Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 26 Сентября, 2021 года
Վկոնտակտե

Статьи

Պավսանիոսին դեռ դեռահասության տարիքում բռնաբարել էր Աթալլոսը՝ Կլեոպատրա թագուհու հորեղբայրը...և նրան նույն բանի համար հանձնել էր իր սեղանակիցներին

17:09, Воскресенье, 18 Июля, 2021 года
Պավսանիոսին դեռ դեռահասության տարիքում բռնաբարել էր Աթալլոսը՝ Կլեոպատրա թագուհու հորեղբայրը...և նրան նույն բանի համար հանձնել էր իր սեղանակիցներին

Իսկ ո՞վ է եղել այս Պավսանիոսը: Հանցագործության բացահայտման առաջին կանոն ասում է՝ փնտրիր նրան, ում այդ սպանությունն անհրաժեշտ է: Բայց Փիլիպոսի մահը շատերն են ցանկացել: Թագավորի մահը ցանկացել են և՛ Ալեքսանդրը, և՛ նրա մայրը՝ Օլիմպիադան, և՛ պարսիկները, և՛ հույներից շատերը, և՛ նույնիսկ Մակեդոնիայի որոշ իշխաններ:

Դեոդորոսն հաղորդում է, թե մակեդոնացի Պավսանիոսը Օրիստիդեսների նշանավոր տոհմից է եղել: Մարկոս Յուստինոսն ասում է.

«Պավսանիոսին դեռ դեռահասության տարիքում բռնաբարել էր Աթալլոսը՝ Կլեոպատրա թագուհու հորեղբայրը, ընդ որում այդ խայտառակ արարքը նա ավելի գարշելի եղանակով էր արել. Պավսանիոսին տանելով խնջույքի ու նրան հարբեցնելու աստիճան խմեցնելով անապակ գինի՝ Աթալլոսը նրան դարձրել էր ոչ միայն իր կրքի զոհը, այլև նրան նույն բանի համար հանձնել է իր սեղանակիցներին՝ ասես Պավսանիոսը ծախու պոռնիկ լիներ, այնպես որ Պավսանիոսը ծաղրի առարկա է դարձել իր հասակակիցների շրջանում: Անասելի վիրավորված Պավսանիոսը մի քանի անգամ բողոքով դիմել է Փիլիպոսին, բայց նրան սուտ խոստումներով շեղել են իր պահանջից ու նույնիսկ նրա թշնամուն զորահարամանատարի պատվավոր պաշտոն են տվել: Այդ իսկ պատճառով նա իր զայրույթն ուղղել է Փիլիպոսի դեմ և, հնարավորություն չունենալով վրեժ լուծել իրեն վիրավորողից, վրեժ է լուծել անարդար դատավորից»:

Բայց այստեղ հարց է ծագում, թե ի՞նչն է նրան խանգարել, որ սպանի հենց Աթալլոսին, չէ՞ որ մակեդոնական այդ զորահրամանատարին դարանամուտ լինելը շատ ավելի հեշտ կլիներ, քան թագավորին սպանելը: Բայց արի ու տես, որ Պավսանիոսը նախընտրել է Փիլիպոսի «զահլան տանել» իր բողոքներով, ոչինչ չանել իրեն անպատվողից վրեժ լուծելու համար, իսկ վերջում էլ հանկարծ վճռել է սպանել Մակեդոնիայի թագավորին: Հետաքրքիր մանրամասներ է հաղորդում Դեոդորոսը.

«Պավսանիոսը շարունակ իր մեջ էր պահում զայրույթը և անպայման ուզում էր վրեժխնդիր լինել՝ ոչ միայն նրանից, ով անարդարություն էր գործել իր նկատմամբ, այլև նրանից, ով հրաժարվում էր իր վրեժը լուծել: Այս մտադրության մեջ նրան հատկապես խրախուսում էր սոփեստ Հերմոկրատեսը: Նա այդ Հերմոկրատեսի աշակերտն էր, և երբ նա նրան իր ուսումնառության ընթացքում հարցրել էր, թե ինչպես կարելի է ամենահանրահայտը դառնալ, սոփեստը պատասխանել էր, թե հարկավոր է սպանել նրան, ով մեծագործություն է կատարել, և որքան որ երկար հիշեն նրան, նույնքան երկար կհիշեն նաև նրան սպանողին»:

Բայց սոփեստի հետ այս խոսակցությունում վրեժի մասին բառ անգամ չկա, այստեղ Պավսանիոսին հանգիստ չի տալիս Հերոստրատեսի «փառքի դափնին»: Իսկ թե ինչու է նրան խրախուսել Հերմոկրատեսը և ում պատվերն է կատարել այս սոփեստը, շատ հետաքրքիր կլիներ իմանալ: Կարելի է ենթադրել, որ սկզբում Պավսանիոսի մտքով իսկ չի անցել սպանել թագավորին, չէ՞ որ նա պիտի հասկանար, որ Աթալլոսն այժմ Փիլիպոսին բարեկամ է և հազիվ թե պատժվի: Նշանակում է, ինչ-որ մեկը պիտի նրան հուշեր, բացատրեր և ճիշտ ճանապարհի ուղղորդեր: Եվ այդ ինչ-որ մեկը կարող էր լինել ցանկացածը, թեկուզև հենց նույն Հերմոկրատեսը կամ մեկ ուրիշը: Եվ այստեղ արժե պարզել, թե Ալեքսանդրն առնչություն ունեցե՞լ է սպանությանը: Հուստինոսը գրում է. «Նաև մտածեցին, թե Պավսանիոսին ուղարկել է Օլիմպիադան՝ Ալեքսանդրի մայրը, դե իսկ Ալեքսանդրն էլ, ըստ երևույթին, տեղյակ չի եղել, որ իր հոր սպանությունն է նյութվում…Ալեքսանդրը վախեցել է, ի դեմս խորթ մորից ծնված եղբոր, մրցակից ունենալուց»: Բայց սպանության պահին Ալեքսանդրին՝ Փիլիպոսի միակ օրինական ժառանգորդին, որին սիրել է ժողովուրդն ու բանակը, տկարամիտ Արիդեոսը մրցակից չի համարվել: Փիլիպոսից ու Կլեոպատրայից նոր որդի կծնվի, թե չի ծնվի, ծովափնյա ավազին գրվածքի նման մի բան է, և Ալեքսանդրից ազատվելուց հետո եթե թագավորին մի բան պատահեր, Մակեդոնիան թագավոր չէր ունենա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ Փիլիպոսն այդ ամենը հիանալի հասկանում էր և հազիվ թե ցանկանար ավագ որդուն հեռու պահել իշխանությունից: Պատահական չէ, որ սպանության նախօրեին նա հաշտվել է որդու հետ: Նույնիսկ հնարավոր է, որ նրանք այդ օրը նաև խոսել են գահի ժառանգման մասին, և հորը հաջողվել է որդուն համոզել, որ ինքը նրան ոչ մի վատ բան չի ցանկանում: Ալեքսանդրի կարգավիճակը մակեդոնական արքունիքում բավականին հաստատուն է եղել, և հազիվ թե նա հորը սպանելու ցանկություն ունենար: Իսկ ահա նրա մայրը կարող էր նախկին ամուսնուն սպանելու ցանկությամբ համակված լինել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
722 | 0 | 0
Facebook