Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մի հատ դոմիկ եմ ուզում, ու ապերն էլ հիվանդ չլինի»

INESA
Yazar:
INESA
15:07, pazar, 03 temmuz, 2016
«Մի հատ դոմիկ եմ ուզում, ու ապերն էլ հիվանդ չլինի»

«Ասում եմ՝ էրեխեք ջան կնշենք, բայց միշտ չի, որ ստացվում ա: Փոքր թխվածք եմ թխում ու ասում, որ մի օր էլ մենք լավ կնշենք», - տոներին այսպես է Գայանեն մխիթարում երեխաներին, որոնք քմահաճ չեն, բայց երբեմն ավելին են ակնկալում:
    
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խարխլված ու խավարի մեջ թաղված փոքրիկ տանը Գայանեն հաճախ է հիշում երջանիկ օրերը, երբ ինքն էր սոցիալապես անապահով մարդկանց օգնում: Ամեն ինչ փոխվեց 2003 թ.-ին, երբ առաջին անգամ ամուսնացավ: Համատեղ կյանքի ընթացքում միայն Գայանեն պետք է պարզեր, որ ամուսինը հարբեցող է: «Բանտ նստեց, դուրս եկավ, նստեց-դուրս եկավ, սոված-ծարավ էինք մնում: Հետո տղայիս հիվանդացրեց», - կսկիծով հիշում է կինը: Այսօր էլ կալանավայրից սպառնալիքներ է ստանում նախկին ամուսնուց, որը խոստանում է դուրս գալուն պես հաշվեհարդար տեսնել ընտանիքի հետ: Գայանեն վարձակալած տանն ապրում է 82 տարեկան մոր և երեք անչափահաս երեխաների հետ: Տան եկամուտը գոյանում է 35.000 դրամ աղքատության նպաստից, և Գայանեի մոր ծերության թոշակից՝ 35.000 դրամ: Տան վարձը 30.000 դրամ է, գումարած կոմունալ վճարները; Գայանեն ամաչելով նշում է, որ սնվելու փող չունենալու պատճառով օգտվում են բարեգործական ճաշարանից: «Մաման հասկանալով մեր իրավիճակը՝ էդ տարիքին գնում է օղու պահեստ ու փայտ ու արկղեր տեղափոխում»: Ավագ որդու՝ Մարտիկի մոտ բժիշկները ախտորոշել են էպիլեպսիա, բայց Գայանեն եզրակացության հետ համաձայն չէ: Նրա կարծիքով՝ գլխի հատվածում, հորից ստացած հարվածի պատճառով հեմատոմա է առաջացել, ինչն էլ սուր գլխացավերի ու ուշագնացությունների պատճառ է դառնում:

«Ուզում ենք թոշակավորել, բժիշկները գումար են ուզում, հիմա կաշառքի դար ա: Ասում են՝ պիտի վատացած ժամանակ նկարես, որ հավատանք, որ ուշքը գնում է»: Գայանեն իր բախտը փորձել է երկրորդ անգամ, ու երկրորդ ամուսնու հետ համատեղ կյանքում մայրացել երրորդ անգամ: Սրբուհու հայրը, սակայն, ամիսներ անց հրաժարվել է Գայանեի հետ բնակվելուց, ու ժամանակ առ ժամանակ տեսակցել աղջկան: Ի վերջո, հայրական զգացումները տեղի են տվել, ու վերդարձել է ընտանիք:

«Մի շաբաթ ապրեցինք, գործի տեղն ինֆարկտ խփեց, մահացավ», - երկու շաբաթ առաջվա կորուստը հիշելով՝ հուզվում է այրիացած Գայանեն: Վերադառնալուն պես վարկ էր վերցրել, պլանավորել էր ընտանիքի հետ նոր տուն տեղափոխվել, խավարի մեջ երջանկության փոքրիկ լույս էր բացվել, որ պիտի շատ շուտ մարեր: Զրույցի ընթացքում տուն վերադարձած Մարտիկը հայտարարում է, որ էլ հիվանդանոց չի գնալու, ու լավ է, կտրականապես հրաժարվում է լուսանկարվել ու խոսքի բռնվում, երբ հերթը հասնում է երազանքներով կիսվելուն: Ասում է, որ տուն ունանալու դեպքում ամեն ինչ տեղը կընկնի, որ կաշխատի ու մոր հոգսը կթեթևացնի: «Մի հատ դոմիկ եմ ուզում ունենանք, մեկ էլ ապերն էլ հիվանդ չլինի», - ասում է Գուլյան, որը երեխաներից ամենաանմիջականն էր: Որպես վերջաբան, Գայանեն հավատացնում է մեզ, որ չգիտի երբ, բայց լավ է լինելու, որ տղան ոտքի է կանգնելու, ու մայրն այլևս ստիպված չի լինելու այդ տարիքում տղամարդկային ծանր աշխատանք անել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4437 | 0 | 0
Facebook