Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինքնակամ աքսոր դեպի Սիբիր. «Չցավել, չծիծաղել, չատել, այլ` հասկանալ»

11:39, pazar, 17 mayıs, 2015
Ինքնակամ աքսոր դեպի Սիբիր. «Չցավել, չծիծաղել, չատել, այլ` հասկանալ»

«Չցավել, չծիծաղել, չատել, այլ` հասկանալ», բայց դրա համար առնվազն պիտի Սպինոզա լինել։ Որքան պիտի մարդը տխրի, որ բռնի ու իրեն ինքնակամ քշի, աքսորի Սիբիր։ Ու ես այդ ինչ արիստոկրատ փիլիսոփա պիտի լինեի, որ կարողանայի ճտպտան մի զրույց սկսել այս մտածող կնոջ հետ, որն այս պահին անցնում է տառապանքի մազե կամրջով՝ այն ափին թողնելով մինուճար որդուն, տաք ու անուշ տունը։ Իսկ ինչու ձեզ չպիտի ազնվորեն խոստովանեմ իմ մասնագիտական այս պարտությունը։ Այո՛, Շուշան Միրումյանի հետ ես չեմ կարողացել զրուցել, որպես լրագրող պարտվել ու տապալվել եմ, չի ստացվել անգամ մի քանի հոդաբաշխ հարց տալ նրան։


    

Միգուցե բոլոր բանավոր զրույցներին հնարավոր չէ տալ գրավոր տեսք, չէ՞ որ մարդիկ տեղեկատվության զգալի մասը փոխանցում են ոչ թե խոսքով, այլ ուրիշ նշաններով՝ օրինակ՝ լացով, ծանր հոգոցով կամ հենց երկար, անվերջանալի թվացող պաուզայով։ Այս նշաններն էլ որոշակի տեքստեր են, իհարկե։ Ու ես այս պահին ձեզ խնդրելու եմ, միգուցե անկարելի մի բան՝ օգնեք ինձ ուղղել իմ մասնագիտական սխալը և կարդալ այս զրույցն իր նախնական՝ վերբալ հարթության մեջ, գտնել նրա խորքում թաքնված լուռ զրույցը։ Անշուշտ, խելքից դուրս բան եմ ես հիմա ասում, բայց արդյո՞ք այս սպառնալից արտագաղթը վաղուց չի լքել մեր բանականության, գիտակցության սահմանները և չի հայտնվել խելքից դուրս հարթության վրա, մի տեղ, ուր մեր բառերն այլևս չեն կարողանում հասնել. ծանր հոգոց, ապա՝ անտակ մի պաուզա...


    

-Բարև Շուշան ջան, ո՞նց ես. անընդհատ մտքումս ես, գիտե՞ս. էդ սիբիրներում գոնե տունուտեղ, գործ գտա՞ր։


    

- Հիմա Նովոսիբիրսկում եմ։ Ապշած եմ, գիտե՞ս.փաստաթղթային լուրջ խնդիրներ ունեի, բայց ինձ լրիվ անծանոթ հայ մարդիկ հարազատի պես կողքս կանգնեցին։ Մի հայ մարդ, ում կյանքում առաջին անգամ էի տեսնում, զանգեց իր մի ընկերոջը՝ թե մեր աղջիկն է, մենք պիտի օգնենք, երբ ինձ չէր էլ ճանաչում։ Ու պատկերացրու՝ այնտեղից ընկերը հարցնում է՝ քո բարեկա՞մն է, սա էլ թե՝ դու չգիտե՞ս, որ բոլոր հայերով իրար բարեկամ ենք, պիտի օգնենք, հո իրար մենակ չե՞նք թողնելու էս սիբիրներում։


    

Ինձ փրկեցին, Վարդ ջան, ուղղակի փրկեցին։ Ու պատկերացրու, ես Հայաստանից եկած հայի մտածողությամբ մտքումս հաշվում եմ, թե՝ լավ, 11.30-ին ավտոբուսը տեղ կհասնի, ուշ ժամ է, պիտի որ մի հյուրանոց գտնեմ՝ գիշերեմ և միայն առավոտյան հանդիպեմ նրա ընկերոջ հետ։ Այս մտքերով ընկած տեղ եմ հասնում ու էս անծանոթ մարդն իր տղայի հետ հենց ավտոբուսի դռների մեջտեղում ինձ դիմավորում է ու նրա առաջին նախադասությունը՝ գնում ենք մեր տուն։ Ու տանում է իրենց տուն․ այնպիսի տպավորություն է, կարծես ես մի հազար տարի այդ մարդկանց ճանաչում էի։ Կինը՝ սասունցի մի աղջիկ, հրաշալի, ջերմ, թե ոնց էր վերջում պայուսակս խցկել նաև երեք լիտրանոց մեղրի բանկան ու լավաշը, չէի էլ նկատել։ Գիտես, այնպիսի տպավորություն էր, կարծես հանդիպել էի 88-ի էն հային, որին կարծես կորցրել ենք հայրենիքում։ Չգիտեմ, կարողացա՞ քեզ հասցնել այն, ինչ զգացի։ Ամբողջ գիշեր միասին մղկտացինք, ասում էինք՝ մենք ինչո՞ւ պիտի մեր երկիրը թողած ՝գայինք ընկնեինք էս աքսորավայրը...


    

-Մի հուզվի, սպասի, մի լացի ...Շուշա՛ն։


    

-էհ, Վարդ, որ իմանաս, որքան եմ քեզ կարդում ու հավատում, բայց ախր միայն էդ բաներով ապրել չի լինի։ Հիմա էլ առավոտը վեր եմ կենում, նայում էս ցուրտ անվերջանալի Ալթային ու սիրտս պայթում ա։ Բոլորն էլ ուզում են հետ գան, բայց գան ո՞նց ապրեն, ի՞նչ անեն։ Այդտեղ հայ տղամարդուն գլխատեցին լրիվ. էն աշխատասեր, ուժեղ, արժանապատիվ տղամարդկանց։ Հիմա ստիպված՝ մենք ենք ոտքի կանգնել, բայց սա մեծ կոնֆլիկտ է, հայ տղամարդը չի կարողանում սա մարսի, դրա համար է այդքան ընտանիք քանդվում։ Մի քանի օր առաջ իմ ռուս տնօրենն ասում էր՝ հայերը հազար անգամ մեզնից աշխատասեր են։ Ես էլ ասի՝ եթե մի անգամ ինքնաթիռով թռչեք Հայաստանի վրայով, կտեսնեք, թե որտեղից է այդ աշխատասիրությունը։ Մերը խնդրած, աղաչած, կռիվ տված, քարի կտորներ են։ Ասի՝ միայն հայը կարող էր էդքան քարը մաղել, ու հող սարքել դրանից։ Իր սեղանին լավաշի չորացած կտոր էր մնացել, ասում էր՝ հին է արդեն, պիտի գցեմ։ Վերցրի, մի քանի կաթիլ ջուր շաղ տվի վրան ու լավաշը վերակենդանացավ։ Ասում եմ՝ տեսնում եք, մենք հենց այս լավաշն ենք, որքան էլ մեզ չորացնեն, մի քանի կաթիլ ջրով էլի հետ կգանք, բայց ո՞ւր է, հիմա երկրում կա՞ էդ մի քանի կաթիլ ջուրը։ Դե ասա։


    

–Ինչ ասեմ՝ չգիտեմ։ Բայց մերոնք էդտեղ ո՞նց են...


    

– Ես չեմ կարող հաստատ բան ասել բոլորի մասին։ Համենայնդեպս, հայերն այստեղ ցածր դիրքերում չեն։ Հատկապես լավ վիճակում են կրթված մարդիկ։ Իսկ սև աշխատանքից հիմա ռուսներն էլ չեն խորշում։ Այս ռուսը հին ռուսը չէ։ Ճիշտ է, հիմա էլ է ինքը խմում, բայց նրան ամեն օր քարոզում են ուժեղի, անպարտելիի գաղափարախոսությունը։ Եվ դա տալիս է իր արդյունքը։ Ի դեպ, այստեղ աշխատող հայերի կարծիքը կարող եմ ասել։ Ասում են՝ առաջ մեզ ավելի հեշտ էր, որովհետև ռուսը չէր աշխատում, ծույլ էր։ Իսկ հիմա խելոքացել է ու ինչքան խելոքանա՝ վերցնելու է աշխատանքի առյուծի բաժինը ու տակի մնացածները մեզ տա։ Մենք լավ ենք հասկանում, որ ուրիշի երկրում հյուր ենք։ Դրա համար էլ բոլորը լացակումած մի բան են ասում՝ մեր տանը լավ լինի, գնանք մեր տուն։ Ի դեպ՝ սա ասում են նաև այն մարդիկ, ովքեր միջին և ավելի բարձր սոցիալական ստատուս ունեն այստեղ։


    

–Բայց լավի ուրիշ հույս չկա, մարդիկ պիտի իրենց տուն վերադառնան, որ լավ լինի, երկիրն առողջանա, չէ՞։ Այսօր Հայաստանի մարմինն է այստեղ, սիրտը դրսում է արդեն...


    

–Ես միշտ ասում էի՝ ես ամենավերջինն եմ գնալու։ Բայց հասավ այն պահը, որ ֆիզիկապես ապրելու հնարավորություն էլ չկար։ Ես ամաչում էի, որ չեմ կարողանում 70 տարեկան ծնողներիս մի բանով օգնել։ Բայց այդ մարդիկ իրենց կյանքում վաստակել են այդ հարգանքը։ Ես գիշերները չէի կարողանում քնել...


    

–Շուշան, մի՛... եթե հուզվում ես, հետո խոսենք...


    

–Վարդ, գիտե՞ս, ես մի սարսափելի բան հասկացա՝ հայը փոխվում է։ Ես այստեղ հանդիպում եմ մարդկանց, որոնք 88 թվից են եկել։ Մենք երբվանից չէիք տեսնում մի պարզ ու հասարակ բան՝ որ հայ տղամարդը ճանապարհի քեզ, իր տանից դուրս եկող տաքսու փողը գոնե տա։ Ես մոռացել էի, որ նման բան է եղել Հայաստանում, որ մեր հայրերը, եղբայրները, անգամ հարևանի տղաները քո տաքսու գումարը մինչև չտային, չէին հեռանա։ Ախր Հայաստանի այս վիճակը վաղուց վեր է զուտ սոցիալականից, հայի տեսակն ու որակն է կորում։


    

–Դե սոցիալականը աստիճանաբար փոշիացնում է ինքնությունը, բայց շատ լավերը կան, հավատա։ Ես երբ...


    

–Հա, իհարկե կան, անպայման կան, բայց քիչ են և գնալով ավելի քչանում են։ Մարդկանց բերել, լցրել են էս աքսորավայրը, բայց տեսնես, թե սրանք ոնց են սիրում իրենց երկիրը, իրենց նախագահին։ Փորձվես իրենց մոտ Պուտինին քննադատել, ասում են՝ նրա օրոք մենք սկսեցինք ավելի լավ ապրել, նա լավ նախագահ է։ Սա առասպել է, թե ինչ է, համենայնդեպս իրենց շարժում է, մարդիկ իրենց մաշկի վրա են զգում երկիրը, տեսնում են փոփոխություններ և օրեցօր ավելի լավ կյանքի են ձգտում։ Բա ռուսը Պերմյակովին պիտի պահի, բա ի՞նչ պիտի անի։ Շան ծնունդ է, ի՞նչ է, համենայնդեպս իրենց շան ծնունդն է։ Մերոնց նման չեն բռնում ու իրենց պետության քաղաքացիներին գցում էս Սիբիրի չոլերը, նրանք իրենց մարդասպանին անգամ տեր են կանգնում՝ խախտելով մեր օրենքը։ Գիտե՞ս, այստեղ տարբեր ոլորտների ինչ բարձրակարգ մասնագետներ կան, բա ափսոս չէ՞, որ նրանք էդ ամբողջ ռեսուրսը դրել են ռուսի ոտքերի տակ։ Եվ ստացվում է, որ մենք այն երկրի համար ենք աշխատում, որի զենքը կրակում է սահմանին կանգնած հայ զինվորների վրա։ Էս միտքն ինձ սպանում է։ Սրանից մեծ ողբերգություն կա՞։


    

–Դրա համար միգուցե տուն գալն է ճիշտ, ո՞վ է մեր երկիրը սարքելու՝ տա ձեռքներս, թե հիմա երջանիկ ապրեք...


    

–Դու լավ գիտես, ես մասնագիտությամբ դեղագործ եմ, բայց եթե մեր երկրում այդ ոլորտով զբաղվում է Լֆիկի պես արժեհամակարգով մեկը, ես կարո՞ղ էի այդտեղ շարունակել մասնագիտական գործունեությունս։


    

–Շուշան, դու լավ գիտես այդ համակարգը, ասա ինձ, թե ինչ մեքենայություններ են կատարվում այդ շուկայում։ Վերջին մեկ տարում անգամ իմ բժիշկներն են ինձ զգուշացնում, որ մեր դեղատներում մեծաքանակ կեղծված դեղեր կան և խորհուրդ են տալիս դրսից բերել դեղորայքը։ Փաստորեն լռելով այս մասին, մենք վտանգում ենք բոլորիս առողջությունը, այդ դեպքում՝ ինչո՞ւ լռել։


    

–Ինչո՞ւ, բացի ինձնից ու քեզնից ոչ մեկը չգիտի՞ այս մասին։ Ստուգող, վերստուգող, իրավապահ մարմիններ չկա՞ն Հայաստանում։ Եթե մի ամբողջ երկիր չի կարողանում կասեցնել այդ մարդու գործունեությունը, որը համատարած բոլոր շուկաներում զբաղված է տարբեր ապրանքանիշների կեղծմամբ, գոնե զսպել կարո՞ղ է դրա ախորժակը և դեղագործական ոլորտն անջատել դրա թագավորությունից։ Գիտես, իմ մեջ երբ ծնվեց այդտեղից հեռանալու միտքը. տղաս «Սեպտոլետե» էր խմում ու մի քանի անգամ դժգոհեց, թե ինչ–որ զզվելի համ է սկսել առնել այդ դեղից։ Ես մտածում էի, թե դեղ չխմելու պատճառաբանություն է և առանձնապես ուշադրություն չէի դարձնում։ Բայց մի օր էլ երբ մեր իսկ պահեստից ուզում էի այս դեղը գնել, պահեստում աշխատող ընկերուհիս զգուշացրեց, որ դա «էն պարտիայից ա», պետք չէ տուն տանել։ Դե պատկերացրու իմ վիճակը։ Ես այդ օրը հասկացա, որ այլևս անզոր եմ այդ ամենի դեմ պայքարելու. ինչ–որ տեղ ես էլ եմ հանցակից դառնում այս ամենին...սա դաժան զգացողություն էր, և ես թողեցի այդ հիմնարկն ու հեռացա. անգամ ծաղիկ էի ծախում, միայն թե այնտեղ չվերադառնամ։ Բայց այդ բարքերը վարակի պես քայքայում են Հայաստանի ողջ օրգանիզմը։


    

–Այդտեղ ինչ է՝ ա՞յլ են բարքերը...


    

–Չես կարող ասել, թե ամեն բան իդեալական է, բայց գոնե նման խաղեր ոչ մեկը չի կարող տալ։ Ես մի խոշոր դեղատան վարիչ եմ աշխատում և հազարներով կտուգանեն ինձ, եթե օրինակ՝ կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի վրա թեկուզ մի չնչին տոկոս ավելացնեմ։ Պետական կարգ կա, և բոլորս պարտավոր ենք ենթարկվել դրան։ Իսկ Հայաստանում ես պարզապես քայքայվում էի այդ անօրինականություններից. էլ ուժ չկար...


    

Ի դեպ՝ Սիբիրի ժողովուրդը շատ բարի ժողովուրդ է։ Այդ Պերմյակովի դեպքերից հետո անձամբ ես այնքան ներողություններ եմ լսել։ Իրենք գլուխները չէին բարձրացնում, որ մեզ նայեին։ Իրենք իրենց, ժողովրդի անունից ամենավերջին բաներն էին ասում այդ տականքի հասցեին։ Անգամ մի գեներալ, նրա ընտանիքը ներողություն խնդրեց։ Եվ սա այն պատճառով, որ հայերն այստեղ արժանապատիվ են իրենց պահում։ Այսօր էլ, ի տարբերություն այլ ազգերի, չես տեսնի բարաքում ապրող գոնե մի հայ։ Այ հենց դրա համար եմ շատը ցավում, ախր մենք գաղթականի կենսաձև ու հոգեբանություն չունենք։ Ես քեզ անկեղծ եմ ասում, ես այստեղ չեմ կարողանում նրանց բացատրել, թե ինչու եմ եկել, որովհետև չեմ կարողանում որևէ վատ բան ասել Հայաստանի մասին, ոնց որ մորդ մասին վատ բան ասես՝ չեմ կարող...


    

-Հա, ինչ սիրուն ասիր, հիմա էլ ինձ մոտ սկսվեց... դու պիտի իմ լացը կտրես...


    

–Հա, Վարդ, դրսից ամեն ինչ այլ է, ավելի ես դողում երկրիդ համար, ցավում է, ամեն ինչդ ցավում է։ Տանտերս պատմում էր, որ իր ընկերը Իսրայելից և Գերմանիայից հետո եկել է ու Հայաստանում վիրահատել սիրտը և հիմա շատ լավ է զգում իրեն, գերազանց վիրահատել են մերոնք։ Նա պատմում էր սա, իսկ ես վախենում էի, որ հիմա իմ սիրտն ուրախությունից կպայթի, չի դիմանա այս հպարտությանը, որ մեր սրտի վիրաբույժներին այսօր էլ դեռ այդպես վստահում են։ Բայց տանտիրոջս ասել էր՝ տեսնես ինչից է, որ հայերն այսքան խելոք և աշխատասեր են, բայց այդպես աղքատ են ապրում։


    

–Շուշան, իսկ փորձե՞լ ես ընդվզել քաղաքական հրապարակներում, միտինգների գնալ, միանալ ընդդիմադիր շարժումների...


    

–Ինձ միշտ ասում էին, դու իսկական հեղափոխական ես, ինչո՞ւ չես գնում միտինգներին։ Բայց ինչպե՞ս գնայի, երբ ես այսօրվա Հայաստանի համար ամենաշատը մեղադրում եմ հենց այն մարդուն, ով հիմա սկսել է ընդվզել իր իսկ ստեղծած համակարգի դեմ։ Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ չէ՞ր, որ առաջին անգամ հրապարակ նետվեց «մեր դեմ խաղ չկա» տխրահռչակ թեզը, հենց ինքն է մեր ընտրությունն ու հավատը բռնաբարել։ Եվ եթե գիտության ինտելիգենտ դոկտորն իրեն կարող է թույլ տալ կեղծել ընտրությունները կամ ԱԺ–ի ցանկապատներից կախել իր ընդդիմախոսներին, ապա ինչո՞ւ պիտի նման գայթակղություններ չունենան նրա հաջորդները...Վարդ, ասա՛, համաձայն չե՞ս, սխա՞լ եմ ասում։ Դու ինձ ոնց որ չես ուզում քո սուր հարցերը տալ, խնայո՞ւմ ես։


    

–Չէ, ես այսօր կարծես կորցրել եմ բոլոր հարցերս, չեմ էլ հասկանում՝ թե ինչու։ Բայց շատ եմ ուզում քեզ լսել, ուզում եմ միայն դու խոսես, մեկ էլ ասեմ՝ պինդ կաց, պինդ, փաստաթղթերի հետ շատ զգույշ եղիր. հեռվում մարդը փաստաթուղթ է, սա միշտ հիշի։


    

– Գիտե՞ս ես մի լավ երեխայի հետ ծանոթացա՝ Հռիփսիմե Շմավոնյան, որ ծնվել ու մեծացել է այստեղ, բայց խոսում է միայն չքնաղ հայերենով։ Պատկերացրու, այս սառն ու օտար երկրում իրենց նախագահի կողմից շնորհված թոշակ է ստանում այս փայլուն երեխան, որը բավականին մեծ գումար, իմիջիայլոց։ Նա բոլոր հայ երեխաներին հավաքում է իրար գլխի և հայերեն սովորեցնում, հայապահպան տարբեր միջոցառումներ կազմակերպում։ Այս երեխան է այսօր դարձել իմ Հայաստանը...


    

Բայց դու իմացի, որ ես չեմ հանձնվել, ես ուժեղանալու եմ ու հետ գամ։ Սա ժամանակավոր է։ Հայաստանում կան մարդիկ, որոնց երբեք պետք չէ մենակ թողնել։ Խոսքս միայն իմ հարազատների մասին չէ, խոսքս՝ օրինակ քո մասին է, էլի մարդիկ կան, որոնց չի կարելի մենակ թողնել այդքան անարդարության հետ և հենց Հայաստանին չի կարելի մենակ թողնել։ Երեխա կա, որ երեք մետրի վրա իր հայացքով քեզ կանգնեցնում, մեխում է։ Ինքը փոքր է, ճիշտ է, բայց դու դեռ պիտի մտածես իր հետ ինչպես վարվել, ինքը փոքր է, բայց այնպիսի հայացք ունի, որ պարտադրում է, որ իր հետ ճիշտ վարվես, իր հետ ճիշտ խոսես։ Հա, իհարկե, նա ռեսուրսներ չունի և կարող է քեզ թվալ, թե նա ամբողջությամբ քեզանից է կախված, բայց այդպես միայն թվում է ... Հիշո՞ւմ ես, մի օր ինձ գրել էիր՝ Հայաստանն այսօր մի հիվանդ երեխա է, որի երեսին չի կարելի դուռ փակել և հեռանալ։ Համարյա ամեն օր մտածում եմ այդ գրածիդ մասին և մտքումս հետդ՝ անընդհատ կռվում։ Ասում եմ, բա լավ, էս Վարդը սա ինչո՞ւ հենց ինձ ուղարկեց, հը՞։


     –...
     Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5448 | 1 | 0
Facebook