Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գարեգին Բ-ի հեռացումն անխուսափելի է

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
12:34, çarşamba, 18 temmuz, 2018
Գարեգին Բ-ի հեռացումն անխուսափելի է

ՊԱՏԱՍԽԱՆ ԲՈԼՈՐ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻՆ


    

«Իմա­ցի՛ր, որ սուրբ Գրիգորի Աթոռին նստե­լու են քահանայապետներ, ովքեր ո՛չ ըստ հրամանի սուրբ առաքյալների և ո՛չ էլ սուրբ ժողո­վին մասնակցած երեք հարյուր տասնութ սուրբ այրերի կանոնի համաձայն են ձեռնա­դրվել երկնավոր պատվի համար, այլ հանդգնությամբ այդ պատվին են ձգտում` ըստ աշխարհի փառքի: Նրանք առավել արծաթասեր են, քան թե՝ աստվածասեր: Եվ քանի որ անպի­տան է այդ­պիսի քա­­հա­նա­յությունը և ոչ հաճո Բարձրյալին, նրանք ջնջված են երկնային բարու­թյան մա­տյանից ու մատնված դատաստանի և այրվելու գեհենում` ի կորուստ իրենց անձանց ու ժողո­վրդի» ... (Սուրբ Սահակ Պարթև հայրապետի ամբողջական տեսիլքի մասին տե՛ս Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982, էջ 65-83):

«Այս ժամանակները սուրբ Գրիգոր Լուսավորչի Աթոռի շուրջ մեծ կռիվ ու աղմուկ էր, որովհետև կաթողիկոս էին ընտրում ոչ թե Աստծո կամքով կամ նկատի ունենալով [թեկնածուի] արժանավորությունը, այլ ուժով ու կարողությամբ, բարձր իշխանավորների ցանկությամբ: Դա տեղի էր ունենում ոչ թե Սուրբ Հոգու հայտնությամբ, այլ պատահականորեն, բախտի բերմամբ, ոսկի և արծաթ տալով: Այս օրերում, վիրավորված՝ հրապարակից հեռացան սուրբ և առաքինի մարդիկ, և առաջ քաշվեցին Տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու աչքից ընկածները: Հենց այստեղ է, որ իրականացավ սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը, թե կջնջվեն ոսկեգիր կարգերը, և կգրվեն սևադեղ թանաքով» ... (Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 150) :

«Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով. որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է Աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում և ինքն իրեն ցույց տա, թե աստված է» (Բ. Թես. 2: 3-4):

Բավական երկար ժամանակ տարբեր հարթակներից հաճախ է խոսվում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ընկած, չասելու համար՝ մահամերձ վիճակի մասին, որ ուզենք թե չուզենք իրականություն է: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր պատմականորեն ձևավորված մի շարք հանգամանքներ իրենց ազդեցությունն են գործել Հայ եկեղեցու առաքելության վրա, որոնք կա՛մ հաջողությամբ են այն պսակել և կա՛մ պատճառ են եղել նրա ձախողության և փոշիացման: 1915 թ. ցեղասպան թուրքը մասոնական ուժերի միջոցով փորձեց գլխատել հայ ժողովրդին, սակայն իր նպատակին չհասավ, քանի որ աշխարհով մեկ ցրիվ եկած և փյունիկի պես վերածնված հայ տառապյալ ազգը հրաշքով վերապրեց և շարունակեց իր հաղթական ճամբորդությունը օտար ափերում:

Թուրք մասոնները, տեսնելով, որ հայ ազգը հառնեց մոխիրների միջից, այս անգամ իր դաշույնի ծայրը դավադրաբար ուղղեց Հայոց եկեղեցու դեմ՝ կաթվածամահ անելով վանական կյանքը, կողոպտելով ու քանդելով վանական համալիրները, սպանելով և աքսորելով հայ վանականներին... Եվ վանքերի կործանումով սկսվեց Հայ եկեղեցու հոգևոր դիմագծի այլասեռումը, քանի որ այլևս չկային հարատև աղոթողներ, ուղղափառ վարդապետության պահապաններ, սրբազան կանոնների գործադրողներ: Թերևս նույնը որոշ տարբերություններով եղել է նաև ցեղասպանությունից շատ ավելի վաղ, այլապես պատմահայր Խորենացին ի լուր ամենքի չէր ողբա, «որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը: Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ՝ բեմիդ բարեկարգությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում»:

Ապա վրա հասավ սովետական ռեժիմի աստվածամերժ հասարակարգը, որ ամեն ինչ անում էր՝ ծերունուց մինչև մանուկ ամենքին երկաթյա բռունցքի մեջ պահելու, որպեսզի չլինի թե հանկարծ որևէ մեկն իր խոսքի և խղճի ազատությունից օգտվի: Բնականաբար, Հայ եկեղեցին այսպիսի համակարգում չէր կարող արտոնյալ լիներ, և որոշապես ենթակա էր ստեղծված բռնապետական իրավիճակին: Այսպիսի պայմաններում հավատքը դավանելը հերոսություն էր, որ հաջողվում էր քչերին: Բայց անգամ այդ անաստվածության մթնոլորտում դարձյալ հարգանք կար դեպի Հայոց եկեղեցին և հայ եկեղեցականը, որն արտահայտում էին հայ ժողովրդի բոլոր զավակներն անխտիր՝ պետական չինովնիկներից մինչև թերուս ռանչպարները: Դրա վառ վկայությունն էր այն, որ երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ հայրապետի լուսանկարը իր պատվավոր տեղն էր զբաղեցնում յուրաքանչյուր հայի բնակարանում:

Սովետական համակարգը յոթանասուն տարի անց տեղի տվեց և փլուզվեց: Բարեբախտաբար կամ դժբախտաբար մենք չտեսանք Սովետը, բայց միանշանակորեն՝ դժբախտաբար ժառանգեցինք սովետական «անհոգի հոգեբանությամբ» դաստիարակված եկեղեցականների մի ամբողջ սերունդ՝ չհաշված սփյուռքյան սովետամերժ իրականությունը: Անաստվածության հոգեբանությամբ դաստիարակված սերունդի մաս էր կազմում Հայ եկեղեցու ներկայիս գահակալը՝ Գարեգին Բ Ներսիսյանը: Ես չեմ ուզում անդրադառնալ նրա բարոյական կերպարին կամ սովետական ԿԳԲ-ի հետ նրա ունեցած ջերմ հարաբերություններին (նա այդ դպրոցը գերազանց է ավարտել), այլ ուզում եմ կանգ առնել նրա հոգևոր ընկալումների, ավելի ճիշտ՝ հոգեզուրկ աշխարհայացքի վրա: Անդառնալիորեն ցավալի է ունենալ կաթողիկոս, ով զուրկ է քրիստոնեական հավատքից (ուղղափառության մասին խոսելն ավելորդ է), չի սերտել Աստվածաշունչը (առհասարակ գիրք չափազանց քիչ է կարդացել), չի տիրապետում Հայ Առաքելական եկեղեցու աստվածաբանությանը, եկեղեցական-կանոնական իրավունքին...

Գարեգին Բ-ի հետաքրքրությունները միայն նյութական են՝ աշխարհիկ ըմբռնումներով, որտեղ թագավորում է նորին մեծությունը Դրամը: Փառամոլության ախտով վարակված այս կաթողիկոսը գեթ մեկ վայրկյան չի մտածում իր հողեղեն և մահկանացու լինելու մասին, քանի որ հոգի ունի տալու Աստծուն, և Ահեղ դատաստանի օրը հաշիվ պիտի պահանջվի նրանից: Եթե Աստծուց վախ ունենար, մարդկանցից էլ ամոթ կունենար: Բայց ունենք այն, ինչ ունենք, իսկ այս ամենի համար մեղավոր ենք ազգովի՝ պետական չինովնիկներից մինչև թերուս ռանչպարները, որկրամոլ եպիսկոպոսներից մինչև ծիսավաճառ քահանաները: Սակայն դեռ որքա՞ն պիտի հանդուրժենք հոգևոր այս մռայլ և, մեղմ ասած, անմխիթար վիճակը: Հոգևոր այս գորշությունն ավելի է ուրվագծվում, երբ Հայ եկեղեցին համեմատում ես քույր եկեղեցիների հետ, հայոց կաթողիկոսին՝ նրանց հովվապետերի հետ:

Սիրտդ ճմլվում է, երբ տեսնում ես ուղղափառ և կաթողիկե եկեղեցիների շենշող վանքերը, անթիվ միաբանությունները, պայծառ աղոթական կյանքը: Ո՞ր մեկն ասեմ՝ Եգիպտոսի Սուրբ Անտոնի ղպտական վա՞նքը, թե՞ Դամասկոսի Սուրբ Եփրեմի ասորական վանքը, Հունաստանի Աթոս լեռան ուղղափառ վանքե՞րը, թե՞ եվրոպական կաթողիկե բենեդիկտյան վանքերը... Բայց ոչ մի վանք Հայաստանում... Հայկական վանք ունենալու մեծ փափագը ժամանակին ունեցավ Մխիթար Սեբաստացին, սակայն չհասկացվեց, հալածվեց և նախախնամությամբ հաստատվեց Վենետիկում՝ սեփական վանքը հիմնադրելով Սուրբ Ղազարի կղզում: Եվ Մխիթարյան բանիմաց ու զարգացած Հայրերի շնորհիվ էր, որ ունեցանք գրավոր ժառանգության մի լուսե փաղանգ: Նույնը՝ միջնադարյան Հայաստանում մեկը մյուսին չզիջելով ծաղկում էին հայկական վանքերը՝ Հաղբատում՝ արևելյան վարդապետները, Տաթևում՝ Սյունյաց մետրոպոլիտությունը, Արցախում՝ Գանձասարն ու Դադիվանքը... Շարքը երկար է, օրինակները բազում են...

Վանքերը եկեղեցու շնչառությունն են, նրա թոքերը, ասում են Սուրբ Հայրերը: Վանքերը նաև եկեղեցու ոտքերն են, մեկը՝ արական, մյուսը՝ կուսանաց: Առանց վանքերի և վանական միջավայրի անհնար է պատկերացնել քրիստոնեական եկեղեցի: Իզուր չէ ասված, որ սուրբերը ծնվում են վանքերից: Կուսակրոն բոլոր հոգևորականները վանքերից պիտի ելնեն և վանքերում ապրեն: Հայ եկեղեցու այսօրվա «կուսակրոն» (նաև ամուսնացյալ) եկեղեցականների բարոյալքված և հոգեխռով վիճակը գալիս է վանքեր չունենալուց, որտեղ պետք է որ անցկացնեին հոգենորոգության (retraite spirituelle) օրեր: Իսկ եթե չկան վանքեր, չկան նաև խոստովանահայրեր: Ուրեմն, ո՞վ պետք է վկայի ձեռնադրվող թեկնածուի արժանավորության մասին, քանի որ ո՛չ խոստովանահայր ունի, ո՛չ էլ ժողովուրդն է նրան ճանաչում: Այսքանից հետո դեռ անամոթաբար ստում ենք եկեղեցում հավաքված ժողովրդին և առաջին հերթին ձեռնադրող եպիսկոպոսին՝ ասելով. «Այո՛, ունի խոստոնավանահայր», որին հաջորդում է հաջորդ սուտը՝ «Աստուածային և երկնաւոր շնորհ, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան Առաքելական Եկեղեցւոյ, կոչէ (այս անուն) ... ըստ վկայութեան անձին իւրոյ և ամենայն ժողովրդեան» (Ձեռնադրության Մաշտոց):

Ձեռնադրության սրբազան արարողությունից սկսյալ սուտն ու կեղծիքը եկեղեցում դառնում են կենսակերպ, հոգեբանություն, հրամայական: Աստիճանաբար ստերի ու կեղծիքի վրա հենվում է մի ամբողջ նվիրապետություն, որն անտեսելով Սուրբ Հայրերի օրինադրած կարգերն ու կանոնները՝ նորահնար և շինծու օրենքներ է որդեգրում: Դեռևս ճեմարանական տարիներից արհամարհվում, ծաղրվում և մերժվում են Սուրբ Հայրերը՝ նրանց համարելով ժամանակավրեպ և հնացած, սակայն երբ մոտենում է ձեռնադրության պահը, ընծայյալը կեղծավորաբար հայտարարում է, թե՝ «աշակերտիմ և հետևիմ սրբոց Հարցն ուղղափառաց», որին հաջորդում է մյուս կեղծիքը՝ «հրաժարիմ և նզովեմ զամենայն դասս հերետիկոսաց և հերձուածողաց» (Ձեռնադրության Մաշտոց): Հաջորդ քայլում մենք տեսնում ենք հայ եկեղեցականների ողջագուրումը կեղծ էկումենիկ շարժմանը, որտեղ իբրև թե աղոթքի ու պաշտամունքի համար կողք կողքի են մեկտեղվում ուղղափառն ու կաթողիկեն, բողոքականն ու առաքելականը, մահմեդականն ու բուդդիստը, հեթանոսն ու սատանայապաշտը... Մինչդեռ երկրորդ Նիկիական 84-րդ կանոնն զգուշացնում է. «Ո՛չ է պարտ հերետիկոսաց՝ ընդ մեզ յաղօթս կալ»:

Այսօր ունենք բազում մարտահրավերներ, խնդիրներ, որոնք ծառացած են մեր ազգի և եկեղեցու առջև՝ մասոնականության ներփաթանցումը, միասեռ ամուսնությունների վտանգը, ընտանեկան բռնության մասին օրենքը, հղիության արհեստական ընդհատումը, գենդերային հավասարությունը, կենսաչափական անձնագիրը, անհատական համարակալումը, մատնահետքերով ընտրությունները, մաշկի տակ չիպավորումը, հեթանոսական տոների տարածումը (դիցուք՝ հելոուինը) և այլն, և այլն: Եթե եկեղեցին՝ ի դեմս իր գահակալի, չկարողանա ուղիղ ու սպառիչ գնահատականներ տա և հստակ ու քրիստոնեական դիրքորոշում հայտնի այս բոլորին, ապա դրանք կուտակվելով՝ կվերածվեն համազգային աղետի, կհանգեցնեն ինքնաբնաջնջման: Այսպիսի հոգևոր լրջագույն սպառնալիքների դիմաց պետք է ունենալ հոգևոր խորը նկարագրի և բարոյական անաղարտ վարքի տեր հայրապետ՝ «ըստ նմանութեան երանելի հայրապետացն մերոց նախնեաց»:

Գարեգին Բ կաթողիկոսը, չլինելով հոգևոր անձնավորություն և չիմանալով քրիստոնեական վարդապետությունը, բնավ և երբեք ի վիճակի չէ դիմակայել վերը թվարկած հրամայականներին, քանի որ նա որդեգրել է օրվա քաղաքական իշխանություններին հարմարվողականության մոտեցումը՝ սեփական մաշկը և պաշտոնը փրկելու համար, քանի որ նա իր անձնական շահը շփոթում է եկեղեցու շահի հետ և այդպես ուսուցանելով՝ մոլորեցնում ժողովրդին: Նա բավարարվեց միայն արտաքին շինարարությամբ, նյութական արարումներով, բայց միաժամանակ այլանդակեց եկեղեցու ներքին՝ հոգևոր շինվածքը: Անգամ եկեղեցական ավանդական ճարտարապետությունը խեղվեց, վկան՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Էջմիածնի Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին: Հոգևոր շունչը բացակայում է ինչպես Մայրավանքի նոր միաբանական կացարանից, այնպես էլ նոր դիվանատան մասնաշենքից և հատկապես՝ Գևորգյան ճեմարանից, ուր ուսանողները վեց տարի ուսումնառության ընթացքում այդպես էլ մեծավ մասամբ հոգևոր կյանքին անհաղորդ են մնում (գոնե ճեմարանում իմ ուսումնառության և պաշտոնավարության ժամանակ այդպես էր): Մայր Աթոռը տասնամյակներ ի վեր դադարել է վանք լինելուց (անգամ քանդվեցին Մայրավանքի հին պարիսպները, որոնք գտնվում էին գրախանութի հարևանությամբ) ՝ վերածվելով վարչական կենտրոնի, իսկ «միաբան» եկեղեցականները երբեմնի վանականներից դարձել են վարձու աշխատողներ: Ո՞ւր է Մայրավանքի «շնորհքի և սիրո մթնոլորտը», որի մասին դառնապես աղաղակում էր Նորվան արք. Զաքարյանը և որի ուղարկած 4 էջանոց բացատրողագիրն այդպես էլ չքննվեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստերից և ոչ մեկի ժամանակ:

Հետևաբար, այս բոլորն ի մտի ունենալով՝ մեզ անխուսափելիորեն հարկավոր են վանքեր, որտեղից էլ պիտի սկսվի Հայ եկեղեցու բարեկարգումը: Վանական կյանքի առաջին փորձը, կարելի է ասել, հաջողվել էր և արդեն իր ցանկալի պտուղներ էր տալիս՝ շնորհիվ Կորյուն աբեղա Առաքելյանի անխոնջ ջանքերի, ով ուներ վանական կյանքի փորձառություն՝ ապրած լինելով Դամասկոսի հռչակավոր վանքում: Նա այն ջերմեռանդ և խորը հավատքի տեր անձնավորությունն է, ով իր եկեղեցու համար պատրաստ էր սեփական կյանքը զոհել: Եվ մի՞թե հոգևոր արժեքների ու հավատքի ուղղափառության նկատմամբ նախանձախնդրություն և սրտացավություն ունենալու համար պետք է պիտակավորվել «իսլամիստ», «ծայրահեղական», «թլփատված», «միասեռական», «կնաբարո» և «սորոսական» , համարվել «Էլթոն Ջոնի բարեկամ և դրամաշնորհառու», որոնց անուններն անգամ ինձ մոտ զզվանք են առաջացնում: Ահա նմանատիպ և ավելի գունեղ զրպարտություններով և բանսարկություններով են հանդես գալիս այն դիվահար և հեթանոս անձերը (հաճախ՝ կեղծանուն և ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերը), որոնք գիշեր-ցերեկ հերյուրանքներ ու ստահոդ տեղեկատվություն են տարածում իմ, Հայր Կորյունի, Կարեն Պետրոսյանի և առհասարակ՝ նոր հայրապետ ցանկացողների նկատմամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի:

Պաշտոնապես հերքում և խստորեն դատապարտում եմ irates.am կայքի 17.07.2018 թվակիր հոդվածում («Նպատակը Լուսավորչի գահին միասեռական կաթողիկոս տեսնելն է, որը կկործանի ոչ միայն եկեղեցին, այլև հայ գենի մարման վերջը կդառնա») տեղ գտած նենգամիտ զրպարտությունը, չարակամ բանսարկությունը և վիրավորական արտահայտությունները մեր մասին: Ասվում է, թե իբր «հայտնի փաստ» է, որ ես կամ իմ կողմից ղեկավարվող որևէ կայքէջ «ֆինանսավորում է Էլթոն Ջոնը, և ԼԳԲՏ համայնքին հատկացվող գրանտներով» (նախկինում այլ կայքերում ևս եղել են իմ մասին զրպարտչական բնույթի հոդվածներ): Հետաքրքիր է՝ այդ որտեղի՞ց այն դարձավ «հայտնի փաստ», երբ այդ մասին որևէ մեկը, բացի զրպարտագրի հեղինակից, չգիտի: Հայտնի փաստը առանց ապացույցների չի լինում: Որևէ մեկը կարո՞ղ է ապացուցել այս տխմարաբանությունը: Եթե ոչ, ուրեմն սա ակնհայտ զրպարտություն է և չարախոսություն, որը իրավական տեսանկյունից պատժելի հանցանք է: Ապա հոդվածագիր Արթուր Հովհաննիսյանը, միտումնավոր թե անգիտակցաբար տուրք տալով ֆեյսբուքյան ոմն կեղծ օգտատիրոջ ցնդաբանությանը (վերջերս լրագրողների մոտ սովորություն է դարձել առանց ճշտումներ կատարելու իրենց հոդվածները լցնել փողոցային բամբասանքներով և ֆեյսբուքյան աղբով, ինչը լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է), գրում է, որ ես իբր ներկա եմ եղել «Էլթոն Ջոնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը», քանի որ, ըստ նույն զազրախոսի, իբրև թե «ամբողջ աշխարհը գիտի իմ համասեռամոլ լինելու մասին» (գուցե ասողն է՞լ է մասնակից եղել, որ այդպես վստահ է): Սա նողկալի և լկտի սուտ է, փաստազուրկ և չար զրպարտություն, որի համար ես պահանջում եմ «Իրատես» թերթի խմբագրությունից և անձամբ հոդվածագիր Արթուր Հովհաննիսյանից հրապարակային հերքում և ներողություն՝ իմ բարի համբավն արատավորելու, մաքուր անունս վարկաբեկելու, պատիվս ու արժանապատվությունս վիրավորելու համար:

Հակառակ դեպքում՝ այս հարցը պետք է լուծվի դատական կարգով՝ համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1 և 3 կետերի. «1. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով: 3. Եթե անձի պատիվը, արժանապատ­վությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով»:

Այս խնդիրը մեկընդմիշտ պետք է փակել, քանի որ որոշ թյուրիմացություններ և ուղեղից հիվանդ շաղակրատներ (եկեղեցական թե աշխարհական), չարաշահելով իմ համբերությունն ու պարկեշտությունը, անցնում են ողջամտության բոլոր սահմանները և զբաղվում ակնհայտ զեղծարարությամբ ու բանսարկությամբ: Ասեմ ավելին՝ ես ընդհանրապես չեմ ճանաչում Էլթոն Ջոնին և ոչ իսկ ցանկություն ունեմ նրան ճանաչելու: Ես ընդհանրապես չեմ ճանաչում Սորոսին ու նրա հիմնադրամը, և ոչ իսկ ցանկություն ունեմ ճանաչելու: Ես որևէ կերպ առնչություն չունեմ ԼԳԲՏ համայնքի հետ և ոչ իսկ ցանկություն ունեմ ճանաչելու: Եվ չլինելով Էջմիածնի միաբան՝ ես մնացել եմ շատ ավելի կուսակրոն, քանի շատ ու շատ «կուսակրոն» եկեղեցականներ և գործող միաբաններ, որոնք ճեմարանական տարիներից վարակված են պոռընկական ախտով և ամեն տեսակի մոլություններով (բացառությունները՝ հարգելի): Իսկ ս.թ. հունիսի 30-ին Էջմիածնի հրապարակում իմ արտասանած ելույթը տեղադրված է համացանցում, որի մասին գնահատականները թող յուրաքանչյուր ունկնդիր իր համար անի: Միայն ավելացնեմ, որ երկու եպիսկոպոս և քահանաներ իրենց գնահատանքի խոսքն են ինձ ասել՝ հիշյալ ելույթիս առնչությամբ, որին հերքում առ այսօր չի եղել Մայր Աթոռի կողմից: Ինչ վերաբերում է միասեռականության հարցին, ապա պիտի ասեմ, որ երկու տեսանյութերով ես հրապարակայնորեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը և դատապարտել այն՝ Միասեռականությունը չարիք և պղծություն է, որի դեմ պետք է պայքարել և «Մայր Աթոռը լեփ-լեցուն է համասեռամոլ հոգևորականներով» ... Առաջարկում ենք կարդալ նաև ընտիր հրապարակախոս և Հայ եկեղեցու բարեկարգության ջատագով Ոսկան (վրդ.) Մխիթարյանի «Միասեռականութեան ախտաճանաչումը եկեղեցական կեանքէն ներս» և «Սոդոմ եւ Գոմոր» հոդվածները: Կաթողիկե աշխարհում է՛լ ավելի են տարածված միասեռականության և մանկապղծության դեպքերը, քանի որ լատին ավանդության մեջ չկա ամուսնացյալ քահանայություն, այլ բոլոր եկեղեցականները կուսակրոն են, իսկ կուսակրոնության շնորհը, որ հավասար է նահատակության խաչին, տրված չէ ամեն քահանայի: «Այս ասում եմ թույլ տալով և ոչ թե հրաման տալով. որովհետեւ ուզում եմ, որ ամեն մարդ լինի այնպես, ինչպես ես եմ. բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկն՝ այսպես, իսկ մյուսն՝ այնպես» (Ա. Կորնթ. 7: 6-7), - խրատում է Պողոս առաքյալը, ով նույնպես կուսակրոն էր և թեպետ նախապատվությունը տալիս էր կուսակրոնությանը, բայց և թեկնածուին ազատ էր թողնում՝ ընտրելու ամուսնացյալ վիճակը, եթե կամենում է:

Ես ավելի քան համոզված եմ, որ այս կեղծ ու պատիր հերյուրանքները, զրպարտանքները և վարկաբեկիչ հոդվածները ուղղորդվում են Մայր Աթոռի և անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի ու դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանի կողմից, քանզի ճանաչում եմ նրանց կեղտոտ ձեռագիրը: Գարեգին Բ-ի ստեղծած կլանային համակարգը ոչ մի կապ չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ, ուստի այն նզովքի ենթակա հերձված է: Իմ պայքարը ոչ թե Հայ եկեղեցու դեմ է, քա՛վ լիցի, այլ Հայ եկեղեցի ներմուծված գարեգինյան կլանի և անհատի պաշտամունքի վերածված գարեգինական աղանդի դեմ է, որը քաղցկեղի պես տարածել է իր ճյուղերը և Հայ եկեղեցին դատապարտել խեղդամահ արվելու: Գարեգին Բ-ի հեռացումը և Հայ եկեղեցու բարեկարգումն անխուսափելի են և դեռ ուշացած, որոնք տապալելու համար բացեիբաց և լկտիաբար փորձ է արվում զրպարտությունների ու վարկաբեկումների գնով լռեցնել այն բոլոր շինիչ և առողջ քննադատներին, որոնք փափագում են Հայ եկեղեցին վերագտնել իր երբեմնի փառահեղ ու պայծառ հոգևոր վիճակի մեջ: Սրան, անկասկած, հակառակ է Գարեգին Բ-ն, քանի որ ծառայում է ոչ թե Քրիստոսին, այլ քրիստոնեական ոգուն խորթ, արտաքին, օտար և մութ ուժերին, մի խոսքով՝ հակաքրիստոսին՝ նպատակ ունենալով վերջնականապես կործանել Հայ եկեղեցին: Այդ պատճառով էլ նա ի սկզբանե դեմ է եղել Հայաստանում վանքերի, վանական կյանքի գոյությանը և ամեն հնարավորն արեց, որ Հայր Կորյունին խանգարի՝ հիմնելու վանական միաբանություն, քանի որ նա սարսափում է աղոթքի զորությունից: Եվ Էդգար Ումբրեյանին Գարեգին Բ-ն անձամբ Գնդեվանքում խոստովանեց (ձայնագրությունն առկա է), որ մեր դեմ մղվող այս համացանցային պատերազմը՝ սուտ ու կեղծ լրատվությամբ, հերյուրանքներով, զրպարտություններով և վարկաբեկումներով, պատասխանն է կաթողիկոսի դեմ մեր կատարած հակընդդեմ գործողությունների: Վա՜յ քեզ քաղաք, որ թագավորդ մերկ և մանուկ է: Իսկ ինձ մնում է մխիթարվել Աստծո Խոսքով և սպասել Տիրոջ ահեղ դատաստանի արդար հատուցմանը:

«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մատթ. 5: 11-12):

«Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կկարողանաք բարի բաներ խոսել, քանի որ բերանը սրտի լիությունից է, որ խոսում է։ Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև՝ քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12: 30-33):

«Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք և ուղտերը կուլ եք տալիս։ Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում եք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողությամբ և անժուժկալությամբ։ Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսը, որպեսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի» (Մատթ. 23: 23-25):

«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի փախչեք գեհենի դատապարտությունից։ Դրա համար ահա ես ձեզ մոտ ուղարկում եմ մարգարեներ, իմաստուններ ու օրենսգետներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք և խաչը պիտի հանեք. նրանցից ոմանց էլ պիտի տանջեք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածեք, որպեսզի ձեր վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արդար արյան՝ արդար Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գա այս սերնդի վրա» (Մատթ. 23: 32-35)


     Եղիա Արմեն Խաչատրյան
     Սբ. Էջմիածնի նախկին միաբան
Գարեգին Բ-ն ոչ թե Քրիստոսի ծառան է, այլ դրամի, մամոնայի
Գարեգին Բ կաթողիկոսը բացարձակապես հոգևոր աշխարհի հետ կապ չունի
«Մայր Աթոռը լեփ-լեցուն է համասեռամոլ հոգևորականներով»...
Բանսարկու քահանաները վարձկան հովիվներ են
Միասեռականությունը չարիք և պղծություն է, որի դեմ պետք է պայքարել
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10619 | 0 | 0
Facebook