Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թուլուզ Լոտրեկ. «Ես կաթ խմելու եմ այն ժամանակ, երբ կովերը խաղող ուտեն»

22:51, cumartesi, 05 haziran, 2021
Թուլուզ Լոտրեկ. «Ես կաթ խմելու եմ այն ժամանակ, երբ կովերը խաղող ուտեն»

Չափից դուրս ոգելից խմիչք կլանելու և չափից դուրս անբարո կյանք վարելու հետևանքով ժամանակից շատ շուտ մահվան դուռն հասած Անրի դը Թուլուզ Լոտրեկը՝ հանճարեղ թզուկը, 1901 թվականի սեպտեմբերի 9-ին իր նախնիների ամրոցում հոգեվարքի մեջ էր: 19-րդ դարավերջի Մոնմարտրի արտիստիկ միջավայրն առեղծվածային ներշնչումով անմահացրած Թուլուզի հռչակավոր կոմսերի այս փոքրամարմին շառավիղը

մահվանից չորս տարի առաջ արդեն տարօրինակ վարք է դրսևորել: Հալյուցինացիաները նրան գրեթե զրկել էին քնից: «Դևերից պաշտպանվելու համար» նա միշտ կեռիկը ձեռքին է շրջել, իսկ տնից դուրս գալիս գիրկն է առել հախճապակե մի շնիկ՝ որպես հմայիլ: Արվեստանոցը հաճախ ցողել է կերոսինով՝ պատճառաբանելով, թե պայքարում է մանրէների դեմ: Ու խմել է շատ-շատ: Գրպաններում միշտ մշկընկույզ է պահել, որը քերիչով մանրացրել է, որպեսզի իր նախընտրելի թույնի՝ պորտվեյնի համը չեզոքացնի:

Խմելու մոլուցքը նրան հասցրել է գժանոց: Թվացել է, թե նա այնտեղ էլ կմեռնի, բայց Լոտրեկը փորձել է ապացուցել, որ իր տեղը նորմալ մարդկանց միջավայրում է: Շրջապատին համոզելու համար, որ ինքը կարողանում է իրեն կառավարել՝ սկսել է հիշողությամբ բոլոր մանրամասնելով նկարել կրկեսի արենաները: Նկարչի մտքի այս փայլատակումը թեպետ սասանել է նրան խնամողների համառությունը, բայց և այնպես նրան պայմանականորեն են ազատել: Լոտրեկների ընտանիքի մի բարեկամը ստանձնել է Անրիին ուղեկցելու և հետևելու պարտականությունը՝ նույնիսկ ամենաաննշան տեղաշարժի դեպքում: Բայց ոգելից խմիչքը վերստին շատ արագ կլանել է նկարչին, և նա իր պահապանի զգոնությունը թուլացնելու համար ձեռք է բերել մի սնամեջ ձեռնափայտ, որի մեջ կարելի էր թաքցնել կես լիտր պորտվեյն: Ամեն օր Անրին թաքստոցում ձենափայտի պարունակությունը թարմացրել է: Հետևանքը՝ կաթվածահարություն:

Լոտրեկին նորից տարել են Մալրոմե ամրոց, որտեղ մահն արդեն սպասում էր նրան: Ինքնասպան նկարիչը հնազանդորեն նրա գիրկն է նետվել: Ամռան վերջին, երբ ճնշող տապ է եղել, նրան այցի է եկել ընտանեկան քահանան: Հրաժետ տալիս՝ նա քահանային ասել է. «Հաջորդ անգամ չմոռանաք վերցնել ձեր զանգակն ու նաև մոմեր»:

Հոգեվարքի ժամին նրա սնարի մոտ մայրն ու հայրն են եղել: Կոմսուհի մայրն աղոթել է, իսկ հայրն անհեթեթ ակտիվություն է ցուցաբերել: Այս մարդը մե՛րթ իրեն խաչակիր է երևակայել, մե՛րթ՝ կովբոյ: Բայց նա տարօրինակ սարսափ է տածել կամուրջների հանդեպ: Նույնիսկ նողկացել է դրանցից, այնքան է նողկացել, որ կամուրջների վրայով անցնելու փոխարեն գետի մյուս ափը լողալով է անցել, իսկ ձմռանը գետում ծանծաղուտ է փնտրել, որ մյուս ափն անցնի: Կոմս Ալֆոնսի տարօրինակությունների գագաթը Ալբիի կայարանում կատարվածն է եղել: Նա գնացքից իջել է ներքնաշապիկով, մի քիչ քայլել է, ապա, համարելով, որ շոգ է, հանել է ներքնաշապիկը:

Այժմ նա, մեռնող որդու սնարին հակված, ջանադրաբար քշում է նրա դեմքից ու ձեռքերից պոկ չեկող ճանճերին: Լսվել է նրա կցկտուր մրմունջը՝ ուղված որսորդության սիրահար էքսցենտրիկ հորը. «Հա՛յր, ես գիտեի, որ դուք չեք անտեսի թակարդն ընկած որսի մասին ազդարարող փողի ձայնը»:

37 տարեկանում մահացած նկարչի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Մալրոմե ամրոցի բակում: Այստեղ են եղել ընտանիքի անդամները, հարազատները, մերձավորներն ու սպասավորները: Մի որոշ ժամանակ բոլորն սպասել են սգակիր կոմսի դուրս գալուն: Նա հայտնվել է ուշացումով՝ բայց հեծյալի ձիգ կեցվածքով: Դա ներկաներին հույս է ներշնչել, թե նա վերագտել է իր սառնասրտությունը և կարող է առաջնորդել մահվան թափորը: Բայց նա բարձրացել է դիակառքի վրա, որպեսզի տեսնի, թե կառապանն ինչպես է պահում սանձը և համոզվի, որ «իր սիրելի Անրին իր վերջին հանգրվանն է ուղևորվում այնպես, ինչպես վայել է ազնվականին»: Հետո նա կառապանի ձեռքից խլել է սանձը, արագացրել է ձիերի քայլքը և, հանկարծ, դիակառքի ընթացքը մեկեն արագացել է՝ ստիպելով քահանային, երգչախմբի երեխաներին, ընտանիքի անդամներին, մերձավորներին ու սպասավորներին շնչակտուր վազել դագաղի հետևից: Դա Անրի դը Թուլուզ Լոտրեկի խորհրդանշական ռևանշն է եղել. իր կարճ ոտքերի պատճառով նա ամբողջ կյանքում ստիպված վազել է ուրիշների հետևից:

Հետգրություն. չնայած կարճատև ու անառակ կյանքին, Թուլուզ Լոտրեկը ստեղծել է 737 կտավ, 275 ակվարել, 365 լիտոգրաֆ, ավելի քան 5000 նկար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1768 | 0 | 0
Facebook