Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Вторник, 03 Декабря, 2024 года

Статьи

Հելլադայի փրկությունն ապահոված ճակատամարտի գլխավոր հերոսի աստիճանական այլասերումն ու անփառունակ վախճանը

19:09, Четверг, 23 Мая, 2024 года
Հելլադայի փրկությունն ապահոված ճակատամարտի գլխավոր հերոսի աստիճանական այլասերումն ու անփառունակ վախճանը

Հույն-պարսկական պատերազմների ժամանակաշրջանի (մ.թ.ա. 500 – 449, ընդմիջումներով) սպարտացի ականավոր զորահրամանատար Պավսանիասը, գլխավորելով համահունական բանակը մ.թ.ա. 479 թվականին տեղի ունեցած Պլատեայի ճակատամարտում, ջախջախել է Պարսից արքա Քսերքսեսի վիթխարի հորդային: Գերմանացի պատմաբան Էռնստ Կուրցիուսն այս հաղթանակի օրը համարել է Հելլադայի փրկության օր:

Զորահրամանատարը բավարար չի համարել այս փառահեղ հաղթանակը և համահունական բանակը շարժել է դեպի հյուսիս ու գրավել է Բյուզանդիոնը: Դրանից հետո, սակայն, նրա կյանքի ընթացքը, իր իսկ մեղքով, կտրուկ շրջադարձ է կատարել…

Այժմ՝ առավել մանրամասն:

Հույն պատմիչ Հերոդոտոսը Պլատեայի ճակատամարտից հետո տեղի ունեցած մի դեպքի մասին է պատմում, որը ցույց է տալիս պարսիկների փափկակեցությունը և Պավսիանասի դեռևս չապականված մտածողությունը: Հույները մեծ ռազմավարի են տիրել: Դրանց մեջ է եղել նաև պարսկական զորքերի հրամանատար Մարդոնիոսի վրանը՝ մեծ քանակությամբ ոսկյա և արծաթյա սպասքով: Պավսանիասը պարսիկ գերիներին հրամայել է պատրաստել այնպիսի ընթրիք, ինչպիսին պատրաստել են իրենց նախկին զորահրամանատարի համար: Վրանի փառահեղ տեսքն ու պատրաստված ընթրիքի ճոխությունն ապշեցրել է սպարտացիներին: Կատակելու համար Պավսանիասն իր ծառաներին կարգադրել է սպարտայական ընթրիք պատրաստել, որից հետո հրավիրել է հելլենների մյուս զորահրամանատարներին: Երբ նրանք հավաքվել են, նա կատակով ասել է.

«Հելլեննե՛ր, ես ձեզ հավաքել եմ, որպեսզի ցույց տամ մարերի առաջնորդի այս անմտությունը, որն ապրում է այսպիսի ճոխության մեջ, բայց և այնպես եկել է մեր երկիր, որպեսզի մեզանից խլի մեր խղճուկ փշրանքները»:

«Պավսանիասը, - եզրակացրել է Հերոդոտոսը, - բոլոր հիմքերն ուներ ծիծաղելու պարսիկների հիմարության վրա, որոնք, հնարավորություն ունենալով վայելելու այդպիսի բարիքները, ճանապարհ էին ընկել, որպեսզի նվաճեն իրենց լեռնային կացարաններում աղքատության մեջ ապրող հելլեններին»:

Պլատեայի ճակատամարտում պարսիկներին հաղթած հույները հարուստ ռազմավար են ձեռք բերել: Այդ ռազմավարի տասներորդ մասը նրանք նվիրաբերել են աստվածներին, մասնավորապես Դելփիում գտնվող Ապոլոն աստծու սրբարանին է ուղարկվել բրոնզաձույլ մի Եռոտանի, որը պատրաստվել է ճակատամարտում զոհված պարսիկների զենքերից: Եռոտանու ստեղծումը նշանավորվել է հետևյալ սկանդալով. Պավսանիասը կարգադրել է եռոտանու վրա գրել. «Հելլենների առաջնորդ ու ղեկավար Պավսանիասը՝ ի պատիվ տիրակալ Ֆեբոսի, այս հուշարձանը կանգնեցրեց՝ մարերի հրոսակախմբին ջախջախելով»:

Մնացած հույները վիրավորվել են Պավսանիասի այդ արարքից, որովհետև նա, փաստորեն, իրեն է վերագրել հաղթանակը: Գիտակցելով Պավսանիասի արածի անպարկեշտությունը՝ սպարտացիները քերել են հիշյալ գրությունը և գրել են հունական այն բոլոր քաղաքների անունները, որոնց զինվորները մասնակցել են ճակատամարտին: Հռոմեացի պատմիչ Դիոդոր Սիցիլիացին էլ հավելել է, որ եռատոնու վրա նախկին գրության փոխարեն տեղադրվել է հույն նշանավոր բանաստեղծ Սիմոնիդասի հետևյալ բանաստեղծությունը.

«Սա ընդարձակ Հելլադայի փրկիչների նվերն է,

Որ ազատեցին պետությունը

Ամոթալի ստրկության շղթաներից»:

Հակառակորդի հիմնական ուժերին հաղթելուց հետո հույների միացյալ բանակը, Պավսանիասի հրամանատարությամբ, պաշարել է պարսիկների դաշնակից Թեբե քաղաքը: Թեբեացիները ստիպված են եղել պաշարողներին հանձնել պարսկական կողմնորոշում ունեցող խմբավորման առաջնորդներին, որոնց տեղափոխել են Կորնթոս և մահապատժի են ենթարկել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
834 | 0 | 0
Facebook