Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մակեդոնական արքունիքի արյունալի ավանդույթը

19:20, salı, 20 temmuz, 2021
Մակեդոնական արքունիքի արյունալի ավանդույթը

Փիլիպոսի մահից հետո մակեդոնական արքունիքում իսկական կոտորած է տեղի ունեցել: Օլիմպիադան առաջին հերթին հաշվեհարդար է տեսել իր ատելի երիտասարդ թագուհու հետ. սկզբում Կլեոպատրայի աչքի առաջ սպանել են նրա դստերը, ապա նրան կախաղան են հանել: Օլիմպիադան անձամբ ներկա է եղել այս սպանությանը՝ հագեցնելով իր վրեժի ծարավը: Դրա հետևանքով վեճ է տեղի ունեցել նրա ու Ալեքսանդրի միջև, որովհետև երիտասարդ թագավորը զայրացել է այդպիսի գազանաբարո արարքից: Բայց հետո Ալեքսանդրը ոչ պակաս դաժանաբար է վարվել իր թշնամիների հետ: Սպանության կասկածանքով առաջինը բռնվել են Լինկաստիդա երկրամասի երկու իշխանները՝ Գերոմենոսն ու Արաբեոսը. նրանց մահապատժի են ենթարկել հենց Փիլիպոսի գերեզմանաթմբի վրա, իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Ալեքսանդրը, անսպասելի քայլ է կատարել. լիովին զինված ներկայացել է Օլիմպիադայի որդուն և նրան թագավոր է ճանաչել: Ալեքսանդրն այդ քայլը գնահատել է ու հետագայում ամեն հարմար առիթի դեպքում բարձրացրել է նրա պաշտոնը: Նա դարձել է թեսալիական հեծելազորի հրամանատար, որը մակեդոնական բանակի ամենակարևոր պաշտոններից մեկն է եղել: Նոր թագավորին հնազանդվելուն սրան մղել է իր աները՝ Փիլիպոսի մերձավոր զինակից Անտիպատրոսը: Բայց երիտասարդ թագավորի մյուս զոհը դարձել է հայրական կողմից նրա եղբայր Կարանոսը, իսկ մյուս եղբայրը՝ Արիդեոսը, որի պարուհի մայրը Փիլիպոսի սիրուհին է եղել ու նրանից ծնել է Ալեքսանդրի այս խորթ եղբորը, թուլամիտ է եղել, և այդ պատճառով Ալեքսանդրը նրան խնայել է, քանի որ նրան վտանգավոր մրցակից չի համարել: Բայց ա՛յ նրա հորեղբայր Պերդիկոս 3-րդի որդի Ամինտոսը նույնպես խույս չի տվել տխուր վախճանից: Թագավորի հնարավոր բոլոր մրցակիցներին կոտորել են: Նույն կերպ ժամանակին վարվել է նաև Ալեքսանդրի հայրը՝ Փիլիպոսը: Այդպիսին է եղել մակեդոնական արքունիքի արյունալի ավանդույթը:

Այս կոտորածներից անմիջապես հետո Ալեքսանդրը ժողովրդական ժողով է հրավիրել ու դիմել է ժողովրդին: Նրա ճառի առանցքային ասելիքն այն է եղել, որ երկրի քաղաքական կուրսը չի փոխվելու: Ներքին խռովություններից խույս տալու համար է նա դա ասել: Նա շատ լավ է գիտակցել, որ ինքը կիսով չափ է մակեդոնացի, հասկացել է, որ իշխանության համար պայքարը չի մարել, և ցանկացած սխալ իր մահը կարող է արժենալ: Տվյալ փուլում կարևորը մակեդոնացիների համակրանքին արժանանալն է եղել: Եվ դա նրան հաջողվել է: Յուստինոսը գրում է. «Նա մակեդոնացիներին ազատեց բոլոր պետական պարհակներից՝ բացի զինվորական ծառայությունից. այս արարքով նա այնքան լավ վերաբերմունքի արժանացավ իր անմիջական շրջապատի կողմից»:

Բայց երիտասարդ թագավորի գլխավոր խնդիրը սպանված Կլեոպատրայի հորեղբայր Աթալլոսն է եղել, որովհետև նա մեծ հեղինակություն է վայելել զորքում: Հասկանալով, որ Ասիական կորպուսը ցանկության դեպքում կարող է բարդացնել իր կյանքը, Ալեքսանդրը միջոցներ է ձեռք առել. նրա ընկերներից մեկը՝ Հեկատեոսը, ընտիր զորաջոկատով մեկնել է Փոքր Ասիա, որպեսզի այնտեղից ողջ կամ մեռած վիճակում Մակեդոնիա տանի Աթալլոսին: Բայց ողջ չի հաջողվել:

Ներկայիս Թեսաղոնիկե քաղաքից արևմուտք Վերգինա գյուղն է: Հնում այդ գուղի անունը Էգիոս է եղել: Այն նշանավոր է նրանով, որ այնտեղ է գտնվում մակեդոնական թագավորների, և մասնավորապես Փիլիպոս 2-րդի դամբարանները: Երբ դրանք 1974 թվականին պեղվեցին, պարզվեց, որ ոչ միայն լավ պահպանվել են, այլև չեն կողոպտվել: Բացի Փիլիպոսից այնտեղ թաղված են Օլիմպիադան, նրա թոռը՝ Ալեքսանդր Մեծի որդին, ինչպես նաև աշխարհակալի կինը՝ Ռոքսանան: Ներկայում թաղման բլուրի տակ հոյակապ թանգարան է կառուցված, որտեղ ցուցադրված են դամբարանից գտնված իրերը: Իսկ Վերգինայից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա, Պալատիցա անվամբ տեղանքում, գտնվում են մակեդոնական թագավորների պալատի մնացորդները: Դրանց կողքին թատրոնն է՝ այն նույն թատրոնը, որտեղ մտել էր Մակեդոնիայի Ֆիլիպ 2-րդ թագավորը և որտեղ էլ սպանվել էր իր թիկնապահի ձեռքով:

Նկարում՝ Փիլիպոս 2-րդի դամբարանը Վերգինայում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2010 | 0 | 0
Facebook