Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար, Եվրոպական խաղերի Օպերացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովը Բաքվում մասնակցել է Եվրոպական առաջին խաղերի բացմանը նվիրված մամլո ասուլիսին:
Իր ելույթում նա անդրադարձել է նաև այդ խաղերին հայ մարզիկների մասնակցությանը. «Բաքվում Եվրոպական առաջին խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցելը նմանատիպ առաջին դեպքը չէ»:
Ռահիմովը հիշեցրել է, որ հայ բռնցքամարտիկներն Ադրբեջանում մասնակցել են պատանիների շրջանում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը. «Միջազգային միջոցառումների կարգավիճակը նախատեսում է բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցություն: Դրա հետ կապված՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մշակվել է որոշակի մեխանիզմ:
Կա նամակ, որը պետական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը, և դա բավական է»:
Ռահիմովը հավելել է, որ առաջիկա տարիներին Ադրբեջանում անցկացվելու են միջազգային մարզական խոշոր մրցաշարեր, որոնց ցանկության դեպքում կարող են մասնակցել բոլոր երկրների ներկայացուցիչները: