Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԵՆԴԱՆԱԹԱՂ ՆԱՀԱՏԱԿԻ 12 ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԸ

yawill
Yazar:
yawill
21:28, pazar, 06 nisan, 2014
    
Ուրիշ հավատացյալ ազգերի հովվապետերն ու լուսավորիչները թեպետ սուրբ են, սակայն 15 տարի բազմատեսակ չարչարանքների փորձության բովով չեն մաքրվել, պարզվել և մահից ազատվել, ինչպես մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը…
     Սիմեոն Երևանցի
    
     Հայոց Դարձի պատմագիր Ագաթանգեղոսը հանամանորեն նկարագրել է սուրբ Գրիգոր Լուսավորչի 12 չարչարանքները` մինչ Խոր Վիրապ մտնելը. դրանցից մեկն էլ բավական էր սովորական մահկանացուին տանջալից մահով սպանելու համար:
     Ինչու 12 չարչարանքներ: Սբ Գր. Տաթևացին 2 խորհուրդ է տեսնում այստեղ.
    
     ա. Մարդակազմորեն մարդն ունի 12 անդամներ և զգայարաններ, որոնք ապականվեցին Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս: Եվ Լուսավորչի 12 չարչարանքները համապատասխանաբար ջնջեցին դրանց ապականությունը:
     բ. Երկրորդ բացատրությունը կապվում է 12 առաքյալների հետ, որոնք իրարից տարբեր չարչարանքներով նահատակվեցին, և սուրբ Գր. Լուսավորիչն իր 12 չարչարանքներից ամեն մեկով չարչարանակից եղավ բոլոր առաքյալներին:
    
     Այժմ պատմում է Ագաթանգեղոսը, իսկ
     բացատրում են սբ Գր. Տաթևացին և Հովհ. Երզնկացին:
    
     Ա. /Տրդատը /Նրա ձեռքերը ետևը կապել տվեց, իսկ բերանին բերանակապ դնել տվեց: Նրա մեջքին աղի մեծ կտոր կախել տվեց/ ինչպես գրաստի, որին աղ են շալակել տալիս, որովհետև Գրիգորը չաստվածներին անշարժ ու անզգա էր անվանել, ասելով, որ նրանց պաշտողները էշերից և ջորիներից էլ պակասամիտ են, իսկ ինքն աղը կրելով` կելնի երկնային պարգևների արժանանալու,
     /ՙ Դո°ւք եք երկրի աղը ՚/Մատթ. Ե. 13/:
     15 տարի շարունակ նա կրեց Տիրոջ այդ պատվիրանի ծանրությունը և իր քարոզչությամբ դարձավ համեղացուցիչ աղ ժողովրդի համար: Հայաստանը համեմող` Հայոց աշխարհին կենդանություն պարգևող մաքրողական աղը դարձավ արիաբար հսկող Լուսավորիչը:
    
     Բ. Հրամայեց մեկ ոտքից գլխիվայր կախել և տակը աղբ ծխել ու դալար ճիպոտներով սաստիկ գանակոծել: 10 մարդ տանջեցին և 7 օր այդպես կախված թողեցին:
     Գլխիվայր` նմանվելով գլխիվայր խաչված Պետրոս առաքյալին, նաև ոտքերը դեպի երկինք` քայլելու դեպի դրախտ, որտեղից վտարվեց Ադամը:
    
     Գ. Հրամայեց բերել փայտե կոճղեր և դնել ըստ ոտքի սրունքների ոսկրերի և բարակ պարաններով ուժգին պրկել, մինչև որ արյունը նրա ոտքի մատների ծայրից ցայտեր:
     Երկրախարշ վարքով` երկրային սովորական ընթացքով երկինք չես ելնի, հանուն հավատի չարչարված սրունքներով նա մեզ հաստատեց հավատի վեմի վրա:
    
     Դ. Հրաման տվեց բերել երկաթե բևեռներ / մեծ մեխեր /, գամել ոտքի ներբաններին և քայլեցնել: Արյունը հոսում էր, իջնում նրա ոտքերից և հույժ առատորեն ոռոգում գետինը:
     Կաթողիկոսների հողաթափերի մեջ ասեղնագործված է կարիճ և օձ. հագնելով դրանք` վեհափառը տրորում է չարի գլուխն ըստ ՙ Սաղմոսաց գրքի ՚ Դու կքայլես իժերի և քարբերի վրայով…՚խոսքի, իսկ Ղուկասի ավետարանում /Ժ. 19 /Տերն առաքում է 12-ին` ասելով. ՙ Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա՚:
     Տիրոջ ոտքերը բևեռվեցին Սբ Խաչի վրա, սուրբ Գրիգորը երկաթե բևեռների խայթերի վրայով քայլելով` հայոց ազգի հոգին ու հայացքը բևեռեց սուրբ Խաչին Աստծո երկյուղով:
    
     Ե. Թագավորն ասաց. Խփեցեք աչքերին, և թող նրան ուրախություն լինի: Բռնցքահարեցին, սաստիկ ծեծեցին նրան:
     -Սա է ուրախությունը, - հարցրեց արքան:
     -Եթե մշակը չքրտնի սաստիկ շոգին արևահար լինելով` ձմեռային հանգստյան օգտավետ ուրախության պտղաբեր արդյունքը չի հասկանա՚:
     Քրիստոս Ղազարոսի գերեզմանի առաջ արտասվեց` Իր արտասուքներով սրբելով բոլորիս արցունքները: Նույնկերպ աշակերտը` Գրիգորը, իր Վարդապետի արցունքին խառնեց իրենը` չարչարանակից լինելով Նրան:
    
     Զ. Հրամայեց բերել աղ, բորակ ու թունդ քացախ, երեսնիվայր գցել նրան, գլուխը հյուսնի մամլիչի մեջ պրկել, քթին եղեգի խողովակ դնել և դրանք քթի մեջ լցնել:
     Եղբայրացավ ծարաված Տիրոջը, ում քացախախառն լեղի խմեցրին, իսկ աստվածազարդ գլխի չարչարանքով բարձրացրեց մեղքի պատճառով մեր կորացած գլուխները:
    
     Է. Հրամայեց, և բերեցին կաշվե մեծամեծ պարկեր, լցրին հնոցի մոխրով, քիչ թույլ թողեցին, որ լլրիվ չլցվի և շունչ առնելու հնար լինի. հագցրին գլխին, պարկի բերանը վզին կապեցին, և 6 օր այդպես մնաց: Հետո, երբ հանեցին, թագավորը հարցրեց.
     -Որտեղի±ց ես գալիս. թերևս քո անանց արքայությունից, ուր մոխրի փոխարեն անթառամ ծաղիկներ կան:
     Դարձյալ` եթե մշակը չցանի, չի հնձի, զինվորը` եթե չմարտնչի, փառքի պսակին չի արժանանա:
    
     Ը. Թագավորը զայրացած հրամայեց նրա ոտքերը կապել տիկերի փոկերին, գլխիվայր կախել, ձագար դնել որովայնին և ջուր լցնել:
     Ինչպես բժիշկը թանձրամաղձոտ հիվանդներին շատ տաք ջուր է տալիս, որ մաքրվեն մաղձից, նույնպես և մարդկային ծնունդ լինելով` ադամական մեղքի մաղձը կրող Գրիգորը տանջանաց այս ջուրն ընդունելով` մեզ ևս ներսից մաքրեց ժառանգական մեղքերի աղտեղությունից:
    
     Թ. Հրամայեց նրա կողերը քերել երկաթե քերիչներով, մինչև որ նրա արյունով ամեն կողմ ոռոգվեց:
     Ժ. Բերեցին երկաթե տատասկ բազում սակառներով ու խիտ փռեցին գետնին, մերկացրին Գրիգորին և գցեցին տատասկի վրա: Նրա մարմինը ծակոտվեց ամբողջովին, քաշեցին, թաղեցին տատասկների մեջ…մինչև նրա վրա ողջ տեղ չմնաց:
     Ադամը դրախտում մերկ էր, և նրա մերկությունն Աստված լուսավոր հանդերձով էր պատել: Պատվիրանազանցությունից հետո Աստված այն փոխեց մաշկեղեն հանդերձով:
     Տատասկով քերվեց, մաքրվեց նաև արտաքին մարմինը` դրանով ազատեց մարդկանց անեծքից. ՙ Փուշ ու տատասկ թո°ղ աճեցնի քեզ համար երկիրը՚ / Ծննդոց. Գ. 7 /:
    
     ԺԱ. Եվ հրաման տվեց նրա ծնկներին երկաթե կապիճներ հագցնել, մեծ կռաններով / մուրճերով / հարվածել և կախաղան բարձրացնել, մինչև որ նրա ծնկները հոշոտվեն: Այսպես կախված մնաց 3 օր:
     Այս չարչարանքով բժշկվեցին ծնկները, որովհետև ուղիղ և հաստատ քայլելու համար ամուր և առողջ ծնկներ են պետք: Սա նշանակում է ոտքերի անխափան ընթացք դեպի վեր` առ Աստված:
    
     ԺԲ. Հրաման տվեց երկաթե պուտուկների մեջ կապար հալեցնել, և մինչդեռ տաք վիճակում էր` ջրի նման թափել նրա մարմնին: Այրեցին նրա մարմինն ամբողջովին, և չմեռավ, և ինչ որ հարցնում էին, անմիջապես պատասխանում էր:
     Ըստ իր ժամանակի բնագիտական ըմբռնման` Տաթևացին նկատում է, որ կապարը ծանր է բոլոր հալելի նյութերից և բոլորից արագ հալվող մետաղն է, և գրում է, թե Կենարարի սիրո հրով` առ Աստված ունեցած հավատով սուրբ Գրիգորը ջրի նման հալեցրեց և հոսեցրեց ադամական մեղքի կապարյա ծանրությունը:
    
     Այս 12 չարչարանքներից հետո Տրդատն իմանում է, որ Գրիգորն իր հորն սպանած Անակի որդին է, նրան նետել է տալիս Արտաշատի մահվան վիրապը` օձերով ու կարիճներով լեցուն գուբը:
    
     Ընկածին բարձրացնելու համար պետք է խոնարհվել . հեթանոս խավարում նստածների համար խավարային գուբը իջավ սուրբ Գրիգորը, ապա խավար գբից արեգակի նման ծագեց` Քրիստոսի Լույսով լուսավորելու Հայոց աշխարհը: Գբի խորքն իջնելով` ջախջախեց բանսարկուի գլուխը և մեզ բարձրացրեց երկինք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4069 | 0 | 0
Facebook