Մարքիզ դը Մոնթեսպանը՝ հիասքանչ Կոտոշավորը
![]() Եթե ձեզ փորձեն հավատացնել, թե եղել են թագավորներ, որոնք չեն դավաճանել իրենց թագուհիներին, ուղղակի ծաղրեք նրանց, որովհետև սիրուհիները միշտ եղել են բոլոր թագավորների կյանքի անբաժանելի մասը: Թագավորների սիրուհիներից շատերն ամուսնացած են եղել, բայց նրանց ամուսիններն այդ սիրային հարաբերություններում ձայնի իրավունք չեն ունեցել: Նույնիսկ՝ հակառակը. նրանց սրտանց շնորհավորել են, որովհետև սեփական կնոջը թագավորի գիրկը նետելը հաճախ այդ ամուսիններին բազմաթիվ արտոնություններ է երաշխավորել: Այդ իսկ պատճառով կոտոշավոր ամուսինների մեծ մասը ջանացել է ստվերում մնալ և օգուտ քաղել ստեղծված իրավիճակից...բացառությամբ Լուի Անրի դը Պարդայան դը Գոնդրանի, որն առավել հայտնի է մարքիզ դը Մոնթեսպան տիտղոսով, և որի կինը՝ Աթենեն, 1668 թվականից եղել է Լյուդովիկոս 14-րդի սիրուհին (նրանից ծնելով յոթ երեխա): Լինելով պատերազմի դաշտերում՝ սկզբում մարքիզ դը Մոնթեսպանը չի իմացել թագավորի հետ իր կնոջ անկողնային փաղաքշանքների մասին, բայց 11 ամիս անց վիրավորվելուց հետո վերադառնալով տուն, բացահայտել է, որ իր կինը... հղի է: Նա կնոջը դատի է տվել և դատարանի անդամների աչքի առջև ուժեղ ապտակել է նրան (այսում են, թե Աթենեի դեմքին ապտակի հետքը մի քանի օր մնացել է) և բոլորի ներկայությամբ նրան կոչել է «Մաքերելի տան մարմնավաճառ» (այդ անունով հասարակաց տուն է եղել այն ժամանակի Փարիզում): Նա մի քանի շաբաթ շարունակ Փարիզով մեկ պատմել է կնոջ անհավատարմության մասին, բայց այդքանը քիչ է եղել, որպեսզի Մոնթեսպանի զայրույթի հուրը հանգչի: Կնոջից ու թագավորից վրեժ լուծելու համար է նա որոշել է կիրառել Ֆրանսուա Առաջին թագավորի սիրուհու ամուսնու գործելաոճը, ու փորձել է փարիզյան մարմնավաճառներից վարակվել ծաղիկ հիվանդությամբ, որպեսզի դրանով վարակի կնոջը, իսկ կինն էլ այդ հիվանդությամբ վարակի թագավորին: Համոզված, որ արդեն սեռավաակ է ձեռք բերել, պարոն Մոնթեսպանը գնացել է պալատ. նա կնոջ հետևից վազել է մինչև դքսուհի դը Մոնթոզիեի սենյակները և փորձել է ձեռնափայտով կոտրել դռները: Ի վերջո ծառաները ոլորել են նրա ձեռներն ու պալատից դուրս նետել: Խեղճ կոտոշավորի հուսահատ արարքները թեթևակի զայրացրել են Լյուդովիկոս 14-րդին. Մոնթեսպանը մի քանի օրով բանտարկվել է և ստիպված է եղել հեռանալ պալատից: Գասկոնի իր կալվածքները վերադառնալուց առաջ մարքիզ դը Մոնթեսպանը գնացել է հրաժեշտ տալու թագավորին և իր նորովի զարդարված կառքով մտել է Սեն Ժերմենի պալատի բակ: Որպես կոտոշակրի իր կարգավիճակի խորհրդանիշ՝ պարոն Մոնթեսպանը կառքը ամբողջովին սև գույնով է ներկել, ձիերին նույնպես սև գույնի լծասարքով է հանդերձավորել, իսկ փետրազարդի փոխարեն եղջերվի չորս մեծ կորտոշ է ամրացրել ձիերի գլխին: Նա նույնիսկ կառքի դռներին կարված իր տոհմական զինանշանին կոտոշ է ավելացրել: Մարքիզն ինքը, որպես սգավոր, ամբողջովին սև է հագած եղել ու պալատ է մտել, որպեսզի թագավորին հանդիպի սպասասրահում: -Ինչո՞ ւ եք ամբողջովին սև հագած, - հարցրել է թագավորը: -Սի՛ր, ես իմ կնոջն եմ սգում, - պատասխանել է մարքիզը: -Ձեր կնո՞ջը, - հարցրել է թագավորը: -Այո՛, սի՛ր, ինձ համար նա մեռած է, և ես նրան այլևս չեմ տեսնելու... Հետո նա մեկնել է Հարավային Ամերիկայում գտնվող ֆրանսիական գաղութ Գայանա, որտեղ կալվածքներ է ունեցել՝ ջանալով հնարավորինս շատ մարդկանց ցույց տալ իր գեղեցիկ կառքը՝ իր դժբախտության յուրօրինակ խորհրդանիշը: Հայտնվելով տանը՝ նա եկեղեցական պատշաճ ծեսով կազմակերպել է իր ամուսնության հուղարկավորությունը, որի ընթացքում դատարկ դագաղն իր կոտոշավոր կառքով տարվել է գյուղական զանգակատուն: Քանի որ ցանկացած մահ գերեզման է պահանջում, նա փայտե խաչ է կանգնեցրել՝ վրան գրված՝ (1663 – 1675 թթ.): Հուղարկավորությունից հետո պարոն դը Մոնթեսպանը իրեն հարաբերականորեն հանգիստ է պահել՝ հրաժարվելով լռելու դիմաց թագավորի բոլոր առաջարկություններից (դրամանական ռենտա, հերցոգի տիտղոս...նա ոչինչ չի ընդունել): Մոնթեսպանը մահացել է 1691 կամ 1701 թվականին՝ կտակում իր վերջին խնդրանքը թողնելով... «...կնոջս եմ կտակում իմ մեծադիր լուսանկարը, և նրան խնդրում եմ այն դնել սենյակում, երբ թագավորն այլևս այնտեղ չի մտնի: Ես թագավորին եմ կտակում Մոնթեսպանի իմ հսկայական պալատը՝ աղաչելով նրան, որ այնտեղ հիմնի ապաշխարած տիկնանց համայնք՝ դրա գլխավոր իմ կնոջը նշանակելու պայմանով...»: |

Abone ol ve malalelerin yayınla: