Ամեն ինչ աղավաղելու, այլ կերպ ներկայացնելու, իրականությունը չընդունելու ու պաթոսականության արդյունք է այն, որ Կոմիտասի սիրո մասին երգերը ներկայացվում են որպես ցեղասպանության մասին երգեր. հատկապես «Դլե յաման» և «Գարուն ա» երգերը, որոնց բովանդակությունը բացարձակապես սիրային թեմայով է: Մեկ այլ երգ` կրկին Կոմիտասից. «Ել, ել» երգը հասարակ գյուղացու առօրյայից է: Երգի բովանդակությունը կրկին կապ չունի ցեղասպանության հետ: Համոզվե’ք ինքներդ: Հայ ժողովրդական աշխատանքային «Ել, ել» երգը կատարում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան, մշակումը՝ Կոմիտասի) . Ե՛լ, ե՛լ, ե՛լ, Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, Ե՛լ, ե՛լ, ե՛լ: Լաչին, Մարալ, Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, Ե՛լ, ե՛լ, ե՛լ: Օրն անցավ, Քամին ելավ: Մութն ընկավ՝ Աստղերն ելան: Միգուցե բավականին հարուստ և խորը երաժշտությունը, որն իր մեջ պարունակում է ողբերգություն, ստիպել է մարդկանց դա վերագրել ցեղասպանությանը: Բայց այդ երաժշտությունները, անկախ իրենց մեջ պարունակող ողբերգությունից, սիրային թեմայով են ողբերգություն, սիրային թեմայով` սիրային ողբերգություն կամ սիրո ողբերգություն: Իսկ թե ինչու են կատարողները եղեռնին նվիրված միջոցառումների ժամանակ կատարում նշված երգերը կամ ապրիլի 24ին Ծիծեռնակաբերդում միացնում «Գարուն ա» երգի սոպրանո կատարումները, դուրս է բոլոր տեսակի տրամաբանությունից: Առավել վատ է ընկալվում, երբ «Դլե յաման» երգի համար հավաքվում են ցեղասպանության տեսարաններով տեսահոլովակներ: Ինչևէ, նշված երգերը ցեղասպանության մասին չեն։ Ստորև ներկայացնում եմ «Դլե յաման» և «Գարուն ա» երգի բառերը. ԴԼԵ ՅԱՄԱՆ Դլե յաման Քամին էկավ կրակի պես, Վա՜յ, դլե յաման, Էկավ, հասավ չուր ծովու կես, Յաման, յաման: Դլե յաման, Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց, Վա՜յ, դլե յաման, Մենք սիրեցինք առանց իմաց Յաման, յաման: Դլե յաման, Արև դիպավ Մասիս սարին, Վա՜յ, դլե յաման, Կարոտ մնացի ես իմ յարին, Յաման, յաման: Դլե յաման, Քամին էկավ երան-երան, Վա՜յ, դլե յաման, Գյամին հասավ ծովու բերան, Յաման, յաման: Դլե յաման, Քամին էկավ, առավ բերդին, Վա՜յ, դլե յաման, Քո սեր կաթավ մեջ իմ սրտին, Յաման, յաման: ԳԱՐՈւՆ Ա Գարուն ա, ձուն ա արել Վա՜յ, լե, լե, վայ, լե, լե, Վայ, լե, լե, լե, լե, Իմ յարն ինձնիցա սառել, Ա՜խ, չորնա, վա՜խ, ա՛յ յար, Չար մարդու լեզուն: Քամին փչումա պաղ-պաղ, Լերթ ու թոքս անում ա դաղ: Յար, ինձ բեմուրադ արիր, Սերդ ինձնե զատ արիր:
|