Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տպագրվել է «Միութիւն եւ բազմազանութիւն. հայկական Աստուածաշունչը եւ կրօնական աւանդութիւնը» ցուցահանդեսի կատալոգը

11:51, perşembe, 08 temmuz, 2021
Տպագրվել է «Միութիւն եւ բազմազանութիւն. հայկական Աստուածաշունչը եւ կրօնական աւանդութիւնը» ցուցահանդեսի կատալոգը

2019 թվականի մարտի 25-ից մայիսի 20-ը Բուդապեշտի Սեչենի անվան ազգային գրադարանում բացվել էր «Միութիւն եւ բազմազանութիւն. հայկական Աստուածաշունչը եւ կրօնական աւանդութիւնը» խորագրով ցուցահանդեսը՝ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի, Կյուլպենկյան հիմնադրամի, Բեռլինի պետական գրադարանի և Լայպցիգի Լայբնիցի անվան արեւելյան երկրների մշակույթների եւ պատմական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ: Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից ցուցադրվեցին 1666-68թթ. Ամստերդամում Ոսկան Երևանցու տպագրած հայերեն տպագիր առաջին Աստվածաշունչը և 1733թ. Վենետիկում Մխիթար Սեբաստացու հրապարակած Աստվածաշունչը:
    
    

2020 թվականին տպագրվել է «Աստծո ներշնչանք: Հայ Աստվածաշնչի եւ կրոնական պրակտիկայի մեկուկես հազարամյակը» / The One-and-a-Half Millennia of the Armenian Bible and Religious Practice/ ցուցահանդեսի անգլերեն կատալոգը՝ գերմանաբնակ հայագետներ, Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչի և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թաշճյանի խմբագրությամբ:


    

Այն արդեն Հայաստանի ազգային գրադարանում է։ Հատորը լրացվում է նույն թեմայի վերաբերյալ հոդվածների ժողովածուով: Տպագրության, մշակութային պատմության և աստվածաբանության տեսանկյունից հայկական Աստվածաշնչի վերլուծությունից և գնահատումից բացի, այն ներկայացնում է հայ առաքելական, բողոքական և կաթոլիկ կրոնական հարստությունը, որը բնութագրում է Օսմանյան կայսրությունում հայերի կյանքը և Կարպատների հայ կաթոլիկ համայնքները: Աստվածաշնչյան ձեռագրերն ու մանրանկարները, որոնք ցուցադրվում են այս հատորում, արտացոլում են դեռևս 1600-ական թվականների հայ հասարակության մշակութային, լեզվական և կրոնական կյանքը։
    
    

Դոկտոր Բալինտ Կովաչը Լայպցիգի Արեւելյան Կենտրոնական Եվրոպայի պատմության և մշակույթի կենտրոնի ավագ գիտաշխատող է, որտեղ համակարգում է «Հայերն Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում» հետազոտական նախագիծը: Բուդապեշտում ուսանել է պատմություն, կաթոլիկ աստվածաբանություն եւ իրավունք: Հետաքրքրությունները ներառում են Արեւելյան Եվրոպայի (հատկապես Տրանսիլվանիայի), Կովկասի և հայ սփյուռքի մշակութային պատմությունը: Կովաչը հրատարակել է «Հայ կաթոլիկ հավաքական արխիվներն Արմենոպոլիսում» (2012, համահեղինակՙ Ռիտա Բեռնադ, անգլերեն, ռումիներեն, հունգարերեն), «Եղիսաբեթուպոլիսի հայկական գրադարանի կատալոգ» (2012, համահեղինակներՙԱրմենուհի Դրոսթ-Աբգարյան, Տիբոր Մարտի, անգլերեն) և «Արարատից հեռու. հայ մշակույթը Կարպատյան ավազանում» (2013, համահեղինակՙ Էմեսե Պալ, անգլերեն) հատորները:


    

Լիբանանում ծնված Վահե Թաշճյանը պատմության եւ քաղաքակրթության գիտությունների թեկնածուի կոչման է արժանացել Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում: Նա Բեռլինում հիմնված «Հուշամատյան» կայքէջի (www.houshamadyan.org) գլխավոր խմբագիրն է, մի գիտական նախագիծ, որի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրության հայերի տեղական պատմությունը եւ նրանց հիշողությունները: Որպես հեղինակ եւ խմբագիր հրատարակել է «Ֆրանսիան Կիլիկիայում եւ Վերին Միջագետքում ՙ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի սահմաններին, 1919-1933 թվականներին» (2004, ֆրանսերեն), «Հայկական բարեգործական ընդհանուր միություն. հարյուրամյա պատմություն» (հատոր 1-2, համախմբագիր, 2006, անգլերեն), «Կիլիկիայի հայերը. բնակավայր, հիշողություն եւ ինքնություն» (համահեղինակ, 2012, ֆրանսերեն), «Օսմանյան հայերը. հատոր 1. կյանքը, մշակույթը, հասարակությունը» (2014, անգլերեն), «Ամենօրյա կյանքն անդունդում. Ցեղասպանության օրագրեր, 1915-1918» (2017, անգլերեն) հատորները:
    
    

#Հայաստանի_ազգային_գրադարանի_գանձերը
     #Միջազգային_ցուցահանդես
     #Հայերեն_առաջին_տպագիր_Աստվածաշունչ
     #Մշակութային_ժառանգություն
     #Հնատիպ_գրքեր
     #Աստվածաշունչ_մատյաններ
     #Անձեռնմխելի_գրականություն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1544 | 0 | 0
Facebook