Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրաչյա Ղափլանյան - 90 ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՕՍԿԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ

22:23, perşembe, 10 nisan, 2014
     Բազում «Արտավազդ» ներ շահած հանրաճանաչ ավագները խոստմնազանց չեղան. միտումնավոր հրաժարվեցին ամենամյա մրցույթին սեփական թեկնածությունը վերստին առաջադրելուց։ Եվ հանրաճանաչման ձգտող երիտասարդներն անբարդույթ համարձակությամբ ու անհամեմատ լուրջ հավակնություններով մասնագիտական արժևորման ներկայացրին անցյալ թատերաշրջանում ստեղծված իրենց տարարվեստ ու տարաբնույթ աշխատանքները։ Ասենք, նրանցից ոմանք արդեն հասցրել են պատկառելի բեմափորձ կուտակել և բնատուր շնորհների հասունացման նոր փայլատակումներով խանդավառել արդի հայ թատրոնի լուսավոր հորիզոններով մտահոգված արվեստասերներին՝ Գյումրիի ու Գորիսի թատրոնների նորանշանակ գլխավոր ռեժիսորներ Լյուդվիգ Հարությունյանն ու Գոռ Մարգարյանը, ՀՀ ամենաերիտասարդ վաստակավոր արտիստուհին՝ Նարինե Գրիգորյանը, զրնգուն դերացանկ ձևավորած դերասաններ Տաթև Ղազարյանն ու Մարիամ Ղազանչյանը, ՍամվելԴանիելյանն ու Իշխան Ղարիբյանը, Գագիկ Մադոյանն ու Վարշամ Գևորգյանը... Շա՜տ շատերը։ Միայն այն փաստը, որ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում այս անգամ մրցակցում են 9 ուշագրավ թատերախաղեր, կարծում եմ՝ ինքնին խոսուն է։ Եվ դեռ չներկայացված քանի՜-քանիսն անմիջապես աչքի ընկան իրենց առաջին բեմելներով։ Հուրախություն ամենքիս։ Կարծում եմ, ամենևին էլ զարմանալի չէ, որ ի նշանավորումն Թատրոնի միջազգային օրվա՝ մարտի 27-ի ՀԹԳՄ նախաձեռնած «Արտավազդ» մրցանակաբաշխության գրեթե բոլոր անվանակարգերը աննախադեպ երիտասարդացած ներկայացան 2014-ի տոնահանդեսին։ Պատահականության անհավատալի թվացող օրինաչափությա՞մբ արդյոք։ Չէ՞ որ հայկական թատերական Օսկարն այս անգամ հանրահռչակում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդահայ թատրոնի հանրահայտ նորարար Հրաչյա Ղափլանյանի 90-ամյա հոբելյանը։
    

    

Գրականություն ու արվեստ ծնող Լոռվա առեղծվածային բնաշխարհի աննշան այդ անկյունը` Գյառգյառ գյուղը յուրովի պիտի փառավորեր Հրաչյա Ղափլանյանը (1923-1988թթ.): Դերասանական բնատուր ձիրքն ի հայտ բերելով դպրոցական հանդեսներում` 12-ամյա մանչուկը Գիքոր, Միտկա (Գուսև, «Փառք») ու պատանի Մայակովսկի (Բաազով, «Իցկա Ռիժանաշվիլի») պիտի անձնավորեր` Վարդան Աճեմյանի գլխավորած Լենինականի թատրոնում: Առաջին Ուսուցչի սրաչք ուղղորդմամբ, ընդամենը 3 տարում խաղացած անհամար դերերով պիտի նկատվեր ու 1938-ին հրավիրվեր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն` միաժամանակ թատերական ուսումնարանում մասնագիտական դասեր քաղելով Արուս Ոսկանյանից ու Տիգրան Շամիրխանյանից: Մեծ Հայրենականի հերոսամարտերում առնականանալով` 1946-ից պիտի գունեղացներ բեմափորձը` մտախոհ երազող Վանյա Սոլնցև (Կատաև, «Գնդի որդին»), ազնիվ ու գործունյա դպրոցական Օլեգ (Միխալկով, «Հատուկ առաջադրանք»), Դիկ (Լյուբիմովա, «Ձյունիկ»), կենսախինդ Սերգեյ Տյուլենին (Ֆադեև, «Երիտասարդ գվարդիա») և վաթսունից ավելի այլ տպավորիչ դերեր մարմնավորելով:

1950-ին հեղինակած առաջին` «Ուսուցիչը» պիեսում (որն անկյունաքարը դարձավ 8 տարի անց լույս ընծայված «Իմ ընկերները» ժողովածուի) ինքնաբավ պատանի Սուրիկի կերպարը պիտի ստանձներ ու վերջակետեր դերասանական գործունեությունը` Լևոն Քալանթարի բեմադրած Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» -ում Վանոյի երգիծապատ կերը կերտելուց հետո:

Ռեժիսուրայի «այբուբենին» տիրապետելով ԵՊՀԹ հիմնադիր գեղարվեստական ղեկավար Տիգրան Շամիրխանյանի հետ համատեղ արված «Բոռը» և «Սուվորովական ները» բեմադրություններով` առաջին ինքնուրույն աշխատանքը բեմ բարձրացրեց (Շամիրխանյան, Ղափլանյան, «Հետախույզներ»): Երկրորդում (Մալյարևսկի, «Կախարդական կարասը») ի հայտ բերեց ռեժիսորական անհամեմատ հասուն հնարամտություն: Շուտով, Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում մեկ տարի ռեժիսորական գիտելիքները թրծելուց հետո, 1953-ին Շամիրխանյանի արժանի «իրավահաջորդը» դարձավ: Նորաթուխ ռեժիսորի «Ոսկի քաղաք», «Հայրերի պատանեկությունը», «Սեր և խարդավանք», «Գիքորը», «Գիշերային հրաշք», «Սուրի և Սամի արկածները», «Արտիստը» ու տասնյակ այլ արդիաշունչ բեմադրություններում իրենց արտիստական կերպավորման գունապնակը հարստացրին Սոս Սարգսյանն ու Էդգար Էլբակյանը, Գուժ Մանուկյանն ու Նինել Դալլաքյանը, Էմմա Վարդանյանն ու Ժենյա Ներսիսյանը...

1959-ին 2 բեմադրություն արեց Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում (Արաքսմանյան, «Քո սրտի կրակը», Յաղջյան, «Գիշերային հրաշք»): Ռեժիսորական տաղանդը 2 տարի բազմերանգելով Մայր թատրոնում` 1962-65 թթ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչը դարձավ (Ստրավինսկի, «Էդիպ արքա» և Բեռնստայն, «Վեստ-Սայդյան պատմություն»):

Արդեն պատկառելի բեմափորձ կուտակած` 1965-ից նախագահեց Հայկական թատերական ընկերության վարչությունը և իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպեց թատրոն-ստուդիա: Եվ, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի ստեղծած «Արշալույս» -ի ինքնատիպ համատեղմամբ, 1969-ին կազմավորեց Երևանի դրամատիկական թատրոնը` նոր էջ բացելով ազգային բեմարվեստի տարեգրության մեջ: Նորարարական-փորձա րարական արդիաոճ բեմադրություններով («Անուշ», «Լավատեսական ողբերգություն», «Աննա Ֆրանկի օրագիրը», «Գիշերային պատմություն», «Աստվածային կատակերգություն», «Անօժիտը», «Սեր և ծիծաղ», «Հալածված առաքյալը», «Մեդեա») էապես նպաստեց թե´ ուրույն թատերաձեռագրի բյուրեղացմանը, թե´ շուրջը համախմբված խենթուխելառ երիտասարդ արվեստագետների (Լևոն Թուխիկյան, Վլադիմիր և Ժասմեն Մսրյաններ, Իշխան Ղարիբյան, Գուժ Մանուկյան, Էմմա Վարդանյան, Անահիտ Թոփչյան, Ջեմմա Կարագյոզյան, Հայկուհի Խուդավերդյան, Էվելինա Շահիրյան) արտիստական անհատականացմանը: Առանձնակի գորովանքով ամրացնելով իր երազանքների թատրոնի հիմքերը, 1973-79 թթ. տնօրինեց նաև Սունդուկյանի անվան թատրոնի ստեղծագործական ճակատագիրը: Նրա ամբարած կազմակերպչական ներուժի հանդեպ վստահություն ներշնչեց 1970-ին բեմավորած Շեքսպիրի «Օթելլո» -ն: Գրվեց Ղափլանյանի շեքսպիրիանայի առաջին էջը, որն իր փառահեղ շարունակությունն ունեցավ հարազատ օջախում («Ռիչարդ 3-րդ», 1972թ.) ու Մայր թատրոնում («Կորիոլան», 1978թ.):

Սերնդափոխության մշտառկա խնդրով մտահոգ` ստեղծագործելուն զուգահեռ 1975-ից դերասանի վարպետություն էր դասավանդում Երևանի գեղարվեստա-թատերա կան ինստիտուտում: Մոսկվայի Փոքր թատրոնում բեմադրեց Դանգուլովի «Ճանաչումը» և Ուկրաինկայի «Քարե տերը» (1970-71 թթ.)` վաստակելով իր ստեղծագործական տքնանքի գնահատության բարձրակետը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը: Իր արվեստի միջազգային ճանաչման սահմաններն ընդարձակեց Բրատիսլավայի ազգային թատրոնում` բեմադրելով Տոլստոյի «Կենդանի դիակը» (1976թ.) և Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում նորովի մեկնաբանելով Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդը» (1977թ.):

Փառքի դափնիներ նվաճած մեծանուն արվեստագետը երբեք ու երբեք չզլացավ իր բազմազբաղության մեջ ժամանակի առյուծի բաժինը հատկացնել ստեղծած թատրոնին, որի բեմից երևացին «գաղափարական» երկրում հետևողականորեն մերժվող անուններ` Անույ, Օլբի, Դյուրենմաթ, Իոնեսկո, Սայմոն...

Ռեժիսորական հաջող փորձեր անող համախոհների դերասանախմբում հիմա արդեն ինքն էր «իրավահաջորդ» փնտրում: Տպավորված Արմեն Խանդիկյանի առաջին աշխատանքով (Ժան Անույ, «Ուղևորն առանց ծանրոցի», 1972թ.) և հեղաբեկումնային 1988-ին նրա բեմադրած «Անվերջ վերադարձ» թատերաֆանտազիայով (ըստ Պարույր Սևակի)` իր թատրոնի գեղագիտության ջահը վստահաբար փոխանցեց ամենաուշիմ սանին: Հրաչյա Ղափլանյանի անունը նրա մահից հետո պատվով կրող այս թատրոնի գեղարվեստական ղեկը ամուր պահած ՀՀ ժողովրդական արտիստն այժմ` թատրոնի ծննդյան 45-րդ տարում, ինքն է փորձում «հմուտ նավապետ» գտնել: Պատմությունը, փաստորեն, կրկնվում է...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5026 | 0 | 0
Facebook