Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (2)

21:01, çarşamba, 11 ağustos, 2021
Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (2)

«Դիոնի վատը ցանկացողները շատ են եղել, քանի որ նա անբարեհամբույր, չշփվող ու արտահայտություններում կոպիտ անձնավորություն է եղել, և շատերին մեծամիտ ու տհաճ մարդ է թվացել»

Բայց այս մտադրությունը հնարավոր չի եղել կյանքի կոչել: Դիոնիսոս Կրտսերի շատ մտերիմներ հանդես են եկել բռնապետության պահպանման օգտին, և պալատական այս «կուսակցությունը» ուժեղացել է շնորհիվ աքսորից վերադարձած պատմաբան և զորահրամանատար Փիլիստրատոսի: Նա ամուսնացած է եղել Դիոնիսոսի հորաքրոջ աղջկա հետ: Դիոնիսոսը սկսել է վախենալ, թե Դիոնի ազդեցությունը, Պլատոնի շնորհիվ, էլ ավելի է մեծանալու, և այդ պատճառով հավատացել է այն մեղադրանքներին, թե Դիոնն իր դեմ դավադրություն է նախապատրաստում: Այս առնչությամբ Պլուտարքոսը նշել է, թե Դիոնի վատը ցանկացողները շատ են եղել, քանի որ նա անբարեհամբույր, չշփվող ու արտահայտություններում կոպիտ անձնավորություն է եղել, և շատերին մեծամիտ ու տհաճ մարդ է թվացել: Ի վերջո Դիոնը պարտվել է: Որոշ ժամանակ Դիոնիսոսը չի միջամտել երկու խմբավորումների պայքարին, բայց ինչ-որ մի պահ նրա ձեռքն է ընկել Դիոնի նամակը, որում նա կարթագենցիներին խորհուրդ է տվել իր միջոցով բանակցություններ վարել Սիցիլիայի հետ, եթե կցանկանան հաշտություն հաստատել: Դիոնիսոսոն այսպիսի նամակագրությունը դավաճանական է համարել, և այդ իսկ պատճառով մ.թ.ա. 366 թվականի ամռանը Դիոնը կա՛մ արտաքսվել է Իտալիա, կա՛մ փախել է Պելոպոնես, քանի որ նրա գլխին կախված է եղել ձերբակալության ու մահապատժի սպառնալիքը:

Հետագա ինը տարիները Դիոնն անցկացրել է մայրցամաքային Հունաստանում: Նրա արտաքսումը զայրացրել է բազմաթիվ սիրակուզացիների ու կառավարող տոհմի շատ անդամների, և այդ իսկ պատճառով Դիոնիսոսն աշխատել է բոլորին համոզել, թե Դիոնին չի արտաքսել ու մտադիր չի եղել նրան մահապատժի ենթարկել, այլ նրան երկարատև ճանապարհորդության է ուղարկել հակամարտությունից խուսափելու համար: Իր ասածը հաստատելու համար նա պահպանել է Դիոնի ունեցվածքի անձեռնմխելիությունը: Դրա շնորհիվ տարագրյալը կարողացել է Հունաստանում ճոխ ապրել՝ գնելով դաստակերտներ, մասնակցելով տոնակատարությունների, ծանոթություն հաստատելով ժամանակի ամենանշանավոր քաղաքական գործիչների հետ: Դիոնը որոշ ժամանակ ապրել է Կորնթոսում, հետո հաստատվել է Աթենքում ու սկսել է Ակադեմիայում խորությամբ փիլիսոփայություն ուսանել: Այդ ժամանակամիջոցում նա սերտ շփումների մեջ է եղել Պլատոնի ու նրա աշակերտների հետ: Հայտնի է, որ մի անգամ Դիոնն իր վրա է վերցրել ուսուցչի այն ծախսերը, որ նա պիտի կատարեր տղաների երգչախմբին մրցությանը նախապատրաստելու համար: Նա ապրել է իր ընկեր Կալիպոսի տանը, հետո քաղաքից դուրս գտնվող մի տուն է գնել, որը Սիցիլիա վերադառնալուց առաջ նվիրել է Պլատոնի ազգական և աշակերտ Սպեվսիպոսին:

Առատաձեռնությունը, գիտունությունն ու լավ վարվեցողությունը Դիոնին մեծ ժողովրդականություն են ապահովել: Հելլադայի բազում պոլիսներում նրան հատուկ պատիվների են արժանացրել: Օրինակ՝ սպարտացիները Դիոնին լիարժեք քաղաքացիական իրավունքներ են շնորհել: Դիոնի հեղինակության սրընթաց աճը Դիոնիսոսին վտանգավոր է թվացել. նա կասկածել է, թե իր այս ազգականը խարդավանքներով է զբաղված ու իրեն տապալեու հող է նախապատրաստում: Դիոնի ճակատագիրը մ.թ.ա. 361 թվականին Սիրակուզա եկած Պլատոնի հետ Դիոնիսոսի բանակցությունների թեմա է դարձել: Փիլիսոփային իր երկիր հրավիրելով՝ Դիոնիսոսը խոստացել էր վերականգնել արտաքսվածի բոլոր իրավունքները, իսկ հանդիպման ժամանակ նա Դիոնին առաջարկել է վերադառնալ, բայց պայմանով, որ Պլատոնը երաշխավորի, որ Դիոնը ձեռնպահ կմնա դավադրություններից ու խարդավանքներից: Բռնակալը նաև հայտարարել է, թե պատրաստ է Հունաստան ուղարկել Դիոնի գույքը, որպեսզի նա կարողանա եկամուտ ստանալ, բայց զրկված լինի հիմնական կապիտալն առանց Պլատոնի և նրա աշակերտների թույլտվության ծախսելու իրավունքից: Այս կերպ Դիոնիսոսը հույս է ունեցել խանգարել Դիոնին այդ միջոցները պատերազմ սկսելու համար օգտագործելու հնարավորությունից: Պլատոնը Դիոնիսոսին պատասխանել է, թե համաձայն է, և մնացել է Սիրակուզայում սպասելով վտարանդիի պատասխանին: Բայց Դիոնիսոսը շատ չանցած փոխել է իր որոշումը: Սկզբում նա որոշել է Սիրակուզայում պահել Դիոնի ունեցվածքի կեսը, որին պետք է տիրեր վերջինիս որդի Հիպարինոսը, բայց հետո ամբողջ ունեցվածքը բռնագրավել է ու վաճառել: Հնարավոր է, պատճառն այն է եղել, որ Պլատոնի ուղեկիցները փորձել են պարզել, թե Սիրակուզայում որքան է ուժեղ հակաբռնապետական տրամադրությունը:

Բռնագրավված գույքը, համաձայն անտիկ աղբյուրների, հսկայական գումար է կազմել՝ շուրջ 100 տաղանդ: Այս բռնագանձումից հետո Դիոնիսոսի և Դիոնի միջև վերջնական խզում է տեղի ունեցել: Բռնապետը նույնիսկ վտարանդու կնոջը՝ Արետին, ամուսնացրել է իր թիկնապահ Թիմոկրատեսի հետ, իսկ նրա որդուն՝ անչափահաս Հիպարինին, վարժեցրել է հարբեցողության ու այլասերվածության:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1705 | 0 | 0
Facebook