Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Четверг, 12 Декабря, 2024 года

Статьи

Երկու դեպքում էլ պատերազմ է. Մնում է ընտրել տարբերակը

14:30, Понедельник, 02 Мая, 2016 года
Երկու դեպքում էլ պատերազմ է. Մնում է ընտրել տարբերակը
     եր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
     Սերժ Սարգսյանը Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու երեք պայման է առաջ քաշել: Ինչպե՞ս եք գնահատում այդ պայմանները և արդյոք Ադրբեջանն ընդառաջ կգնա այդ պայմաններին:
     Պայմաններն, ըստ էության, ավելի շատ ուղղված են միջազգային համայնքին, քան Ադրբեջանին: Սերժ Սարգսյանը ոչինչ չի սպասում Ադրբեջանից, սպասում է միջազգային հանրությունից, դրա համար էլ հայկական կողմը բարձր մակարդակով պայմանները չդրեց, որովհետև եթե հանկարծ ԼՂ բանակցություններում պայման դնենք, շատ հավանական է, որ բանակցությունները ձախողվեն: Իսկ դա կարող է ծառայել Ադրբեջանի շահերին: Չեմ ուզում ասել, որ ԼՂՀ անկախության ճանաչումը տեղի չունենա, ճիշտ հակառակը: Հայաստանի երեք նախագահները՝ Լևոնը, Ռոբերտը և Սերժը պետք է հաշիվ տան հայ ժողովրդին, թե ինչու 1994-ին չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը: Այն ժամանակ երկու կարևոր հանգամանք կար՝ նախ Ադրբեջանը ծնկի իջած էր, շատ թույլ էր, երկրորդ՝ Ռուսաստանը նույնպես թույլ էր, և Հայաստանն այսօրվա պես չէր վազում Մոսկվայի հետևից: Ռուսները պետք է մեր հետևից վազեն, այսինքն՝ մենք պետք է բարձրացնենք մեր ռազմաքաղաքական արժեքը:
     Ինչպե՞ս բարձրացնենք Հայաստանի արժեքը, երբ նույնիսկ այն դեպքում, երբ հրաժարվեցին ԵՏՄ վարչապետների հանդիպումը կազմակերպել Երևանում, Հայաստանը ոչ միայն չընդվզեց, այլև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնաց այդ հանդիպմանը մասնակցելու Մոսկվայում: Ինչպե՞ս պետք է անել, որ ոչ թե վասալային հարաբերություններ լինեն Մոսկվայի հետ, այլ հաշվի նստեն մեզ հետ:
     Որպեսզի մեր ռազմաքաղաքական արժեքը բարձրանա, երեք խնդիր պետք է դնենք մեր առջև: Նախ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, որի արդյունքում պետությունը կհզորանա, ինչն էլ կմեծացնի մեր անվտանգությունը, բանակը: Մաքուր պետություն, արդար հասարակություն նշանակում է հզոր բանակ: Երկրորդ՝ բոլոր միջոցներով պետք է օգտագործել հայ ժողովրդի կարողությունները՝ թե Հայաստանում, թե սփյուռքում: Կան մասնագետներ սփյուռքում բոլոր ոլորտներում և կարող են շատ օգտակար լինել Հայաստանի զարգացմանը: Երրորդ՝ ավելի մեծ կարևորություն տալ Արևմուտքի և Չինաստանի հետ հարաբերություններին՝ բոլոր ասպարեզներում՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և այլն: Չորրորդ՝ այդ բոլոր երեք փաստարկներով հանդերձ ցույց տալ, բացատրել ռուսներին, որ մենք երբեք ձեր ստրուկը չենք լինելու, դա անկարելի է: Մեր քաղաքականությունը հակառուսական չէ, հակաեվրոպական չէ, հակաիրանական չէ, անգամ հակաթուրքական չէ: Մեր պայքարն ուղղված է միայն մեր շահերի սպասարկմանը: Բայց, ցավոք, այդ մթնոլորտը այս պահին չկա Հայաստանում: Ունենք հզոր բանակ, բայց չունենք մաքուր պետություն, չունենք համահայկական մտայնությունը, և սա է խնդիրը:
     Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի կողմից բանակի երեք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը: Սա կարո՞ղ է իրավիճակ փոխել, թե ավելի արմատական և լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ:
     Ես չեմ կարծում, որ բանակում պաշտոնյաներ փոխելով բան կփոխվի, պետք է սկսել մտածելակերպի փոփոխությունից: Ես չգիտեմ, թե ովքեր էին այդ պաշտոնյաները և ինչ դեր ունեին այս ամենի մեջ, գուցե նրանք նոր պաշտոններ ստանան, բայց կարևորը մտայնության մեջ փոփոխություն մտցնելն է: Այդտեղից պետք է սկսել: Սերժ Սարգսյանը և իր կուսակցությունը հայտարարում էին՝ «Հավատանք, որ փոխենք», բա հիմա ո՞ւր են այդ գեղեցիկ բառերը, դրանց իրականացումը: Հենց այդ կարգախոսի իրականացումն է լուծումը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ համայն հայությունը մեկ բռունցքի պես Ղարաբաղի մեջքին կանգնած է, և երբ միասնական ենք, հզոր ենք: Այսօր և նախագահը, և կաթողիկոսները, և մյուս ազգային կառույցները պետք է մեկ գաղափարի՝ ազգային մտայնության շուրջ միավորվեն, որպեսզի մեր բանակը, մեր ժողովուրդը, սփյուռքը ավելի պատասխանատու լինեն, ավելի լուրջ լինեն, որպեսզի օգտագործեն այն, ինչ ունենք: Դժբախտաբար չենք օգտագործում, որովհետև ազգային մտայնություն չկա: Այսինքն՝ հետխորհրդային մեր իշխանությունները՝ Լևոնը, Ռոբերտը, Սերժը չպատրաստեցին Նոր Հայաստանի էությունը: Նրանց ֆեոդալական կարգավիճակը պետք է փոխվի: Շատ ենք խոսում իշխանափոխության մասին, բայց նախ պետք է ունենալ այդ ինքնուրույն քաղաքական կարգավիճակը: Եթե դա ունենք, ամեն բան կլուծվի՝ թե կոռուպցիայի դեմ պայքար, թե համահայկական մտայնություն, թե համագործակցություն բոլոր հարևանների հետ: Մենք պետք է Ռուսաստանին ցույց տանք, որ մենք ենթակա չենք և չենք կարող լինել այդպիսին, որովհետև չենք ուզում: Ռուսները պետք է մեզ բացատրեն, թե ինչ է իրենց համար նշանակում Հայաստանի հետ ռազմավարական դաշնագիրը: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց Պուտինի տկարությունը։
     Կարծիք կա, որ Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի հանգուցալուծվի։ Համամի՞տ եք։
     Ըստ իս՝ Ղարաբաղի հակամարտությունը լուծում չունի։ Եթե հայերի շահերի տեսանկյունից նայենք, ապա, անշուշտ, Ղարաբաղը պետք է անկախանա և միանա Հայաստանին։ Ազերիները ասում են, որ Ղարաբաղը պետք է հետ գա Ադրբեջանի տիրապետության տակ։ Միջազգային համայնքը իբրև առաջնահերթություն չի ուզում դնել Ղարաբաղի խնդիրը, քանի որ լուծում չկա, և աշխարհը պետք է հաշտվի ԼՂՀ հիմնախնդրի չլուծման հետ, ինչպես շատ կոնֆլիկտներ կան, որ լուծում չունեն։ Օրինակ՝ Թայվան, Երուսաղեմ... Ղարաբաղը այդ շարքի մեջ է մտնում։ Միջազգային համայնքը ստատուս քվո է ուզում։ Ավելի կարևոր հարցեր կան՝ Սիրիա, Ուկրաինա, Իրաք, համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ Սրանք են առաջնահերթությունները, և Սերժ Սարգսյանը ուզում է, որ բանակցությունները պահպանվեն, քանի որ եթե պայմաններ դրվեն, կխախտվի բանակցությունների կոնցեպտը։
     Ըստ իս, սակայն, ուրիշ մոտեցում կա։ 24 տարվա ընթացքում բանակցությունների շուրջ համանախագահները ստեղծեցին մադրիդյան սկզբունքները, և տեսանք արդյունքը՝ քառօրյա պատերազմ։ Այսինքն՝ այս տարբերակը տանում է կամաց-կամաց դեպի պատերազմ։ Երկրորդ՝ եթե ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, շատ հավանական է, որ մի շարք պետություններ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, և Ադրբեջանը հավանական է, որ պատերազմ սկսի, բայց չեմ կարծում, որ Ալիևը լայնամասշտաբ պատերազմ է ուզում, քանի որ վախենում է իշխանությունը կորցնել։ Երկու գործընթացների մեջ էլ պատերազմը կա, արդյոք ո՞րն է մեզ համար ամենահարմարը՝ գնալ պատերազմ առանց Ղարաբաղի անկախության ճանաչմա՞ն, թե պետք է սկսվի պատերազմը Ղարաբաղի անկախության ճանաչումով, այսինքն՝ որն է լավը, գնալ պատերազմի ծնկի վրա՞, թե գնալ պատերազմ ոտքի վրա։ -
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10018 | 0 | 0
Facebook