Ինչ փաստեր են անհրաժեշտ, որպեսզի մենք` եզդի համայնքի ներկայացուցիչներս, ներկայացնենք իշխանություններին, որին ի վերջո կբարեհաճեն լուրջ վերաբերվել: Բազմաթիվ աշխատություններ, վկայություններ և փաստարկներ կան, որ եզդիները ենթարկվել են ցեղասպանության հարգարժան Ազգային Ժողովի պատմաբան պատգամավորներ: Եզդի համայնքը զարմացած և ապշած է. միթե այս խնդրով զբաղվողները չեն հանդիպել այդ փաստերին: Եզդի համայնքը իհարկե չի ցանկանում բերված օրինակներով դեմ դուրս գալ ասորական, հունական համայնքներին, որոնք փաստ է, որ նույնպես կոտորածների են ենթարկվել, բայց երբ ասորիների և հույների ցեղասպանությունը ապացուցող շատ վկայությունների և ապացույցների եք հանդիպել, և դրանք, հիմք ընդունելով, եկել եք այն եզրահանգման, որ ասորիների, հույների ցեղասպանություն է տեղի ունեցել, ապա ինչու" եք աչք փակել եզդիների ցեղասպանությունը ապացուցող փաստերի վրա, քանի որ նույն այդ վկայություններում (խոսքը ոչ բոլոր վկայությունների մասին է), աշխատություններում համոզված կարելի է ասել, որ գրի է առնվել նաև եզդիների մասին: Գալիս ենք այն հայտարարի, որ ցանկություն չի առաջացել բարձրաձայնել նաև եզդիների կոտորածների մասին, կամ ուսումնասիրել եք, բայց թերի:
Մինչ բուն թեմային անցնելը նախ մի երկու խոսքով անդրադառնամ եզդի - ասորական և հայ-եզդիական բարեկամությանը:
Թխոմայի եզդիական համայնքը առանձնակի հեղինակություն էր վայելում ողջ տարածքում: Բարեկամական հարաբերությունների մեջ էին հարևան ասորական համայնքի հետ դեռևս 19-րդ դարի 40-ական թթ-ից: Նույնիսկ ծեսեր և սովորույթներ կաին, որոնց տոնակատարությունները կատարում էին միասին: Մանր և խոշոր առևտրով զբաղվող եզդի և ասորի վաճառականները կանգնում էին կողք կողքի: Նրանց բարեկամությունը շատ մաքուր հիմքերի վրա էր արտացոլված: Մի խոսքով պատմությունը վկայում է, որ եզդի-ասորի համայնքների այդ բարեկամական հարաբերությունների ամբողջ ընթացքում ոչ մի բարդություն, առավել ևս դժգոհություն չի ստեղծվել նրանց մինչև:
Թխոմայի եզդիների և շրջակա, ինչու չէ նաև հեռավոր հայ համայնքների միջև նույնպես բարեկամական հարաբերություններ էին հաստատվել, ստեղծվել էին տնտեսական կապեր: Խաչատուր Աբովյանը, ով 1843 թ-ին Ցարական Ռուսաստանի երրորդ բաժանմունքի պետ, հեծելազորի գեներալ կոմս Ալեքսանդր Խրիստաֆորովիչ Բենկենդորֆի կարգադրության համաձայն` Թիֆլիսում նստած Կովկասի փոխարքայի հրավերով մեկնել է Արևմտյան Հայաստան, վկայել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը այնքան մաքուր է եղել, որ Քիրվա բառը երկու ժողովուրդների մոտ էլ հարազատ եղբոր ուժ ուներ:
Ինչու բերեցի այս օրինակները, շարունակելով կարդալը` կհասկանաք:
Նախ հարց`
Եթե պատմությունը վկայում է (կան փաստարկներ), որ այդ ժամանակներում ասորիները, հայերը ու եզդիները ապրելով կողք կողքի, և հայերն ու ասորիները ենթարկվել են հալածանքների, բռնությունների, բա" եզդիները ուր էին այդ ժամանակ: Միայն թե այս հարցին պատասխան չտրվի, թե քրդերը գթացին եզդիներին, կամ տարբերություն դրեցին նրանց մեջ: Բոլորին պարզ է ինձ թվում է նրանց վարած անմարդկային, հակաազգային քաղաքականություն: Դա այն էր` ով մեզ հետ չէ, նա մեր թշնամին է: Իսկ եզդիները բոլորին միանգամայն հասկանալի է, որ միշտ հավատարիմ են մնացել իրենց հավատքին և սովորույթներին:
19-րդ դարի 40-ական թթ-ին Բոհտանի մեծ էմիր Բեդեր -խան բեյը հայտարարում էր անկախ Քուրդիստանի ստեղծման մասին, որը դժգոհություններ էր առաջացրեց ագգային փոքրամասնությունների շրջանում, քանի որ Բոհտանի էմիրը առաջարկել էր ասորիներին, եզդիներին և հայերին հպատակվել իրենց, որի հետ բնական է, չէին համակերպվի և ոչ մեկը, իսկ դա նրանց համար թանկ արժեցավ:
Դրությունը բարդ ու արյունաշատ կերպարանք ստացավ նախ քուրդ-ասորական, ապա քուրդ-եզդիական հարաբերությունների բարդությունների առաջացման պատճառով: Երբ քուրդ Նուրալլահ բեկը ասորական համայնքի ղեկավար Մար-Շիմոնին առաջարկեց ենթարկվել իրեն և անհրաժեշտ դեպքում ասորինեից բաղկացած զորք հավաքել և դնել իր տրամադրության տակ, վերջինս հրաժարվեց կատարելու իր այդ առաջարկը, որը և ճակատագրական դարձավ ասորիների համար: Զայրացած այդ պատասխանից` մի կողմից Բեդեր-խան բեյը, մյուս կողմից Նուրալլահ բեկը իրենց բանակով հարձակվեցին ասորական Թիար գավառի վրա և սկսեցին ջարդը, արյունահեղությունը, ավերածությունները: Նրանք չէին խնայում ոչ ծերերին, ոչ երեխաներին, ոչ էլ նույնիսկ հաշմանդամներին: Թափված արյունից մեծ ու փոքր առուներ էին գոյանում:
Դրանից հետո նրանք հարձակվեցին Թխոմա գավառի վրա, որտեղ ավելի դաժան վարվեցին ասորական համայնքի հետ:
Ասորական ջարդերից հետո, Բեդեր-խան բեյի այդ վայրագությունների հանդեպ թույնով լցվեցին եզդիները:
Եզդիների խոշոր ջարդ տեղի ունեցավ Մուսայի վիլայեթի Թխոմա կազայում: Թխոմա գավառում ապրում էին 4000-ից 5000 եզդիներ: 1843թ-ին մայիսին Բեդեր-խանը և Նուրալլահ բեկը, հարձակվելով Թխոմա լեռնագավառի վրա, երկաթյա ամուր օղակով շրջափակեցին գավառը: Քուրդ խոլամները տակնուվրա արեցին ամբողջ Թխոման: Հողին հավասարեցին դարերով կառուցված շինությունները, խանութները, սրբավայրերը:
Ջարդը սկսեցին տղամարդկանցից: Իրար կապելով երիտասարդ եզդիներին` նրանց գավառից հանեցին դուրս և ցուցադրաբար մորթեցին, ապա նավթ լցնելով սպանվածների դիակների վրա` այրեցին, որպեսզի հետքեր չմնան: Այնուհետև մտան գավառի ներս, սկսեցին ոչնչացնել ծերերին, փոքրիկ երեխաներին: Խոլամները սվինի վրա էին բարձրացնում մեկ-երկու ամսեկան երեխաների, սվինահար անում, ապա գցում ներքև: Իրար հետ մրցելով` բացում էին հղի կանանց որովայները, նախօրոք վիճում, երեխան տղա է, թե աղջիկ:
Ասորիների և եզդիների դեմ իրականացվածը, առաջին շրջափուլն էր միայն, և դա ցեղասպանության սկիզբն էր միայն Թուրքիայում:
1840-ական թթ-ին միայն կոտորվել է 10.000 ասորի, 5000 եզդի: Սա վկայում է այն մասին, որ եզդիների կոտորածները սկսվել են դեռևս 19-րդ դարի 40-ական թթ-ին:
Ասորիների ցեղասպանությունը ընդունելով` հիմք են ընդունել նաև այս պատմական փաստը: Բերելով նույն ժամանակահատվածում երկու ժողովուրդների ցեղասպանության փաստեր, կոչ եմ անում արդարացիորեն մոտենալ նաև եզդիների տեսանկյունից:
Եզդիների ցեղասպանության հետ կապված կան նաև այլ վկայություններ, որոնք կներկայացվեն համապատասխան կառույցներին, եթե եզդիների ցեղասպանությունը շարունակեն ժխտել:
Վերջում ուզում եմ տեղեկացնել նաև, որ Հայոց նորագույն պետականության հիմնադիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանը հատուկ հրամանագրով հրամայել է գումար հատկացնել այն եզդիներին, ովքեր հաստատվել էին Արևելյան Հայաստանում` փրկվելով բարբարոսներից: Այդ հրամանագիրը նույնպես պահպանված է:
Ռոման Ավդոյան.
Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ:
24.02.2015