Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միասնական նմուշի չարչիություն

.-.
Yazar:
.-.
20:58, salı, 28 mayıs, 2013
Միասնական նմուշի չարչիություն
     Ինքս չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի դպրոցականներին միասնական նմուշի հագուստ պարտադրելու գաղափարը, բայց եւ չեմ բացառում, որ ինչ-որ մեկն այս հարցում մի այնպիսի փաստարկ ունի, որը համոզիչ կլինի եւ հիմնավորված: Իսկ ընթացիկ շրջանում հնչող փաստարկները ոչ միայն համոզիչ չեն: Միասնական նմուշի դպրոցական հագուստի ջատագով տնօրենները պնդում են, թե այդպիսով փորձում են մեղմել սոցիալական անհավասարության դրսեւորումները դպրոցում: Այսինքն` եթե բոլոր աշակերտները նույն հագուստից հագնեն, չի երեւա` նրանցից ով է հարուստի երեխա, ով` աղքատի: Բայց եկեք մի պահ մտածենք. հիմա, երբ միասնական նմուշի հագուստ չկա, ինչպե՞ս է աշակերտի հագած շորը մատնում նրա սոցիալական վիճակը: Ճիշտ է` մաշվածությամբ: Այսինքն` գունեղ ու նոր շոր հագած երեխան ապահով ընտանիքից է, իսկ մաշված, գույնը գցած շոր հագնողն աղքատ ընտանիքի զավակ է: Հենց այս տարբերությունն են ուզում վերացնել «մտահոգ» տնօրեններն իրենց աշակերտներին միասնական նմուշի հագուստ պարտադրելով: Խնդիրն այն է, սակայն, որ մաշվելու հատկություն ունեն բոլոր հագուստները` այդ թվում եւ միասնական նմուշի: Իսկ սա նշանակում է, որ ունեւոր ընտանիքի երեխաները ամիսը մեկ` միասնական նմուշի նոր հագուստ կհագնեն, իսկ չունեւոր ընտանիքների երեխաները ամբողջ տարին կմնան նույն հագուստով, եւ մաշված այդ հագուստի տեսքն ավելի կընդգծի նրանց սոցիալական վիճակը, սոցիալական անհավասարությունն ընդհանրապես: Այսպես էր նաեւ սովետական դպրոցում. չնայած` բոլորը նույն նմուշի հագուստից էին հագնում, բայց եւ նրանց սոցիալական վիճակների տարբերությունները դաջված էին այդ միասնական նմուշի հագուստների վրա: Բայց եթե անգամ մի կողմ թողնենք հագուստը, միեւնույն է` սոցիալական անհավասարությունը դպրոցներում հնարավոր չէ վերացնել, քանի դեռ սոցիալական անհավասարությունն ինքը չի վերացել, ավելի ճիշտ` որոշակիորեն հավասարակշռվել: Ասենք` միասնական նմուշի հագուստ մտցրինք դպրոցում. միասնական նմուշի պայուսակ նո՞ւյնպես մտցնելու ենք, միասնական նմուշի գրիչ, միասնական նմուշի տետր, միասնական նմուշի կոշիկ, միասնական նմուշի վերարկու, միասնական նմուշի սպորտային կոշիկ, միասնական նմուշի ժամացույց, միասնական նմուշի մազակալ, միասնական նմուշի ֆիզկուլտուրայի շապիկ-կիսավարտիք: Էլ չեմ ասում` միասնական նմուշի բջջային հեռախոս, կամ միասնական նմուշի դեմքի արտահայտություն: Վերը շարադրվածն անառարկելիորեն ապացուցում է, որ որոշ տնօրենների ելույթները, թե իրենք ուզում են միասնական նմուշի հագուստ մտցնել` սոցիալական անհավասարության դրսեւորումները դպրոցում վերացնելու կամ նվազեցնելու համար, իրականությանը չեն համապատասխանում: Այսօրինակ փորձերը միանշանակ ծնողներին եւ առաջին հերթին աղքատ ծնողներին գռփելու սովորական առիթ են:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5073 | 2 | 0
Facebook