Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

19:03, cuma, 21 temmuz, 2017
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

ՀԱՎԵՐԺԻ ԲԱՆԱԼԻՆ
     /էսսե/

|Մառախլապատ մի առավոտ, երբ ճնճղուկները լքել էին սաղարթներն ու թաքնվել տանիքների հովանու ներքո, գրողը դուրս եկավ տնից ու բռնեց անհայտության ճամփան: Բազում ինքնաթիռներ փոխեց, կտրեց ծովեր և օվկիանոսներ, մինչ արևադարձային մի երեկո չհայտնվեց անծանոթ լճափին, ուր ուռենու տակ կիսամերկ մի ծերուկ էր նստած. փարթամ մորուքով էր, ածխաբիբ աչքերով:
     – Բարև, հայրի՜կ, – հարգալից ողջունեց, – գուցե դո՞ւ իմանաս անշոշափը շոշափելիին համակցելու գաղտնիքը:
     Մարդը, որ ճիպոտի ծայրով ավազին ինչ-որ բան էր խզմզում, չկամությամբ կտրվեց գործից.
     – Եթե կարողանաս հոգուդ հետ խաչվել, – ասաց, – միգուցե՝ ամբողջանաս, բայց հաստատ կկորցնես մահվան ու հավերժության ճանապարհը:
     – Հավերժությա՞ն... – ինքնաբերաբար կրկնեց՝ մռայլվելով:
     – Ավա՛ղ...– ծոր տվեց ծերունին: – Երկնային բոլոր էակներն էլ անցել են դրա միջով...
     – Ինչպես թե... Մի՞թե հրաժարվել են անմահությունից:
     Անծանոթը ժպտաց՝ ի ցույց դնելով անատամ լնդերը:
     – Երբ Տիեզերքում ինչ-որ բան է ծնվում, վաղ թե ուշ մեռնում է, – բացատրեց, – ոմանք էլ անհետանում են հազարամյակներ անց, քանզի ամեն սկիզբ վերջ է ենթադրում, անգամ՝ արփիաշող աստղերի ծնունդը:
     Գրողը սսկվել, նրան էր նայում ափ ընկած ձկան հեղձվող հայացքով և մի պահ թվաց, թե ներսում մի բան է հալվում, ինչպես հուսաբեկ կերոնը՝ սեփական ջերմությունից...
     – Ուզում ես ասել՝ հավերժության գաղտնիքը բանալի չունի՞:
     Ծերուկը քթի տակ խնդմնդաց.
     – Թերևս, մտքի հորինվածքն է հավերժ, երբ անցնում է ժամանակների միջով ու աչքերը կկոցելով՝ հարցրեց: –Մի՞թե հազարամյա կյանքը հավասար չէ հավերժության...
     – Դա հարաբերական հասկացություն է:
     Ծերունին խոժոռվեց, աչքերի փայլը խամրեց.
     – Օտարակա՜ն, թեև բանալին ձեռքիդ է, բայց համառորեն չես ուզում տեսնել բանալու անցքը...
     Գրողը հեգնալից ծպպացրեց լեզվով:
     – Տիեզերքում բացարձակ արժեք չկա. ա՜յ, մրջյունները, – արդեն անկիրք շարունակեց, – նրանց համար մեր կյանքի տևողությունը հավերժության չափ մեծ է, մեր ապրածը Տիզերքի անսահմանության մեջ՝ սոսկ ակնթարթ... Այո՜, ներանձնական լռության, արարչագործ մտքի թռիչքի մեջ է պարփակված անմահության խորհուրդը, մնացյալը ունայն է, դատարկ, քամահար ճոճանակի անիմաստ շարժում՝ վեր-վար, վար-վեր...
     Բռունցքում ծերունահակ հազաց.
     – Կյանքը նման է լարախաղացի պարանի, և բավ է, կորցնես հավասարակշռությունդ՝ կգահավիժես (եթե մինչ այդ, իհարկե՜, այն չկտրվի) ... – և այդ ասելիս դեմքը գունատ էր, ինչպես լճում սուզված լուսնի արտացոլաքը: – Մի՜ ծանրաբեռնիր ուղեղդ, օտարակա՜ն, մի՜ փնտրիր անորոնելին, քանզի այն քո մեջ է՝ քո հողեղեն, բայց տիեզերածին անոթում...
     – Ուրեմն բացարձակ հավերժականը միայն Մահն է...– եզրակացրեց գրողը:
     Ծերունու աչքերը նորից կրակվեցին.
     – Ըստ քեզ, Շեքսպիրն անմա՞հ է, թե՞ ոչ... Իսկ նրա հոգեզավակներ Համլետն ու Օթելլո՞ն:
     Գրողը լուռ էր. մի բարակ ցողուն էր ծամծմում, հայացքը՝ լճի սաթագույն ջրերին:
     – Ստեղծագործ մտքի համար չկա արգելք, հատկապես, երբ պատմուճանվում է արարչի շապիկով: Վերադարձի՜ր, օտարակա՜ն, շարունակի՜ր արժևորել կյանքը, որ տրված է մեզ...
     Ու տրեխների տակ դատարկ, լքված խեցիների պատյանները խշրտացնելով՝ շտապեց սաղարթներով ստվերված ճյուղահյուս քոլիկի կողմը, որի շեմին կողք-կողքի խաղաղ պառկած էին ձեռնասուն հովազն ու սպիտակ այծը: Գրող շրջվեց, մտազբաղ քայլեց ետ. հիմա ամենից շատ ուզում էր առանձնանալ՝ մարսելու համար ծերունու ասածները..

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4541 | 0 | 0
Facebook