Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ճակատամարտում պարտված և փառքի գագաթից ընկածն ապստամբել է իրեն անարգած միապետի դեմ

21:03, çarşamba, 28 temmuz, 2021
Ճակատամարտում պարտված և փառքի գագաթից ընկածն ապստամբել է իրեն անարգած միապետի դեմ

Սավե շահի որդու հետ հաշտության պայմանագրի կնքումից հետո Որմիզդ 4-րդը որոշում է հյուսիսային ուղղությամբ արշավանք սկսել բյուզանդացիների դեմ՝ Լազիկան ու Վրաստանը նորից նվաճելու և միևնույն ժամանակ թշնամու հարավային ճակատը թուլացնելու համար: Բահրամ Չուբինը հրաման է ստացել անցնել Այսրկովկաս: Բայց բյուզանդացիները նկատել են նրա շարժումը և զորք են ուղարկել դեպի Աղվանք՝ Չուբինի առաջխաղացումը կանխելու համար: Մտադիր լինելով հենակետ դարձնել Ատրպատականի Գանձակ Շահաստանը (ներկայիս Թավրիզ) ՝ Չուբինը կանգ է առել Արաքսի ափին՝ Սյունյաց աշխարհի հարավարևելյան սահմանների վրա: Հենց այստեղ էլ երկու բանակները հանդիպել են իրար: Չորս-հինգ օր ոչ մի ռազմական գործողություն չի ընթացել, կողմերը չեն համարձակվել անցնել Արաքսը, որն այդ հատվածում այնքան նեղ հուն է ունեցել, որ երկու ափերին կանգնած թշնամի զինվորները խոսել են իրար հետ: Վերջապես Չուբինը բյուզանդացի զորավարին առաջարկել է պայմանավորվել կռիվն սկսելու մասին, իսկ դրա համար հարկավոր էր, որ կողմերից մեկն անցներ գետը: Բյուզանդացիները թույլ են տվել, որ Չուբինի զորքերն անցնեն գետը: Եվ սկսվել է արյունահեղ կռիվը: Պարսիկները ջախջախիչ պարտություն են կրել: Վահրամը մարտադաշտից հանել է իր զորքերի մնացորդներն ու ետ է քաշվել:

Առնելով այդ պարտության լուրը՝ Որմիզդը Բահրամ Չուբինին մի ձեռք կանացի զգեստ է ուղարկել: Այդ վարմունքը վրդովեցրել է ոչ միայն Չուբինին, այլև երկար ճանապարհ անցած, մարտական ու ոչ մարտական դժվարին գործողություններում ուժասպառված զորքին: Վիրավորանքին պատշաճ վիրավորանքով պատասխանելու համար Բահրամը Որմիզդին մի նամակ է գրել՝ «Որմիզդին՝ Խոսրովի աղջկան» հասցեագրմամբ: Կատաղած Որմիզդն իսկույն իր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ուղարկել է, որ բռնի Բահրամին և շղթայակապ իր մոտ բերի, բայց Բահրամն այդ պաշտոնյային գցել է իր մարտական փղերից մեկի ոտքերի տակ և իր զորքի հետ ապստամբել է Որմիզդի դեմ: Դա տեղի է ունեցել 589 թվականին: Շուտով Բահրամի բանակին է միացել պարսկական այն զորքը, որը բյուզանդացիներից պարտվել էր Մծբինի մոտ ու փախուստի էր դիմել՝ չհամարձակվելով վերադառնալ Տիզբոն, որովհետև Որմիզդը հրամայել էր միայն հաղթանակի դեպքում վերադառնալ, այլապես բոլորը մահապատժի կենթարկվեն:

Բահրամին ակներևորեն համակրող հանրագիտակ գիտնական Աբու Հանիֆա Դինավարին ասում է, թե շահը հավատացել է պալատականների այն խմբի ասածին, թե Չուբինը պարտված թուրքերից վերցված ոչ ամբողջ ավարն է մայրաքաղաք ուղարկել: Դա խիստ զայրացրել է շահին և «նա Բահրամին ակնեղեն, կանացի գոտի ու իլիկ է ուղարկել ու գրել է. «Հիմա ինձ համար պարզ է, որ վերցրածդ ավարից դու շատից քիչն ես ինձ ուղարկել, բայց դրանում մեղավորը ես եմ, քանի որ ե՛ս քեզ բարձրացրի: Ահա քեզ ակնեղեն եմ ուղարկում, կախի՛ր այն վզիցդ, կանացի գոտին մեջքի՛դ կապիր, ու թող իլիկը միշտ ձեռքիդ լինի, քանի որ ուխտադրժությունն ու անշնորհակալությունը կանանց է բնորոշ»: Երբ այդ իրերը հասցվեցին Բահրամին, նա զսպեց իր զայրույթը և հասկացավ, որ դա զրպարտիչների արածն է: Նա ուսերին կանացի զգեստ գցեց, մեջքին կանացի գոտին կապեց, ձեռքն առավ ճախարակը, ապա իր մոտ կանչեց իր շքախմբի մեծավորներին, և երբ նրանք մտան նրա մոտ, նա կարդաց թագավորի՝ իրեն հասցեագրված նամակը»:

«Եվ երբ նրա զինակիցներն այդ լսեցին, հուսահատության մեջ ընկան թագավորի արարքից ու հասկացան, որ նա վարձահատույց չի լինի իրենց ծառայությունների դիմաց...Բահրամի զինակիցները նրան ասացին. «Որմիզդ թագավորի դեմ ապստամբությանը դու մեզ կհետևես, այլապես մենք քեզ կտապալենք ու մեր վրա ուրիշին կկարգենք»: Տեսնելով նրանց միակամությունը, նա ափսոսանքով, տագնապով ու զզվանքով ընդունեց նրանց առաջարկը»:

Ասել է, թե Բահրամի շրջապատն աջակցել է ապստամբությանը:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2603 | 0 | 0
Facebook