Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ճնշվածներին պաշտպանելը՝ ավատատիրական ասպետության վսեմագույն առաքելություն

20:33, çarşamba, 13 ekim, 2021
Ճնշվածներին պաշտպանելը՝ ավատատիրական ասպետության վսեմագույն առաքելություն

Մի դարաշրջանում, երբ քաղաքակրթությունը բիրտ է եղել, երբ սպանությունն ու բռնությունը համատարած են եղել, երբ հանրային խաղաղությունն անընդհատ պղտորվել է, երբ մեծագույն անկարգություններն են եղել բարքերի վրա տիրապետողը, ասպետությունը, որը Եվրոպայում փայլատակել է ավատատիրության ժամանակներում, իր ծննդի համար պարտական չէ միայն ավատատիրությանը, այլև մարդկանց այն խմբերին, որոնք բարոյականության որոշակի իդեալներ էին առաջ մղում:

Երբ գալլերի և առաջին ֆրանկների հասարակություններում պատանին առնական տարիքի է հասել, նրան ընդունել են ռազմիկների շարքերը և հասարակական հավաքում նորընծային թուր, կացին, նիզակ և վահան են հանձնել: 791 թվականին Կարլոս Մեծն անձամբ է իր որդի Լյուդովիկոս Բարեպաշտի գոտուց հանդիսավոր արարողությամբ սուր կախել: Լյուդովիկոս Բարին էլ 838 թվականին նույն պատվին է արժանացրել Կարլոս Ճաղատին:

Այն ժամանակներում «miles» բառ պարզապես «ռազմիկ» է նշանակել: Իսկ Ֆրանսիայի առաջին երկու արքայատոհմերի (Մերովինգներ և Կարոլինգներ) ժամանակ այս բառը նույն իմաստն է ունեցել, ինչ՝ «վասալ» բառը: Այն նշանակել է ավատատերի ռազմիկ- ծառայող: Մեծ ավատատերերի վասալները գրանցվել են որպես ռազմիկներ:

Դրանք դեռևս ասպետներ չեն եղել, բայց ամեն ինչ փոխվել է կոմունաների առաջանալուն զուգընթաց, այն ժամանակից ի վեր, երբ քաղաքներն ազատություն են նվաճել և զինվելու ու պատերազմելու իրավունք են ստացել: «Ֆրանկ» անունը ծնունդ է տվել «ազնվական» տիտղոսին, իսկ ռազմիկ (miles) տիտղոսը ծնունդ է տվել զինվորական այնպիսի առանձնահատուկ պատվախնդրությանը, որը վերաբերել է ազնվականությանը:

Ֆրանսիայի հյուսիսում սենյորներն ու ավատատերերն են ասպետներ համարվել, միայն նրանք են իրավունք ունեցել ասպետ դառնալ: Իսկ Ֆրանսիայի հարավում այս կանոնից որոշ շեղումներ են եղել. քաղաքաբնակ հարուստները երբեմն ասպետներ են դարձել, և ասպետությունն այստեզ զուտ ավատատերերից կազմված չի եղել: Բացի այդ, ասպետությունը հասարակության մեջ առանձնահատուկ գործառույթներ ու պարտականություններ ունեցող առանձին դասակարգ չի եղել: Ասպետությունը եղել է մի աստիճան, որը տրվել է ավատատերերին որոշակի տարիքում՝ որոշակի պայմանների առկայության դեպքում:

Երբ ավատատերի որդին առնականացել է, հայրը նրան հանդիսավորությամբ ասպետական զենք ու զրահ է հանձնել: Նա ասպետ է «օծել» ոչ միայն իր որդուն, այլև իր վասալների որդիներին: Այս երիտասարդները պատիվ են համարել իրենց սյուզերենի ձեռքից, բոլորի ներկայությամբ, ասպետի կարգավիճակ ստանալը:

Երկար ժամանակ ասպետությունը դիտարկվել է որպես թույլերին ուժեղներից պաշտպանելու, անարդարությունների, հասարակության արատների դեմ պայքարելու մի մեծ հաստատություն: Շատ պատմաբաններ, և մասնավորապես Սիսմոնդին, նրանց այսպես է ներկայացրել.

«Ռազմիկների ուժի և թագավորների թուլության միջև առկա կոնտրաստը եղել է այն հանգամանքը, որը ծնել է ուժեղների զենքը թույլերի պաշտպանության համար հանդիսավորությամբ օծելու ազնիվ գաղափարը: Ամրոցների ազնվականությունը շարունակել է բազմապատկվել, ամրոցների կառուցման արվեստն առաջընթաց է ապրել. պարիսպներն ավելի են հաստացել, աշտարակներն ավելի են բարձրացել, խրամներն ավելի են խորացել: Պաշտպանական զենքի պատրաստումը ևս առաջընթաց է գրանցել, ռազմիկներն ամբողջովին երկաթյա կամ պղնձյա զրահ են հագել ու հակառակորդի համար գրեթե անխոցելի են դարձել: Ռազմիկներն այլևս գրեթե չեն վախեցել իրենց կյանքի անվտանգության համար, և որքան ավելացել է նրանց անձնական անվտանգությունը, նույնքան նրանք իրենց պարտավորված են զգացել խղճալ թույլերին, որոնք ի վիճակի չեն եղել պաշտպանվել: Անկազմակերպ հասարակությունը նրանց ոչնչով չի օգնել, չի հովանավորել, չի պաշտպանել: Թագավորը երկչոտ կնոջ նման թաքնվել է ամրոցում ու թույլերին անպաշտպան է թողել: Այդ ժամանակներում, ահա, ազնվականության զենքի ծառայեցումը ճնշվածների պաշտպանությանը դարձել է ասպետության հիմնական գաղափարը: Մի դարաշրջանում, երբ կրոնական ջանադրությունը վերածնունդ է ապրել, երբ Աստծուն ծառայելը ամենաարժանավոր գործն է համարվել, տարօրինակ չէ, որ ինչ-որ մեկը հորինել է զինվորական ձեռնադրությունը՝ հոգևորականին ձեռնադրելու օրինակով, և այդ ասպետությունը ի հայտ է եկել որպես երկրորդ հոգևորականություն, որի ծառայությունն աստծուն պիտի գործնական լինի»:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1196 | 0 | 0
Facebook