Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐԵԳ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

13:53, cuma, 11 haziran, 2021
ԱՐԵԳ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

…Բուժքույրը շատ հոգատար էր ինձ վերաբերվում՝ մոր ու քրոջ պես ուշադիր, խնամքով վիրակապում էր… ‌Ահռելի պատերազմ էր, օրերով ժամանակ չենք ունեցել անգամ հաց ուտելու: Մտածելու ժամանակ էլ չկար: Գիշերը, երբ ժամապահ ես, շա՜տ մտքեր են գալիս գլուխդ, բայց դե… Ինչ էլ լինի, ինչ էլ տեսնես, ինչը սրտովդ չլինի, ոչինչ չես կարող անել… Սխալները տեսնում էինք, երբ լույսը բացվում էր, երբ ամեն ինչ եղել պրծել էր, ու… արդեն կարող էիր հանգիստ խելագարվել։ Միակ ելքը կռվելն է՝ հուսալով, որ թիկունքում ամեն ինչ կկարգավորվի…

Ո՞ւմ առաջ սիրտս բացեմ… Առհասարակ պատերազմական ամենաանտանելի իրավիճակն անգամ, որ թվացել է, թե իրական չէ, հետո կարոտով ես հիշում ու, պատմելով, նորից վերապրում ես: Եթե հարցնում եք՝ կուզենայի՞ մեկ էլ նույնը վերապրել, կասեմ՝ այո: Չարված գործ կա՝ հանգիստ չի տալիս: Մարդ չգիտեր՝ կրակի՞, թե՞ վիրավորին հանի, իսկ հիմա մտածում ես՝ կարո՞ղ է վերքը թույլ կապեցի՝ արնաքամ եղավ: Եվ նման բաներ: Մեկը բունկերից չէր ելնում, ասում էր՝ մեռնելու եմ, ու դուրս եկավ, իրոք զոհվեց, մյուսը չհասցրեց էլ մտածի, թե ինչ է կատարվում… Անընդհատ ընտրության առաջ ես ու չգիտես՝ որն է ճիշտը… Անպատասխան հարցեր… մի բան կա մեջս, որ ետ է քաշում… Նա, ով այնտեղ չի եղել ու դա չի տեսել, չի՛ հասկանա: Կկարծեն, թե ազդված ենք, դրա համար ենք այսպես խոսում: Իրականում նույնիսկ կռված մարդիկ իրար ավելի լավ են հասկանում, եթե նույն ճանապարհն են անցել: Իսկ ով այլ տեղ, այլ կերպ է «կռվել», մյուսների տեսածը չի էլ իմանում: Ամեն դեպքում… Հա, էլի՜, չէր կարելի թույլ տալ, այսպես չպիտի լիներ… Բայց եղավ ու հենց այսպես եղավ…

Տարկովսկու ֆիլմում է, չէ՞, ասվում․ «Մեզ ժամանակ է պետք, որ հասարակությունը բարոյապես փոխենք… Բայց հենց էդ ժամանակն է, որ մեզ չի հերիքում: Եվ հենց էդ ժամանակն էլ մեզ բերում է աղետների…»: Այո: Մենք էլ ստացանք ու… վատնեցինք այդ ժամանակը: Հասկանում եմ՝ չգիտեք, թե այնտեղ ինչ է եղել կամ հիմա՛ ինչ է կատարվում։ Իրականությունը չեք ընկալում։ Որովհետև եթե իմանաք, թե ինչքան մոտ է ձեր տան գլխին կախված վտանգը, ամեն օր քեֆ-ուրախության մեջ չեք լինի: Թե չէ խինդն ու ծիծաղը նորմալ է, բա մա՛րդ ենք:

Կռվում էլ էինք կատակում՝ մեկ-մեկ: Պահ է եղել, կարծել եմ՝ վերջ, էլ չեմ ժպտա անգամ, բայց լույսը բացվել է, զգացել եմ, որ՝ չէ, հաղթահարեցի, հոգեկանս դեռ նորմալ է: Ու հարցը խնդալ-չխնդալը, քեֆ անել-չանելը չի… Ախր, ա՛յ, մարդիկ, դուք քեֆ եք անում, իսկ թշնամին առաջ է գալիս` խրվելու արդեն մեր ողնաշա՛րը` ռմբակոծումից ցխվող բեկորների նման: Երկու բեկոր էլ ինձ խոցեցին: Մեկը հանել են, որովհետև ոսկորիս էր կպել, մյուսը ոսկորից հեռու էր, թողեցինք մնաց…

…Վաղարշակ, Սեդրակ, Վահան և Մուշեղ… Ովքե՞ր են… Պապե՛րս: Կյուրեղյան չորս սրտոտ եղբայր: Էրզրումի կամ Կարինի Դինարիգոմ (քարտեզներում՝ Դինարկում) գյուղից: Կարնո մեծ գաղթով հասել էին Ջավախք, Ախալքալակի Խանդո գյուղ, այնտեղից էլ՝ Փոքր Արագյալ: Հորս հայրը հետո իջել է Երևան: Ընդհանրապես իմ ապուպապերից սկսած՝ բոլոր սերունդները կռվե՛լ են թուրքի դեմ։ Ռուս-թուրքական պատերազմում և Էրզրումը հանձնելուց հետո այլևս չէին կարող մնալ թրքահպատակ: Ստիպված գաղթել են: Նույնիսկ իրենց ասել էին՝ տեսա՞ք, որ թուրքի դեմ կռվելը սխալ է, ռուսն ու թուրքը հաշտվեցին, դո՛ւք քոչվոր դառաք: Իսկ կռիվը չպրծավ:

Արևելահայաստան եկածների սերունդներն էլ իրենց հերթին են կռվել թուրքի դեմ՝ հորս պապը, իմ պապը, հայրս, հիմա էլ՝ մենք: Ազգային տեսանկյունից եթե նայենք, մենք ոչ միայն մեր փոխարեն ու մեր սերունդների համար ենք կռվում, այլ՝ մեր պապերի: Եզրահանգո՞ւմը: Էս կռիվը դեռ շարունակվելու է: Այնքա՛ն, մինչև մեր կորցրած հողերը ետ բերենք ու թափած արյունը վերածնենք: Մե՛նք չկարողանանք, ուրեմն մեր թոռնե՛րը պիտի անեն: Եվ ուր էլ գնանք, ինչ էլ լինի, տո՛ւն պիտի դառնանք ու Եռագույնը տնկենք Արարատի գագաթին: Անձամբ մենք չենք մոռացել մեր Կարինը, որին Էրզրում են ասում… Եղբայրս դստեր անունը Կարին է դրել:

Կյուրեղի շառավիղ տղերքից ամեն մեկիս հայրանունով կարելի է ետ գնալ դեպի մեր արմատներ, բայց երևի միայն ի՛մ ճյուղը թափ տամ… Հովակիմ, Վաղարշակ, Սերգո, Արմենակ՝ հայրս, ու մենք՝ Արմենակի երեք որդիները՝ Հայկ, Արեգ ու նորից Սերգո: Պտույտ ի շրջանս մեր՝ ի նշանավորումն շարունակի ու հավերժի ապահովման: Ինչպես կասեր տատս՝ ձագ պիտի հանե՞նք, թե՞ չէ: Որ մարդ դառնանք: Ես կավելացնեի՝ որ ազգ դառնանք, իսկ հիմա նաև՝ պետություն: Հայավարի… անկախ, շինարար ու արարչական: Վերջն էլ՝ հզոր: Լավ, չշեղվենք:

Հորս պապը՝ ցարական բանակի ենթասպա, իսկ բոլշևիկների մեջ՝ շարքային Վաղարշակ Կյուրեղյանը կռվել էր Էրզրումի ու Տրապիզոնի ուղղություններով, իսկ 40-ականներին (Սեպուհ որդու հետ, որն արդեն ավագ լեյտենանտ էր ու մինչև գնդապետի աստիճանի էր հասնելու) մասնակցել է Ստալինգրադի պաշտպանությանը: Իմ մասին եմ պատմում՝ հորս հորեղբայրն է և հայրենիքի ազատագրության պատերազմների մասնակից: Հա, ուրեմն, իսկ 1918-ին, հորս ու մեր այս նույն Վաղո պապը 50 հոգանոց զինյալ ինքնապաշտպանական խմբի հրամանատար էր: Ըհը, տեսա՞ք, հրամանատարը հանած, սա էլ է իմ մասին: Մանավանդ որ խմբի մեջ էին նաև՝ Համբարձում, Խաչիկ և Մուշեղ Կյուրեղյանները:

Մարտիրոսի տղա Համբարձումին, իհարկե, 37 թվին աքսորեցին, չվերադարձավ: Նրա Սուքիաս որդուն պատերազմը տարավ, իսկ մյուս որդուն՝ Մարտիրոսին, ձեռք չտվին, որովհետև թիկունքին պետք էր: Գյուղի դարբինն էր, որմնադիր-քարտաշը, հյուսնն ու ատաղձագործը: Գյուղացիք, ց’այսօր, ջերմությամբ են հիշում ակումբ-գրադարանը, գրասենյակները, անասնագոմերն ու իրենց շատերի տները կառուցած Ուստա Մատոսին:

1940-ականների պատերազմին միայն մեր տոհմի աղջիկ զավակները իրենց օկուպացրած երկրի պաշտպանությանը 8 որդի զոհաբերեցին: Տղերքից, Վահան Կյուրեղյանը՝ երեք որդի. Զաքարն ու Մամիկոն-Մամբրեն գնացին-չեկան, Գուրգենը ծանր վիրավորվել, եկել, գյուղում էր մահացել: Չորրորդը՝ Սեդրակը, պարտիզան էր: Կյուրեղյաններից ողջ մնացին նաև Հովհաննեսը (շքանշաններ ու մեդալներ ստացավ), իմ մեծ պապ Վաղարշակը (նախկին ենթասպա, հետո շարքային) և նրա որդին՝ Սերգո պապիս ավագ եղբայր Սեպուհը: Սեպուհն էլ էր վիրավորվել: Իսկ Սերգո պապս կռիվ գնալու համար դեռ փոքր է եղել: Ասենք՝ Սեպուհն ինքն էր նոր-նոր մտել տղամարդկանց շարք, թեև արդեն ավագ լեյտենանտ էր: Ի դեպ, բոլորին հայտնի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը Վաղո մեծ պապիս քրոջ տղան է: Լա՛վ: Կյուրեղյաններից չե՛նք շեղվում: Գնդապետ Սեպուհ Կյուրեղյանի մայոր որդի Հայկ Կյուրեղյանը (հասանք մեր օրեր), 91-93 թթ.-ին մասնակցել է Մեղրու և Տավուշի շրջանների պաշտպանությանը: Իսկ Ղարաբաղի ազատագրման համար Կյուրեղյաններից կռիվ գնացել են Սլավիկն ու հայրս՝ Արմենակը: Ե՛ս կռվել եմ արդեն ազատագրված Արցախի պաշտպանությա՛ն համար: 2016-ի ապրիլին ու այս վերջին պատուհասին: Կա, կա, Կյուրեղյաններից մարդ կա, որ հայդուկ կամ զինվոր չի եղել: Ուստա Մատոսին արդեն գիտեք: Նրա որդի Արտյուշը, որ հոր գործը շարունակեց, մյուս տղան՝ Գևորգը, որն Էջմիածնի ճեմարանն ավարտեց, դարձավ քահանա Տեր Դավիթ… Կամ, օրինակ, Սեդրակ Կյուրեղյանը, մինչև պատերազմ գնալն ու պարտիզան դառնալը, 1930-ի կողմերը կոլտնտեսություն է ղեկավարել: Նաև Նոդարը՝ ավելի ուշ: Այ, իսկ Կաթինն ու Վոլոդյան առաջավոր կոլտնտեսականներ էին… Կաթին: Սիրուն անուն է, չէ՞: Այնքան հետաքրքիր հայկական անուններ կան: Մոռացված՝ հին ու նոր աշխարհների հետ հարաբերվելիս…

…Մենք գաղթի ճամփա շատ ենք բռնել, բայց ինքներս հիմնականում գնացել ենք այնքան, որ գոնե մնանք Հայոց աշխարհի սահմաններում: Ժամանակին մեր սահմաններից ներս արդեն այլազգիներ էին բնակության նստել, ու երբ մենք Հայոց սահմաններում տեղափոխվում էինք նոր բնակավայր, ստացվում էր, որ այնտեղ եկած-նստած օտարները տեղացի են, իսկ մենք նորեկ ենք: Այդպիսի հին հայկական, կիկլոպյան ամրոցի ավերակներով մեր Փոքր Արագյալ գյուղում… «Աղքատ Սուրբ» անունով մատուռ կա: Շարված է մի քարե բնածին քանդակվածքի շուրջ: Խաչքար հիշեցնող այդ քանդակը կնոջ մարմնի ձև, կուրծք, թևեր ու ոտքեր ունի և ակամա հուշում է ժամանակին այդ վայրերում Մայրիշխանության կամ հզոր Աստվածուհու պաշտամունքի մասին: Մեր զարմից Հունան Կյուրեղյանը 60-ականներին իր միջոցներով վերանորոգել է այս մատուռը:

Հայերս քարի ու լեռան պաշտամունք ունենք: Եվ ինչ-ինչ պատրվակով սուրբ համարվող քարի շուրջ մատուռ ստեղծելը հնուց եկած հայկական սովորություն է: Կամ մի ուրի՛շ դեպք: Մեր գյուղի ջրաղացի համար քար սարքելիս տեսել են, որ քարը ճաք է տվել, դրել են գերեզմանոցում, դարձրել պաշտամունքի առարկա՝ սուրբ քար: Մահմեդականները ինչքան ժամանակ ապրել էին, բայց ջրաղաց չէին ունեցել, էլի հայերն են կառուցել: Եվ մերոնք, ուր գնացել, միշտ մասնակցել են պետականաշինությանը: Օրինակ, երբ 1976-ին գյուղի ջրի հարցը լուծելու համար երկու խոշոր ջրամբար էին կառուցում, գնդապետ Սեպուհ Կյուրեղյանն իր միջոցներով 60 տոննա ցեմենտ է հասցրել շինարարությանը:

Սիրում եմ պապիս գյուղը: Մութն ընկավ՝ գամփռներին բաց են թողնում, և ոչ մի օտար շունչ ռիսկ չի անում գյուղ մտնի կամ փողոց դուրս գա: Մեր այս Փոքր Արայի գյուղը կամ Արայի փոքր գյուղը (մեծն էլ կա), ինչպես Մեծ Մասիս, Փոքր Մասիս: Իսկ երկուսը միասին… Հա, ուրեմն, Ջավախքում գտնվող Փոքր Արագյալ գյուղը փռված է Թափարվան գետի ափին, քարքարոտ ձորակում, տները՝ բարձրանում են սարալանջով, օդը՝ մաքուր լեռնային, աղբյուրները՝ սառնորակ… (Երգում է:) «Քաղցր է, քան նռան գինին» … Ջիվանին հենց այս սարերի ջուրն է երգում, ասելով՝ (Երգում է:) «…ա՜խ իմ հայրենիքիս ջուրը…»: Նախնիներիս տան մոտ ժամանակին ձիթհանք էլ է եղել՝ հին, բնի՛կ հայերն էին կառուցել, 1930-ին քանդվել է: Հա, քիչ մնաց մոռանայի: Գյուղի մուտքի մոտ, կամրջից փոքր-ինչ վերև, խոյի քանդակ, ես կասեի՝ արձան կա: Ակնհայտ երևում է, որ մեր գյուղացիք, զինվորագրվելու նման, հավատքի պակաս էլ չեն ունեցել: Գյուղի եկեղեցին, որ ասպատակող մահմեդականներն անգամ խնայել էին, իսկ բոլշևիկները վերածել կոլխոզի պահեստի, 1994-ին հիմնավորապես վերկանգնվել ու սկսել է գործել Ռոբերտ (կամ Իշխան, նույն մարդն է), ճիշտ է, Կյուրեղյանի ծախքով: Կյուրեղյանների՝ էությամբ քրիստոնյա լինելն անձամբ ես իմ արյան մեջ զգում եմ:

Ինչո՞ւ եմ այս ամենը պատմում… Կարծում եք կապ չունի՞ կռիվ տալու հետ: Կյանքում պայքարելու հետ… Ունի, շատ մեծ կապ ունի: Մեր տոհմում միշտ ուսանելու սեր է եղել, միշտ գաղափարով ու հավատքով ենք ապրել-աշխատել կամ կռիվ գնացել: Ամեն անգամ կրկին կամավորագրվել…

Մեր զինվորն անպաշտպան էր, իսկ խրամատները գոտկատեղից էին… Նախ հրետանին վերացրին, ավիացիան էլ, դե՜, չէր աշխատում… Եվ հետևակ զինվորն ինքնաձիգով մնաց մեն-մենա՛կ: Հրազենային քչերն են վիրավորվել, հիմնականը բեկորայինն է…

Մեր մի կեսը չհասցրին դուրս գալ, որովհետև թշնամին վրա տվեց, «Գրադն» էլ անմիջապես խփեց: Տղերքը սխալ ճամփով էին գնացել, փորձել էին ծուղակից դուրս գալ, կարողացել էին թաքնվել, բայց գերի ընկան: Մեր մյուս կեսը լճի ափին էր ու բաց-բաց էր նահանջում: Փոխարենը պառկեին, հրետակոծության ժամանակ ճանապարհով վազում էին: Մենք, լճի հանդիպակաց ափին, անտառի կողմից տեսնում էինք, որ մերոնց խփում են ու… Մեզ էլ էին ռմբակոծում, մենք էլ զոհեր ունեցանք, բայց՝ ոչ այդքան շատ… Դժվար վիճակ էր… Մենք էլ էինք նահանջելիս թաքնվածների հանդիպում: Դուրս էինք բերում, միանում էին մեզ: Մատաղիսում, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, 3-ը, երեք-չորս անգամ ինքնաթիռ պտտվեց, եկավ խփեց: «Օդը բաց էր», գնաց-եկավ խփեց: Էլի զոհեր եղան: Նոյեմբերի 1-ին էլ ես եմ ինքնաթիռի ռմբակոծումից վիրավորվել: Խրամատի մեջ էի, Մարտունի 2-ում: Արկը պայթեց ուղիղ խրամատի առաջ…

…Հակասական լուրեր էին գալիս-մտնում խրամատ, ինչ խոսակցություն ասես՝ լինում էր: Զինվորին միայն կռվելն է փրկում, ուստի ինչը որ կարող էր խուճապ տարածել, չենք ասել, լռել ենք… Ի վերջո, երբ մեր թիկունքից մտան, արդեն հասկացանք, թե իրականում թշնամին որտեղ է. հրետանին արդեն թե՛ դիմացից էր կրակում, թե՛ թիկունքից… Ա՛յ, այդ ժամանակ էլ աչքներովս տեսանք, որ մեր վիճակը շատ ծանր է:

…Իհարկե, բնական է, որ հուսահատվողներ կլինեին: Որովհետև բակերից բռնել, առանց նախապատրաստելու բերել էին ռազմի դաշտ: Կամավորներիս նույնպես՝ զինկոմիսարիատից ուղիղ տարան դիրքեր: Մարդ կար՝ կյանքում զենք չէր բռնել: Նռնականետն ինչ է, չէր տեսել, ձեռը գնդացիր էին տվել, չգիտեր՝ ինչ անի: Ե՞ս: Չէ, ո՛չ: Մտքիս ծայրով անգամ չի անցել, թե կարելի է հուսհատվել: Բայց միայն ինձնով չի: Անփորձ զինվորն ինչքան էլ քաջ տղա լինի, մի մարտի մեջ կյանքն էլ դնի, կամ՝ երկրորդի, երրորդի, միևնույն է, հետո ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես չի կարողանա շարունակել: Կամ հրամանատարներ կային, որ մարտադաշտից չփախան ու զորքի համար ամեն ինչ արեցին… Հրամանատար կա՝ զինվորին փրկել է, ինքը զոհվել… Բայց այսպես հարց չի լուծվում… Նման բաների համար պետություն կա, որն ամեն ինչին պատրաստվում, հետո իրականացնում է, մանավանդ որ թշնամու հարձակման օրը գիտի: Ի՞նչ ասեմ:

…Երբ կամավոր ես ու քեզ հարցնում են՝ ո՞ւր ես ուզում գնալ կամ ուզո՞ւմ ես գնալ, թե ոչ, անմիջապես հասկանում ես, որ ողջ մնալու հավանականությունը (հասկացաք արդեն) 50-50 է: Կամ եթե ասում են, որ այնինչ մարտական դիրքում կամավորներ են պետք, արդեն պարզ է, թե այնտեղ ինչ է լինելու ու որ հույս չկա:

…Երբ տարբեր տեղերից զորքեր էին բերում, որ ցրեն, մարդկանց հայացքից արդեն հասկանում էինք, թե որտեղից են գալիս: Շատերի դեմքը կանաչել էր…

Ռազմաճակատում՝ միայն Աստծո՛ հույսով: Իմը դա է: Չգիտեմ, թե այնտեղ ում ինչը կարող էր պահել, ինձ իմ հավատքն է պահել: Աստծո հետ խնդիր չունեմ, առ Աստված բողոք չունեմ: Իսկ կրոնի ու ազգայինի միջև ես կոնֆլիկտ չեմ տեսնում: Այո, մեր թշնամին պնդում է, որ կրոնական պատերազմ է, որպեսզի մուսուլմաններից աջակցություն ստանա, բայց քրիստոնյա պետությունների մոտ էլ հակառակն է ասում՝ հիմա էլ պնդելով, թե կրոնական չէ, զուտ ազգային հարց է: Պարզ է, այդպես է ասում, որ բացառվի քրիստոնյա աշխարհի օգնությունը՝ մեզ: Իսկ մե՞նք ինչ ենք անում: Մենք, ասելով, թե պատերազմը կրոնական չէ՝ միայն հաստատում ենք թուրքերի ուզածը: Այնինչ, այո՛, մեր պատերազմը թուրքի դեմ է, իսկ թշնամու պատերազմը՝ հայի և քրիստոնեության:

Մենք բավարար բարեպա՞շտ չենք: Չէ, դե ես այդպես չէի ասի: Չգիտե՛մ: Այսինքն՝ այն արժեքներն ու գաղափարները, որ մեզ տվել են, այդ գաղափարները և արժեքները կրող մարդկանց պակասը, և արժեքներ կրողների կրելու աստիճանի պակասն են բերել այս իրավիճակի՛ն ու դրա հետևանք այս պարտությանը: Որովհետև իրավիճակն ուղիղ կապ ունի արժեհամակարգի հետ:

Առհասարակ, երբ մտածում ես ու գիտակցում, որ այսօրվա իրավիճակը նախկին սխալների հետևանքն է, երբ հենց պատերազմի դաշտում տեսնում ես, որ այնինչ բանը ակնհայտ սխալ է, ո՞նց կլինի, որ… Ախր, դու ամեն ինչ արել ես, որ այդպիսի բան չլիներ: Ու նորից սփոփող միակ միտքն այն է մնում, որ երբ այս վիճակից դուրս գանք, պետք է այդ սխալներն այլևս երբեք թույլ չտանք: Ու… ո՛ւ: Մի խոսքով, բոլորս էլ գիտենք, թե ինչու այսպես եղավ: Թույլ տվեցինք՝ եղավ: Մե՛նք ենք թույլ տվել: Ժողովո՛ւրդն է թույլ տվել և ինքն էլ զոհվում է: Հա, ես չզոհվեցի, բայց այդքան զոհ եղավ, ի՞նչ տարբերություն:

Մենք երկար տարիներ կարող է փնտրենք ինչ-որ հարցի բացատրություն ու չգտնենք, բայց երբ գտնում ենք, արդյունքն այնքան բավարարող է լինում, որ ապշում ես, թե ինչպե՞ս կարող էիր այդքան ժամանակ չհասկանալ այդ հասարակ բանը: Իսկ ամենասարսափելին, գիտե՞ք՝ որն է: Երբ մարդ անտարբեր է դառնում: Մեկը կողքդ ցխվում է, ընկնում, մեռնում կամ չի էլ հասկացվում, թե ընկածն ինչ է՝ մա՞րդ, թե՞… Գժվում ես… Մինչդեռ մարդ կա, որ չի էլ հետաքրքրվում, թե շուրջն ինչ է կատարվում: Բարի գիշեր:
    
    

Անահիտ Արփեն, Մարտի 28, 2021թ., Երևան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1712 | 0 | 0
Facebook