Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Հայաստանի դեսպանը համշենահայության շրջանում

18:00, perşembe, 26 nisan, 2012
Հայաստանի դեսպանը համշենահայության շրջանում

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական ՀԿ-ի փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը համշենահայության հետ առնչվել է դեռևս 1969 թվականից` Կրասնոդարի երկրամասի ծովափնյա Ադլեր քաղաքում հանգստանալու ժամանակ: Անցել է 43 տարի, և այդ ընթացքում համշենահայերի, նրանց բազմաշերտ խնդիրների մասին կատարած նրա ուսումնասիրություններն ու անձնական շփումներն այնքան են խորացել, որ նրան կարելի է համարել համշենահայության շրջանում Հայաստանի դեսպանը:

Նա իր ուսերին է վերցրել ոչ միայն հայության մի կարևոր հատվածի՝ քրիստոնյա և մահմեդական համշենահայերի բարբառի, բանահյուսության, ավանդույթների, մշակույթի ուսումնասիրությունն ու պահպանումը, այլև նրանց ամենատարբեր խնդիրները. Վարդանյանի շնորհիվ, օրինակ, Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի շատ համշենցիներ գտել են իրենց ազգակիցներին ու ազգականներին աշխարհի տարբեր վայրերում: Հայաստանի համապատասխան կառույցներում նրա գործունեությունը ոչ միշտ են նկատում, փոխարենը Վարդանյանի գործունեությանն ուշիուշով հետևում է թուրքական կողմը: Պատահական չեն թուրքական հայտնի պարբերականներում նրա մասին ընդարձակ հրապարակումները: «Իսկ մենք, ընդհանրապես, Թուրքիան շատ վատ գիտենք»,- նկատում է նա:

2004-ից հրատարակվում է «Ձայն համշենական» ամսաթերթը, որի «խմբագրությունը» Վարդանյանի բնակարանի մի փոքրիկ սենյակն է: Թերթի և՛ խմբագիրն է, և՛ պատասխանատուն, և՛ լրագրողը: Պատմում է, որ մի քանի տարի առաջ Թուրքիայից մի մահմեդական համշենահայ իրեն հյուր է եկել և տեսնելով, որ ինքը միայնակ է այդ ամենն անում, այն էլ՝ իր բնակարանում, զարմացել է. «Դու արդեն 30 տարի է` ուսումնասիրում ես մահմեդական համշենահայերին, Թուրքիայում 30 հայախոս գյուղ ես գտել և այս վիճակո՞ւմ ես: Կարծում էի, թե մի ամբողջ խումբ է քեզ հետ աշխատում: Եթե հիմա ես վերադառնամ Թուրքիա, դիմում գրեմ մեր մշակույթի նախարարություն և հայտնեմ, որ Հայաստանում ոչ թե 30 գյուղ թուրք, այլ ընդամենը 30 թուրք եմ գտել և պետք է նրանց ուսումնասիրեմ, ինձ գիտե՞ս ինչպես կօժանդակեն»:

4. Աջից` Ս. Վարդանյանը Արդվինի նահանգի Շանա գյուղի համշենցիների հետ

Սերգեյ Վարդանյանը թերթը գերբնական ուժերով է պահում, իսկ թերթի էջերում լուրջ գիտական հոդվածներ են, իր այցերի ընթացքում տեսածն ու լսածը, կրոնափոխ համշենցիներից գրառած հեքիաթները, երգերը, բանարվեստի նմուշները` բարբառով և արևելահայերեն թարգմանությամբ: Հետո էլ թերթն ուղարկում է այն շրջանները, որտեղ համշենահայեր կան՝ Թուրքիա, Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Մոսկվա և այլուր, անվճար բաժանում նրանց: Սակայն մի տեսախցիկ էլ չունի, որ վավերացնի իր եզակի հանդիպումները համշենահայության հետ, մինչ վերջերս անգամ ժամանակակից ֆոտոխցիկ չուներ: Կարելի է պատկերացնել, թե մի սովորական տեսախցիկ չունենալու պատճառով որքան գիտական բացառիկ նյութեր չեն գրանցվել և հայագիտության համար անդարձ կորել են:

Երբ գնում է Թուրքիայի հայախոս համշենցիների գյուղեր, գյուղացիները հավաքվում են նրա շուրջը, և սկսում է պատմել ամենասկզբից, թե ինչպես VIII դարում, արաբների կողմից ծանր հարկահանության պատճառով, Հայաստանի տարբեր նահանգներից Համամ Ամատունու գլխավորությամբ 12 000 հայեր արտագաղթեցին դեպի ներկայիս Թուրքիայի Ռիզեի նահանգի տարածք, որն այն ժամանակ Բյուզանդիայի կազմում էր:

Քիչ անց գյուղացիների խմբին ավելանում են նոր մարդիկ, ստիպված պատմությունը կրկնում է, հետո մեկ ուրիշն է գալիս: «Հատ-հատ բոլորին չես կարող պատմել,- ասում է նա,- բացի այդ, մի մասը հավատում է, մի մասը՝ կասկածում, մարդիկ գրավոր թուղթ են ուզում, աղբյուրներ, փաստեր: Դրան մի պարզ լուծում կա՝ Ռուսաստանի և Միջին Ասիայի համշենցիների համար ռուսերենով, իսկ Թուրքիայի կրոնափոխ համշենցիների համար թուրքերենով հրատարակել գրքույկներ, որ բոլորին բաժանես: Բայց անգամ այդ գրքույկների համար գումար չեմ կարողանում հայթայթել»:

Համշենահայերի հետ անձնական շփումները կարևոր են, քանի որ հենց այդ ժամանակ են շատ հարցեր բացահայտվում: «Մեկ էլ Ռիզեի թուրքախոս համշենցիները մեզ հետ վիճում են, ասում են` մենք հայ չենք, հետո, երբ մի քիչ խոսում ես, զգում են, որ շատ բառեր իրենց հարազատ են. «Վայ, մայրս, երբ կովերին ջուրն էր տանում, ասում էր՝ չուր-չուր-չուր»: Բացատրում ենք, որ դա հայերեն ջուր բառն է»,- նման մի շարք օրինակներ է բերում Վարդանյանը:

Մի օր էլ Վարդանյանին իր երևանյան բնակարանում հյուր է գալիս Արդվինի նահանգի Խոփա քաղաքից մի հայախոս համշենցի: Թոռնիկը դռան արանքից սկսում է նայել նրան ու ծամածռություններ անել: Վարդանյանը բարկանում է. «Ի՞նչ ես տնազ անում»: Համշենցին զարմացած հարցնում է. «Ինչպե՞ս, տնազ բառը դուք էլ ե՞ք օգտագործում, ես էլ կարծում էի` միայն մայրս է ասում: Ուրեմն ճիշտ է, էլի, որ մենք հայ ենք…»,-ծիծաղելով ասում է նա:

Արդվինի նահանգի Շանա գյուղի համշենցիները թեյ են մթերում

Իր այցերից մեկի ժամանակ Վարդանյանը ծանոթանում է նաև Թուրքիայում շատ հայտնի երգիչ Գյոքհան Բիրբենի հետ, որը ծնունդով Ռիզեի թուրքախոս համշենցիների Խաչափիթ գյուղից է: «Կրոնափոխ համշենահայերին ուսումնասիրելու նպատակով ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի հետ Ռիզեի նահանգի Չայելի գավառի Օրմանջըք գյուղում զրուցում էինք տեղացիների հետ, նրանցից գրառում էինք պահպանված հայերեն բառերն ու տեղանունները, երբ Գյոքհանը եկավ,- պատմում է նա:- Մեկ էլ նկատեցինք, որ Գյոքհանը մտախոհ նստած է: Նրանից ներողություն խնդրեցինք` կարծելով, որ նրա վատ տրամադրության պատճառն այն է, որ չենք կարողանում պատշաճ ուշադրություն դարձնել իրեն»:

Գյոքհանն ասում է. «Ես շոկի մեջ եմ»: Վարդանյանը շտապում է նրա սիրտը շահել. «Մի նեղացիր, հիմա կազատվենք»:

Բայց պարզվում է, որ Գյոքհանն ուրիշ բանի համար էր «շոկի մեջ». «Դուք իմ մոր նման եք խոսում: Փաստորեն, իմ մայրն այդքան լավ հայերեն էր խոսում: Ես գիտեի, որ նրա խոսքը թուրքերեն չէ, բայց չգիտեի, որ այսքան հայերեն է»,- հուզված խոստովանում է նա:

Վարդանյանն ասում է, որ համշենահայերից շատերն են ուզում բացահայտել իրենց ինքնությունը, կապեր հաստատել Հայաստանի հետ, անգամ գալ Հայաստան` ապրելու կամ գործարարությամբ զբաղվելու, սակայն այդ հարցում պետք է պետական լուրջ քաղաքականություն՝ խիստ մտածված ու կշռադատված: «Քանի համշենահայ վերջերս եկավ Հայաստան` գործարարությամբ զբաղվելու, սակայն չդիմացան, հետ գնացին, քանի որ հասկացան՝ որ ոլորտում ուզում են բիզնես դնել, այդ ոլորտը ինչ-որ մեկի ձեռքում է, և իրենց պարզապես չեն թողնում աշխատել»,- ասում է նա ու հիշում, որ երբ 1984-ին գնացել էր Կիրգիզիա և Ղազախստան, գտել 1944 թ. Աջարիայից աքսորված համշենցիների գյուղեր և սկսել գաղտնի քննարկումներ ունենալ Հայաստանում նրանց վերաբնակեցման հարցերի շուրջ, դա նույնպես չիրականացավ, քանի որ պետական աջակցություն չստացան:

Վարդանյանը նման հարցեր չի կարողանում լուծել, բայց կարողանում է իր համշենցի հյուրերին ծանոթացնել հայոց պատմությանն ու մշակույթին: «Օրինակ` մի քանի տարի առաջ մի քանի համշենցի երիտասարդներ էին եկել,- հիշում է նա,- նրանց տարա Խոր Վիրապ: Երբ տեսան՝ աղոթում եմ, հարցրին, թե կարո՞ղ են իրենք էլ մոմ վառել, աղոթել, ասացի` այո, հետո սովորեցրի խաչակնքվել: Իսկ երբ դուրս եկանք, սկսեցին իրար մեջ քչփչալ»:

Պարզվում է, որ նրանք ուզում են իրենց անունները փոխել և հայկական անուններ դնել: Եվ ահա մահմեդական անուններով երիտասարդները վերանվանվում են Մհեր, Վազգեն, Սիլվա՝ իրենք էլ ընտրելով իրենց անունները: «Երբ աղջկան ասացի, որ Սիլվան հայկական անուն չէ, զարմացավ, ասաց` բա Սիլվա Կապուտիկյանը հայ չի՞, նրա պատվին եմ ընտրել»,- պատմում է նա:

Համշենահայերի խնդիրներով մտահոգ գիտնականը ցավով է նկատում, որ նրանց մասին Հայաստանում գրեթե ոչինչ չգիտեն, իսկ եթե գիտեն, ապա ուռճացված ու խեղաթյուրված: Փոխարենը` թուրքերը չեն հապաղում. «Թուրքիայում հատուկ հեռուստաալիք կա, որով առավոտից գիշեր համշենահայերի, հույների և լազերի մեղեդիներով, բայց թուրքերեն բառերով երգեր են հնչում, շուրջպարեր են ցուցադրվում, այսինքն` այդ մշակույթը յուրացնում են՝ մանկուց մտցնելով իրենց կենցաղ,-մտահոգվում է նա,-իսկ Հայաստանում որոշ մարդիկ հեռուստացույցով իսլամահայերի մասին լեգենդներ են պատմում, միլիոնների մասին են խոսում, բայց երբ հարցնում ես` գոնե մեկ անգամ եղե՞լ ես այդ «թաքնված հայերից մեկի տանը», պարզվում է` ոչ»:

Նշենք, որ պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում, Վրաստանի սահմանից 90 կմ հեռավորության վրա: Այժմ Համշեն անվամբ երկու գավառ կա Ռիզեի նահանգում` Հեմշինը և Չամլըհեմշինը, որտեղ բնակվում են թուրքախոս համշենցիներ:

700 տարի Համշենը, որպես կիսանկախ հայկական իշխանություն, պահպանել է իր գոյութունը, 1489 թ. Թուրքերը այն գրավել են, բայց անմատչելի վայրերում գտնվելով` համշենցիները շարունակել են իրենց անաղարտ գոյությունը:

XVIII դարում սկսվել է համշենահայերի բռնի իսլամացման գործընթացը, մի մասը պայքարել ու զոհվել է, մի մասը` փախել, մյուս մասն էլ` առերես կրոնափոխվել:

Հետագայում` XIX դարի վերջին և XX դարի սկզբին, համշենցիների քրիստոնյա հատվածը Տրապիզոնի նահանգից արտագաղթել է Ռուսաստանի սևծովյան ափերը՝ Կրասնոդարի երկրամաս և Աբխազիա, տարբեր երկրներ և, իհարկե, Հայաստան:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10520 | 0 | 0
Facebook