Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դավիթ կյուրապաղատը վրաց եպիսկոպոսի ձեռքով է սպանվել

18:22, cumartesi, 21 ağustos, 2021
Դավիթ կյուրապաղատը վրաց եպիսկոպոսի ձեռքով է սպանվել

Ընթերցողիս հիշեցնեմ, որ Տայոց աշխարհի տեր Դավիթ կյուրապաղատը թեև բյուզանդացիներից ստացել էր Ապահունյաց գավառը, բայց այս գավառի շատ կարևոր Մանազկերտ բերդը կռվախնձոր էր դարձել նրա և տեղական ամիրաների միջև, որովհետև նրանք վաղուց արդեն սովոր էին այդ բերդն ու Խլաթ քաղաքն իրենց սեփականությունը համարել: Տայքի կյուրապաղատը, ցանկանալով մեկընդմիշտ վերջ դնել Մանազկերտի հետ կապված վեճին և օգտվելով այն հանգամանքից, որ ամենակարող քուրդ ամիրա Բատը մեռել էր, ժամանակավորապես իշխանությունն հանձնելով իր քեռորդուն, պաշարել, ապա գրավել է Մանազկերտը, և այնտեղի մահմեդական բնակչությանը վտարելով, հայեր ու վրացիներ է բնակեցրել նրանց տներում: Բայց դա խիստ զայրացրել է բոլոր մահմեդականներին: Ատրպատականի Աբլհաճ ամիրայի որդի Մամլունը հորն հաջորդելուց հետո Դավիթ կյուրապաղատից պահանջել է կա՛մ չեղարկել իր որոշումը և թույլ տալ, որ մահմեդականները բնակվեն Մանազկերտում, կա՛մ պատերազմել: Դավիթը որոշել է պատերազմել: Մամլունն իր բանակով եկել է Ծաղկոտն գավառ, իսկ Դավիթը Հայոց Գագիկ, Աբաս և Վրաստանի Բագարատ թագավորների հետ իրենց զորքերով հավաքվել են Բագրևանդի Վաղարշակերտ քաղաքում: Տեսնելով դաշնակիցների թվական գերազանցությունը՝ Մամլունը գիշերով նահանջել է՝ հրդեհելով ճանապարհին պատահած բոլոր գյուղերը:

Մամլունը նահանջել է, բայց այդ նահանջը առավել վճռական գործողությունների նախապատրաստվելու համար է եղել: 998 թվականին նա պատերազմ է հայտարարել Դավիթ կյուրապաղատին՝ մտադիր լինելով նվաճել նաև Հայաստանն ու Վրաստանը: Մատթեոս Ուռհայեցին գրում է.

«…պարսիկների անհավատ ու պիղծ բռնակալ Մամլանը, անհավատների ամիրապետը, զորահավաք կատարելով, իրեն հատուկ գազանային դաժանությամբ, արյունարբու վիշապի նման հարձակվեց քրիստոնյաների վրա, մտադիր լինելով Հայաստանում մեծ կոտորած սարքել: Ահագին ու անհամար բազմությամբ նա եկավ և իր զորքով ողողեց լեռներն ու դաշտերը: Անօրենի սարսափից ողջ երկիրն ահ ու դողի մեջ ընկավ: Նա սրով ու հրով գրավեց բազմաթիվ վայրեր և, եկեղեցիները հրկիզելով, խափանեց ժամասացությունը…նա այդպիսի հսկայական զորքով եկավ հասավ Ապահունիք գավառը, վրաց իշխան Դավիթ կյուրապաղատի երկիրը և Աստծու սուրբ մարդուն՝ աստվածասեր Դավիթ կյուրապաղատին, սոսկալի սպառնալիքներով լի մի այսպիսի նամակ գրեց, թե «Ոչ մեկի վրա հույս չդնես, ո՛վ ամենազազիր, գարշելի և նեխած ու սպիտակ մորուքովդ Դավիթ, եթե փութանակի չուղարկես ինձ տասը տարվա հարկ, և քո ազատների որդիներին որպես պատանդ, եթե չտաս ինձ հպատակության մասին գրություն, ես իմ հսկայական զորքով կգամ քեզ վրա, և ո՞վ կկարողանա փրկել քեզ իմ ձեռքից, ո՛վ պիղծ և գարշելի ալևոր»: Դավիթը կարդաց անհավատ Մամլան իշխանի նամակը…այն դեն շպրտեց, իսկ լալով սկսեց Աստծուն պաղատել՝ ասելով. «Ցո՛ւյց տուր, տե՛ր, քո զորությունը»:

Նա անմիջապես զորահավաք հայտարարեց…Անհավատ Մամլանը երկու հարյուր հազար հոգով բանակել էր Ապահունիքի Խոսոնք կոչվող գյուղում: Դավիթը շարժվեց Մամլան չար գազանի վրա …Այդ գիշեր նրանց միջև ընդհարում տեղի ունեցավ. լուսինը լավ լուսավորում էր. լեռների վրա մի փոքր անձրև տեղաց, և բոլոր լեռները կայծակներից փայլատակեցին հրեղեն բոցի նման: Այլազգիների զինվորները, տեսնելով այդ, կարծեցին, թե քրիստոնյաների հսկայական քանակությամբ զինվորներ կան այդտեղ և գլխովին դիմեցին փախուստի: … Այնուհետև Դավթի ողջ զորքը հետապնդեց անհավատների զորքին և մեծ ջարդ տալով փախուստի մատնեց, վերցրեց անթիվ-անհամար գերիներ ու ավար՝ ոսկի և արծաթ»:

Այս հաղթանակից մեկ տարի անց՝ 1000 թվականի Զատկին մեռնում է Դավիթ կյուրապաղատը: Թեպետ նա շատ ծեր է եղել, բայց բնական մահով չի մեռել, այլ սպանվել է վրաց եպիսկոպոս Իլարիոնի ձեռքով. նա թույն է խառնել հաղորդության հացին և տվել է Դավթին: Թույնը, սակայն չի ներգործել, և Աստծո այս անաստված պաշտոնյան գիշերը, երբ կյուրապաղատը քնած է եղել, եպիսկոպոսը մտել է Դավթի ննջարան, բարձը հանել է նրա գլխատակից, դրել է քնածի բերանին և ինքն էլ, ընկնելով բարձի վրա, խեղդել է ծերունուն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1983 | 0 | 0
Facebook