ***** |
Abone ol ve malalelerin yayınla: