Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքական կարճատեսության և գործած բոլոր սխալները հաղթական պատերազմով մոռացության տալու ձգտման ծանր հետևանքները

12:57, çarşamba, 09 haziran, 2021
Քաղաքական կարճատեսության և գործած բոլոր սխալները հաղթական պատերազմով մոռացության տալու ձգտման ծանր հետևանքները

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդի (1852 - 1870) ՝ երկրում ամենացածր նիշի հասած վարկը բարձրացնելու համար կառավարող վերնախավը որոշում է հաղթական պատերազմ մղել հզորացող Պրուսիայի դեմ, որի հետ 60-ականների վերջում հարաբերությունները կտրուկ սրվել էին:

1866 թվականի ավստրո-պրուսական պատերազմից հետո Պրուսիայի գայիսոնի ներքո հաջող ընթացք ստացավ գերմանական պետությունների միավորումը: Ֆրանսիայի արևելյան սահմանների մոտ աճեց հզոր ռազմականացված պետություն՝ Հյուսիսգերմանական միությունը, որի կառավարող շրջանակները՝ պրուսական յունկերությունն ու բուժուազիայի վերնախավը, բացահայտորեն ձգտում էին գրավել Ֆրանսիայի տնտեսապես հարուստ և ռազմավարական առումով կարևոր մարզերը՝ Էլզասն ու Լոթարինգիան: Իսկ Նապոլեոն 3-րդը ցանկանում էր պատերազմի միջոցով խանգարել գերմանական միասնական պետության վերջնական ստեղծմանը: Բայց Ֆրանսիայի միջազգային դրությունն այդ ժամանակ ամենևին էլ բարենպաստ չէր: Վատացել էին հարաբերություններն Անգլիայի հետ, որը չէր կարողանում հաշտվել Ֆրանսիայի գաղութային ակտիվ քաղաքականության հետ, հատկապես այն բանից հետո, երբ 1869 թվականին բացված Սուեզի ջրանցքը սկզբնական շրջանում գտնվում էր ֆրանսիական կապիտալիստների ձեռքում: Լարված էին նաև Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, քանի որ Նապոլեոն 3-րդը չէր ցանկանում վերանայել1956 թվականի Փարիզյան պայմանագիրը, որով Ռուսաստանին արգելված էր ռազմական նավատորմ ունենալ Սև ծովում և նույն ծովի ափերին ռազմական ամրություններ կառուցել: Դժգոհ էին նաև իտալացիները. ֆրանսիացիներն օկուպացրել էին Հռոմը, որի պատճառով դանդաղել էր Իտալիայի միավորումը:

Ֆրանսիայի արտաքինքաղաքական մեկուսացումը նկատել էր Հյուսիսգերմանական միության կանցլեր Օտտո Բիսմարկը, որը եռանդագին նախապատրաստվում էր Գերմանիայի միավորման եզրափակիչ փուլին: Ֆրանսիայի կողմից սուր ճոճելն ընդամենը հեշտացրեց Ֆրանսիայի դեմ պատերազմի միջոցով Գերմանիայի վերջնական միավորման՝ Բիսմարկի ու պրուսական զինվորականության պլանի իրականացումը: Պրուսիան պատերազմին սկսել էր նախապատրաստվել Ավստրիայի հետ հաշտություն կնքելուց անմիջապես հետո: Բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ բոնապարտիստական զորահարամանատարներն ավելի շատ աղմկում էին, քան հոգում բանակի մարտունակությունը, Բեռլինում ծածուկ, բայց նպատակասլացորեն նախապատրաստվում էին պատերազմի՝ վերազինելով բանակը և խնամքով մշակելով մարտական գործողությունների ծրագրերը: Պրուսական դիվանագետները հեշտությամբ կարողացան ապահովել Ռուսաստանի ու Ավստրո-Հունգարիայի չեզոքությունը:

Պատերազմի առիթ է ծառայել Իսպանական գահի ժառանգության հարցը: 1868 թվականին, հեղափոխությունից հետո, Իզաբելա թագուհին փախչում է Իսպանիայից, և կորտեսները գահն առաջարկում են պրուսական արքայատոհմի գահաժառանգ Լեոպոլդին: Ֆրանսիական կառավարությունը բողոքարկում է այդ որոշումը և ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտա, որ Հոհենցոլերներին անցնի իսպանական գահը: Բեռլինում Ֆրանսիայի դեսպանը մեկնում է առողջարանային Էմս քաղաք, որտեղ այդ ժամանակ հանգստանալիս է եղել Պրուսիայի Վիլհելմ 1-ին թագավորը: Դեսպանը թագավորից բանավոր հավաստիացնում է ստանում, թե Բեռլինը չի պնդի Լեոպոլդի թեկնածությունը: Դրանից հետո, 1870-ի հուլիսի 12-ին, Լեոպոլդը պաշտոնապես հայտարարում է իրեն առաջարկվող իսպանական թագից հրաժարվելու մասին: Թվացել է, թե ծագած կնճիռը հարթվել է, բայց Ֆրանսիայի և Հյուսիսգերմանական միության միջև խաղաղությունը երկու կողմերի ծրագրերի մեջ չի մտել: Այդ իսկ պատճառով և՛ Ֆրանսիայում, և՛ Պրուսիայում սկսել են շիջված կրակը բորբոքել: Բեռլինի մամուլը խոսել է «Գերմանիայի նսեմացման» մասին, իսկ Փարիզն իր դեսպանից պահանջել է հասնել այն բանին, որ Ֆիլհելմ 1-ինը Նապոլեոն 3-րդին հղված անձնական նամակով հավաստիացնի, որ ինքը երբեք իր համաձայնությունը չի տա Լեոպոլդի թեկնածությանը: : Բայց Վիլհելմ 1-ինը հրաժարվել է այդպիսի երաշխավորություն տալ: Հաջորդ օրը ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Պրուսիայի թագավորը դեսպանին ասել է, թե բանակցությունները կշարունակվեն ոչ թե Էմսում, այլ Բեռլինում: Դրանից անմիջապես հեռո Բեռլինում գտնվող Բիսմարկին հեռագիր է ուղարկվում, որում շարադրվում է Վիլհելմ 1-ինի և դեսպանի միջև տեղի ունեցած բանակցության բովանդակությունը:

Ստանալով հեռագիրը՝ Բիսմարկն էականորեն փոխում է դրա տեքստը և հանձնարարում է այն հրապարակել մամուլում: Բիսմարկի խմբագրած «Էմսից ստացված հեռագիրը» Ֆրանսիայի համար բացահայտ վիրավորական բնույթ էր կրում: Խմբագրված հեռագրում հետևյալն էր ասվում. «Ֆրանսիայի դեսպանը դիմել է Էմսում գտնվող Նորին մեծությանը՝ խնդրելով, որ իրեն թույլ տրվի հեռագրել Փարիզ առ այն, որ Նորին մեծությունը պարտավորվում է երբեք չտալ իր համաձայնությունը, եթե Հոհենցոլերները նորից դնեն իրենց թեկնածությունը: Այդ ժամանակ Նորին մեծությունը համաձայնել է ընդունել Ֆրանսիայի դեսպանին և հանձնարարել է փոխանցել, որ նրան հաղորդելու այլևս ոչինչ չունի»: Ֆրանսիայի կառավարությունը «Էմսի հեռագիր» -ը Ֆրանսիայի համար խիստ վիրավորական է համարում, և հուլիսի 19-ին Ֆրանսիան պատերազմ է հայտարարում Պրուսիային: Բիսմարկը ցնծում էր. Նա ծարավի էր պահերազմի և հասել էր իր նպատակին: Գերման ժողովրդի աչքում Ֆրանսիան ագրեսոր էր: Հետագայում Բիսմարկը ցինեիկորեն խոստովանել է, որ ինքն է հրահրել 1870 – 1871 թթ. պատերազմը:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1501 | 0 | 0
Facebook