Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (2)

14:23, pazartesi, 13 eylül, 2021
Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (2)

Քրիստոնեություն ընդունելու սկզբից ևեթ հայերն իրենց տեղն են գրավել Երուսաղեմում ու երկարատև անխոնջ գործունեությամբ կարողացել են պահպանել այդ տեղը, և բուն Հայաստանի ժողովուրդը միշտ պարտավորված է եղել նվերներով ու հոգևոր տուրքերով պահպանել այնտեղի հայ գաղութը:

Երուսաղեմի հայ կրոնական գաղութի հաստատման մասին ավանդությունը, որ կազմվել է գաղութի իրավունքները պաշտպանելու նպատակով, , հավատացնում է, թե դեռ 4-րդ դարում հայ առաջին քրիստոնյա թագավոր Տրդատը հետևել է Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինեի օրինակին և վանքեր է կառուցել Սուրբ Երկրում: 6-րդ դարում, սակայն, հույն կղերը, Քաղկեդոնի ժողովից հետո, հալածանքներ են սկսել հայերի դեմ: Այդ հալածանքները մանրամասնորեն նկարագրել է Երուսաղեմի Հովհաննես եպիսկոպոսը՝ Աղվանքի Աբաս կաթողիկոսին գրած նամակում: Հույն կղերը որոշած են եղել, որ Բյուզանդիայի երկու մայրաքաղաքներում՝ Կոստանդնուպոլսում և Երուսաղեմում, «հերետիկոսներ» և «հերձվածողներ» չպիտի լինեն, ուստի Երուսաղեմի հույն պատրիարքը (հիշյալ Հովհաննես եպիսկոպոսը) այնտեղի հայ համայնքին առաջարկել է կա՛մ ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները, կա՛մ հեռանալ Երուսաղեմից: Հայերը գանգատ են ուղարկել կայսրին, բայց կայսրը (երևի Հուստինոս 2-րդը) պաշտպանել է հույն հոգևորականության իրավունքը և պատրիարքին գրել է, որ նա ինքնուրույն լուծում տա այդ խնդրին: Թեպետ հայերն ապացուցել են, որ Երուսաղեմի հայկական վանքերը կառուցված են հայ թագավորների ժամանակներից, պատրիարքը պնդել է, թե հայերը կարող են հեռանալ սուրբ քաղաքից և իրենց «աղանդը» պաշտել մեկ այլ վայրում: Այդժամ գաղութի հայերը դիմել են Հայոց Հովհաննես Բ կաթողիկոսին: Դիմումի տակ 500 մարդ է ստորագրել: Կաթողիկոսը խորհուրդ է տվել իրենց դավանական անկախությունը պահպանելու համար հեռանալ Երուսաղեմից: Բայց հայ գաղութը չի ընկրկել և դիմել է Հուստինոս կայսրին՝ յոթ կինտենար (70 հազար դահեկան) կաշառք մատուցելով: Կաշառքը կայսրին տարհամոզել է, և հայոց վանքերն ազատվել են հույն կղերի իշխանությունից:

Յոթերորդ դարի վերջերին կամ 8-րդ դարի սկզբին Անաստաս անունով մի հայ վարդապետ կազմել է մի ցուցակ, որը վկայում է, որ հայերն ու աղվանները Պաղեստինում (մեծ մասամբ Երուսաղեմում) ունեցել են 72 վանք և կուսանոց: Վանքերի մեծ մասը շինված է եղել Արշակունի թագավորների ժամանակ, արքունի գանձարանի հատկացրած գումարներով: Բայցի այդ յուրաքանչյուր նախարարություն իր տոհմի անունով մեկ կամ մի քանի վանք է կառուցել. Երուսաղեմում եղել են Սյունյաց, Մամիկոնեից, Ռշտունյաց, Պալունյաց, Անձևացյաց, Վանանդացյաց, Քաջբերունյաց և այլ վանքեր: Ինքնին հասկանալի է, որ հեռավոր երկրում այդքան վանքեր և կուսանոցներ պահպանելու համար հարկավոր էր, որ Հայաստանից հոգևորականության մի ստվար բազմություն գնար այնտեղ և ապահովվեր ապրուսի միջոցներով: Այդ վանքերը պահելու համար, բնականաբար, մեծ գումարներ են անհրաժեշտ եղել, և դժվար չէ մոտավոր պատկերացում կազմել, թե որքան մեծ է եղել հայ ժողովուրդի հոգևոր տուրքը դրանց գործունեությունն ապահովելու համար: Ի հավելումն այդ տուրքի, հազարավոր հայ ուխտավորներ են մեկնել Երուսաղեմ ու այնտեղ նշանակալի գումարներ ծախսել:

614 թվականին քրիստոնյաների այս գլխավոր սրբավայրին տիրել է պարսից Խոսրով 2-րդ Պարվեզ շահնշահը, և տեղի է ունեցել ահռելի չափերի հասնող ավեր, կոտորած ու թալան: Երուսաղեմը վերածվել է ավերակների կույտի, սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Իրենց նկատմամբ Բյուզանդական կայսրության վարած քաղաքականությունից դժգոհ հրեաները, տեսնելով, որ հասել է վրիժառության հարմար պահը, տասնյակ հազարներով զինվորագրվել են Պարսից բանակին և վայրենի մոլեռանդությամբ հարձակվել են քրիստոնյաների վրա: Գերվել է մոտ 30 հազար քրիստոնյա: Նրանց բոլորին, այդ թվում Զաքարիա պատրիարքին, քշել են Պարսկաստան: Խոսրովի զորքերը Տիզբոն են տարել նաև Քրիստոսի խաչափայտը: Ստորացված էր ամբողջ քրիստոնյա աշխարհը: Բոլոր քրիստոնյաները դառնագին ողբացել են:

Նկարում՝ Խոսրով 2-րդը խաչով և աղավնիով:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2063 | 0 | 0
Facebook