« Կուզենայի թույլ մնալ, ամեն ինչ չտեսնեի ու չհասկանայի » . ոստիկան Գայանե Ձավարյան
«Շատերը երազում են բժիշկ դառնալու մասին, ոմանք՝ ուսուցիչ, մյուսները՝ լավ կին կամ լավ մայր: Իսկ ես ուզում եմ հետախույզ դառնալ» . սա 7-րդ դասարանի աշակերտուհու շարադրության առաջին տողերն են: Չնայած երազանքին՝ նրա կյանքն այլ ուղղությամբ ընթացավ ԵՊԼՀ-ի մանկավարժության ֆակուլտետ: Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվում է ծննդավայր՝ Ալավերդի: Հինգ տարի Անձնագրային բաժնում աշխատելուց հետո միայն հնարավորություն ստացավ վերհիշել 13-ամյա դպրոցականի շարադրության տեքստը: Ձեր աշխատանքային օրը սկսվում է... —Ամենաառաջին բանը որ անում եմ աշխատանքի գալով, այն է՝ մտնել հերթապահություն և գիշերային հերթապահներին հարցնել. «Անչափահասներիս լա՞վ եք նայել»: Երազանքը մանկական կամակորություն, տարբերվելու ցանկություն թե՞ հստակ նպատակ: —Միշտ ցանկացել եմ, որ աշխատանքս միօրինակ չլինի, իսկ ուսուցչի աշխատանքը, որը նաև իմ առաջին մասնագիտությունն է, հենց այդպիսին է: Դպրոցն իմ էությանը հարմար չէր: Սիրում եմ ՝էքստրեմալ իրավիճակներում հանդես գալ: Դեպքեր բացահայտել, քննել, հասարակության հետ շփվել՝ սա էր իմ էությունը: Ռիսկի գործոնը, մարդկային որակները, սպորտի հանդեպ սերն ու հայրենիքի բարգավաճմանը լումա ունենալու ցանկությունս համատեղեցի ոստիկանի մասնագիտության հետ: Կյանքի «ռինգում» հանդիպեցին մասնագիտությունն ու ծնողների ցանկությունը: Հաղթանակը ու՞մն էր: —8-րդ դասարանից արդեն լուրջ որոշում էի կայացրել՝ դպրոցն ավարտելուն պես ընդունվել զինվորական ուսումնարան, սակայն մտավախություն ունեի, որ ծնողներս դեմ կլինեն որոշմանս: Ցավոք այդպես էլ եղավ: Ծնողներիս միակ մտավախությունն այն էր, որ ֆիզիկապես չեմ դիմանա: Նրանց կարծիքով զինվորական աշխատանքը անհամատեղելի է կնոջ հետ: Բայց արդեն 33 տարեկան հասակում, երբ կազմել էի իմ ընտանիքը, կայացած էի կարողացա հասնել նպատակիս՝ համատեղելով աշխատանքն ու ընտանիքս: Չե՞ք զղջում: —Որպես այդպիսին չի եղել որ զղջամ: Բայց որպես կին ու որպես մարդ, ես ուժեղացել եմ: Կուզենայի թույլ մնալ: Ամեն ինչ չտեսնեի ու չհասկանայի: Ես օգնության կարիք ունենայի, այլ ոչ թե օգնեի: Ընտանիքիս, շրջապատիս թվում է՝ անկարելի ոչինչ չկա ինձ համար: Բնականաբար այդպես չէ: Միակ բանը, որ կարող է երբևիցե պատճառ հանդիսանալ զղջալու համար, կնոջ թուլությունը կորցնելն է: Աղջիկը մայրիկի հետքերո՞վ: —Այո, և դեմ չեմ իրականում: Արդեն նույնիսկ որոշ քայլեր ձեռնարկում է ոստիկանությունում ծառայության անցնելու համար: Ճիշտ է, դա կլինի իր երկրորդ մասնագիտությունը, ինչպես որ իմը, սակայ կլինի ցանկալի մասնագիտություն: Տղամարդիկ սիրում են խորհուրդներ տալ: Ձեզ երբևիցե տվե՞լ են: —Երբ նոր էի աշխատանքի անցել, երբեմն լինում էր դեպքեր, բայց աշխատանքի ընթացքում հասկացա, որ այս գործում չպետք է ոչ ոքուց խորհուրդ հարցնել: Պետք է ինքդ իրավիճակը գնահատես սեփական խելքով: Տղամարդկանց մեթոդների հետ համաձայն չեմ, աշխատանքային ոճը չեմ ընդունում: Տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպ: Ես ունեմ իմ ուրույն ոճը, որով առաջնորդվում եմ արդեն 11 տարի: Երեխաների և ոստիկան մոր հարաբերությունները: —Երեխաներիցս շատ հաճախ լսում եմ՝ «Մամ, շորերդ հանի, տանն ես» արտահայտությունը: Իսկ երբ սկսում եմ հետաքրքրվել՝ ինչով են զբաղվել կամ ուր որտեղ են եղել ամբողջ օրվա ընթացքում, տղաս հարցնում է. «հարցաքննո՞ւմ ես»: Դեպք, որտեղ գործել է խիղճը, այլ ոչ ուսադիրները: _Մի ընտանիք կար: 5 երեխաների մայրը մահացել էր, և նրանց խնամակալ էր դարձել նրանց պապիկը: Սակայն պապիկի մահից հետո նրանց ճակատագիրը մեծ հարցականի տակ էր դրված: Առաջարկս երեխաներին մանկատուն տանելն էր, բայց չորս կողմից լսում էի, թե երեխաների համար լավ չի լինի, պետք է նոր խնամակալ գտնել և այդպես շարունակ: Երեխաները վերջապես մնացին իրենց տանը: Այդ ժամանակ նոր աշխատող էի և ես էլ նույն պատկերացումներն ունեի մանկատան վերաբերյալ ինչ սովորական քաղաքացիները: Բայց այսօր համոզված եմ, որ եթե մանկատուն տեղափոխելու միտքը հաղթեր խղճիս, երեխաներն ավելի հեշտ ու բարեկեցիկ ձևով կմեծանային: Գայանե Ձավարյանը օրինապա՞հ ոստիկան: _Թող անհամեստություն չլինի, բայց այո: Գուցե ոստիկանական ծառայության խնդիրներն կպակասեն, եթե համակարգում աշխատողների 50% ինձ նաման ծառայի: Ուժեղ և կայացած կնոջ ու մոր խոսքը նույն ճանապարհն ընտրած աղջիկներին: _Բոլոր նրանց, ովքեր նման մտադրություն ունեն, խորհուրդ եմ տալիս լինել թույլ: Շրջապատում ցույց տալ, որ իրենք թույլ են: Հակառակ դեպքում ամեն ինչ կթողնեն իրենց նուրբ, բայց արդեն իսկ ուժեղացած ուսերին: Եվ եթե կկարողանան կին, մայր, աղջիկ, ընկերուհի, հարևանուհի լինելը համատեղել աշխատանքի հետ, այդ դեպքում ինչո՞ւ ոչ: |