Փետրվարի 22-ին, ժամը 19: 00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։
Այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) ։ Մենակատարներ՝ սոպրանո Յոհանա Վինքել (Գերմանիա), կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայան (Գերմանիա) տենոր Բենեդիքթ Հայմես (Միացյալ Թագավորություն), բաս Փիթեր Հարվեյ (Միացյալ Թագավորություն) ։ Դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր (Գերմանիա) ։ Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության գերագույն նվաճումներից մեկը։
Կոմպոզիցիան ավարտվել է 1749 թվականին՝ կոմպոզիտորի մահից մեկ տարի առաջ, և մեծ մասամբ հիմնված է եղել ավելի վաղ ստեղծագործությունների վրա։ Կոմպոզիցիայի առավել անսովոր բնութագրիչներից է նրա մասշտաբը. կատարման ընդհանուր ժամանակը մոտ երկու ժամ է։
Այս ստեղծագործությունը, հավանաբար, երբեք ամբողջությամբ չի կատարվել Բախի կենդանության օրոք: Ամենավաղ վավերագրված ամբողջական կատարումը տեղի է ունեցել 1859 թվականին: Տասնյակ ձայնագրություններ այն դարձրել են Բախի ամենահայտնի վոկալ ստեղծագործություններից:
2015թ.-ին «Սի մինոր Մեսսա» -ի՝ Բախի անձնական ձեռագիրը, որը պահվում էր Բեռլինի պետական գրադարանում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ռեգիստրում, որը մշակութային նշանակություն ունեցող փաստաթղթերն ու ձեռագրերը պահպանելու ծրագիր է: