Այսօր բավականին նորաձեւ է մարմնի տարբեր մասերին դաջվածքներ ունենալը։ Հայաստանում՝ հատկապես երիտասարդության շրջանում, այդ երեւույթր լայն տարածում է գտել վերջին տասնամյակում։ Մեր զրուցակիցները փաստում էին, որ այդ կերպ ցույց են տալիս իրենց պատկերացումներն այս կամ այն հարցի շուրջ, իհարկե, փորձում են տարբերվել շրջապատում։ Հարկ է նշել, որ հնում դաջվածքներ արվել են ստրուկների եւ տնային կենդանիների վրա՝ օտար ցեղերի կողմից առեւանգման վտանգից խուսափելու եւ տարբերակելու համար։ Իսկ այսօր պատկերն այլ է, երիտասարդներն անում են դաջվածքներ՝ առանց երկար մտածելու, թե դրանք որքան վտանգավոր կարող են լինել սեփական առողջության համար։
Մեզ հետ զրույցում Արմինեն նշեց. «Ես սիրում եմ դաջվածք ունենալ մարմնիս վրա, այն, իմ կարծիքով, ինձ ավելի նորաձեւ է դարձնում։ Եվ ես պատրաստվում եմ այլ դաջվածքներ եւս անել» ։
Իսկ մեր հաջորդ զրուցակիցը՝ Գայանեն, ուղղակի տանել չի կարողանում դաջվածքները, քանզի դրանք վտանգավոր է համարում առողջության համար։ «Տատուներ անելիս հատուկ մշակված հակացուցումներ չկան։ Թերեւս միայն այն, որ խստորեն պետք է պահպանել հիգիենայի կանոնները եւ ճիշտ խնամքը։ Հակառակ դեպքում մեծ է վարակների եւ բորբոքումների առաջացման հավանականությունը», - մեզ հետ զրույցում ասաց Կիեւյան փողոցում գտնվող դաջվածքի սրահի մասնագետ Հերմինե Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, եթե որեւէ մեկը որոշել է դաջվածք անել, ապա լավ կլինի երկար մտածի՝ ռիսկի դիմելուց առաջ, դաջվածքը հանելը եւս բարդ է, եւ արդյո՞ք պահի տակ ընդունված որոշումը իմաստ ունի արտացոլել սեփական մարմնի վրա՝ ընդմիշտ կամ տեւական ժամանակով: Իմիջիայլոց, Հայաստանում սկսել են նաեւ հինայով դաջվածքներ անել, որոնք ժամանակավոր են եւ անվտանգ:
ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2015/12/14/639137/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից