ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
___________________
ՀԻՆ ԵՐԳ
Չեմ հարբելու այսուհետև–
Ուշ է - էլ ոչ մի մաղձ,
Պիտի ապրեմ` պարզ ու թեթև,
Ու նվիրվեմ - կանանց։
Ե՞րբ էր - ձեռքս բաժակ առա,
Ու ըմպեցի մի քիչ.
Ա~յ քեզ հրաշք բաժանարար–
Ինձնից մնաց - Ոչինչ։
Բաժանվեցի երկու մասի, –
Մեծ Ոչինչներ - դատարկ,
Խմողների Բարձր Դասին,
Անե~ծք, տղերք - ու փառք։
Չեմ հարբելու այսուհետև,
Ոչ մի կաթիլ - սև մաղձ,
Ապրելու եմ պարզ ու թեթև,
Օ~, Տե~ր – փրկի~ր կանանց։
Ո~ւշ է, տղա~, էլ ո՛չ մի մաղձ–
Հեր՛ն անիծած - կանանց։
ԱՆԴԻՆ
Բանաստեղծ Վահան Վարդանյանին
1.
Պատրաստ եմ ահա –
Գոտեպնդվո՛ւմ եմ –
Ես երկար ճամփա ունեմ անցնելու։
Իմ երազանքի ճամփորդությունն է։–
Ճամփաս երկինքն է,
Քառուղիներս՝ Երկնքից անդին։
Իմ նախնիները
Հերթով մեկնեցին։
Մեկնեցին մեկ-մեկ,
Մեկնեցին մենակ,
Կամ հազարների թվաբանակով։–
Ու - էլ ետ չեկան։
Մեկը նրանցից ինձ լուր չբերեց։
Ես սպասում եմ
Նրանց գալուստին։–
Խիստ տագնապում եմ,
Ոչ մի լուր չունեմ։
Հայտնության գիրքը ուղեցույցն է իմ։
Տեղիցս ելնեմ,
Ես - պիտի մեկնեմ։
2.
Ես պիտի բազմեմ մի շքեղաշուք
Մահվան աստղանավ
Ու ճամփա՛ս ելնեմ։
(Տե~ր Աստված, որքան իմաստուն ես դու,
Որ շնորհեցիր առիթն այս միակ՝
Մխիթարանքի խարիսխը բանող,
Եվ առագաստը՝ վերևներ տանող։
Այլապես, ինչպե՞ս կարդարանայի
Նույն ճամփան կտրած նախորդներիս մոտ) ։
Անմահությունը պատիժ էր դաժան։-
Արդեն քսան դար
Գամված եմ հոդին,
Եվ ահա, հիմա,
Շնորհապարտ եմ ես Արարողին -
Առագաստս բաց
Ինձ վե~ր է տանում։
(Գաղտնիք պիտ պարզեմ՝ այդ ինչ են անում
Մեռյալներն այնտեղ որ համառորեն
Չեն վերադառնում) ։
Գաղտնիք աարզելու
Պահ հրաշալի,
Եզակի՜ պահ է –
Ես պիտի մեկնեմ։
3.
Առագաստս է բաց
Ու նավս՝ սարքին։
(-Օ~, իմ անմահներ,
Մնացեք բարյավ,
Երկար չեք տխրի –
Կվերադառնա~մ...):
Մինչ նոր հանդիպում,
Օ~ն - դեպի Անդին։
...Պատրաստ եմ ահա,
Գոտեպնդվա~ծ եմ։
Ես երկար ճամփա ունեմ անցնելու։
***
Եվ մոտենում է, նա մոտենում է,
Երբ որ հատնում է -
Հոգեվարքը։
Եվ հեռանում է, նա հեռանում է,
Երբ որ հառնում է -
Հոգեվարքը։
Եվ նա մնում է, նա է, մնում է
Եվ ինքն է բանում -
Հոգեվարքը։
Նա մոտենում է, նա հեռանում է,
Նա միշտ մնում է -
Նա ի՛նքն է –
Հավերժ հոգեվարքը։
ՍԻՄՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
(Ներբող հեռվում մնացած նկարչին)
Դու հեռացար ո՛չ այնպես, ինչպես ասուպն է ընկնում,
Դու խոյացար առ երկինք - մարքի բոցի պես–ելմա~ն,
Քեզպեսները չեն հանգչում - նրանք, անշուշտ, երկնքում
Սուրո~ւմ են – չե~ն մահանում։– Օ~, դու ոգու ես նման։
Ոգի~, որ տարերքի պես, հոգուդ տեսիլքը առած,
Դեգերո~ւմ է - ու նրան - Հունից Անհայտն է տանում,
Բայց ոչ մի հո~ւն, – Օ~, Սիմոն, – չէր հանդարժի տառապած
Հոգիդ այստե՛ղ - Քո երկրում - և երկնքում քո անհուն։
Դադարներում երջանիկ նա իջնում է կտավից,
Եվ պոկվելով նրանից, – հրա~շք, – պատկե~րդ է թողնում
Էդպե~ս ասենք.– բայց, Սիմո~ն, ինչե~ր հիմա կտայինք,
Որ քո վրձինը հղեր – Տե~ղն, ուր սիրտդ է անթեղվում։
Դու հեռացար ո՛չ այնպես, ինչպես ասուպն է ընկնում.
Դու խոյացար առ երկինք - մարքի բոցի պես - ելման,
Քեզպեսները չեն հանգչում, նրանք, մեկ է, երկնքում
Սուրում ու չե~ն մահանում։– Օ~, դու ոգո՛ւ ես նման։
ԳԵՂԵՑԻԿ
Գեղեցիկ եք, վարդե՛ր, գեղեցիկ ես, ի՛մ կյանք,
Գեղեցիկ ես, արդեն, օ~, մեծ սիրո պատրանք,
Ի~նչ հրաշք է, Աստված, ի~նչ հրաշք է, որ կանք –
Մենք այս գիշեր։
Գեղեցի՛կ եք, մարդի~կ, մնացե~ք ձեր հեռվում,
Գեղեցի՛կ եք– աստղե~ր, որ անփույթ եք վառվում,
Գեղեցի՛կ եք, հուշե~ր, որ մեռնում, չե~ք հառնում –
Հենց այս գիշեր։
Գեղեցի՛կ ես և դո՛ւ, իմ մենություն, հիմա՛,
Գեղեցի՛կ ես, տեսի~լք, որ թվում ես անմա՛հ,
Գեղեցիկ ես և դու, օ~, հեռավոր իմ մահ –
Օ, ա՛յս գիշեր։
ԿԱՐՈՏ
Կարոտը Անուն չունի: –
- Անունդ ի՞նչ է, կարո՛տ,
Օ~, հանկարծ Աստված չանի
Անունով ելնես, գաս մոտ։
Մո~տ արի, բա~ց է դուռս,
Լա~վ շոյվիր, շնավարի~,
Բացում եմ նաև բուռս,
Տե՛ս, ի՞նչ կա – կե՛ր՝ չսառի~։
Մի~ խորշիր, սի~րտ եմ պարզել,
Քո շնչից հաշմված սիրտ,
Հակված եմ դեմդ - անզեն –
Վայելի~ր ուշիմ ու կիրթ։
Սպասք է ու սկուտեղ
Իմ ափը – կե~ր, ի՛մ անտուն,
Կե~ր սիրտս - միայն սերտեմ
Անո~ւնդ – օ~, Անանուն։
ԽԱՎԱՐԻ ԽԱՂԵՐ
Օ~, Խավարի թագուհի, կրկին եկար ինձ այցի,
Ու գիշերիդ հանդիման - անզեն ու զուրկ մնացի։
Մղձավանջդ բերեցիր ու տեսիլքներ ցանուցիր
Ու ծանրացար դու վրաս - չմեկնեցիր ոչ մի ծի~ի։
Եվ ես պարտված ու լքված - լույս ու մութում մնացի,
Օ~, Թագուհի, հար - նման մթնում տրվող մի քածի։
Եվ ուղեղիս ծալքերից - քաոսներս քամեցիր,
Դու թողեցիր, որ հոգիս հածի, անհույս հալածվի։
Հազարադեմ տեսլացար.– հազարաթև փարվեցիր,
Այգս մարեց քո ափում - Դու ի՛մ այգը մարեցիր։
Օ~, Խավարի թագուհի, ի~նչ ես ուզում ինձանից –
Այգ կա - բան չի մնալու - ինձանից ու քեզանից։