Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նոր տպագրված գրքեր

16:01, perşembe, 09 eylül, 2021
Նոր տպագրված գրքեր
    
Սիրելի ընթերցող, երկար սպասված գրքերն արդեն Ազգային գրադարանում են։ Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House հայտնի մատենաշարերը՝ «Ծովահենի գրադարանը», «Սփյուռք», «Արդի», «Ինքնություն», ինչպես նաև հայ դասականների ստեղծագործությունների վերահրատարակությունները, թարգմանությունները, դետեկտիվ, արկածային գրքերը կարող եք կարդալ նաև Հայաստանի ազգային գրադարանում
#Ազգայինի_նոր_համալրումները շարքը շարունակական է. Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, ծանոթացեք պարբերաբար ներկայացվող համալրումներին և կազմեք ցանկ, թե ինչ պետք է կարդաք Ազգայինում։
Դավիթ Սամվելյան «Հայելապատում»

Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։

Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ,
    
որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից
     ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։


    
Վահան Թոթովենց «Բաքու»
Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և մութ անցքերի մասին․
     հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը։

    
Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․

    
Դեպքերը ծավալվում են Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկում, որտեղ, անզեն աչքով էլ պարզ է, դեռևս իշխող էին կամ գոնե սոցիալական ազեցություն ունեին հայերը։ Կարգերի բախում, սեր, նավթից գորշացած, սևացած փողեր, չքավորություն և դարի բկին հասած անդիմադրելի կեցության փոփոխություն։ Ընթերցողի ուշադիր աչքից չեն վրիպի գեղարվեստական շերտերում թաքնված ինչ-ինչ ճշգրիտ իրողություններ՝ կապված հայ-թուրքական հետագա սրումների ակունքի, կայսերական հին, բայց մինչ օրս ձգվող նույնատիպ վարմունքի, սոցիալիզմի՝ կարմիր ոռոգումով գալուստի և շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ։ Կան շշուկներ, որ վեպն ունեցել է «մեկենաս», և Թոթովենցն էլ 1930-34 թթ․ երկը գրել է ինչ-որ «պատվերով», բայց դրանք փսփսուքի բարձրության տեղեկություններ են։

    
Ջեք Լոնդոն «Ծովագայլը»
Ջեք Լոնդոնի՝ 1904 թվականին տպագրված «Ծովագայլը» վեպը կարելի է համարել արտասահմանյան արկածային գրականության լավագույն ստեղծագործություններից: Դեպքերը տեղի են ունենում 1893թ. Խաղաղ օվկիանոսում: Ճակատագրի բերումով որսագողությամբ զբաղվող առևտրային նավի վրա են հայտնվում տարբեր բնավորության և հակումների տեր մարդիկ, որոնց միջև խրթին հարաբերություններ են՝ կյանքի նկատմամբ տարբեր հայացքներ ունենալու պատճառով: Նրանք չեն կարող թաքնվել կամ փախչել այդտեղից, որտեղ ամեն վայրկյան կյանքի ու մահվան պայքար են մղում՝ մի կողմից բնության արհավիրքների, մյուս կողմից՝ մարդկային դաժան ու արատավոր երևույթների դեմ: Այս դժվարին պայմաններում է բացահայտվում յուրաքանչյուրի իրական դեմքը, իսկ կրքերի գերլարումը հասցնում է մեծ պոռթկումների:

    
Երիտասարդ գրող Հեմֆրի Վան-Վեյդենը «Մարտինեզ» շոգենավով Սան Ֆրանցիսկոյից ճամփորդության է մեկնում դեպի Միլլ-Վիլլի՝ ընկերոջ ամառանոց, երբ ճանապարհին նավը խորտակվում է, և նրան փրկում է «Ուրվական» անունը կրող առևտրանավը, որի նավապետը սարսափազդու Գայլ Լարսենն էր: Այս նավի վրա մշտապես կռիվ է մղվում նավապետի ու նավի անդամների միջև: Այդ պայքարում էլ կոփվում է Վան-Վեյդենի բնավորությունը:

    
Ժյուլ Վեռն «Տասնհինգամյա նավապետը»

    
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ Վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։

    
    
    
    
Ագաթա Քրիստի «Անվերջանալի գիշեր»

Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:


    
Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհը»
Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհն» իսկապես աշխատող մեթոդ է։ Այս գիրքը ոչ միայն կօգնի քեզ թողնելու ծխելը, այլև կհեշտացնի և նույնիսկ հաճելի կդարձնի այդ պրոցեսը։ Դու կթողնես ծխելը՝
     • հեշտությամբ, միանգամից և անցավ,
     • առանց կամքի ուժի գործադրման, առանց օժանդակ միջոցների, փոխարինիչների կամ հնարքների կիրառման,
     • առանց տագնապի, ընկճվածության զգացողության կամ ծխելը թողնելուց առաջացող այլ ախտանիշների,
     • առանց քաշի ավելացման։ Ալենի համար շուտով պարզ դարձավ, որ իր մեթոդը կարելի է կիրառել նաև շատ այլ խնդիրների դեպքում:

    
Այն արդեն օգնել է տասնյակմիլիոնավոր մարդկանց՝ հրաժարվելու ծխելուց, ալկոհոլից, կոկաինից և այլ արգելված թմրանյութերից, հաղթահարելու քաղցրի հանդեպ կիրքը, որկրամոլությունը, ինքնաթիռով թռչելու վախը, ինչպես նաև չափից ավելի ծախսելու հակումը, կախվածությունը ազարտային խաղերից, թվային տեխնոլոգիաներից ու սոցիալական ցանցերից:

    
    

Շոն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»

«Ի տարբերություն 7 սովորույթների մասին իմ գրքի՝ որդուս՝ Շոնի այս աշխատանքն անմիջականորեն խոսում է դեռահասների հետ՝ հաճելի և տեսողական առումով գրավիչ ոճով (ի դեպ, Շո՛ն, չէի կարծում, որ իմ ասած բառերից թեկուզ մեկը լսել էիր): Որքան էլ կողմնակալ հնչի, բայց սա հիանալի գիրք է, որն անպայման պետք է ընթերցել»:
ԴՈԿՏՈՐ ՍԹԻՎԵՆ Ռ. ՔՈՎԻ (1932-2012 թթ.)
Շոն Քովիի հայրը, «The New York Times» -ի թիվ 1 բեսթսելեր «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հեղինակ, «Franklin Covey Co.» ընկերության համահիմնադիր և նախկին փոխնախագահ

    
Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման և հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորույթների սկզբունքները դեռահասների՝ բարդ և շրջադարձային որոշումների կայացման համատեքստում: Քովին հետաքրքրական ոճով ներկայացնում է մի պարզ մոտեցում, որը կօգնի բարելավելու ինքնագնահատականը, ստեղծելու ամուր ընկերական հարաբերություններ, դիմադրելու շրջապատի ճնշմանը, հասնելու նպատակներին, լավ հարաբերություններ պահպանելու ծնողների հետ, ինչպես նաև դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին՝ կիբեռհանցագործությունների և սոցիալական մեդիայի ազդեցության պայմաններում: Ի լրումն այդ ամենի՝ այս գիրքը լի է իմաստուն ասույթներով, հիանալի մեջբերումներով և դեռահասների անհավանական, բայց իրական պատմություններով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3838 | 0 | 0
Facebook