Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Համբերություն Ձեզ, պարոն Հոբելյար

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
15:45, Понедельник, 09 Сентября, 2013 года

IRAKANUM.com-ը գրում է.
     Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է, 55-ամյակը: Իհարկե, նախ` շնորհավոր, պարոն Գասպարյան, մաղթում ենք մի այդքան էլ առողջ, ոտուձեռով կյանք` ի բարօրություն քաղաքակիրթ, բարեկիրթ ու օրինահարգ հայաստանցիների և հեճուկս սրանց հակառակների:

Բայց ամենակարևորը, որ ուզում ենք ցանկանալ` համբերությունն է: Առանց համբերության ոչ մի գործ գլուխ չի գալիս, ու հատկապես Հայաստանում: Տեսեք, պարոն Հոբելյար, պախկվոցի խաղացող մեր ավտոտեսուչներին արևերես հանեցիք, չէ՞, հետն էլ, գիտենք, լսել ենք, հազար անգամ ասացիք` անկաշառ աշխատեք, մեր ժողովուրդն է, որ աշխարհում ամենալավ ապրողներից չի, մի թալանեք էդ խեղճերին:

Մեկը պատմում էր, թե տարիներ առաջ, Ձեզանից առաջ ու Ձեր նախորդից էլ առաջ, պետավտոտեսչության հազար տարվա մի աշխատող, միջինից բարձր մի պաշտոնյա, հերթական տնտեսական «բարեփոխումների» ժամանակ ասել է. «Մեր աշխատավարձը մի բարձրացրեք, պետք չի, էնպես արեք, որ էս ժողովուրդը լավ ապրի, մենք էլ նրա հետ լավ կապրենք»: Իհարկե, պարոն գեներալ, Դուք նման բան ասել չեք կարող: Բայց տեսնու՞մ եք, որ տարբերությունը մեծ չի: Հիմա մեր ավտոտեսուչները չեն թաքնվում, ճիշտ է, բայց հո՞ էլի նույն անկուշտն են: Մեկ-մեկ այնպիսի բաների ենք ականատես լինում, որ լացդ գալիս է` երկու կոպեկի համար կարելի՞ է այդքան նվաստանալ:

Ասում են, նաև ասել եք, որ էն զոռբա փողավոր վարորդների դեմ պայքարեն: Ոնց որ դա էլ ստացվում է, բայց միայն էն ժամանակ, երբ Ձեր «դաբրոն» կա, ու միևնույն է, կիսատության զգացումը չի լքում: Ու էլի, հարգարժան Հոբելյար, պետք է համբերությամբ զինվեք, համբերությամբ պայքարեք, մինչև էդ սրիկաները գոնե դանդաղ բազմանան:

Բայց, ախր, Դուք մեզնից լավ կիմանաք, որ գաիշնիկը էս երկրի ամենախոցելի կաշառակերը չի:

Պատկերացնում եմ Ձեր վիճակը, պարոն գեներալ: Ի՞նչ անեք: Համբերելու՞ բան է, երբ կարող եք հանցագործին բռնել, տանել-հասցնել դատարան, մեկ էլ հանրապետության ղեկավարությունը մի էնպիսի շշմելու «քաղաքական» որոշում կկայացնի, որ յուրաքանչյուր քրեական հետախույզ մեկ օրից թևաթափ կլինի, երկրորդ օրը կփորձի ուշքի գալ ու երրորդ օրվանից վստահաբար կասի` բա ինձ պե՞տք ա… Ու կմնան հանցագործությունները չբացահայտված, որովհետև քաղաքական որոշումներ կայացնողները նույնպես բազմացող տեսակից են… Խոսքն, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակման մասին է: Ասենք` ոչ միայն նրա…

Էնպես որ, պարոն Գասպարյան, Ձեզ լիքը-լիքը համբերություն:

Առանց համբերության անհնար է: Առանց համբերության ի՞նչ կլիներ հերթական ընտրություններից հետո: Ախր, ո՞վ չգիտի, որ ոստիկանությունը կապ չունի ոչ ընտրախախտումների, ոչ ընտրակաշառքների հետ, ոստիկանությունն ընդամենը կարգ պահպանող է: Ու բոլորն էլ գիտեն, որ քաղաքական որոշումներ կայացնողները ձևը սովորել են. իրենց ուզածն անում են ու թաքնվում ոստիկանության հետևում: Հետևում թաքնվելը կարելի է միանգամից մի քանի իմաստով հասկանալ, նաև բուն իմաստով: հետո էլ մի բախում որ լինում է, այդ «բազմացողները» կարող են պատժել երկու կողմին էլ: Ախր, մենք հո լավ գիտենք, պարոն Հոբելյար, որ երկու կողմ չկա, կա մի ժողովուրդ, որի մի մասը աշխատում է ոստիկանությունում: Վերևներում շատ բաներ չեն հասկանում, դրա համար էլ Ձեզ հարկավոր է անսահման համբերություն:

Ի դեպ, ՄԱԿ-ի փորձագետները հրապարակել են երջանիկ երկրների շարքը: 156 երկրի մեջ մենք 128-երորդն ենք, պարոն Հոբելյար, ու դրա համար Ձեր ծննդյան օրվա հետ կապված ուրախությունը մի տեսակ կիսատ է ստացվում: Ախր, տխուրների երկրի ոստիկանության պետը ո՞նց լիարժեք ուրախանա:

Բայց համբերությունը չկորցնեք, ոչինչ, մի օր անպայման լիարժեք կլինենք, չէ՞ որ Ձեզ 55 տարվա առողջ, ոտուձեռով կյանք ենք մաղթել: Աղոթենք դրա համար, քանի որ Դուք, Ձեր տեսակը մեր երկրին, մեր ժողովրդին պետք է:
     IRAKANUM.com

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4799 | 0 | 0
Facebook